Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Դվին» հյուրանոցի պերճանքն ու թշվառությունը

«Դվին» հյուրանոցի  պերճանքն ու թշվառությունը
12.04.2013 | 12:40

Երբեմնի մեծ համբավ ունեցող «Դվին» հյուրանոցային համալիրը, կարծես թե, ձեռքից ձեռք է անցնում։ Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության առաջարկությամբ կառավարությունը պատրաստվում է փոխելու «Դվին» հյուրանոցի վաճառքի վերաբերյալ ինը տարվա վաղեմությամբ պայմանագիրը։

Եվ այսպես, որպեսզի «Դվին» հյուրանոցի սեփականատերը, վերջապես, կատարի իր ներդրումային պարտավորությունը, գործադիրը պատրաստվում է հին պայմանագրի մեջ նոր ձևափոխումներ կատարելու` ի շահ «Դվինի», մասնավորապես, որոշակի պարտավորություններ է արձանագրում. «Սահմանված ժամկետում գնորդի կողմից պայմանագրով նախատեսված հերթական ներդրումն ամբողջությամբ չկատարելու դեպքում վերջինս պարտավորվում է տվյալ ներդրումը կատարելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամանակահատվածում պետբյուջե վճարել տուգանք` չկատարված ներդրումների 6 %-ի չափով»,- ասված է նախատեսվող փոփոխության մեջ։
Նշենք, որ փոփոխվել են նաև ներդրումների ծավալը և ժամկետները։ Նոր ծրագրերի համաձայն, նախատեսվում է մինչև 2016 թվականն ամբողջությամբ վերակառուցել և արդիականացնել հյուրանոցային համալիրը` ներդնելով 13,6 մլն դոլար։ Ծրագիրը պետք է իրականացվի երեք փուլով։ Այս տարի ենթադրվում է ներդնել 850 հազար դոլար, երկրորդ փուլում` 2014-ին, նախատեսվում է ներդնել 4 մլն, իսկ ներդրումների առյուծի բաժինն ընկնում է 2015-ի վրա` ավելի քան 8,7 մլն դոլար։
Այլ կերպ ասած, գործադիրը ջանք չի խնայում «Դվին» հյուրանոցի վերակառուցման համար։ Սա իսկապես խրախուսելի քայլ է, քանի որ այդպիսով նոր կյանք կստանա մայրաքաղաքի հին կառույցներից մեկը։ Ամեն բան լավ է, եթե չլիներ մի հարց` ինչո՞ւ հիմա որոշվեց փոփոխություն կատարել հին որոշման մեջ։ Այս հարցին պատասխանելու համար պետք է հասնենք 2004 թվական։ Պարզվում է, հյուրանոցային համալիրի վաճառքի պայմանագրով, որը կնքվեց 2004-ին «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ի հետ, նախատեսված չէին տույժեր ու տուգանքներ ներդրումային պարտավորությունները չկատարելու դեպքում։ Հիշեցնենք, որ համալիրը վաճառվեց ընդամենը հարյուր հազար դոլարով, այսինքն` ծախվեց ջրի գնով։ Վաճառքի պայմանագրի համաձայն, սեփականատերը պետք է կատարեր 30 մլն դոլարի ներդրում, ինչի արդյունքում հյուրանոցային համալիրը պետք է դառնար Հայաստանի Լաս Վեգասը։
Փոխարենը այդ պայմանագրից հետո սկսվեց «Դվին» հյուրանոցային համալիրի թշվառությունը։ «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ն վերանվանվեց «Սի-Սի-Ջի կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ի։ Սակայն 5 տարեկան երեխան էլ գիտի, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Նոր անուն ստանձնած ընկերության թիկունքում, ըստ տարբեր լրատվամիջոցների, կանգնած է Իոսիֆ Կոբզոնը։ Իհարկե, երգիչն այս իրողությունը հերքել է բազմիցս, սակայն կարևորը երևանցիների համար այն չէ, թե ով է սեփականատերը, կարևորը «Դվին» հյուրանոցի նախկին պերճանքի վերականգնումն է։
Եվ վերջապես, գործադիրը որոշում է երևանցիների երազանքն իրականություն դարձնել, սակայն տարօրինակն այն է, որ, պատկան կառույցների հավաստմամբ, իրենց հաջողվել է բանակցել և համոզել սեփականատիրոջը փոփոխություններ մտցնել պայմանագրի մեջ։ Այն էլ ինչպիսի փոփոխություններ` տույժեր ու տուգանքներ կիրառել չկատարված ներդրումների 6 %-ի չափով։ Արդյոք սա տրամաբանակա՞ն հիմնավորում է, ինչպե՞ս է հաջողվել կառավարությանը համոզել սեփականատիրոջը, որ նա համաձայնի, որ իր գլխի վերևում սուր ճոճեն։ Այսինքն, չեղած տեղը սեփականատերն իր վրա ֆինանսական լուրջ պարտավորություն է վերցնում, այն էլ մեր կառավարության օգտին։ Այն դեպքում, երբ նախորդ պայմանագրով սեփականատերն ամբողջությամբ ազատ էր պարտավորություններից։
ՈՒրեմն ինչպե՞ս է կարողացել պետգույքի վարչությունը համոզել սեփականատիրոջը։ Կարծում ենք, սա այն դեպքերից մեկն է, որ նախաձեռնությունը բխում է սեփականատիրոջից։ Այսինքն, չի բացառվում, որ «Սի-Սի-Ջի կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունն իր բաժնետոմսերը, իր իսկ նախաձեռնությամբ, որոշել է վաճառել մեկ այլ ընկերության։ Ի դեպ, սրա իրավունքը սեփականատերն ունի, քանի որ պայմանագրով այն արգելված չէ։ Այս դեպքում, իհարկե, հայրենի կառավարությունը կարող էր համոզել «Սի-Սի-Ջի կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը փոխելու պայմանագրով սահմանված ներդրումային ծավալների չափը և ընկերության նկատմամբ սահմանել պարտավորություններ, հատկապես ներդրումային ծրագիրը չիրականացնելու դեպքում։ Ինչևէ։
Այս պահին, կարծում ենք, խնդիրը մեկն է, որ վերջապես «Դվին» հյուրանոցային համալիրը շահագործվի, քանի որ դրա վերանորոգման և արդիականացման գործընթացն առաջին հերթին ենթադրում է ներդրումների ներհոսք, ինչը շատ անհրաժեշտ է այսօրվա մեր տնտեսության համար։ Երկրորդ` հյուրանոցի շահագործումը կբացի նոր աշխատատեղեր, ինչը ինչ-որ չափով կնպաստի գործազրկության նվազեցմանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ