Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Այն, ինչը բացակայում է «Զինուժի» եթերում

Այն, ինչը բացակայում է «Զինուժի» եթերում
29.10.2012 | 16:57

Երբ անցյալ տարի «Եղնիկներ» զորամասի 3-րդ գումարտակում սպանված զինվոր Աղասի Աբրահամյանի դեպքի կապակցությամբ պաշտպանության նախարարը հասավ դեպքի վայր, գումարտակի մշտական տեղակայման վայրում զինվորներ չկային: Մռավ լեռան լանջին տեղակայված «Եղնիկներ» զորամասի 3-րդ գումարտակի զինվորները ստիպված են լինում վրաններում գիշերել մի քանի շաբաթ. շղթա կազմելով` ձմռան փայտը ձեռքից ձեռք են տալիս (այլ կերպ այս մեթոդին «ակորդ» են անվանում) ու տեղափոխում մինչև 2500 մետր բարձրության հասնող դիրքերը: Ընդ որում` զինվորներն այդ փայտը ձեռքով տեղափոխում են ոչ թե մի քանի հարյուր մետր, այլ մի քանի կիլոմետր... Սրան էլ ավելացրած` որոշ տեղամասերում այդ «զինվորական շղթան» երևում է ադրբեջանական դիտակետերից և հասանելի է նրանց դիպուկահարներին: Եվ այս ամենը ի մի բերելով` միայն մեկ բան է հետաքրքրում` արդյոք ՊՆ-ում տեղյա՞կ են մեր զինվորների կողմից կատարվող նման տիտանական աշխատանքին, թե՞ այս դեպքում ևս գումարներն այլոց են փոխանցվում, իսկ գործը կատարում են զինվորները և այն էլ` անվճար... Ինչո՞ւ եմ այս հարցը տալիս. քանի որ արդեն նշածս «ակորդի» ժամանակն էր, երբ իմանալով նախարարի` վերը նշված այցի մասին, գումարտակի ողջ անձնակազմը Մռավ լեռան լանջերից իջեցվեց գումարտակի մշտական տեղակայման վայր: Եվ հետաքրքիրն այն է, որ «Եղնիկներ» զորամասում, մանավանդ նրա ամենահեռու` 3-րդ գումարտակում, բոլոր տեսակի տեղաշարժերը կատարվում են ոտքով. զինվորները ոչ միայն ոտքով են կատարում մարտական հերթապահության հերթափոխը, այլև տուն զանգելու համար քայլում են գումարտակից մոտ 7-8 կմ հեռավորության վրա գտնվող տեղանքներ, որտեղ որ բջջային կապի ռադիոծածկույթ կա: Իսկ վերջին խորհրդարանական ընտրություններում նրանք մեկ օրվա ընթացքում քայլեցին գումարտակից մինչև Մատաղիս, որը, համեստ հաշվարկներով, 40-50 կմ է, և ընտրություններից հետո ոտքով նույն ճանապարհով վերադարձան: (Ճանապարհն էլ ամենևին ասֆալտապատ չէ, այլ խուլ անտառներով, լեռներով ու ձորերով անցնող բավական բարդ ճանապարհ է): Հետաքրքիր է` ինչո՞ւ են այս մասին լռում նույնիսկ նրանք, ովքեր փոքր-ինչ տեղեկացված են այս ամենին: Ինչո՞ւ մեր տղաների հերոսության մասին ոչ ոք չի ուզում խոսել: Կարծում եմ` այս զինվորների արածը ոչ պակաս հերոսություն է, քան լեգենդար «Եղնիկներ» ջոկատինը: Ինչո՞ւ, որովհետև մեր պարագայում մեր սերնդի ժամանակ հաղթանակը պահելն ավելի դժվար է: Իսկ մեր տղաներն իրենց առողջության, զրկանքների և, որոշ դեպքերում, իրենց կյանքի գնով պահում են այդ հաղթանակները…

Հուսիկ ՂՈՒԼՅԱՆ
Հ. Գ.- Կոչ եմ անում մեր բոլոր հեռուստաալիքներին` նկարահանել հեռուստասերիալ նման վայրերում ծառայող զինվորների մասին: Այն տեղանքների մասին, որտեղից սկսվում է մեր երկիրը, և այն մարդկանց մասին, ովքեր կանգնած են մեր երկրի սահմաններին: Ոչ թե այնպիսի ֆիլմեր նկարահանել, որտեղ միայն քաղաքային ճոխությունն է, ու որտեղ իշխում են «ասֆալտի ֆիդայիները»...

Դիտվել է՝ 25252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ