ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի…» (Հովհ. 7:37-38)

«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի…»  (Հովհ. 7:37-38)
12.04.2013 | 11:45

Հովհաննու Ավետարանի 7-րդ գլխի 37-րդ համարում կարդում ենք. «Մեծ տոնի օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր` ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է,- ինչպես գիրքն է ասում,- նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հավատացողները, քանի որ Հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր» (Հովհ. 7:37-38):
Ինչքա՜ն սրտառուչ է այս կոչը նրանց համար, ովքեր իսկապես հավատացել են իրենց առաքելությանն ու կոչմանը այս կյանքում: Ի՜նչ կա ավելի գեղեցիկ բան, քան Քրիստոսով ծարավը հագեցնելը: Ո՞վ արդյոք չի ապրել մարմնական ծարավի դառնությունը և նրան զուգընթաց` նաև հոգևոր ծարավի ահավորությունը:
Աստվածորդին, իբրև կյանքի աղբյուր, հավիտենական ջուր խոստացավ սամարացի կնոջ միջոցով բոլոր Իրեն հավատացողներին` ասելով. «Բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի: Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար» (Հովհ.4:14): Քրիստոս Ինքն այն ժայռն է, որից միայն հավիտենական ջուր է բխում:
Մեր Տիրոջ խոստացած ջուրը հավատացյալին մաքրելուց ու սրբելուց հետո, հավիտենականության ժառանգորդ է դարձնում, այլ խոսքով` նրան վերածում է Սուրբ Հոգու Տաճարի:
Նոր կտակարանում հանդիպում ենք երկու ջրամանների: Ջուրը ոչ միայն քրիստոնեական աշխարհի, այլև զանազան կրոնների մեջ ընդունված է որպես բյուրեղացման և մաքրության խորհրդանիշ:
Մատթեոսի Ավետարանում Երուսաղեմի կառավարիչ Պիղատոսը, երբ Հիսուս Նազովրեցու դատն էր տեսնում, մի ջրաման վերցնելով` իր ձեռքերը լվաց:
Նա տեսնելով, որ հրեաներն ուզում են անպայման անմեղ մարդուն խաչ բարձրացնել, որպեսզի խռովություն չլինի, ջուր վերցրեց և նրանց ներկայությամբ ձեռքերը լվաց ու ասաց. «Այդ արդարի արյունից անմասն եմ ես, դո՛ւք գիտեք»: Իսկ ամբողջ ժողովուրդը պատասխանեց. «Դրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա»: Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային և Հիսուսին գանակոծել տալով` տվեց նրանց ձեռքը, որ խաչվի» (Մատթ. 27:24-25):
Պիղատոսը ձեռքերը լվանալով` հեշտ ճանապարհը գտավ, այն է` հրաժարվել որևէ պատասխանատվություն ստանձնելուց: Հակառակ որ նա տեսավ ու հասկացավ Քրիստոսի անմեղությունը, սակայն ինչ-ինչ քաղաքական պատճառներով չկարողացավ նույնիսկ փրկելու փորձ կատարել:
Ներկա դարում էլ կան մարդիկ, ովքեր երբեմն դժվարությունների հանդիպելով կամ ընտանեկան խռովություններ ունենալով, հեշտ ճանապարհ են ընտրում` ասելով. «Մեռնեմ, ազատվեմ ամեն ինչից»: Ճշմարիտ և քաջ քրիստոնյան պայքարող պիտի լինի իր աղոթքով ու հավատով:
Սաղմոսաց գրքում ասվում է. «Դեպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ. հոգիս հողի պես ծարավի է քեզ: Լսի՛ր ինձ փութով, Տե՛ր, քանզի շունչս պակասեց իմ ներսում, մի՛ շրջիր երեսդ ինձնից, որ չնմանվեմ գերեզման իջնողներին» (Սաղ. 14:6-7):
Ինչքա՜ն ճիշտ և հարազատ է սաղմոսերգուի ընդգծած այս համեմատությունը մարդու վերաբերյալ` Աստծու ծարավի և հողի` անձրևի ծարավի միջև:
Մարդու ծարավը շատ նման է հողի ծարավին: Ինքն էլ հող է արդեն, որովհետև հողից ստեղծվեց: Բայց մարդն ունի մշտական ծարավն իր Արարչի` Աստծու նկատմամբ: Ճիշտ է, որ բոլոր ժամանակներում էլ եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են մերժել Աստծու ծարավը, Նրա անհրաժեշտությունը, նույնիսկ Նրա գոյությունը, հայտարարելով, թե մարդը կարիքը չունի Աստծու` այս աշխարհում երջանիկ ու վայելքով լի մի կյանք ունենալու համար:
«Հոգիս հողի պես ծարավի է քեզ: Լսի՛ր ինձ փութով, Տե՛ր, մի՛ շրջիր երեսդ ինձնից»,- աղաչում է սաղմոսերգուն: Որովհետև, եթե երեսդ դարձնես ինձնից, կնմանվեմ նրանց, որոնք գուբ, այսինքն` գերեզման պիտի իջնեն ու հող դառնան: Ընդհակառակը, երեսդ դեպի ինձ դարձրու, այն ժամանակ կնմանվեմ արևի բացված կենսահորդ ու կենսախայտ ծաղկին։ Ահա թե ինչքա՜ն խոր են մարդու հոգու, զգացումի ու գիտակցության մեջ Աստծու ծարավն ու պահանջը: Աստված միանգամայն արև՛ է, անձրև՛ է, կենսահյո՛ւթ է մարդու համար: Ահա թե ինչու մարդը Նրա անհագ ծարավն ունի:
Այսօր, 21-րդ դարում, ավելի քան երբևէ, մարդկությունը պետք ունի Կենաց Ջրի, հագեցնելու համար ծարավ հոգիները, որովհետև մարդիկ չարացած և մոլեգնած վիճակ ունեն իրենց անձնական ու ընկերային կյանքում: Ամբողջ աշխարհը լցված է պիղատոսներով, որոնք հազար ու մի տեսակի անարդարություններ կատարելով, նրա նման անմեղ ձևանալով` իրենց ձեռքերը լվանում են` պատասխանատվություն չստանձնելու համար: Չկա մի օր, որ չկարդանք կամ չտեսնենք ահռելի ոճրագործություններ, սպանություններ և զարհուրելի արարքներ: Նույնիսկ հավատացյալ ժողովուրդը շվարած ու շփոթված վիճակ ունի. ի՞նչ է լինելու այսքան անարդարության ու չարության վերջը: Ո՞վ պիտի պատասխան տա այսքան դժբախտությունների, ցեղասպանությունների և ոճրագործությունների համար. ու չգիտի այլևս ո՞ւմ դիմի: Ո՞րն է այս բոլորի բանալին, ո՞վ կարող է հանգստացնել ու խաղաղեցնել աշխարհի մարդկությանը:
Պատասխանը մեկն է. մեր Տերը` Հիսուս Քրիստոս. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ` ինձանով» (Հովհ. 14:6): Եկեղեցին է, որ մեր Տիրոջ միջոցով խաղաղության միակ նավահանգիստը կարող է դառնալ փոթորկալից ծովի դիմաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ…» (Հովհ. 14:27): Որքա՜ն կարևոր է այս խաղաղությունն ամբողջ աշխարհի համար:
«Հայ ժողովուրդը դարերի ընթացքում միշտ էլ եղավ Աստծու ծարավի ժողովուրդ: Հաճախ մահվան չափ ճնշվեց ու բռնադատվեց իր հավատի համար, հաճախ էլ զլացվեց իրեն իր ուզած ձևով և չափով Աստծու ծարավը հագեցնելու ազատությունը: Բայց ո՛չ մի ուժ չկարողացավ հանգցնել նրա մեջ Աստծու ծարավի կրակը: Տեր, ծաղրի, արհամարհանքի, նախատինքի մշտնջենական առարկա մի՛ թող մեզ և թույլ մի՛ տուր, որ մեր իրավունքը, մեր հայրենական ժառանգությունը, հափշտակիչների սեփականությունը դառնա. թույլ մի՛ տուր, որ մեր սեփականությունը վերստին ու վերստին մեր ձեռքից հափշտակվի բռնաբար, դավադրաբար, վայրենաբար: Ողորմությանդ և գթությանդ լույսը, ի վերջո, ծագեցրո՛ւ մեզ վրա, Տե՜ր, չբավարարող շնորհքո՛վդ շրջապատիր մեզ ու Քեզանո՛վ լիացրու, կշտացրու, ինչպես քաղցրատեղերը առատ անձրևով ես կշտացնում և վերակենդանացնում ծարաված, անապատականացած հողերը: Տե՜ր, ծարավի՜ ենք Քեզ, ջո՜ւր եղի՛ր մեզ»,- (մեր հոգևորականներից մեկն այսպես է խոսել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Միջինքին` 1990-ի մարտի 1-ին):
Սովորական ջուր խմելով` մենք նորից պիտի ծարավենք, սակայն Աստծու տված ջրից խմելով` երբեք չպիտի ծարավենք: «Իսկ ո՞րն է այդ ջուրը»: Շատ պարզ ու հստակ է: Աստծու բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսքը:
Այսօր, մեր Տերը պատրաստ է և ուզում է Իր կենդանի ջուրը մեզ տալ, միայն թե մենք չար ու անարդար սրտով, մեղքերով ու պղծությամբ, հպարտությամբ և մարդկային բոլոր մոլություններով ուժն ունենանք Տիրոջ առաջ խոստովանելու և, մեղքերի թողություն ու ներում ստանալով, հագեցնելու մեր հոգու ծարավը:
Գիտության և ճշմարտության իմացումը մարդու կյանքի գլխավոր նպատակակետն է եղել շարունակ: ՈՒսանողը իր աշակերտական գրասեղանից սկսած գիտության ծարավով է ապրում իր կյանքը, գիտնականն ինչքան հմտանում է իր ասպարեզում, դեռևս պահանջն ունի ավելիի: Իր ծարավը հագեցնել փորձող մարդն է, որ կարող է բարձունքներ նվաճել: Վա՜յ այն մարդուն, որ կարծում է, թե իր ծարավը հագեցրել է:
Ամեն մեկս, իբրև հավատացյալ, մեր կյանքում հրավիրվում է լվացվելու: Երկու ճանապարհ կա, որից միայն մեկը կարող ենք ընտրել. ծառայելու պատասխանատվություն ստանձնել կամ անտարբերության մեջ կորստյան մատնվել: «Ով ծարավ հոգիներ, եկեք, Կենաց Ջրից խմեցեք»: Այդ Կենաց Ջուրը Ինքը մեր Տերն է` Հիսուս Քրիստոս: Մոտեցեք և ձեր կենդանի կյանքով խմեցեք Նրա հավատի Ջրից ու անմահացեք և ձեր գանձերը հաստատեք Նրա վրա` բարի գործեր կատարելով ու արդար և մաքուր կյանք ունենալով, Աստծու փառքի համար: Ամեն:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4420

Մեկնաբանություններ