Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դաշտը մնաց կտրիճներին

Դաշտը մնաց կտրիճներին
11.04.2013 | 19:55

...ԻՍԿ ԳՆԴԱԿԸ ԿԼՈՐ Է
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչյան չորս թիմերը հայտնի են: Դրանք են` Մադրիդի «Ռեալը», Դորտմունդի «Բորուսիան», Բարսելոնի «Բարսելոնը», Մյունխենի «Բավարիան»: Ներկայացված հերթականության մեջ թաքուն կամ բացահայտ ակնարկներ մի փնտրեք: Ինչ վերաբերում է նրան, թե որը որի հետ զույգ կկազմի, իմանալու համար պիտի սպասել օրվա երկրորդ կեսին կայանալիք վիճակահանության արդյունքներին, իսկ մինչ այդ ձեր երևակայության մեջ կարող եք լինել ազատ` եզրափակիչում զույգ իսպանական, զույգ գերմանական կամ էլ իսպանագերմանական ակումբներ տեսնելով:

3:2. ՄԻ ԴԵՊՔՈՒՄ` ՀԱՂԹԱՆԱԿ, ՄՅՈՒՍ ԴԵՊՔՈՒՄ` ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Այս հաշիվը գրանցվեց թե՛ «Գալաթասարայ»-«Ռեալ», թե՛ «Բորուսիա»-«Մալագա» հանդիպումներում, սակայն եթե առաջին զույգի պարագայում վճռորոշ եղավ կողմերի մադրիդյան դիմակայության ելքը («Սանտյագո Բեռնաբեուում» Մոուրինյոյի թիմը 3:0 հաշվով պարզապես խելքը գլխից հանող նոկդաունի ենթարկեց Ֆաթիհ Թերիմի գլխավորած ակումբին), ապա երկրորդում ամեն ինչ որոշեց դորտմունդյան հանդիպման արդյունքը: Ընդ որում, նկատենք, մադրիդցիների ստամբուլյան խաղն ինտրիգը կորցրեց արդեն յոթերորդ րոպեին, երբ Խեդիրայի փոխանցումից հետո Ռոնալդուն գրավեց Մուսլերայի պաշտպանած դարպասը: Այդ գոլը թուրքերի համար միանգամից նշանակեց հրաժեշտ կիսաեզրափակիչ դուրս գալու առանց այն էլ անհնարին ցանկությանը, քանզի հաղթանակի հասնելու համար արդեն անհրաժեշտ էր հինգ անգամ գրավել մրցակցի դարպասը, ինչն իր հերթին նշանակում էր` եթե այդպես է վիճակված, ապա գնա մեռի, «Ռեալ»: ՈՒ քանի որ, արդարացի լինենք, մեկ քառորդում հայտնվելն ավելի շուտ պատահականություն էր «Գալաթասարայի» համար, ուստի ինտրիգի նախանշաններ չէր կարելի տեսնել անգամ անգամ այն բանից հետո, երբ ստամբուլցիները Դիդիե Դրոգբայի հարվածից հետո, 72-րդ րոպեին խաղի հաշիվը դարձրեցին 3:1: Դրանից հետո մադրիդցիներից պահանջվեց խելքը գլուխները հավաքել ու մի փոքր չարանալ (երկրորդ գոլի հեղինակն էլ է Ռոնալդուն), ու ամեն ինչ ընկավ տեղը: Եվ այդուհանդերձ, հայոց հողերի հարցը թողած մի կողմ, պիտի պատշաճը մատուցել թուրքական ակումբին` բնավորություն ցույց տալու համար:
Ի տարբերություն օրվա առաջին խաղի, «Բորուսիա»-«Մալագա» հանդիպումն իր մեջ ավելի հզոր ինտրիգ էր պարունակում, և սկզբունքորեն դժվար է կիսել նրանց լավատեսությունը, ովքեր կողմերի առաջին հանդիպման ոչ-ոքին որակում էին որպես իսպանական ակումբի ձեռքբերում: «Մալագան» Չեմպիոնների լիգայի իր այս անդրանիկ խաղարկությունում արդեն քանիցս հասցրել է զարմացնել մարզասերներին ու, կազմակերպված պաշտպանությամբ, այդ պաշտպանությունը հարձակման գծում բացառիկ ագրեսիվության հետ զուգադրմամբ, նույնն արեց և պատասխան հանդիպման ժամանակ: Խաղի ընթացքում իսպանացիները երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն այն, ինչ արեցին դորտմունդցիները մրցավարի ավելացրած ժամանակում (նաև` թույլ տված վրիպումների արդյունքում), գրեթե անհավանականության ոլորտից էր: Մարկո Ռոյսի ու Ֆելիպե Սանտանայի երկու գոլերը կիսաեզրափակչի դռները բացեցին «Բորուսիայի» առաջ:
ԱՆՄԵՂ ՀԱՃՈՒՅՔԻ ԳԻՆԸ
Դեռևս «Բավարիա»-«Յուվենտուս» առաջին խաղին նախորդած մամլո ասուլիսի ժամանակ սպասվելիք հանդիպման կարևորությունն իր թիմի համար մյունխենցիների 68-ամյա մարզիչն այսպես էր ձևակերպել. «Արդեն երկու օր է, ես քնում եմ «Ծեր սինյորայի» հետ»: Հայնկեսի այս անմեղ արտահայտության տակ, նկատի ունենալով նաև իտալուհի հարսնացուի ունեցածին առանձնապես ոչնչով չզիջող Հայնկեսի տարիքը, բառերն ուզածի պես խաղացնող լրագրողները տարընթերցման տարբերակով բովանդակային այլ իմաստ էին դրել, ինչը քիչ ծիծաղի տեղիք չէր տվել: Առանձնապես չխորանանք այդ տարընթերցման մեջ, միայն ասենք, որ կողմերի առաջին հանդիպումն ավարտվեց հայնկեսյան երկու զորեղ «պարպումով»: Սակայն ինչպես ցույց տվեց թուրինյան հանդիպումը, ծերուկն առանձնակի հաճույք էր ստացել ծեր սինյորայի հետ շփումից, ու նույնը կրկնեց նաև աներտուն գնալուց: Արդյունքում «Բավարիան» ևս մեկ անգամ ապացուցեց, որ մնում է համաեվրոպական նշանակության փեսացու, մինչդեռ նման կարգավիճակ ստանալու համար «Յուվենտուսին» պակասում են քաջարի զինվոր Շվեյկի մորաքրոջն այնքան պակասող բեղերը:

ՄԵՍԻՆ ԿՅԱՆՔ Է ՈՒ ՈԳԻ
ՊՍԺ-«Բարսելոն» փարիզյան ոչ-ոքին ոգևորության պակաս աղբյուր չէր դարձել Անչելոտիի ու նրա ղեկավարած ակումբի համար, չնայած «Բարսելոնի» թիվ մեկ թիմ լինելը հանդիպման 2:2 արդյունքը չէր կարող ու ի զորու էլ չէր ռևիզիայի ենթարկել փաստը: Սակայն պատասխան խաղում ճակատագիրը ՊՍԺ-ի համար նախապատրաստել էր հերոսանալու բավական լավ հենք` վնասվածքի պատճառով խոշոր հարցականի տակ էր Մեսիի խաղադաշտ դուրս գալը:
Հանդիպման առաջին խաղակեսը եկեք թողնենք մի կողմ: ՈՒ ոչ միայն արդյունքի` 0:0-ի համար, որը կիսաեզրափակիչ էր հանում կատալոնյան ակումբին: Փաստենք միայն, որ այն հետաքրքիր խաղակես էր` իսպանական թիմի համար տիպիկ ոճի, իսկ ՊՍԺ-ի հարցում եկեք բնութագրումներ չփնտրենք, որովհետև Անչելոտին չափազանց հետաքրքիր աշխատանք է տանում փարիզյան ակումբի հետ, այն ողնաշարավորվելու փուլում է, ուստի ակումբի խաղային ձեռագրի վերաբերյալ դեռ վաղ է կարծիք հայտնելը. հիշենք հայտնի խոսքը` մինչ աշխատանքային օրերին Անչելոտին թիմ է կառուցում, Իբրահիմովիչը հանգստյան օրերին հաղթանակ է ապահովում նրան:
Երկրորդ խաղակեսը սկսվեց ՊՍԺ-ի կտրուկ ակտիվացումով: Սա միանգամայն բնական էր ու սպասված, քանզի դա էր պահանջում խաղի տրամաբանությունը. անհրաժեշտ զոնդաժը կատարված էր, մնում էր անել մնացյալը: Իսկ մնացածը հետևյալն էր` առաջին իսկ պատեհ առիթի դեպքում բռնացնել «Բարսելոնին» ու խաղալ հաշիվը պահելու վրա:
Խոստովանենք` առիթը շատ շուտ ներկայացավ: Ամբողջ խաղը փայլուն անցկացրած Զլատան Իբրահիմովիչը, ճիշտ է, գոլի հեղինակ չդարձավ, սակայն նրա նուրբ փոխանցումը հերոսանալու հնարավորություն տվեց Պաստորեին:
Արդեն այդ պահից ակնհայտ էր, որ այլևս ոչ մի ուժ ի վիճակի չէր պահեստայինների նստարանին պահելու մեծն արգենտինացուն, ով, անհանգիստ ապրումների մեջ, եղունգներից անցել էր արդեն մատներն ուտելուն: Նախավարժանքի համար վազքուղի ելած Մեսի ֆենոմենը մինչև դաշտ մտնելը փոխեց խաղի էներգետիկան: «Բարսելոնը» թևեր առավ, «Կամպ Նոուն» էքստազի մեջ «ոռնում» էր հաճույքի սպասումից: ՈՒ եղավ այն, ինչ պիտի լիներ: Մեսին հաշված րոպեներում կազմակերպեց գոլը, իսկ Պեդրոն այլ ցանկության դեպքում էլ չէր կարող այն չուղարկել դարպասը: 1:1-ը թեպետ հաշվի հավասարության վերականգնում էր, սակայն միաժամանակ նշանակում էր հաղթանակ ու «Բարսելոնին» այլ բան չէր մնում, քան անցնել գնդակը արտիստիկ վարպետությամբ խաղարկելուն, իհարկե, մրցակցի սխալվելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու առիթի սպասումով:
Ինչ կատարվեց այդ գոլից հետո:
Անչելոտին տևական ժամանակահատված փորձում էր հասկանալ` ուժերն ինչպե՞ս վերադասավորել «Բարսելոնի» հերթական պոռթկումի ու Մեսիի անկանխատեսելիության դեմն առնելու համար: Որոնումների մեջ, որպես վերջին զենք, իտալացի մասնագետը դաշտ դուրս բերեց Բեքհեմին` ապավինելով ստանդարտ դիրքերը վիրտուոզ կերպով իրացնելու նրա կարողությանը կամ գոլային փոխանցում կատարելու հոտառությանը, սակայն ճակատագիրն այդ օրը փարիզյան ակումբի համար բավարար էր համարել կատալոնյան ակումբի հետ երկրորդ անգամ ոչ-ոքի խաղալու հերոսացումը:
ՊՍԺ-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից, սակայն այս ակումբի դժբախտությունն այն էր, որ այս փուլում նրա մրցակիցը «Բարսելոնն» էր և ոչ մեկ այլ թիմ: Զորօրինակ` «Գալաթասարայը» կամ նույն «Մալագան», որը, ի դեպ, իրեն գերազանց դրսևորեց այս խաղարկությունում:
Եզրափակենք: Կիսաեզրափակիչում հավաքվել է չորս ֆանտաստիկ թիմ` իր ճանապարհին ամեն ինչ քանդող, ավերող, հողին հավասարեցնող «Բավարիան», վերջին տարիների աշխարհի լավագույն թիմի հետ հավասարի իրավունքով ճակատ տվող «Ռեալը», խելահեղ արագությունների, մինչև վերջին ակնթարթը դադար չառնող «Բորուսիան»: Ինչ վերաբերում է քառյակը ներկայացնող չորրորդին, նրա մասին արդեն ասվել է, և կոստյո՞ւմն է, որ պիտի զարդարե մարդուն:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ