Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Մայիսի 1-ից առաջ և հետո

Մայիսի 1-ից առաջ և հետո
03.05.2013 | 12:06

-Ինչո՞ւ չես մտնում այս սենյակը, չես խնդրում քո հաշմանդամ դստեր համար:
-Ինձնից առաջ Դիկոբրազը մտել էր, խնդրել էր իր քաղցկեղով հիվանդ եղբոր համար…
-Եվ ի՞նչ…
-Հետո եղբայրը մեռավ…
-Իսկ Դիկոբրա՞զը:
-Իսկ Դիկոբրազը սկսեց հարստանալ… հետո իրեն կախեց:


«Ստալկեր», Անդրեյ ՏԱՐԿՈՎՍԿԻ, 20-րդ դար

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՂԵՂՆԵՐ` ՄԱՅՈՎԿԱՅԻ ԿԱՐՈՏՈՎ
(նախաճաշ-անակնկալ)
Բոլորվեցի՞նք կլոր սեղանի սուր անկյուններում, հիասքանչ է: Այժմ նախաճաշի անակնկալը. հաղթահարում ենք Մալաթիա-Սեբաստիայում արտադրված «Կրեմլյան կայֆեր» մոսկովյան օղի և վայելում Մխչյանի ժամկետանց փշատը: Դզեց, ժամն է զրիցի, զի «Литературная газета»-ն արդեն ավարտեց քննարկումը՝ «ԽՍՀՄ-ը դատապարտված չէր» թեմայի շուրջ: Քննարկիչներից մեկը հիշել էր նշանավոր փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևին, որը պնդում էր. «Անվերապահորեն արդյունաբերության առավել խոշոր հատվածը պետք է անցնի պետության ձեռքը» և հավելում, թե «պետության հարաբերությունում տնտեսավարողի հետ պետք է ընդունելի լինեն մարդկանց կոոպերացիան, աշխատանքային սինդիկատը և առանձին անհատը, որոնք հասարակության կազմակերպումը կդնեն այնպիսի պայմանների մեջ, ուր կբացառվի մերձավորների շահագործումը»: Տիար Բերդյաևը սա հատկանշել է 1937-ին` Ֆրանսիայում, ուր արտաքսվել էր կարմիր Ռուսաստանից դեռ 1922-ին, զի նրա հայացքները կտրուկ տարբերվում էին բոլշևիկյան քրմերի հայացքներից, այսինքն` նայում էին նույն ուղղությամբ, բայց տարբեր տրամադրությամբ: Առհասարակ ուղղափառ Ռուսիայից շատ պսպղուն ուղեղներ արտաքսվեցին, մասնավորապես Պիտիրիմ Սորոկինը, ով կտրեց օվկիանոսն ու դարձավ ամերիկյան սոցիոլոգիայի դրոշակակիրը, իսկ բոլշևիկյան Ռուսաստանում սոցիոլոգիան համարում էին բուրժուական գիտություն, այսինքն` բլեֆ:
Մի խոսքով, զբոսաշրջվում ենք «տոտալիտար տնտեսությունից ազատական տնտեսակարգ» ծառուղում:

ՏՈՏԱԼԻՏԱՐ ՏՆՏԵՍԱԿԱՐԳԻ ՏԱՌԱՊԱՆՔԸ
(նախաճաշ` թերխաշ հավկիթով)
Դաժան էր բոլշևիկյան առաջնորդների տխմարության անդրադարձը: Պետությունը հրթիռներ ու սուզանավեր էր արտադրում, շահագործում էր հանքեր ու անտառներ ու քիթը անամոթաբար խոթում էր մանրուքների մեջ, նաև օճառ էր վաճառում, կոշիկ ու վարտիք էր կարկատում: Տոտալիտարիզմի քրմերը քինոտ էին, զի ստիպում էին սովետական ազնիվ ժողովրդին ակամա-կամա գողանալ: Դիցուք, երիտասարդ վառվռուն տնտեսագետը նշանակվում է ռեստորանի վարիչ, աշխատավարձը 110 ռուբլի է, յուրաքանչյուր օր ռեստորանում շրջանառվում էր 2-3 հազար ռուբլի, տանն էլ բազմաթիվ նյութական հոգսեր էին հեղաշրջման պատրաստ, զորօրինակ, անհրաժեշտ էր հայթայթել «Մալյուտկա» լվացքի մեքենա, զոքանչի սեղանատամին պլատինե շապիկ հագցնել, առհասարակ հետ չմնալ կյանքից: Ինչպե՞ս, 110 ռուբլո՞վ, երբ խիստ դեֆիցիտ «Մալյուտկան» հայթայթվում էր 90 ռուբլով… Այսպես ամենուր էր, հոմո-սովետիկուսը պիտի շրջանցեր պետական օրենքն ու սեփական խիղճը։ Ապրել քիչ թե շատ մարդավայել բոլորն էին կամենում, հատկապես բոլշևիկյան-կոմունիստական առաջնորդները:
Ահռելի ռազմական ներուժ, հզոր արդյունաբերություն և հրաշալի գիտամշակութային համակարգ ունեցող կայսրությունում ընկեցիկ մանկան նման էր տնտեսությունը, զի բարիքները բոլորինն էին ու ոչ մեկինը: Դե ոնց չպատժեին մարդիկ նման կարգերին, չէ՞ որ սեփականության զգացումը մարդ արարածի մեջ կոդավորված է քարի դարից, զի մարդն անհատ է նախ, հետո միայն հանրային հոտի հավասարազոր անդամ: Այո, օր մը այս ամենի շուրջ մտորելով Բանգլադեշից հասա Օշական, խոնարհվեցի Մեծի շիրմին և կամեցա հիանալ Աշտարակ շեն աշխարհի բարիքներով: Գյուղից դուրս խաղողի գունազարդ այգիներն էին, խելքամաղ անող սքանչելի էր, յուրաքանչյուր թուփ, անգամ հատիկ մշակված էր, շենշող, ասես փառաբանում էր բնաշխարհն ու սովետական շիտակ հողագործին: Մի ափաչափ ազատ հող էի փնտրում ծնկի գալու և աղոթքս կարդալու: Գտա: Ծնկեցի: Շանթահարվեցի: Խաղողի վազերը առվից այն կողմ փոշոտված էին ու սմքած, ասես հողմածեծ էին եղել: Եղելությունը պարզվեց ինքնաբերաբար: Դրախտային այգին գյուղաբնակների տնամերձն էր, նրանց սեփականությունը, դժոխայինը՝ պետական, այսինքն` ոչ մեկինը: Այսպես էր ամենուր, Մոսկվայից մինչև Մագադան: ՈՒ պետությունը չդիմացավ, ներքուստ նեխեց, արտաքուստ էլ արտաքսվեց պատմության բեմից:
Եվ, ահավասիկ, աշխարհի գիտական միտքը գնալով ավելի է համոզվում, որ ԽՍՀՄ փլուզման գլխավոր պատճառներն էին՝ ա) տնտեսության գերպետականացումը, բ) տանջահարող դեֆիցիտը և գ) գիտությունների ակադեմիայի գոյության փաստը Ազերբայջանում:

ՍԵՎ ՍՐՏԻ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ազատ տնտեսավարման ժամանակ ամեն բան գլխիվայր շրջվեց (հավանաբար նորհայկականության դրոշակակիրները խորապես տառապել էին խորհրդային դեֆիցիտի մղձավանջում). ապապետականացվեցին արդյունաբերական համալիրները, անասնագոմերն ու կոշկակարի կրպակները: Հուշեմ-հիշեք. մեկ հաստոցի գնով մի ամբողջ գործարան էր մասնավորեցվում: Ի՞նչ ունենք այսօր. այսօր ունենք «Հայաստանի Հանրապետություն» պետությունը, ուր մասնավոր-սեփական են լճերը՝ մեկ, լեռները՝ երկու, կիրճերը՝ երեք, հանքերը՝ չորս, գործարանները՝ հինգ, հավկիթի արտադրությունը՝ վեց, դաբաղի բուժանյութն ու կովկիթը՝ յոթ, վարկերն ու դրամաշնորհները՝ ութ, համատիրությունների ցախավելները՝ ինը, Դալմայի բաղերն էլ` տասը: Հիշում եք` ինչ մայովկաների մեջ էինք երկրով մեկ: Երբ Նորքի բարձունքից էիր նայում Երևանին, կարող էր թվալ, թե քաղաքում ամենուր հրոսակներ են և խարույկներ են վառել: Ոչ, զմայլելի իմ պատանի ընթերցող, յուրաքանչյուր տան բակում և պատշգամբում խորովածն էր պատրաստվում, և անուշահամ ծխի քուլաները մառախուղել էին մայրաքաղաքը: Հայաստանը նույնպես: Սքանչելի պատմական այս ակնթարթները, կարծես, այժմ անհայտ բացակայող են, մայիսի 1-ը այսօր տո՞ն է, ձեզ եմ հարցնում: Պետականորեն այո, իմա` ըստ օրացույցի: Իրականում ոչ, իմա` համաձայն աշխատավորության «սրտի տոնացույցի»: Այսօր հայ աշխատավորի սիրտը, ընդունենք, որ մի քիչ նեղսրտած է: Ի՞նչը տոնեն հողի աշխատավորը, գիտնականն ու, հազար ու հարյուր մեկ ներողություն, մամլո մշակը, այսինքն` լրագրողը: ՈՒ հանուն ինչի սեղան փռի խորոված-քյուֆթայով և օղի-կոնյակով, հանուն աղքատավարձի՞: Չի լինի, իրատեսական չէ: Մարդը տոնում է սրտով և ոչ թե օրացուցային հուշումով, որը հաճախ հիշոցի է նման: Ասեմ` ինչու: Խնդրեմ, մինչև մայիսի 1-ը մենք հաղթահարում ենք կոմունալ-կենցաղային վճարումների լեռները, բնականաբար, ֆինանսապես քամվում ենք, նմանվում ենք ժամկետանց կրկնակոշիկի։ Է՜, կրկնակոշիկը մայիսի 1 կնշի՞: Հարկավ ոչ: Ինչո՞ւ, մի՞թե արդեն չասացի` տոնը ներաշխարհի խրախճանքն է, ոչ թե կառավարության որոշման արձագանքը:
Այսինքն` հայ աշխատավորն էլ իր հերթին մասնավորի սեփականությունն է։ Այսպիսով մի կողմում մեր սև սիրտն է, մյուսում` կառավարության, իշխանությունների և, առհասարակ, պետության դեմքով հանդես եկող սեփականատերերի հավերժ վարդագույն տրամադրությունը:

ԴԵՊԻ ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ
(«Դե, ձեզ մատաղ, բանվո՛ր տղերք»)
Զարմանալի է, բայց և այնպես փաստ է. բանվոր դասակարգի շահերի բոցավառ պաշտպանը, պոետ-պլակատ Հակոբ Հակոբյանը մականուն չուներ: (Գիտե՞ք, թե ինչ էր զորավար Գայի հեղափոխական պատվանունը, հուշեմ-հիշեք՝ «Բանվոր Հայկ»): Ներկա վերնախավում առատ են հակոբհակոբյանները և անխտիր պճնված են պատվավոր տիտղոսներով, այսինքն` մականունակիր ասպետներ են: Շարակարգում եմ. Հակոբ Հակոբյան-Լեդի: Հակոբ Հակոբյան-Ճոյտ: Հակոբ Հակոբյան-Թունելի Հակոբ: Իսկ գիտե՞ք, արդյոք, թե նրանցից յուրաքանչյուրը քանի՜-քանի՜ բյուր-հազար աշխատատեղեր է ստեղծել: Եվ անձնազոհաբար պաշտպանում է աշխատավորների շահերը: Բայց նրանց (և մեր մյուս մականունակիր-ասպետների) սեփականությունը հանդիսացող աշխատավորները երախտամոռ են և մայիսի 1-ին շքերթ չեն կազմակերպում, թեկուզ տեղական կալվածքներում: Զորօրինակ, մի՞թե տոնական խանդավառությունը չի թնդա, եթե Մալաթիայի լեդիամերձ աշխատավորությունը, այսինքն` հացի գործարանի և գյուղմթերքների շուկայի պատվիրակները ծաղկեպսակներով և փուչիկներով զինված քայլարշավեն դեպի Հանրապետության հրապարակ: Ի դեպ նման մտադրություն կա: Եվ ոչ միայն «Լեդիստանում»: ՈՒղղակի համաձայնության չեկան մանրուքներում:
Իսկ ես զարմանում եմ, որ խաղատներում աշխատավորները որպես գրավ չեն հաշվառվում: Այնինչ ուշագրավ կլինի: Պատկերացնենք, որ Z-ը յուր աշխատավորներին գրավ է դնում և տանուլ է տալիս: ՈՒ նրա սուպերմարկետի վաճառողուհիները քշվում են դեպի գրազը շահած X-ի կալվածքները, դառնում են նրա սեփականությունը և վարդագույն տրամադրությամբ զբաղվում են կթվորական գործով: Այո:

«ТАК ДЕРЖАТЬ, РЕБЯТА!»
Այսպիսով, ԽՍՀՄ-ը «վարի գնաց», զի այնտեղ տնտեսությունը ոտն ի գլուխ պետական սեփականություն էր, այսինքն` ոչ մեկինը չէր: ՀՀ-ն անպատճառ կոտրած տախտակի առջև կչոքի, զի նրա հարստությունը մի քանիսն է: Իսկ նորին վսեմության պատմությունը նման բաներ չի հանդուրժում: Ո՛ղջ լերուք:
«Հուշարձան՝ անհայտ կորածին» մեր հրապարակումը (22.02.2013 թ.) իր տրամաբանական սկիզբը հայտարարեց. երեկ չէ առաջին օրը արհմիությունը ելավ երթի: Ռուսը կասեր. «Так держать, ребята!»

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ