«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Արհմիությունը կամուրջ է պետության և հասարակության միջև»

«Արհմիությունը կամուրջ է պետության և  հասարակության միջև»
12.04.2013 | 00:32

«Լճից լիճ Հայաստան» խորագրի ներքո 22.02.2013-ին հրապարակվեց «Հուշարձան անհայտ կորածին» նյութը։ Օրեր անց մեր հրապարակմանը անդրադարձավ հանրապետության ճանաչված արհմիութենական գործիչներից մեկը` ԿԱՐԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Նրա հետ զրույցը շատ ուշագրավ էջեր բացեց մեր առջև։


-Պարոն Հարությունյան, ինքներդ ներկայացեք և ներկայացրեք իրավիճակը Հայաստանի արհմիություններում։
-ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահն եմ։ Արհմիութենական աշխատանքում եմ շուրջ 35 տարի, որից 15 տարին ղեկավարել եմ ՀՀ տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհուրդը, արհմիությունների մարզական ընկերության հանրապետական խորհուրդը, «Զենիթ» մարզական ընկերության հանրապետական խորհուրդը։ Անկախացումից հետո ձևավորվեց ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան շնորհիվ բնագավառի նախանձախնդիր մարդկանց։ Մենք վստահ էինք, որ արհմիությունների դերն ու նշանակությունը շուկայական հարաբերություններ թևակոխած մեր հանրապետությունում ավելի էական են լինելու։ Ցավոք, շատ բան շեղվեց իր բնականոն հունից, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։
-Ինչո՞ւ միայն Դուք արձագանքեցիք մեր խնդրահարույց հրապարակմանը։
-Ես անհանգիստ տեսակ եմ, այսպիսին եմ եղել ողջ կյանքում և չեմ հանդուրժում անտարբերությունն ու երեսպաշտությունը ցանկացած դրսևորմամբ։ Ինձ պատասխանատու արհմիութենական պաշտոնների են երաշխավորել Իգոր Նովիկովը, Հրանտ Շահինյանն ու Վլադիմիր Ենգիբարյանը։ Զուգահեռաբար ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի, առողջարանների և հանգստյան տների ենթահանձնաժողովի նախագահն եմ, ապրանքարտադրողների միության նախագահության անդամ։ Այս ամենը իրավունք է տվել և պարտավորեցրել բնագավառներում առկա հիմնախնդիրներն առաջ քաշել ՀՀ վարչապետի մոտ և հաճախ դրական արդյունքներ ունենալ։ Այսինքն` նախաձեռնության դեպքում հնարավոր է շատ անլուծելի թվացող խնդիրներ լուծել, օժանդակել արհմիության անդամների սոցիալական այս և այն հարցերի լուծմանը։
-Ասվածը, բնականաբար, պիտի փաստերով ամրապնդել։
-Խնդրեմ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որպես Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նախագահ, քննարկել ենք մարզական ոլորտի աշխատողների ցածր աշխատավարձի հարցը և օրինակ բերել ԱՊՀ երկրների համանման ոլորտների աշխատավարձերի չափը։ Պարզվում է, որ ՀՀ-ում աշխատավարձերը ամենից ցածրն են և զիջում են մյուս երկրներին տասն անգամ։ Հանդիպման արդյունքում որոշակի դրական տեղաշարժեր եղան։

-Կարծես թե հետխորհրդային շրջափուլը կանաչ ճանապարհ պիտի բացեր Ձեր առջև։
-Հետխորհրդային ժամանակները, առաջին հայացքից, բավականին կառուցողական էին։ Ցավոք, միայն առաջին հայացքից։ Այն տարիների արհմիության ղեկավարները, օրինակ, Հենրիկ Թարջումանյանը, պատրաստ էին նոր իրավապայմաններում սատար կանգնելու հանրապետությանն ու ժողովրդին։ Հենրիկ Թարջումանյանը նախկինում Հայաստանի գյուղատնտեսության նախարարն էր։ Նրա հետ էր Լևոն Սահակյանը, Երևանի քաղկոմի նախկին առաջին քարտուղարը։ Այս մարդիկ մեծ հեղինակություն և կապեր ունեին։ Իսկ արհմիութենական գործչի համար, անկախ թե նա որ հասարակարգում է գործում` անձնական հեղինակությունը շատ կարևոր հանգամանք է, նա պիտի հանրային կյանքում ճանաչված և հարգված լինի։ Եվ ահավասիկ, նրանց հաջողվեց ոչ միայն պահպանել Հայաստանի արհմիութենական ողջ տնտեսությունը, այլև ձևավորել նոր նյութատեխնիկական բազա` հիմնանորոգեցին շատ հանգստյան տներ Ջերմուկում և Արզնիում, Գյումրիում, Վանաձորում, առհասարակ, ողջ հանրապետությունում, կառուցեցին նորերը։ Սակայն շուկայական հարաբերություններում առաջ մղվեցին նաև մարդիկ, ովքեր փոշիացնող էին, շուկայականից անհամեմատ ցածր գներով նրանք վաճառեցին արհմիութենական գույքը (չկան նաև երեք տասնյակից ավելի տուրիստական հանգրվանները) և հարստացան, շահեցին հարյուրապատիկ։ Բայց չշահեցին ո՛չ պետությունը, ո՛չ էլ հասարակությունը։ Սա համարել և համարում եմ տնտեսական հանցագործություն։ Չէ՞ որ օտարվել են արհմիութենական հանգստյան տներն ու առողջարանները` կից օժանդակ տնտեսություններով։ Սակայն ո՞ւմ են օտարվել, անհայտ է։ Այսօր չունենք ոչինչ։ Եվ ցանկացած խնդիր ի զորու ենք լուծելու միայն անձնական կապերով։
-Այսինքն, էնտուզիազմի վրա եք գործում։
-ՈՒրիշ ի՞նչ անենք։ Վրաստանի գործընկերներիս օգնությամբ, օրինակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժները հանգստացան վրացական հանգստյան տներից մեկում, մի մասն էլ Հանքավանում։ Հատուկ եմ շեշտում, բավականին մատչելի գներով և միանգամայն բարեկեցիկ պայմաններում։

-Դուք համաձա՞յն եք նախորդ հրապարակման մեջ հնչած իմ որակմանը` Հայաստանում արհմիությունների անունը կա, ամանումը` ոչ։
-Ցավոք, այո։ Դուք Ձեր հայտնի նյութում զարմացած էիք, որ Հայաստանի արհմիությունները հանրային երթեր, պիկետներ և այլ բաներ չեն կազմակերպում, ինչպես աշխարհում է կատարվում։ Այդպես է, ամենուր արհմիությունները պայքարում են աշխատավորության սոցիալական կարիքների բավարարման համար։ Մենք այնքան էլ անմասն չենք պայքարից, մասնավորապես գազի սակագնի հնարավոր բարձրացումից առաջ մեր հանրապետական խորհրդի որոշմամբ գրություն ուղարկեցինք ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահին, նա այդ նամակը չի էլ ընթերցել։ Այսինքն նա է, ըստ էության, լուծարում մեր աշխատանքը։
-Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան 24 ճյուղային արհմիության միավորո՞ւմ է։
-Այո։ Ճյուղային կազմակերպությունների նախագահներս կոնֆեդերացիայի նախագահության անդամ ենք, ուր որոշումներն ընդունվում են կոլեգիալ սկզբունքով։ Բայց այս նախագահությունում կոլեգիալ է միայն կոնֆեդերացիայի նախագահի հետ համաձայնվելը, որևէ սկզբունքային հարց ուշադրության չի արժանանում, ավելին` ամեն կերպ փորձում են խոչընդոտել։ Եվ խոչընդոտելիս անվրեպ հաջողակ են։ Սակայն վերջերս նախագահությունում մի խումբ է ձևավորվել, որը մտածում է, որ այլևս այսպես չի կարող շարունակվել, պայքարել է պետք։
-Հայաստանից դուրս արհմիությունների գործունեությանը ծանո՞թ եք։
-Իհարկե, չէ՞ որ մեր արհմիությունը Կրթության համաշխարհային արհմիութենական կազմակերպության անդամ է։ Հավատացեք, մեր հանդեպ հարգանք կա, մենք մեր դիրքորոշումներով ենք հանդես գալիս, պաշտպանում դրանք։ Այնտեղ իսկապես հանրային երթերն ու պիկետներն անպակաս են։ Ամենակարևորը` այս ճանապարհով լրջորեն բանակցում են պետության հետ, հաճախ հասնում իրենց նպատակին։ Վերջերս Բրյուսելում էի։ Շուրջ 30 հազար մարդ էր հավաքվել քաղաքի կենտրոնական փողոցում, պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը, և կառավարությունը նահանջեց, աշխատավարձերը բարձրացան 30 %-ով։ Մասնակցել եմ այդ ցույցին, առաջին շարքերում, ինձ մի դրոշ էին վստահել։ Եկա և ներկայացրի այդ ամենը։ Ոչ մի արձագանք։
-Այսօր կոնֆեդերացիայի խորհրդում ասացիք, որ ընդդիմություն է ձևավորվել։ Ձեր հետագա քայլերը։
-Նախ, ընդդիմադիրները նվիրյալ մարդիկ են, պատրաստ ինչ-որ էական բան փոխելու։ Այսօր պետք է ժողովրդին դուրս բերել փողոց և հրապարակ հանրային երթերով, գործադուլներով և այլ միջոցառումներով` կոնկրետ խնդիրներ լուծելու։ Սակայն կոնֆեդերացիայի ղեկավարը` Էդուարդ Թովմասյանը, անմասն է նման բաներից, նրանը իր անդորրն է և իր նախշազարդ նարդին։ Նա մեկ օր առաջ պիտի հրաժարական ներկայացնի։ Գուցե մի այլ բնագավառում նա իրեն արժանավայել կդրսևորի, չգիտեմ։ Այսօր, առհասարակ, ուծացված է արհմիության երևույթը, որը ձախ ուժ չէ, կամուրջ է հասարակության և պետության միջև։ Հայաստանում այդ կամուրջն այրված է։ Բայց ես վստահեցնում եմ, այսօր երկրի բարձրագույն ղեկավարությունը` և՛ նախագահը, և՛ վարչապետը, և՛ ԱԺ խոսնակը, պատրաստ է լսելու արհմիություններին, լսելու և ընդառաջելու շատ հարցերում։ Բայց դե, վաղուց է հայտնի, մինչև մանուկը չի լալիս, մայրը նրան չի կերակրում։ Բացի այդ, շատ հաճախ արհմիություններն են յուրատեսակ խաղաղության աղավնիներ իշխանության և ընդդիմության միջև ծագած հակամարտություններում։
-Կոնֆեդերացիան քանի՞ անդամ ունի։
-Շուրջ 240 հազար։ Սա, իհարկե, ահռելի ուժ է։ Սակայն ուժը պիտի կենդանություն առնի, սկսած սկզբնական կազմակերպություններից։ Սակայն ինչ-որ անհասկանալի վախ, անորոշություն կա կոնֆեդերացիայում։
-Հարևան Ռուսաստանում ի՞նչ իրողություններ են։
-Վերջերս Վ. Պուտինի հանդիպումն էր ՌԴ արհմիությունների ղեկավար Շմակովի հետ։ ՈՒղղակի հիացել էի պարոն Շմակովի դիրքորոշմամբ, հավասարի պես էր զրուցում հսկա պետության ղեկավարի հետ, քանզի ինքը հեղինակություն է որպես արհմիութենական գործիչ։ Պուտինը նրան հրավիրում է ավելի հաճախ հանդիպելու, հարցեր քննարկելու։
-Այսինքն` կոնֆեդերացիայի նախագահն ու տեղակալները տեղում չեն, տարածքում են։
-Մի օրինակ բերեմ։ ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը յուրաքանչյուր հինգշաբթի ներկա է կառավարության նիստերին։ Սակայն սոցիալական բազում հարցեր են բարձրացվում, կոնֆեդերացիայի նախագահը անմասն է մնում։ Մեր խորհրդի նիստում ինքս եմ նրան հարց ուղղում, մենք ունենք բազմաբովանդակ սոցիալական հարցեր, ինչո՞ւ դրանք չեք ներկայացնում նիստերի ժամանակ։ Պատասխանը, առնվազն, տարօրինակ է` վարչապետն իրեն չի լսում։ Իմ փորձից ասեմ, ներկա վարչապետն օժտված է մարդկանց ուշի ուշով ունկնդրելու բարձր կուլտուրայով։ Ժամանակին եռակողմ պայմանագիր էր ստորագրվել ՀՀ կառավարության, կոնֆեդերացիայի ու արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև։ Պայմանագրում կան դրույթներ, որոնք անմիջականորեն կապված են արհմիության հետ, աշխատանքի վարձատրության և պաշտպանության, բնակչության եկամուտների ինդեքսավորման և այլն։ Պայմանագիրը ենթակա է կատարման։ Սակայն պայմանագրի ժամկետը լրացավ, և էական ոչինչ չիրականացավ, սովորույթի համաձայն կոնֆեդերացիան լռել էր։
-Արհմիությունների գործունեությունը կարգավորվում է օրենքով։ Այն գործո՞ւն օրենք է։
-Լղոզված օրենք է, կան հակաարհմիութենական դրույթներ, որոնք ենթակա են փոփոխության, ինչպես ենթակա են փոփոխության ՀՀ աշխատանքային օրենսգրքի հակաաշխատավորական դրույթները։ Ներկա օրենսգրքի պահանջները հաճախ ի շահ գործատուի են։
-Պարոն Հարությունյան, մեր իրականությունում պիտի խենթ լինես, քաղաքացու, առհասարակ, հասարակության շահերը պաշտպանելիս։ Ձեր պատկերացմամբ` ինչպիսի՞ն պետք է լինի մեր օրերի արհմիութենականը։
-Նվիրյալ ի ծնե, կռիվ տվող, պայքարող։ Այո, խենթ, այսինքն` ոչ չինովնիկ։ Մեր ընդդիմադիրների խմբով հարց ենք բարձրացրել կոնֆեդերացիայի խորհրդում, և եթե արմատական փոփոխություններ չլինեն, հանրահավաք կկազմակերպենք ՀԱՄԽ-ի հանրածանոթ շենքի առջև։
-Այժմ ժամանակն է հարցնելու` Հանրապետության հրապարակում գտնվող ՀԱՄԽ-ի շենքը օտարվա՞ծ է։
-Պատահական չէր, անշուշտ, որ հանրապետության կենտրոնական հրապարակում էր շենք հատկացվել Հայաստանի արհմիություններին։ Նրա նշանակությունը պետության և հասարակության կյանքում նշանակալից էր։ Շատ եմ հետաքրքրվել այդ մթին գործարքով, բայց ապարդյուն, լսել եմ ընդամենը, որ 1 քմ մակերեսը վաճառվել է 1900 դոլարով։
-Ի՞նչ նպատակների պիտի ծառայեր վաճառքից առաջացած գումարը։
-Ճյուղային միությունների գործունեության բարելավմանը։ Սակայն գումարները ծախսվում են աննպատակ գործուղումների վրա։ Բայց կարևորն այն է, որ չկար որևէ անհրաժեշտություն այդ հոյակերտ շենքը վաճառքի հանելու։
-Կոնֆեդերացիայի խորհուրդը, ինչ է, առանց ձեր համաձայնությա՞ն է շենքը օտարել։
-Անձամբ տեղեկացված չեմ եղել որևէ գործարքի իրականացմանը։ Եվ ոչ միայն ես։ Սակայն գույքի օտարման համար նախ պիտի իրենց գրավոր համաձայնությունը տային կոնֆեդերացիայի անդամ ճյուղային կազմակերպությունների սկզբնական մարմինները։
-Այսինքն, 240 հազար արհմիութենականի համաձայնությունը պարտադիր է։
-Անկասկած։ Կոնֆեդերացիայի նախագահության անդամներից շատերի անտեղյակության քողի ներքո է այս գործարքն իրականացվել։
-Այսօր, ըստ Ձեզ, որքա՞ն գումար կա կոնֆեդերացիայի հաշվում։
-Շուրջ 500 հազար դոլար, որը բացառապես տնօրինում է կոնֆեդերացիայի ղեկավար մարմինը, մի քանի մարդ։ 500 հազարը չնչին բան է, մեր գեղաշեն շենքի իրական գնի ինչ-որ մնացորդը։

-Էլ ի՞նչ ունեք հաղորդելու մեր ընթերցողներին։
-2012-ի նոյեմբերի 30-ին Ստոկհոլմում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անունից ելույթ է ունեցել կոնֆեդերացիայի ուսումնահետազոտական կենտրոնի նախկին տնօրեն Լյովա Խաչատրյանը, ով դեռ հոկտեմբերի 1-ին ազատվել էր աշխատանքից և փոխադրվել Վ. Բրյուսովի անվան համալսարան։ Ով էր լիազորել նրան, անհասկանալի է, այդ մարդը երկու ամիս առաջ հեռացել էր մեր կազմակերպությունից, ի պաշտոնե նա իրավունք էլ չուներ ներկայացնելու կոնֆեդերացիան։ Նրա ղեկավարած կազմակերպությունը, ի դեպ, պարբերաբար լուրջ գումարներ էր ստանում տարբեր միջազգային կազմակերպություններից և նույն պարբերականությամբ փոշիացնում էր դրանք։
-Այստեղ ինչ-որ շան գլուխ չկա՞ թաղված։
-Անկասկած։ Այս սուբյեկտը Ստոկհոլմում հայտարարում է, որ ՀՀ իշխանություններն ու կառավարությունը բավարար ուշադրություն չեն դարձնում կանանց և տղամարդկանց միասեռական ամուսնությունների մասսայականացման խնդրին։ Սա ճշտել եմ պատահաբար և տեղյակ եմ պահել կոնֆեդերացիայի նախագահին։ Առայժմ պատասխան չեմ ստացել։ Բայց, անշուշտ, չենք լռելու։


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ