Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Առանց ապացույցների հայտարարություններ չեմ հնչեցնի»

«Առանց ապացույցների հայտարարություններ չեմ հնչեցնի»
12.04.2013 | 15:41

Նախորդ օրը ԱԺ-ում, Մարտի 1-ի դեպքերի հետաքննությանը վերաբերող բավականին ծավալուն և հանգամանալից ելույթ ունենալուց հետո, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ ճեպազրույցներին էր ներկայացել՝ հիմնավորելու, թե ինչու է անհրաժեշտ նման հանձնաժողովի ստեղծումը, և Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ինչեր չեն հետաքննել իրավապահ մարմինները մինչ օրս:
Նա հայտարարեց, որ նոր ստեղծվելիք հանձնաժողովը, որի նախաձեռնությամբ հանդես էր եկել միայն ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դեռ աշնանային նստաշրջանում, պետք է Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությունը սկսի նույն օրվա առավոտյան` Ազատության հրապարակի իրադարձություններից:
Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ, թեև դեռ անհայտ է, թե ինչպես կքվեարկի մեծամասնությունը, սակայն հանձնաժողովի ստեղծման գաղափարը անհանգստություն է պատճառել իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչների:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մարտի 1-ին կատարված իրադարձությունների վայրը պետք է պաշտպանվեր օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից, այնտեղից ոչ մի իրեղեն ապացույց չպետք է անհետանար և չպետք է տեղաշարժվեր: Սակայն ջրցան մեքենաները նույն գիշերը մաքրեցին դեպքի վայրն այնպես, որ այսօր շատ իրեղեն ապացույցներ անհետացել են, մնացել են միայն տեսաձայնագրությունները: Իսկ Հատուկ քննչական ծառայությունն այդ ոլորտում շատ անելիքներ ունի:
Գագիկ Ջհանգիրյանը հիշեց, թե ինչպես 2008-ի մարտի 4-ին ՀՀ գլխավոր դատախազը մտավ ԱԺ, ներկայացրեց միջնորդություն՝ չորս պատգամավորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընդունելու համար: ԱԺ պատգամավորները կալանավորվեցին: Գագիկ Ջհանգիրյանն ուսումնասիրել է գործի նյութերը և պարզել, որ կալանավորված պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին վերաբերող մեղադրական նյութերն իրավապահները սկսել են հավաքել մարտի 5-ից, իսկ Սասուն Միքայելյանին վերաբերող նյութերը՝ մարտի 6-ից: Ընդ որում, Գագիկ Ջհանգիրյանը զավեշտ է համարում այն փաստը, որ Մյասնիկ Մալխասյանին մեղսագրվել է խուլիգանություն անելու կոչեր հնչեցնելը, թեպետ իրավագիտության մեջ նման հասկացություն գոյություն չունի:
Լրագրողները հետաքրքրվեցին`Գագիկ Ջհանգիրյանը փոխզիջման կգնա՞ ԱԺ մեծամասնության հետ, որը պնդում է, թե հանձնաժողովը չպետք է հրավիրի և լսի քննիչներին: Այդ դեպքում ԱԺ մեծամասնությունը կարող է դրական եզրակացություն տալ հանձնաժողովի ստեղծման առաջարկին:
«Այս դեպքում ես չեմ կարող զիջել, քանի որ անիմաստ կլինի նման հանձնաժողովի ստեղծումը: Եթե մենք չենք կանչելու քննիչներին, դատախազներին, եթե մենք չենք ուսումնասիրելու քրեական գործի նյութերը, այդ դեպքում էլ ի՞նչն ենք ուսումնասիրելու: Այդ հանձնաժողովն ի սկզբանե դատապարտված կլինի»,- ասաց Ջհանգիրյանը:
irates.am-ը հետաքրքրվեց, թե Գագիկ Ջհանգիրյանին հայտնի՞ են փաստեր, համաձայն որոնց, Մարտի 1-ին եղել է ոչ թե տասը զոհ, այլ՝ ավելին:
«Այդպիսի հայտարարություններ հնչել են: Ես, լինելով դատախազ, իրավագետ, հարգելով իմ մասնագիտությունը, առանց ապացույցների հայտարարություններ չեմ հնչեցնի»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ