ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Եղանակներն այս կողմերում բարեխառն են

Եղանակներն այս կողմերում բարեխառն են
05.02.2013 | 11:46

Հերթական հանգստյան օրերը եվրոպական ֆուտբոլային գրանդ առաջնություններում անցան առանց նշանակալի ցնցումների: Առաջատար եռյակներն այստեղ եթե հաջողություն կամ անհաջողություն են արձանագրում, խոշոր հաշվով դրանք լրջորեն չեն սպառնում մրցաշարային աղյուսակներում նրանց ունեցած դիրքերի վրա:
Իսպանական առաջնությունում առաջատարներից սկզբունքորեն միակ լուրջ հետաքրքրություն ներկայացնողը Մադրիդի «Ռեալի» խաղերն են, որոնցում մակընթացությունների ու տեղատվությունների պակաս չկա: Մարտյան եղանակից ոչնչով չտարբերվեց և արքայական ակումբի վերջին խաղը «Գրանադայի» հետ, որին արտագնա խաղում նվազագույն հաշվով տանուլ տված պարտությամբ «Ռեալն» օգնեց էապես շտկելու մրցաշարային վիճակը: Սակայն սա չի նշանակում, թե պարտությունը բարի կամքի դրսևորում էր: Պարզապես Մոուրինյոյի թիմը չկարողացավ հավաքվել ու` վերջ: Խաղի մեջ միակ ուշագրավն այն էր, որ անդալուզական թիմի հաղթելու գործում վճռական մասնակցություն է ունեցել… Քրիշտիանու Ռոնալդուն: Հենց նա է գլխի հարվածով գրավել սեփական դարպասը (ի դեպ, ճիշտ նույն կերպ կարող էր «հերոսանալ» և Խաբի Ալոնսոն, սակայն ճակատագիրը նրա հանդեպ ավելի բարեհաճ գտնվեց): Հետաքրքրական մի փաստ. հաղթող թիմը ողջ խաղի ընթացքում չի կարողացել գեթ մի դիպուկ հարված հասցնել մրցակցի դարպասի ուղղությամբ: Այսպիսով, 22 խաղից հետո «Ռեալը» մնաց ունեցած 43 միավորով, ինչը նպաստավոր պայմաններ ստեղծեց մայրաքաղաքային մյուս թիմի` «Աթլետիկոյի» համար` «Բետիսի» հետ տնային խաղում հաջողության հասնելու դեպքում մոտակա հետապնդողից առաջ պոկվելու արդեն յոթ միավորով: «Աթլետիկոն» խնդիրը հաջողությամբ լուծեց (1:0): Չնայած ակտիվ խաղին` «Վալենսիա»-«Բարսելոն» դիմակայությունում կողմերը բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով` 1:1: Հերթական գոլի հեղինակ դարձավ Մեսին, ում անվան դիմաց արդեն գրանցված է 34 գնդակ:
Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս պարտվեց «Նյուքասլին» և սա` խաղի ընթացքում 2:1 հաշվով հաղթելու պայմաններում: Հաղթական գոլը Մուսա Սիսոկոյի ակտիվում է, ով մինչև 90-րդ րոպեի վճռական գոլը կարողացել էր դրանից 22 րոպե առաջ հավասարեցնել խաղի հաշիվը: 25 խաղից հետո «Չելսին» մնաց նախապես ունեցած 46 միավորով: «Չելսիի» վրիպումը կարող էր հաջողությամբ օգտագործել «Մանչեստր Սիթին»` սեփական հարկի տակ «Լիվերպուլին» հաղթելու դեպքում լոնդոնցիներից արդեն ինը միավորով առաջ պոկվելու հեռանկարով, սակայն «Լիվերպուլը» չափավորեց նրա ախորժակը` հնարավորություն տալով բավարարվելու ոչ-ոքիով (2:2): Ինչ վերաբերում է առաջնության առաջատարին, ապա արտագնա խաղում «Ֆուլհեմին» հաղթելուց հետո «Մանչեստր Յունայթեդը» 62 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը:
Գերմանիայի առաջնությունում շարունակում է վստահ մրցելույթները Մյունխենի «Բավարիան»: Այս անգամ նրա զոհը «Մայնցն» էր: Արտագնա խաղում բավարացիները ավելի քան համոզիչ հաշվով են հաղթել տանտերերին` 3:0: Երկու գոլի հեղինակ է դարձել թիմի ռմբարկու Մարիո Մանջուկիչը: Խփած 14 գնդակով նա գլխավորում է գերմանական առաջնության գոլահարների աղյուսակը: Հյուրընկալվելիս չափազանց կարևոր հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիան», որը մինչ այդ մրցաշարային աղյուսակում մեկ միավորով զիջում էր օրվա իր մրցակցին` երկրորդ տեղում գտնվող «Բայերին»: 3:2 հաշվով հաղթանակը Գերմանիայի գործող չեմպիոնին հնարավորություն տվեց երկու միավորով անցնելու առաջ:
Իտալիայի առաջնության 23-րդ տուրում տան պատերը «Կիևոյին» չկարողացան օգնել առաջատարի հետ խաղում: Հաղթելով 2:1 հաշվով` «Յուվենտուսը» շարունակում է 52 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երեք միավոր պակաս ունեցող «Նապոլին» երկրորդ տեղում է (տանը 2:0 հաշվով հաղթել է «Կատանիային»): Ի դեմս առաջնության հետնապահներից մեկի` «Ջենովայի», երրորդ տեղում 43 միավորով ընթացող «Լացիոն» հանդիպեց իսկական փորձանքի: Արտագնա խաղը նրան արժեցավ երեք միավորի կորուստ: Դրա առարկայական վկայությունը հանդիպման 2:3 հաշիվն է:
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն քարը քարի վրա չթողեց «Թուլուզից», որը սեփական հարկի տակ կրեց խոշոր հաշվով պարտություն (0:4): «Այաչոյին» արտագնա մրցակցությունում հաղթելու դեպքում «Լիոնը» կարող էր միավորներով հասնել ՊՍԺ-ին` պահպանելով առաջին տեղի համար մղվող պայքարի ինտրիգը: Սակայն լիոնցիները չկարողացան լուծել խնդիրն ու պարտվեցին 3:1 հաշվով: Այստեղ երրորդ տեղը շարունակում է պահպանել «Մարսելը», որը երեկ սեփական հարկի տակ ընդունել է «Նանսիին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ