Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ՈՒեմբլի». հրավիրված կողմը մեկն է

«ՈՒեմբլի». հրավիրված  կողմը մեկն է
03.05.2013 | 12:31

Եվրոպայի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերն էլ կայացան: Խոստովանենք` տնային հանդիպումներում ձեռք բերած առավելությունը չպահպանելու համար խոշոր հաշվով բացառիկ անտաղանդ պիտի լինեին գերմանական թիմերը, որքան էլ մրցակիցները համաշխարհային ֆուտբոլի երկու գերակումբներն էին: Սակայն սրա հետ մեկտեղ ասել, թե անակնկալի գործոնն իսպառ բացակայում էր, սա էլ մի յուրօրինակ շանտղություն կլինի: Բարձրակարգ ֆուտբոլային ակումբների հանդիպումներում մեկ անգամ չէ, որ եղել են բացասման բացասման դեպքեր: Ընդ որում, օրինակի հետևից շատ հեռու չգնանք` կիսաեզրափակիչ զույգեր կազմածներից թեկուզ միայն «Բարսելոնին» հիշելով, սակայն, մասնավորապես, կատալոնյան ակումբն էն օյինը չդրեց գլխներիս, որ էս սևավոր սրտով մի հատ էլ պատմության էջերը թերթենք:

ՆԵՐԻՐ ՄԵՂԱՎՈՐԻՍ, ՉԱՐԵՆՑ
«Բարսելոնի» նկատմամբ եղած համակրանքներս դնենք մի կողմ ու անկեղծ խոստովանենք` մրցակցի դաշտում խփած գնդակն ինտրիգը, այնուամենայնիվ, ավելի շատ պահել էր «Ռեալ»-«Բորուսիա» պատասխան խաղում, որքան էլ 3:0-ն ավելի պակաս հավանական էր ներկայանում, քան 5:1-ը:
Ինչո՞ւ:
Շատ պարզ պատճառով:
Ոտից գլուխ շարժում, դարպասապահից մինչև հարձակվողներ ամբողջովին մրցակցի դարպասին միտված դորտմունդյան ակումբը, կարծում եք, հնարավոր երեք գնդակի անպատվությանը գոնե մեկով չէր պատասխանելո՞ւ: Ավելի շուտ երկինքը փուլ կգար երկրի վրա, Գերմանիան Իսպանիային պատերազմ կհայտարարեր, քան այդ բանը կլիներ, իսկ հինգ գոլ խփելու համար մադրիդցիներին, որպես նախապայման, անհրաժեշտ էր առաջին խաղակեսում գոնե մեկը իրականություն դարձնել:
Որպես մարդ ու ճակատագրի բերումով վերջին այս երկու տարում, ի դժբախտություն ձեզ, նաև որպես թերթի մարզական էջի պատասխանատու, ես տակտիկական սխեմաներից, ֆուտբոլային գիտությունը պայմանավորող այլևայլ բաղադրիչներից ավելի շատ կարևորություն եմ տալիս գործող անձերի խոսքին, պահվածքին, վարքագծին, հայացքին` համարելով, որ դրանք ծավալվող (ծավալվելիք) գործողություններն ընկալելու, իրականությունը հասկանալու ամենահուսալի կողմնորոշիչներն են: Հիմա կասեք` էլի նյութից շեղվեց, բայց ի՞նչ է, չասե՞մ, որ, զորօրինակ, հենց լսեցիք խոսում են կոռուպցիայի դեմ պայքարելուց, ուրեմն, այն մի նոր, ավելի պատմական բնագիծ է նվաճելու, հենց լսեցիք կամ կարդացիք, որ, դիցուք, լինելու է ավելի լավ բան, ուրեմն կունենանք ավելի վատ բան (հանկարծ ասածս այս անմեղ բանը չհանգավորեք ձեր խոտոր մտքում եղածի հետ. ես ձեր զահլեն չունեմ):
Հա, ուրեմն, այդ օրն ինչ եղավ «Սանտյագո Բեռնաբեուում»:
Օզիլը դուրս եկավ հարմար դիրք` չխփեց: Իգուաինը դուրս եկավ հարմար դիրք` չխփեց: Քիչ անց նույնն արեց Ռոնալդուն, ում հետ էր, ի դեպ, ողջ հույսերը կապում իսպանական մամուլը:
Է, հիմա տղերք են, չխփեցին` չխփեցին: Էդպես էլ է լինում: Ո՞վ է ասել, թե մեկից մեկը ֆուտբոլային հաստատագրված կանոն է: Բայց դե, հազար ներողություն, դիմացինը հո խորհրդային տարիներից ֆուտբոլասերներին, ամենայն հավանականությամբ, քաջ հայտնի Նոյեմբերյանի «Պահածոյագործը» կամ Կապանի վերափոխված Ղափանի «Լեռնագո՞րծը» չէր (անկախ Հայաստանի ֆուտբոլային գերակումբներին թողնենք մի կողմ` նրանց բոստանը բմբուլ չգցենք), թե՞ Մոուրինյոն էր մեր մարզչական «փայլուն համաստեղության» անփոխարինելի գիգանտներից, որ չհասկանար, թե խաղն ուր է գնում:
Մարդն առաջին խաղակեսի կեսից (դեռ մի բան էլ շուտ) արդեն չարագույժ տեսքով դաշտի պռնկին էր, ու դեմքի թրաշ-խոզանը, վայրկյան-վայրկյան սևանալով, սևավորվում էր` պարզ ցուցանելով, որ խաղում վիճակված չէ 5:1 հաշվի գրանցում, իսկ 3:0-ն ընդամենը իսպանական միֆ է, եթե, իհարկե, հետին թվով մեծն Չարենցը չի նեղանա մեզնից իր բանաստեղծական բառակապակցությունից նաիրյանը վտարելու ու այն իսպանականով այսպես վայրագորեն փոխարինելու համար:
Պատասխան խաղում այնուամենայնիվ Մադրիդի «Ռեալը» հաղթեց: Եթե որևէ մեկը կարծում է, թե ինքս չէի հավատում այդ հաղթանակին, մեծապես սխալվում է: Սակայն սա մի խաղ էր, որը ստեղծված պայմաններում, առանձին վերցրած, սկզբունքորեն ոչինչ չէր նշանակում, բացի վիրավորված ինքնասիրության դիմաց ինչ-որ չափով վրեժխնդիր լինելուց, քանզի այն ամբողջի մաս էր ընդամենը, իսկ այդ ամբողջը կազմված էր երկու հանդիպումների միջին ընդհանրականից: Դորտմունդյան 1:4-ի կողքին մադրիդյան 2:0-ն հայերիս այնքա՜ն քաջածանոթ բարոյական հաղթանակներից էր, իսկ այդ բարոյականը տվյալ պարագայում միայն մեկ բան է հստակ մատնանշում` Լոնդոն կգնա Կլոպի «Բորուսիան» և ոչ թե Մոուրինյոյի «Ռեալը»:
Ահա այսպիսի տխուր երեքշաբթի էր իսպանական ֆուտբոլի համար:
Այստեղից, իհարկե, խղճի ակնհայտ խայթով, որ այդպես էլ սկզբունքորեն ոչինչ չասացինք այդ իսկապես փառահեղ ֆուտբոլային ներկայացումից, որը գերշիկացած կրքերի պայքար էր, ֆուտբոլային կատարյալ հրավառություն, բնավորությունների բախում, կարող էինք միանգամայն սահուն անցում կատարել իսպանական ֆուտբոլի ոչ թե պակաս տխուր, այլ ավելի քան տխուր չորեքշաբթիին, սակայն մեկ որ Լոնդոնն արդեն հիշել ենք մեր խոսքում, չենք կարող մի երկու խոսքով չանդրադառնալ Անգլիայի մայրաքաղաք Ժոզե Մոուրինյոյի հնարավոր գնալու վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին:
Այո, Չեմպիոնների լիգայի այս խաղարկության շրջանակներում Մադրիդի «Ռեալին» այդպես էլ բախտ չվիճակվեց տեսնելու Լոնդոնը, սակայն լրիվ հավանական է, որ Անկրկնելին նորից հայտնվի Անգլիայի սրտում, քանի որ, ըստ մամուլի հրապարակումների, Ռոման Աբրամովիչը Մոուրինյոյին նորից է ուզում տեսնել «Չելսիի» ղեկին: Իհարկե, պահպանելով դիվանագիտական արվեստի նրբին կանոնները, «Ռեալի» ղեկակալը շոշափելի ոչինչ չի խոսում ամիսներ շարունակ վարվող ընդհատակյա բանակցություններից` խոհեմաբար միայն նշելով, որ ինքը դեռ լուծելիք խնդիր ունի Իսպանիայի գավաթի խաղարկությունում, բացի այդ` թիմը երկրի առաջնությունում դեռ պիտի հասցնի աղյուսակի երկրորդ հորիզոնական (թե այդ երբվանի՞ց մաքսիմալիստ պորտուգալացու համար երկրորդ տեղը դարձավ գերխնդիր` անհասկանալի է), սակայն հեռվից հեռու չի մոռանում ակնարկներ անել այն մասին, որ անգլիացի ֆուտբոլասերներն ու զանգվածային լրատվամիջոցներն իրեն սիրում են` կիսով չափ ուղղակի, կիսով չափ անուղղակի նշելով, որ ինքը, պատկերավոր ասած, Ինգա Զայոնցից երբեք չի ստանա այն, ինչ աղջկանից ստացավ իր մանկության ընկեր Կոլյա Օստենբակենը:

ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Իսկ որպեսզի այն այդպիսին չլիներ, «Կամպ Նոուում» «Բարսելոնը» պիտի հինգ անգամ «շոյեր» Մյունխենի «Բավարիայի» դարպասը, ինչը, միանգամից ասենք, միանգամայն անլուծելի խնդիր էր կատալոնյան ակումբի պատրաստվածության այս մակարդակում:
Ինչո՞ւ:
Դարձյալ շատ պարզ պատճառով:
Մինչ ներկայիս կատալոնյան ակումբը բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով նույնքան բազմաթիվ գլուխկոտրուկների առաջ է կանգնած, «Բավարիան»` դարձած կատարյալ «Մերսեդես», մայրուղու վրա ոչինչ չի նկատում` բացի «ՈՒեմբլի» կոչված երազելի հանգրվանից` նմանվելով հայտնի անեկդոտի «Կրազի» այն վարորդին, ով անցնում է «Զապորոժեցի» վրայով` կարծելով, թե տակինը ճանապարհին հայտնված մանրախիճ է:
Խոստովանենք` կողմերի արդեն իսկ առաջին հանդիպման արդյունքը կանխորոշել էր այս դիմակայության ելքը: Պատասխան խաղը լոկ ցույց էր տալու, թե գոնե մասամբ կարո՞ղ է «Բարսելոնը» վրեժխնդիր լինել «Բավարիայից»:
Չգիտեմ` ով ինչ էր կարծում, գոնե ես հավատացած էի, որ կատալոնցիները, այնուամենայնիվ, եթե ամբողջությամբ չտրորեն բավարացիների ոտնաթաթը, ապա դա գոնե մատնեմատի հետ կանեն, սակայն մի անխախտ պայմանով, որ Մեսին դուրս կգա խաղադաշտ, կանի իրենը, խաղընկերներն էլ չեն թողնի, որ արգենտինացին կտցահարող ճերմակ ագռավ լինի դաշտում: Իհարկե, համոզվածությունս կոնկրետ հանդիպման կտրվածքով էր ու չէր վերաբերում երկու խաղի արդյունքին, որովհետև մանկամտություն կլիներ մտածել, թե «Բավարիան» կհանդուրժի սեփական ցանցի սահմանագծային թվով թպրտոցը:
Խաղը սկսվեց պահեստայինների նստարանին նստած Մեսիով:
Սա արդեն իսկ երկնքից իջած մանանա էր մյունխենցիների համար, ովքեր ամրության այնպիսի պաշար ունեին դեռևս առաջին խաղից, որ կարող էին նույնիսկ փոքր-ինչից շատ ավելի թուլանալու հաճույքն իրենց թույլ տալ:
Կմտնե՞ր Մեսին խաղադաշտ, թե՞ ոչ, շատ բաներով պիտի որոշեր առաջին խաղակեսը: Սակայն կատալոնցիները ոչ թե խաղ որոշողի, այլ խաղ որոշողի ստվեր հիշեցրին: Ընդ որում, հանդիպման առաջին կեսի 0:0 հաշիվը, եթե կուզեք ճիշտն իմանալ, հօգուտ այդ նույն «Բարսելոնի» էր:
Ընդմիջմանը կատալոնյան ակումբի մարզչական կորպուսը սկզբունքորեն առանձնապես լուծելու խնդիր էլ չուներ, որովհետև մնացած քառասունհինգ րոպեում առնվազն չորս գոլ խփելն ու խաղը լրացուցիչ խաղակես տեղափոխելը ֆանտաստիկայի ոլորտից էր օրվա «Բարսելոնի» համար: Հետևաբար, զարմանալի ոչինչ չկար նրանում, որ տասը րոպեից հետո փոխարինվեց Չավին, իսկ ևս ինը րոպե անց` Ինիեստան: Դեռևս Չավիին փոխարինելուց առաջ Ռոբենն արդեն բացել էր հաշիվը, որին, փոքր-ինչ ուշ, հաջորդեց ևս երկուսը: Երկու հանդիպման արդյունքով «Բավարիան» «Բարսելոնի» նկատմամբ հաղթանակի հասավ 7:0 հաշվով, իսկ սա, բարեկամներս, արդեն այն դեպքն է, որ ավելորդ է անգամ ասելը` մնամ նամակիդ սպասող:

Ի՞ՆՉ Է, ՀԱՅՆԿԵՍՆ Է՞ ԴԱՐՁՎՈՐ
«Ռեալ»-«Բորուսիա» խաղից հետո, ի պատասխան լրագրողների հարցին` թիմն ի՞նչ է անելու, Յուրգեն Կլոպը պատասխանել էր, թե տղաներին ուզածների պես քեֆ անելու ազատություն է տալու, ու ավելացրել էր` այդպիսի խաղից հետո ես հո դարձվոր չե՞մ տղաներին շրջանակների մեջ առնելու համար:
Յուրգենը ջահել է ու անշուշտ գիտի, թե վաստակած հաջողությունից հետո այդ նույն ջահել սիրտը հատկապես ինչ կամ ինչեր է ուզում:
Տղերք են, ի՜նչ է եղել, թող մեր հայտնի ֆիլմի լեյտենանտի նման էդ օրը շիշը խփեն ծառին, խուլիգանի մի լավ քեֆ անեն:
Ինչ վերաբերում է տարիքն առած Հայնկեսին, եթե «Յուվենտուսի» հետ խաղից առաջ անմեղ-անմեղ խոստովանում էր, որ երկու գիշեր է` քնում է «Ծեր սինյորայի» հետ (նկատենք` և սա նրա առաջացա՜ծ տարիքում), ի՞նչ է, ինքն է դարձվո՞ր, որ տղերքի դեմն առնի, կոխի փարախն ու դուռն էլ վրեքը կողպի: Եթե իր ջահել գործընկերը հանգստյան օրերին սպասվելիք «Բորուսիա»-«Բավարիա» խաղի վրա աչք ունի փակած, իրե՞ն ինչն է խանգարում նույնպես աչք փակել, մանավանդ որ ներքին առաջնությունում մայիսի չորսին սպասվելիք դիմակայությունը մայիսի 25-ին «ՈՒեմբլիում» սպասվելիք դիմակայությունը չէ, որ հանդիպման արդյունքի համար սիրտը տրոփի, ճնշումը բարձրանա` չեմպիոնական ոսկին նոր է՞ դրել գրպանը:
Անցած երեքշաբթի-չորեքշաբթի գերմանական ակումբներն իսկապես շշմելու արդյունքի հասան` դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Հիրավի տպավորիչ էր նրանց իսպանական գետանցումը, որի հավանականությունը ֆուտբոլի գիտակները լավագույն դեպքում հիսունը հիսունի էին համարում:
Այն էլ` առավելագույնը «Բավարիայի» դեպքում:
Սակայն ի՞նչ հիսունի մասին է խոսքը, երբ այդ հիսունը դարձավ հարյուր հիսուն: Թվաբանության այս տեսակին, ջահելները կարող է չիմանան, հատկապես լավ էին տիրապետում սովետական տարիների հայ բուֆետչիկները, որոնց մատների տակից, եթե նույնիսկ կրկնահաշվելու պահանջով էլ դիմեիր, նորից նույն թիվն էր դուրս գալիս, ու ամոթով մնացողն էլի դու էիր մնալու գումարման տարրական տեխնիկային չտիրապետելու քո տգիտությամբ: Գերմանացիները, չեմ կարծում, թե մեր բուֆետչիկների վիրտուոզ տեխնիկային երբևիցե կարողացել են տիրապետել կամ կկարողանան տիրապետել, բայց որ ֆուտբոլում վարպետությունը հասցրել են մի կատարելության, որով իսպանական գերակումբներին մաստեր-կլաս ցույց տվեցին, էդ հո բոլորիս աչքի առաջ եղավ:
Իսկ գուցե համաշխարհային ֆուտբոլում սկսվել է նոր դարաշրջան, ու այդ մենք ենք, որ դեռ ուղտի ականջում քնած ենք մեր «Բարսելոն» ու «Ռեալ» կուռքերով: Կարո՞ղ է ձեզնից մեկնումեկն ավելի ինֆորմացիայի է տիրապետում ու հայի չուզողությամբ իմացածը թաքցնում է` խավարի մեջ տանջելով մեր առանց այն էլ տառապած հոգին:
Մարդ եք, ձեն հանեք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ