ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Ես հավատում եմ իմ ժողովրդի ներուժին»

«Ես հավատում եմ  իմ ժողովրդի ներուժին»
12.04.2013 | 12:51

Ընթերցողի սեղանին է հայտնվել Խաչատուր Դադայանի հերթական արժեքավոր աշխատությունը՝ «Հայ վաճառականի արահետներով» վերնագրով: Այն լույս է տեսել «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի մեկենասությամբ: Գիրքը վեր է հանում հայ բազմադարյան տնտեսական մշակույթի կերտողների և կրողների գործունեության դրվագները աշխարհի կտրվածքով: Երեք բաժին ներառող այս աշխատությունը ներկայացնում է տարբեր երկրներում իրենց տնտեսական գործունեությունը ծավալած առաջին հայերին, դիվանագետ վաճառականներին, ջրաշխարհի տիրույթներում իրենց գործարարությամբ աչքի ընկած մեր հայրենակիցներին:
«Առաջինները» բաժնում թվարկված երկրների շարքում տեղ են գտել Ադրբեջանը (պարզաբանենք. հեղինակը նշում է, որ Ադրբեջան ասելով՝ նկատի ունի Ռուսական կայսրության Բաքվի ու Ելիզավետպոլի նահանգները՝ առանց Արցախի, իսկ ադրբեջանցի ասելով՝ այդ նահանգների թաթարներին, որոնք 1918 թ. թուրքական սվիններով կազմավորեցին իրենց հանրապետությունը), ԱՄՆ-ը, Անգլիան, Եգիպտոսը, Թուրքիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չեխիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սիրիան, Սինգապուրը, Քենիան, Ֆրանսիան և այլ աշխարհագրական տարածքներ, ուր տնտեսության այս կամ այն ոլորտի նախակարապետներն են եղել հայերը:
«Դիվանագետ վաճառականներ» բաժինը պատմում է այն հայ վաճառականների մասին, որոնք իրականացրել են նաև դիվանագիտական առաքելություն տարբեր երկրներում: Այդպիսիք էին խոջա Միրաքը, Մատթեոսը, Սեֆեր Մուրատովիչը, Իսրայել Օրին, Պողոս բեյ Յուսոֆյանը, Գրիգոր Եղիայանը և այս ու պատվարժան այլ հայ այրերի կողքին նշանավոր մի հայուհի՝ Դիանա Աբգարյանը՝ Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ճապոնիայում:
Երրորդ՝ «Հայեր և ծովեր» բաժնում Խաչատուր Դադայանն ինչ-որ առումով առարկայացրել է ծովից ծով Հայաստանի երազանք-իրողությունը: Նա փաստերով ամրագրել է հայ վաճառականների իրականացրած գործունեությունը, որն այս կամ այն կերպ առնչվում է գետերին, ծովերին, օվկիանոսներին՝ նշելով, թե մեզնից խլված ծովի հանգամանքը բնավ էլ չի խզել հայ մարդու կապը ծովի հետ:
Բացի ճշգրիտ փաստագրությունից, Խաչատուր Դադայանի գիրքը նաև ուշագրավ պատմությունների գեղարվեստական շարադրանք է պարունակում, որն անպայմանորեն պիտի ընդարձակի ներկայացվող աշխատության ընթերցողների շրջանակը: Դժվար թե որևէ ընթերցող, անկախ մասնագիտական կամ տարիքային պատկանելությունից, կարողանա անտարբերությամբ կարդալ այնպիսի պատմություններ, որոնք վերաբերում են, ասենք, առաջին հայ բարերար Ներսես Մեծին, «մանդարին» բառի ստուգաբանությանն ու դրա առնչությանը հայ վաճառական Հովսեփ հային, սուրճի՝ մարդու կենսակերպ թափանցելու փաստին, այն իրողությանը, որ փարիզյան առաջին սրճարանը հիմնել է մեր հայրենակից Հարություն-Պասկալը, Եփրատով նավարկող վաճառականների գործունեության դրվագներին… Թվարկել կարելի է երկար:
Յուրաքանչյուր բաժին եզրափակվում է օգտագործված գրականության ստվար ցանկով, որի առկայությունն արդեն իսկ վկայում է հեղինակի ներկայացրած նյութը մանրակրկիտ ուսումնասիրելու, բազմակողմանիորեն բացահայտելու փաստի մասին:
Իսկ թե որն է նմանատիպ աշխատության ստեղծմանը ձեռնամուխ լինելու նպատակը, լավագույնս պարզաբանում է հեղինակն ինքը իր հետևյալ խոսքում. «Մենք դարեր ի վեր ներհյուսված, ինտեգրված ենք եղել աշխարհին: Ավելին, շատ երկրների տնտեսությունում ներդրողներ, առաջիններ ենք եղել: Բայց ցավ հարուցողը քերականական այս վաղակատար անցյալ եղել բայն է: Սույն աշխատանքով ես ցանկացել եմ ցույց տալ աշխարհում մեր՝ հայերիս ներդրումը:
Կա՞ այս ամենում սնափառություն, պարծենկոտություն, գոռոզամտություն. ամենևի՛ն. քա՜վ լիցի: Կա ճշմարտություն, փաստական հավաստիություն: Միգուցե, կա նաև հպարտանալու արժանի ինչ-որ բան: Բայց ես կցանկանայի, որ ընթերցողը ենթագիտակցորեն խորհեր՝ ի՞նչն է պատճառը, ի՞նչն է մեզ խանգարում այսօր չլինել առաջին, չլինել առաջինների շարքում, այլ գոյատևել ժողովուրդների սանդղակի միջնամասում կամ պատմության հետնաբակերում…
Ես հավատում եմ իմ ժողովրդի ներուժին: Եվ հպարտանում եմ»:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ