Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Դա, անկասկած, ազգային ձեռքբերում էր»

«Դա, անկասկած,  ազգային ձեռքբերում էր»
09.04.2013 | 11:50

Լրացավ Երևանի ճարտարապետական համալսարանի հիմնադրման 90-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ համալսարանի դասախոս, ճանաչված նկարիչ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՆՅԱՆԸ հանդես եկավ նախաձեռնությամբ` ստեղծել տարբեր սերունդների հայ ճարտարապետների գրաֆիկական դիմանկարները։ Նկարչի մտահղացումը արժանացավ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հավանությանը։
Եվ ահա վերջերս Ճարտարապետների տանը կայացավ Յուրի Խաչանյանի անհատական ցուցահանդեսի բացումը։ Ներկայացված էին ոչ միայն ճարտարապետների, այլև ճանաչված արվեստագետների, գիտության և մշակույթի գործիչների դիմանկարները։
Նկարիչ Յուրի Խաչանյանը հեռուստատեսություն եկավ 1972 թվականին։ Այդ ժամանակ հեռուստատեսությունում ստեղծագործում էր նկարիչների տաղանդավոր մի խումբ` Արշալույս Չիֆլիկյան, Շահեն Հակոբյան, Գեղամ Ասատրյան, Ջանիկ Սանթելյան...
Յուրին սկզբում աշխատեց մանկական խմբագրությունում, ձևավորեց «Մանկական համերգասրահ», «Նոր գրքեր» շարքերը, տարբեր հանդես-ներկայացումներ։
Սակայն երիտասարդ նկարիչը երազանք ուներ. ձևավորել հեռուստաթատրոնի ներկայացումները։ Սերը թատրոնի նկատմամբ մեծ էր։ Մանկուց նա զգացել էր կուլիսների հոտը, հրապուրված էր թատրոնի կախարդական աշխարհով։
Յուրիի հայրն օպերային թատրոնի նկարիչն էր։ Մայրը սերում էր Արծրունիների իշխանական տոհմից, որի ներկայացուցիչները մշտապես սիրել, գնահատել են արվեստը, թատրոնը։ Յուրիի մորաքույրը հանդես է եկել Հովհաննես Աբելյանի թատերախմբում, իսկ քեռու տանը գործում էր ընտանեկան թատրոն։ Իր առաջին «ձևավորումները» Յուրին կատարել է հենց այդ թատրոնում։ Երևանի Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Յուրի Խաչանյանի վրա մեծ ազդեցություն գործեցին դպրոցական թատրոնի ներկայացումները։ Դպրոցական տարիներին սկսեց հաճախել քաղաքային «Պիոներ պալատի» նկարչական խմբակ։
ՈՒսանողական տարիներին Յուրիին գործուղեցին Մոսկվա։ Նա միակ հայ նկարիչ-ստաժորն է եղել Մոսկվայի Եվգ. Վախթանգովի անվան թատրոնի հանրահայտ Իոսիֆ Սումբաթաշվիլու ղեկավարությամբ։
Երևանում գործող «ԺՐցՋոՈ» թատրոնի շնորհիվ Յուրին դիտեց Խորհրդային Միության և արտասահմանյան թատերախմբերի լավագույն ներկայացումները, բավականին գրականություն ուսումնասիրեց թատերական ձևավորումների մասին։ Եվ ահա 1973-ին Յուրին կատարեց իր առաջին հեռուստաներկայացման ձևավորումը, որի ռեժիսորն էր Գուրգեն Գադաչիկը։ Նույն ռեժիսորի հետ արվեց առաջին ինկրուստացիոն ներկայացումն առանց դեկորի։ Ցավոք, այդ տարիների տեսաժապավենի սակավությունը հնարավորություն չի տվել պահպանելու ստեղծագործական խմբի մտքի ու երևակայության գեղեցիկ թռիչքները։
1983 թվականին Քիշնևում տեղի ունեցավ հեռուստաներկայացումների համամիութենական փառատոն։ Հայաստանի հեռուստատեսությունը ներկայացրել էր «46 թիվը» բեմադրությունը (ըստ Հովհ. Մելքոնյանի, ռեժիսոր` Ալբերտ Գասպարյան)։ Ներկայացումն արժանացավ գլխավոր մրցանակին։ Այդ տարիներին մեր հեռուստաթատրոնն առաջատարներից մեկն էր Միության տարածքում, թերևս երկրորդը` Օստանկինոյից հետո։ «Դա, անկասկած, ազգային ձեռքբերում էր,- համոզված է Յուրի Խաչանյանը։- Ցավոք, այն մենք այսօր կորցրինք` «շնորհիվ» հեռուստատեսության այսօրվա ղեկավարների կադրային քաղաքականության։ Ցավոք, երբ մենք այսօր կարող էինք ավելին անել, զրկված ենք դրա հնարավորությունից»։ Սակայն Յուրին հնարավորություն ունի շփվելու ապագա ճարտարապետների հետ։ Նա դասավանդում է Երևանի ճարտարապետական համալսարանում, իր հարուստ գիտելիքներն ու փորձն է հաղորդում երիտասարդներին։ Վերը նշված փառատոնից հետո մոլդովացի արվեստագետ Ա. Օլեսինան գրեց. «Շնորհիվ ռեժիսոր Ալբերտ Գասպարյանի, օպերատոր Միքայել Կճանյանի, նկարիչ Յուրի Խաչանյանի բարձր պրոֆեսիոնալիզմի ստացվել է բեմադրական հետաքրքիր լուծումներով, խոր ներկայացում»։
Գրական նյութը խստաշունչ էր, անգամ մռայլ` պատերազմ և մարդու ճակատագիրն այդ արհավիրքում։ Համարժեք էր և նկարչի լուծումը` խիստ և լակոնիկ։
Ընդհանրապես, Յուրի Խաչանյանի սկզբունքն է հեղինակի, դրամատուրգի ասելիքին, գրական երկի էությանը հարազատ մնալը։ Նրա համոզմամբ, ռեժիսորի, նաև նկարչի հիմնական խնդիրը հեղինակին մինչև վերջ հասկանալն է, որից հետո միայն նա իրավունք ունի անցնելու բեմադրական աշխատանքի, դառնալու ներկայացման համահեղինակ։
Հեռուստատեսությունում և թատրոնում Յուրի Խաչանյանը (նա երկար տարիներ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն էր, բազմաթիվ ձևավորումներ է կատարել հանրապետության տարբեր թատրոններում) առիթ ունեցավ համագործակցելու մեր լավագույն բեմադրիչների հետ` Վարդան Աճեմյան, Մարատ Մարինոսյան, Օֆելյա Ավետիսյան, Զավեն Տատինցյան, Գրիգոր Մկրտչյան, Ալեքսանդր Գրիգորյան, Հրաչյա Աշուղյան... Ձևավորեց հայ, ռուս, արտասահմանյան դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ` Սունդուկյան, Բրեխտ, Չեխով, Շիլլեր, Թրուայա, Խանզադյան, Մրոժեկ... Նվիրումով աշխատեց և դպրոցական թատրոնում։ Յուրին ձևավորեց իմ ներկայացումներից շատերը Ա. Շիրակացու անվան ճեմարանում։ Այդ բեմադրությունները հաջողությամբ ներկայացվեցին «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոներին։ Իսկ Մ. Զոշչենկոյի «Երկու նովել», Օ’ Հենրիի «Մոգերի ընծաները», Ալ. Շիրվանզադեի «Պատվի համար» ներկայացումները դարձան Մոսկվայի «Земная планета» միջազգային մրցույթի դափնեկիր։
Յուրի Խաչանյանը բազմաժանր նկարիչ է, ունի միայն իրեն բնորոշ ձեռագիր և ոճ։ Նրա գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներում իր ապրած տարիների կենսափորձն է, կյանքն ընկալելու իր փիլիսոփայությունը։ «Մենք» շարքի դրդառիթը Հայոց ցեղասպանությունն է։ «Հույսի մոմեր» շարքը նվիրված է ցուրտ ու մութ տարիներին։ Նկարչի գործերը վերարտադրում են այդ երևույթները ոչ թե ուղղակի, որը, ըստ Խաչանյանի, գռեհիկ է, այլ ընդհանրացված, սիմվոլներով, անուղղակի, այնպես, ինչպես պահանջում է իսկական արվեստը։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2818

Մեկնաբանություններ