Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մի՛ շփոթեք շարժումը գործողության հետ»

«Մի՛ շփոթեք շարժումը  գործողության հետ»
12.04.2013 | 00:57

Ապրիլը իբրև փետրվարի տրամաբանական շարունակություն ունենալով` հասկանանք, թե ինչ կատարվեց Հայաստանի քաղաքական դաշտում ու Հայաստանում: Ոչ առանց հիմքերի ակնկալվում էր, որ նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտը կստանա առաջիկա հնգամյակի համար որոշակի պատկեր, կկանոնարարգվեն ընդդիմության ու իշխանության փոխհարաբերությունները, կպարզվի այլընտրանքային ԲՀԿ-ի կողմնորոշումը` մինչև 2017-2018 թվականները: Ակնկալվում էր: Բայց նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրումից սկսած քաղաքական կարուսելը պտտվեց ոչ այնքան կանխատեսելի ու ոչ այնքան հասկանալի շրջագծով: Քիչ ժամանակ է անցել մոռանալու համար, բայց հիշեցնեմ` առնվազն տարօրինակ էր նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, նույնքան տարօրինակ էր նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի այդ մահափորձի պատվիրատու լինելը, եթե հարցը դիտարկում ենք նախագահական ընտրությունների շրջանակում, որովհետև որևէ գաղտնիք չկար, որ տիեզերքը չի տնօրինելու ընտրությունները Հայաստանում և Վարդան Սեդրակյանը տիեզերքի կամքով նախագահ չի դառնալու 80 և ավելի տոկոս ձայներով, ընդդիմությունն էլ չի միավորվելու ու միասնական թեկնածու չի անվանելու Պարույր Հայրիկյանին, որ նա կատարի իր պատմական առաքելությունը չգիտես ում առաջ: Երկու թեկնածուներն էլ ընտրությունների արդյունքների վրա ազդելու իրենց գործընթացն ավարտում էին ընտրությունների նախորդ` լռության օրը: Ընդդիմադիր ընտրազանգվածը, որ իշխանության կարծիքով, տրոհվելու էր ու ձայն էր տալու գործող նախագահին, մնացել էր առանց թեկնածուի: Ընդդիմադիր դաշտի ֆավորիտների բացակայությամբ թիվ 1 թեկնածու դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընտրազանգվածը նրա մեջ տեսավ (որոշ դեպքերում դրդեցին տեսնել) իր ցանկություններն արտահայտողին: Հետընտրական իրադարձությունները օրեցօր առավել համոզիչ ապացուցեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ չէր այդ դերին և հիմա` ապրիլի կեսին, ամենահեշտը Րաֆֆի Հովհաննիսյանի իրարահաջորդ սխալները շարելը ու նրան մեղադրանքների շարան ներկայացնելն է: Սխալները տպավորիչ են ու տարօրինակ, եթե դիտարկենք նախորդ նախագահական ընտրությունների համապատկերում: Բայց` ինչու՞: Փորձը` կար, կուսակցությունը` կար, հնարավորությունը` կար: Ի՞նչը պակասեց, ի՞նչը խանգարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ի սկզբանե ընտրեց փակուղային մարտավարություն` ինչ էլ հիմա անվանեն ու ինչպես էլ փորձեն նրա մարտավարությունն արդարացնել, խորհրդավոր հեռանկարներ ու խորախորհուրդ հաշվարկներ վերագրել, խորագնա հետևանքներ խոստանալ: Հաշվարկները սխալ էին ու են, հետևանքները հանգեցին քաղաքական խարակիրիին, հեռանկարները զրոյական են:
Ապրիլի 9-ը դարձավ ճշմարտության պահ բոլոր նրանց համար, ովքեր ուզում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր լինի: Հրապարակը չկարողացավ նրան դարձնել այն, ինչ ինքն իրեն հայտարարում էր: Եթե վերացարկվենք «Նոր Հայաստանի» խլացուցիչ երգ-երաժշտությունից, անհոդաբաշխ, պաթետիկ ու անիմաստ բառակույտից, որ իրար է խառնում տիեզերքն ու հայրենիքը, անցյալը, ներկան, ապագան, շներին ու մարդկանց, ոստիկաններին, պապերին, թոռներին, արշալույսը, իրավունքը, աշխատանքն ու զադնին (ցավոք, շատ է երկար այս տավտալոգիան), մարդը դադարել է հասկանալ ինքն իրեն, իսկ նրանից որոշումներ ու քայլեր են ուզում: Ապրիլի 9-ին նրանից սպասում էին որոշումներ ու գործողություններ, ոչ մեկին առանձնապես չէր հետաքրքրում նրա երդմնակալության ներկայացումը, որ իրավական հետևանքներ չէր ունենալու և ուրեմն ընդամենը մասն էր աբսուրդի թատրոնի, որ այս օրերին հրապարակի պարտադիր հավելումն է դարձել: Ապրիլի 9-ը ակնհայտ դարձրեց երեք «չի կարելի»-ների պարտադիր լինելը քաղաքական գործիչի համար.
1.Չի կարելի ասպարեզ գալ, երբ չգիտես ինչ անել ու ծրագիր չունես:
2.Չի կարելի հավատ ներշնչել, երբ չես կարող խոստացածդ անել:
3.Չի կարելի ստեղծել անկառավարելի իրավիճակ ու հեռանալ:
Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մոռացել էր իր սեզամ-բացվիրը` նա այլևս չէր ասում` հնարավոր է: Նա ընդամենը կրկնում էր այն, ինչ արել կամ անում էր Սերժ Սարգսյանը: Հետո նրա կողմնակիցները մեղադրում էին ընդդիմադիր դաշտի ուժերին, որ իրենց հետ չէին: Բայց որևէ մեկը կարող է բացատրել, թե ի՞նչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը, ի՞նչ է անում, որ նրա հետ հնարավոր լինի համատեղ ինչ-որ քայլ անել, համագործակցել, աջակցել, ծրագիր իրականացնել: Քաղաքական դաշտը ի սկզբանե թերահավատ ընդունեց հետընտրական իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանի պարտադրվող առաջատարությունը, որ գուցե քաղաքական խանդի արգասիք էր, գուցե փորձի վրա հիմնված իրատեսություն էր, գուցե ավանդական անհամերաշխություն: Քայլ առ քայլ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը բոլորին վանեց և մնաց Գասպար պապի հովանու ներքո: Նա չէր մերժում ու չէր ընդունում իրեն արվող որևէ առաջարկ, կրկնում էր իր ռոմանտիկ հմայիլները` նոր Հայաստան, որտեղ իրականում ոչինչ էլ նոր չէր: Նրա հայտնագործություններից մի քանիսը միայն` ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ցրել, Գարեգին Ներսիսյանը` իմա` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հրաժարական տա, մեկ րոպե լռությամբ հարգում ենք Հիսուս Քրիստոսի հիշատակը, իսկ ապրիլի 9-ին աբսուրդի իր ինքնահնար թատրոնում Րաֆֆի Ռիչարդովիչը գերազանցեց ինքն իրեն` նա հայտարարեց, որ կգնա Մոսկվա, կհանդիպի պարոն Պուտինին ու կբերի հաղթանակը: Այս սպառնալիքը ինքնախոստովանական ցուցմունք է, թե ինչի՞ էր սպասում ու ինչու՞ էր այսքան ձգում ժամանակը «Ժառանգության» առաջնորդը: Հացադուլի, ստադուլի, վախադուլի, առանց զադնիի բոլոր դուլ-երի ընթացքում նա անդուլ սպասում էր արձագանքի: ԱՄՆ-ը դեսպանատունը, որ համարյա մեկ տասնամյակ հայրենակցին առանց հիմնավոր պատճառների փայում-փայփայում էր իբրև ապագա առաջնորդ, նույնքան առանց հիմնավոր պատճառների, իսկ գուցե առավել քան հիմնավոր պատճառներով նրանից հրաժարվեց: Մնաց մայր Ռուսաստանը, որին Հայաստանում միշտ պետք է եղել իշխանությանը հակակշռելու գործիք: Ընդամենը: Ոչ ավելին: Իրենց փորձով համոզվել են ընտրություններում քիչ թե շատ հաջողության հասած բոլոր թեկնածուները, որ հետընտրական իրադարձություններում որոշել են խաղարկել «առաջադեմ» Ռուսաստանի գործոնը: Ուրիշների սխալների վրա սովորելը խորթ է Րաֆֆի Հովհաննիսյանին: Կա երկրորդ տարբերակը ևս` համայն հայության ապագան կերտող հաղթանակած նախագահը սպասում էր նյութական աջակցության եթե ոչ համայն աշխարհից, գոնե որոշակի մարդկանցից: Բայց ի՞նչ իմաստ ունի անձրևի ժամանակ գազոնը ջրելը: Դրսում ավելի լավ են հասկանում Էռնեստ Հեմինգուեյին, որ ասում էր` «Մի շփոթեք շարժումը գործողության հետ»: Այո, ճիշտ են նրա մերձավոր կուսակիցները, քաղաքական գործընթացները միայն հրապարակում չեն, քաղաքական գործընթացները կայանալու ու զարգանալու համար նյութական բազա պիտի ունենան: Առավելևս, երբ, նախորդների նման, Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեց տեսնել ու լսել իրեն բարևած մարդկանց: Ապրիլի 9-ի նրա զիգզագները ընդամենը մեկ պատճառ ունեին` նա չգիտեր ինչ անել. երդվեց, նոր Հայաստանի ծնունդը հայտարարեց ու իր գործն ավարտած` պատրաստվում էր տուն գնալ, բայց մի հրապարակ ժողովուրդ պահանջում էր քայլեր, ու Րաֆֆին ստիպված էր Բաղրամյան 26 գնալ: Բաղրամյան 26-ը վաղուց արդեն խորհրդանիշ է դարձել ու չգիտես ինչու թվում է` այդ շենքի առաջով քայլանցելը, շրջակայքում նստացույց անելը, ընդհանրապես այդ շենքը գրավելը նույն է, թե 1917 թ. Ձմեռային պալատը վերցնելը, նույն է, թե աշխարհում չարին հաղթելը: Բաղրամյան փողոցի օպերացիան եղավ Վովա Գասպարյանի բենեֆիսը, որ իրադարձությունների մասնակից դարձավ, այլ ոչ կաբինետային հրահանգիչ մնաց իր նախորդների պես: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գնում էր Բաղրամյան 26, որպեսզի երգեր Հայաստանի Հանրապետության օրհներգը, հետո ասեր. «Սիրելի հայրենակիցներ, այս դիմացի շենքը` Բաղրամյան 26-ը, պատկանում է ձեզ եւ հայ ժողովրդին: Աստված մեզ պահապան, մեր հայրենիքի պահապան: Երբ որ ասում ենք` «զադնի չկա», դա նշանակում է նաեւ, որ մենք մեր իրավունքի մեջ ենք, մենք սիրում ենք մեր երկիրը, մեր հայրենիքը: Բոլորս սիրենք եւ պայքարենք, պայքարենք մեր հաղթանակի համար, որ դուք տվել եք», ոստիկանապետը շատ ավելի լուրջ խնդիր ուներ` նա միացավ երթի մասնակիցներին ու ապացուցեց, որ ոստիկանությունը բոլորի ոստիկանությունն է: Ավելին` Բաղրամյան 26-ի առաջ անելիք չունենալով` Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց Ծիծեռնակաբերդ գնալ` երևի նոր Հայաստանի օրացույցում ապրիլի 24-ը տեղափոխվել է ապրիլի 9 (մանավանդ որ մի քանի ժամ առաջ էր Սերժ Սարգսյանը Եռաբլուր էր գնացել` ինչը և իմաստ ուներ, և հիմնավորում): Քայլը գուցե հարկադրական էր` փողոցից հեռացնել մարդկանց, որ ոստիկանների հետ բախումները չդառնան համատարած, բայց ինչու՞ էր նրանց ժամը 6-ին նորից կանչում հրապարակ: Ու ստացվեց, որ իր ժողովրդին մենակ թողած` Րաֆֆի Հովհաննիսյանը Վովա Գասպարյանի ու տիկնոջ հետ գնաց Ծիծեռնակաբերդ աղոթքի, իսկ Անդրիաս Ղուկասյանը մնաց ղեկավար:
Ուրիշ ի՞նչ է պետք Սերժ Սարգսյանին: Ցանկացած իշխանություն կերազեր նման ընդդիմություն ունենալ: Բայց ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը ոչ այնքան ընդդիմության, որքան Ռոբերտ Քոչարյանի հետ էր հարաբերությունները պարզում: Պաշտոնաթող նախագահին նա առավել քան հստակ ասաց. «Համեմատեք հինգ տարի առաջվա Հայաստանն այսօրվա Հայաստանի հետ և կտեսնեք տարբերությունը: Համեմատեք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները: Համեմատեք հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները», հետո էլ հավելեց. «Մենք երբեք չենք ահաբեկել սեփական ժողովրդին պատերազմով: Առավել ևս չենք օգտագործել այդ հարցը իբրև պատրվակ՝ լռեցնելու համար ընդդիմադիրների ձայնը: Բայց մեր պարտքն ենք համարել անկեղծորեն և իրատեսորեն ասել, որ նման վտանգ գոյություն ունի»: Նրա հիմնավոր պատասխանը Ռոբերտ Քոչարյանին Բաղրամյան պողոտան էր, որը, հակառակ Անդրիաս Ղուկասյանի և «նեխած ձվերի» դեմ մյուս մարտնչողների, որ ունեին հստակ հանձնարարություն, չվերածվեց Մյասնիկյանի արձանի հարակից տարածքի, մարտի 1-ը հնարավոր չեղավ նորից խաղարկել: Ապրիլի 10-ը չսկսվեց արտակարգ իրավիճակում ու ընդհանրապես խոր հիասթափություն ապրեցին բոլոր նրանք, ովքեր սպասում էին, որ նախագահի երդմնակալությունը երկրում ստեղծելու է 2008-ի մարտյան մթնոլորտը: Չստացվեց: Ոչ այն պատճառով, որ հրապարակում փափուկ ուժի ջատագով Րաֆֆի Ռիչարդովիչն էր, այլ ոչ թե պրագմատիկ Լևոն Հակոբիչը: Չստացվեց, որովհետև Բաղրամյան 26-ում Ռոբերտ Քոչարյանը չէր, այլ` Սերժ Սարգսյանը: Եթե Սերժ Սարգսյանը ևս մի քանի հարցերի պատասխաններ տա Ռոբերտ Քոչարյանին, երկրում իսկապես բոլորովին այլ իրավիճակ կստեղծի: Իր համար առավել քան շահեկան, ճամփաբաժանող, քաղաքական դաշտի նախընտրելի դասավորությամբ:
Ցավոք, առավել հավանականը Րաֆֆի Հովհաննիսյանի պես հեղհեղուկ ընդդիմության պարագայում, գրեթե նույնադեմ կառավարության ձևավորումն է ու նույնաբովանդակ քաղաքականության շարունակումը, որի հետևանքը Ազատության հրապարակն է ու հասարակական տրամադրություններում ընդվզումի այն աստիճանը, որ պատրաստ են գնալ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետևից, որ առաջին օրից բաց տեքստով ասում է` ես չգիտեմ ինչ անել, ինձնից ի՞նչ եք ուզում: Սերժ Սարգսյանը միայն ապրիլի 9-ին արեց ավելին, քան արել էր անցած հինգ տարում, ո՞ր Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀ վեցերորդ նախագահը: Ու՞մ ենք ուզում և ու՞մ ենք պատրաստ մենք տեսնել, ու՞մ է սպասում ու ու՞մ է որոնում քաղաքական դաշտը, ո՞վ է պետք ժողովրդին: Ինքն է որոշողը: Եվ` ոչ միայն: Ձեզ չի՞ թվում, որ և իշխանությունը, և ընդդիմությունն ավելի շատ խնդիրներ ունի ինքն իր հետ ու իր ներսում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Արմեն Մարտիրոսյանի կոտրված քիթը այն նվազագույն հատուցումն է, որ կուսակցության փոխնախագահը ստանում է կուսակցության նախագահից սակրալ հավատի դիմաց: Ես չգիտեմ` ով ինչ է մտածում, բայց ինձ համար ամենաանհեթեթը կլինի ապրիլի 12-ին Րաֆֆի Հովհաննիսյանից դեռ ակնկալիքներ ունենալով հրապարակ գնացող այն հայը, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ ու հաշտվել` իր հաղթանակի գեներալը ձախողակ դերասանը չի կարող լինել, որ ի վիճակի է միայն անկապ բառաշարի արտաբերման և առավելագույնը` Պուտինից հաղթանակ բերելու սխրանքին: Անգամ ամենածայրահեղ աբսուրդը ինչ-որ նպատակ է ունենում: Պետություն ծախելը նպատակ չէ, այլ` դավաճանություն:

Դիտվել է՝ 3132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ