Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեծից մեծագույնի սահմանը հատած մարդը

Մեծից մեծագույնի սահմանը հատած մարդը
05.02.2013 | 11:41

Վլադիմիր Ենգիբարյան: Ծնվել է 1932-ի ապրիլի 24-ին, Երևանում: Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի ու Խորհրդային Միության եռակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային կարգի մրցավար: Մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 267 մարտ, 255-ում տարել հաղթանակ:


Փետրվարի մեկին հեռավոր Լոս Անջելեսում մահկանացուն կնքեց Հայաստանի ու նախկին Խորհրդային Միության լեգենդար մարզիկ Վլադիմիր Ենգիբարյանը` մարզական մեծ կենսագրության տեր մարդ, ով ինքնատիպ ոճով, բռնցքամարտելու յուրահատուկ ձեռագրով համաշխարհային բռնցքամարտում եղավ ու առայսօր մնում է անկրկնելի:
Միութենական մրցահարթակում նրա առաջին նվաճումը եղավ տասնինը տարեկան հասակում` 1951 թվականին: Ճիշտ է, այն ընդամենը բրոնզափայլ էր, սակայն այդ բրոնզի միջից շողշողում էր յուրահատուկ ձեռագիր ունեցող անձնավորություն, ում ճակատագիրը նախանշել էր հիրավի մեծ ապագա:
Մեկ տարի անց տաղանդաշատ մարզիկը հրավիրվեց երկրի օլիմպիական հավաքական, սակայն հելսինկյան օլիմպիադան այդպես էլ մնաց երազանք: Մարզիչները նախապատվությունը տվեցին ուրիշի: Պատճառը Ենգիբարյանի թույլ լինելը չէր: Պատճառը մարզիչների քարացած պատկերացումներն էին, նրա ինքնատիպ մարտավարելուն չվստահելը, դրա նկատմամբ ունեցած թերահավատությունը:
1953 թվականին, եվրոպական մրցահարթակում Խորհրդային Միության հավաքականի համար մեկնարկային տարում, Վլադիմիր Ենգիբարյանը եղավ առաջին մարզիկը, ով նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Եթե նրա կյանքում չլիներ էլ այլ նվաճում, այս մեկն իսկ արդեն բավական էր ընդմիշտ պատմություն դառնալու համար, քանզի, ինչպես հայտնի է, ամենուրեք և ամեն ինչում ամենաառաջինին վերապահված է առանձնահատուկ վերաբերմունք:
1955-ին Ենգիբարյանն առաջին անգամ նվաճեց Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը, իսկ սա նշանակում էր, որ նրա առջև բացվել են Մելբուռն տանող դռները: Օլիմպիադայում հայազգի բռնցքամարտիկը գերազանց հանդես եկավ: Նրա պատվին բարձրացվեց Խորհրդային Միության դրոշը, հնչեց երկրի հիմնը: Ենգիբարյանի հաղթանակն առանձնակի ցնծությամբ ընդունվեց մասնավորապես աշխարհասփյուռ հայության կողմից, որովհետև դա սոսկ հաղթանակ չէր: Դա ցեղի հզորության, նրա հաղթական գենի ոգեկոչում էր:
Հաջորդ տարիները պակաս արգասաբեր չէին մեծանուն մարզիկի համար: Նա ևս երկու անգամ դարձավ Եվրոպայի, Խորհրդային Միության առաջնությունների հաղթող: Հատկանշական է, որ աշխարհամասի չեմպիոն դառնալուց հետո ունեցած 168 մարտից և ոչ մեկում ոչ մի մրցակցի բախտ չի վիճակվել նրան նոկդաուն անելու կամ պատռելու հոնքը, դեմքի որևէ հատված: Պակաս հետաքրքրական չէ և այն, որ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո Խորհրդային Միությունում չի գտնվել գեթ մեկ բռնցքամարտիկ, որ կարողանար հաղթել նրան:
1960 թվին Ենգիբարյանն օլիմպիական Հռոմ մեկնեց որպես իր քաշային կարգի բացահայտ ֆավորիտ, սակայն ուսագոտու վնասվածքը հնարավորություն չտվեց շարունակելու հաղթական ընթացքը: Օլիմպիական Հռոմի անհաջողությունը մարզիկը ծանր տարավ: Հետևանքը եղավ այն, որ հրաժեշտ տվեց մարզական կարիերային, անցավ մարզչական, ապա և մրցավարական գործունեության:
Վլադիմիր Ենգիբարյանի ծառայությունները բարձր են գնահատվել: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ էր, միջազգային կարգի մրցավար, ԱԻԲԱ-ում յոթանասունական թվականներին ԽՍՀՄ ներկայացուցիչը:
Ենգիբարյանի ծառայությունները հավուր պատշաճի են գնահատվել անկախ Հայաստանի իշխանությունների, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Նրա բարձր անունն է կրում իր իսկ հիմնադրած բռնցքամարտի մանկապատանեկան դպրոցը, որի անփոփոխ տնօրենն է եղել մինչև 1993 թիվը` մինչև Միացյալ Նահանգներ մշտական բնակության մեկնելը:
Վլադիմիր Ենգիբարյանը մեծ էր իր հանդեպ եղած համաժողովրդական սիրով, այդ սիրուն արձագանքած որդիական երկյուղածությամբ ու հենց դրանով էր մեծից անցել մեծագույնի սահմանը` դառնալով անառարկելի մեծություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ