Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շքահանդեսը բացեց «Բավարիան»

Շքահանդեսը բացեց «Բավարիան»
09.04.2013 | 11:56

Անցած հանգստյան օրերի ամենանշանակալի իրադարձությունն «Այնտրախտ»-«Բավարիա» հանդիպումն էր: Վերջինս, որ ամբողջ քսան միավորով առաջ էր մոտակա մրցակցից` Դորտմունդի «Բորուսիայից», դեֆակտո ամրագրեց իր չեմպիոնությունը: Առաջնության ավարտից վեց տուր առաջ:

Հանդիպման 1:0 հաշիվը գուցե և այնքան էլ բնորոշիչ չէ գոլային անհագ ծարավ ունեցող մյունխենյան ակումբի համար, սակայն սա հարցի հավելյալ կողմն է: Շատ ավելի առանցքայինը չեմպիոնական բարձունքը Դորտմունդի «Բորուսիայից» հետ խլելն էր: Ինչ վերաբերում է գործող չեմպիոնին, նա էլ հաղթական վերջակետ դրեց «Աուգսբուրգի» հետ հանդիպումում (4:2) և դժվար թե աղյուսակի երկրորդ հորիզոնականն այսուհետ զիջի որևէ թիմի: Համենայն դեպս, «Վոլֆսբուրգի» հետ ոչ-ոքի` խաղացած «Բայերը» նրանից հետ է մնում արդեն վեց միավորով:
Ներքին առաջնությունում հաղթանակով ավարտեց հանդիպումը նաև իտալական «Յուվենտուսը»: «Պեսկարայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) նրան ևս մեկ քայլով մոտեցրեց չեմպիոնական տիտղոսին, որը դեյուրեից դեֆակտո փուլում է: Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ տեղերում գտնվող «Նապոլիին» ու «Միլանին», ավելի ազնիվ մետաղե մեդալի համար նրանք իսկապես կենաց-մահու պայքարի են բռնվել: «Ֆիորենտինա»-«Միլան» դիմակայությունում վերջիններս երկրորդ գոլը խփեցին արդեն իսկ ունեցած թվային գերազանցության պայմաններում, սակայն դա մրցակցին չխանգարեց փրկելու այնքան թանկ մեկ միավորը: Ճակատագրի այս յուրօրինակ նվերից օգտվեց «Նապոլին»` առավելության հասնելով «Ջենովայի» նկատմամբ (2:0) ու արդեն չորս միավորով առաջ պոկվելով միլանցիներից:
Անգլիայի առաջնությունում 57 միավորով աղյուսակի երրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմը» «Էվերտոնի» հետ խաղում սեփական հարկի տակ կարողացավ ընդամենը մեկ միավոր վաստակել (2:2), իսկ ակտիվում մեկ պակաս խաղ ունեցող, 55 միավորով հինգերորդ տեղը զբաղեցնող «Չելսին» երեք միավոր պոկեց «Սանդերլենդից» ու մտավ եռյակ: Երեկ իրար հետ մրցեցին մրցաշարի առաջին երկու տեղերում գտնվող «Մանչեստր Յունայթեդն» ու «Մանչեստր Սիթին»: Խաղի արդյունքի մասին ընթերցողը կարող է տեղեկանալ թերթի էլեկտրոնային էջից:
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն հաղթեց «Ռենին» ու 64 միավորով ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: «Ռեյմսի» հետ արտագնա խաղում «Լիոնը» պարտվեց նվազագույն հաշվով, ինչը հրաշալի օգտագործեց «Սենտ Էտիենը»: 1:0 հաշվով հաղթելով «Էվիանին»` այն շրջանցեց «Լիոնին» ու 53 միավորով մտավ առաջատար եռյակ: Երկրորդն այստեղ «Մարսելն» է` 57 միավորով:
Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց «Լևանտեին»: «Մալյորկայի» հետ խաղում, հյուրընկալելիս, նույնքան գոլի հեղինակ դարձավ և «Բարսելոնը» (միավորների թիվը` 78): Մեսիի բացակայության պայմաններում ռմբարկուի իրենց հատկանիշներով առանձնացան Ֆաբրեգասն ու Սանչեսը` համապատասխանաբար դառնալով երեք և երկու գոլի հեղինակ: Հետաքրքրական է, որ միջինը մեկ խաղում երեք գոլ արձանագրող կատալոնյան ակումբին ընդամենը հինգ գնդակ է պակասում երկրի ներքին առաջնությունում հարյուր գոլի պատվավոր սահմանագծին հասնելու համար: Ինչ վերաբերում է Մադրիդի «Աթլետիկոյին», «Խետաֆեի» հետ արտագնա խաղում այն վաստակեց մեկ միավոր (0:0), ու թեպետ այս պահի դրությամբ երեք միավորով է հետ մնում «Ռեալից», սակայն կարծես թե վերջնականապես համոզվել է, որ իր ուժերից վեր խնդիր է վերջինիս ձեռքից արծաթե մեդալները խլելը:
Ամփոփելով արձանագրենք` եվրոպական ֆուտբոլային առաջատար տերությունների ներքին առաջնություններում չեմպիոնության շքահանդեսը բացված է: Բունդեսլիգայի պարագայում արդեն իսկ գործ ունենք կայացած իրողության հետ, հերթի են կանգնած իսպանականից` «Բարսելոնը», իտալականից` «Յուվենտուսը», անգլիականից` «Մանչեստր Յունայթեդը»: Միակ վերապահումը Ֆրանսիայի առաջնության հետ է կապվում, թեպետ ՊՍԺ-ն կարծես թե վճռականորեն է լծվել այդ հարցն օրակարգից հանելու գործին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ