«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ամուլսարի ոսկու հանքն առաջիկայում դառնալու է ճակատագրական հետևանքներ ունեցող երկրաքիմիական ռումբ

Ամուլսարի ոսկու հանքն առաջիկայում դառնալու է ճակատագրական հետևանքներ ունեցող երկրաքիմիական ռումբ
15.12.2017 | 12:04

Ամուլսարի ոսկու հանքավայրը, որի շահագործման նպատակով «Լիդիան Արմենիա» ընկերությունը ՀՀ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարության, կառավարության հանցավոր թողտվությամբ արդեն սկսել կամ շատ շուտով սկսելու է հանքավայրը ծածկող բնական մեկուսիչ շերտի հեռացման (մակաբացման) խիստ վտանգավոր աշխատանքները, օրեցօր վերածվելու է յուրօրինակ և ահռելի երկրաքիմիական ռումբի, որի պայթյունն առաջիկայում ճակատագրական է լինելու Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության համար:


Հենց վերոնշյալ հետևությանը հանգեցինք` լսելով Ամուլսարում ոսկու հանքի ծրագրի վերաբերյալ Երևանի «Ավիատրանս» հյուրանոցում օրերս կազմակերպված այլընտրանքային հանրային փորձաքննության ընթացքում հնչած բնապահպանների, մասնագետների, գիտնականների, փորձագետների ելույթները: Միանգամից տեղեկացնենք, որ այլընտրանքային հանրային փորձաքննության վերջում բոլոր գիտնականները և փորձագետները ներկայացրին իրենց եզրակացությունը` Ամուլսարի հանքի շահագործումը, անկասկած, անթույլատրելի է:
Հանրային կարևորություն ու նշանակություն ունեցող բնապահպանական ու քաղաքացիական այդ հանդիպման ընթացքում գիտնականները, ոլորտի փորձագետները և բնապահպանները քննեցին ՀՀ կառավարության և պատասխանատու պետական այլ մարմինների կողմից անտեսվող կամ լռության մատնվող խնդիրները՝ կապված Ամուլսարում ոսկու հանքի նախատեսվող շահագործումից բխող լրջագույն վտանգների հետ:


Այլընտրանքային հանրային փորձաքննությունից առաջ բացման խոսք ասաց բնապահպան Աննա Շահնազարյանը: Այնուհետև «Ի՞նչ է Ամուլսարը և ինչու՞ Ամուլսարը» թեմայով ուշագրավ զեկուցմամբ հանդես եկավ բնապահպան, աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Լևոն Գալստյանը, որի, ինչպես նաև մյուս բանախոսների՝ քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանի, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանի, իրավաբան Նազելի Վարդանյանի, քիմիկոս Հակոբ Սանասարյանի և մյուսների ելույթներին առաջիկայում թերևս կանդրադառնանք առանձին հրապարակումներով:
Ներկայացնելով «Թթվային դրենաժը և ծանր մետաղների տարածումն Ամուլսարում» վերտառությամբ իր մասնագիտական ուսումնասիրության արդյունքները, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն ասաց. «Շատ հանքավայրեր աշխարհում և Հայաստանի բազմամետաղ հանքավայրերի զգալի մասը սուլֆիդային հանքավայրեր են: Դա նշանակում է, որ այնտեղ մետաղները ներկայացված են ծծմբի հետ միացություններով, և այդ հանքավայրերը կայուն չեն, բավականին հեշտ քայքայվում են: Պարունակելով շատ թե քիչ ոսկու պարունակություններ, երբ գնում է քայքայումը ջրի հետ, ջուրը շատ հեշտ սուլֆիդները լուծում է, ոսկին անջատվում է: Օրինակ, Ռուսաստանում ՈՒրալի շատ հայտնի ցրոնային հանքավայրերը կապված են հենց այս տիպի հանքավայրերի հետ»:


Ըստ գիտնականի, մենք ունենք ինչ-որ հանքային զանգված, որտեղ կան պիրիտներ, խալկոպիրիտներ, ծծմբի հետ այլ մետաղների միացություններ, և, ըստ էության, տեղի է ունենում հետևյալը. անձրևաջրերը, ձնհալի ջրերը, արտադրական ջրերը սկսում են ներթափանցել հանքավայրի մարմնի մեջ, տեղի է ունենում ոչ բարդ քիմիական ռեակցիա, որի արդյունքում առաջանում են սուլֆատներ, այսինքն` դարձյալ ծծմբի միացություններ, ինչպես նաև անխուսափելիորեն առաջանում է ծծմբաթթու:
Հիմա Ամուլսարում եղած համապատասխան միացությունների հիմնական մասն արդեն օքսիդացված է, աշխարհիկ լեզվով ասած՝ ժանգ է` երկաթի տարբեր միացություններ են, բայց, Արմեն Սաղաթելյանի հավաստմամբ, քանի դեռ հանքավայրը լրիվ չի հողմնահարվել, այնտեղ պիրիտների (երկաթի սուլֆիդի) և այլ միացությունների մնացորդային պարունակություններ կան: Ընդ որում, Ամուլսարում դրանք կան ոչ միայն հանքավայրի բուն մարմնի մեջ, այլև բավական մեծ քանակով առկա են նաև ապարներում, որոնք պարունակում է հիշյալ հանքավայրը:


«Հիմա ինչ-որ կերպ այդ հանքավայրը հավասարակշռության մեջ է,- ասաց գիտնականը:- Այնտեղ կան թթվային դրենաժի երևակումներ, օրինակ, հանքավայրում հենց մակերևույթին հայտնի է Բենիկ լիճը, որի պարունակությունը թթու է: Բացի այդ, հիսունական թվականներին այստեղ փորձել են գնահատել քվարցիտների պարունակությունը, կատարվել է երկրաբանական հետախուզում, և այստեղ մնացել է մի հանքախորշ (դա «Էրատո» տեղամասում է), որից, հենց հանքամարմնի տակից, դուրս է գալիս ջուր, որը դարձյալ թթու է: Այսինքն` այս երևույթը կա, և նույնիսկ ՇՄԱԳ-ի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության-Ա. Հ.) մեջ կան նշմարումներ, որ որոշ աղբյուրներ գտնվում են հանքավայրից ավելի ցած, արդեն Որոտանի և Արփայի կիրճերում, որոնց որոշ մասը խմելու համար պիտանի չէ, դրանք թթու ջրեր են:
Կա նաև 2-րդ խնդիրը, որ ջուրը որքան թթվայնանում է, այնքան ավելի հեշտ է լուծում իր մեջ մետաղները, և մետաղները սկսում են դառնալ շարժուն ձևեր իոնային ձևերով, այսինքն` բացի թթվայնությունից, ջուրը պարունակում է զանազան մետաղներ, որոնք առկա են հանքավայրում: Այս հանքավայրը խիստ բազմամետաղային է, բացի ցինկից, կապարից, պղնձից, առկա են սնդիկ, կադմիում, մկնդեղ և մի շարք թունավոր նյութեր: Այսինքն` մենք, ի վերջո, ստանում ենք թթու կոկտեյլ` տարբեր ծանր, տոքսիկ մետաղների: Հիմա այս հանքավայրը համեմատաբար հանգստի մեջ է, մենք ունենք ինչ-որ մի հանքախորշ, այստեղ կան մի քանի փորված հորատանցքեր, բայց հանքավայրը ծածկված էր հողով, այնտեղ կար երկրորդային առաջացման կավային շերտ, վերևը կար չամ` խոտաբույսերով, այսինքն` ջրերը դժվար էին թափանցում այդ հանքավայրի տարածք, չնայած աղբյուրները շատ շատ են, քանի որ այստեղ, այսպես կոչված, երկրաբանական տեկտոնիկան շատ է զարգացած, այսինքն` տարբեր երկրաբանական ճեղքեր կան, ինչը բարձրացնում է թափանցիկությունը: Բուն հանքավայրը ահավոր ճաքճքած է, այստեղ գրեթե բոլոր քվարցիտները համարյա խեժի են վերածված, որոնք ցեմենտված են հենց այդ հանքանյութով: Երբ մենք սկսում ենք քանդել վերևի մասը, ունենում ենք մի խոռոչ, որտեղ արդեն անարգել լցվելու են անձրևաջրերը, հալոցքները, ինչքան խորացնենք այդ խոռոչը, այդքան ավելի է աճում գրունտային ջրերի ներհոսքը»:


Այդ բոլոր ջրերը, գումարած նաև արտադրական ջրերը, Արմեն Սաղաթելյանի հավաստմամբ, պարտադիր մտնելու են հանքավայրի այդ ձագարափոսի մեջ, ինչով ստեղծվելու է մի ռեակտոր, որը լինելու է մի ահռելի խոռոչ, որի մեջ լցվելու են տարբեր ծագմամբ ջրեր, որոնք դուրս են գալու ներքևից աղբյուրների ձևով:
«Խնդիրն այն է, որ այս թթու, աղտոտված ջրերի ելքն ապակենտրոնացված է, մենք չունենք ինչ-որ տեղ, որտեղից դուրս են գալու այդ կեղտոտ ջրերը, և մենք ինչ-որ ձևով կարողանալու ենք դրանք հավաքել և չեզոքացնել,- ասաց գիտնականը:- Սա ապակենտրոնացված երևույթ է, որը կառավարելի չէ, դրա համար երկրաբանության մեջ կա այսպիսի հասկացություն` ոչ կառավարելի ռիսկ: Այս հանքավայրի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք գործ ունենք շահագործման արդյունք` անկառավարելի ռիսկի հետ: Այստեղ կա նաև բարոյական լուրջ խնդիր, որ ՇՄԱԳ-ի մեջ այս երևույթի մասին ընդհանրապես չի նշվել, այդ խնդիրը անգլերեն փաստաթղթում (ես հատուկ հետազոտել եմ իրենց այդ 1200-էջանոց փաստաթղթերը) տեղ-տեղ ցույց է տրված, ներկայացված է, որ այդ երևույթը կա, բայց ՇՄԱԳ-ի մեջ` հայկական տարբերակի, որը մեզ համար պաշտոնական փաստաթուղթն է, այդ երևույթը, այդ ռիսկը մատնանշված չեն»:


Կարծում ենք, վերոնշյալ իրողության հետ կապված կա ոչ միայն բարոյական լուրջ խնդիր, այլև իրավական…
Արմեն Սաղաթելյանի հավաստմամբ, ծծմբական թթու պարունակող, ինչպես նաև դրա պատճառով իրենց մեջ առավել մեծ չափով ծանր, թունավոր մետաղներ լուծած ջրերը, ի վերջո, հասնելու են ստորգետնյա և մակերևութային ջրերին, թունավորման կամ աղտոտման վտանգի տակ են հայտնվելու Արփա, Որոտան գետերը, նույնիսկ Սևանա լիճը: Բնականաբար, նույն վտանգը սպառնում է նաև հիշյալ գետերի և Սևանա լճի ջրերով ոռոգվող հողատարածքներին: Հավելենք, որ Ամուլսարում կան նաև ուրանի ոչ քիչ պաշարներ, և ծծմբական թթու պարունակող ջրերը, բացի թունավոր մետաղներից, նաև ռադիոակտիվ այս մետաղն իրենց մեջ լուծելով, ապականելու, շարքից հանելու են ջրային պաշարներն ու հողատարածքները, ուրանը կարող է հասնել ընդհուպ մինչև Սևանա լիճ և Արարատյան դաշտ:

Գիտնականի տեղեկացմամբ, «Լիդիան Արմենիա» ընկերությունը սկզբում հերքել է թթվային դրենաժի առկայությունը, տվյալ հերքումը մասնավորապես արտահայտվել է «Հետք»-ին ընկերության տնօրեն Ալոյանի տված հարցազրույցում, որում նա ասել է, որ բացարձակապես չկա այդ երևույթը: Սակայն, տարբեր ձևերով արտահայտված ընկերության վերջին հայտարարություններում, ինչպես բանախոսը հայտնեց, արդեն ասվում է, որ մենք մտածել ենք, մենք գտել ենք եղանակներ, մենք չեզոքացնելու ենք:


«Չեզոքացնելու տարբերակ այնտեղ չկա, սա ամենալուրջ ռիսկն է հանքավայրի,- հավաստեց ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենը:- Բայց պետք է ասել, որ կա էլի երկու երևույթ, որոնք չեն մատնանշվել, բայց դրանք կապված են Հայաստանի միջազգային պարտավորությունների հետ` ամրագրված կոնվենցիաներով: Մենք վերջերս ստորագրեցինք «Մինիմատա» կոնվենցիան, որով մենք խոստանում ենք միջազգային հանրությանը, որ չենք զարգացնելու սնդիկ արտադրող, շրջակա միջավայր սնդիկ ներմուծող որևէ արտադրություն: Այդ հանքավայրում կա բավական քանակությամբ սնդիկ, և արտերկրի փորձագետները, «Մինիմաջիկ» ընկերությունը հատուկ մատնանշել է, որ հարստացման գործընթացում շրջակա միջավայր արտանետվելու է սնդիկ, այսինքն` մենք խախտելու ենք «Մինիմատա» կոնվենցիան:


Կա նաև երկրորդ հանգամանքը, որ ահռելի քանակով ապար է հանվելու դուրս, որից կորզվելու է ոսկին, մնացածը պետք է մեծ թափոնակույտերով արտահայտվի: Այստեղ ընդունում են արդեն, որ լինելու է թթվային դրենաժ, և ինչ-որ միջոցառումներ են ձեռնարկում, որ հավաքեն այդ ջրերը, բայց այդ ջրերի չեզոքացման համար ուզում են օգտագործել կրաքար: Նրանք, ովքեր հիշում են դպրոցի քիմիայի կուրսը, գիտեն, որ թթուն ու կրաքարը ռեակցիայի մեջ մտնելով, առաջացնում են ածխածնի երկօքսիդ, այսինքն` մի մեծ տարածքից, դարձյալ ապակենտրոնացված կերպով, մեծ քանակներով ածխածնի երկօքսիդ է արտազատվելու մթնոլորտ, ինչը նշանակում է, որ Հայաստանը խախտելու է երկրորդ կոնվենցիան` կլիմայի պահպանության մասին, որով մենք պարտավորություն ունենք, որ ջերմոցային գազեր չենք արտադրելու»:


Բացի վերոնշյալներից, բանախոսի տեղեկացմամբ, կա ևս մեկ խնդիր` տեխնիկական բնույթի: Ընկերությունն իր անգլերեն փաստաթղթերից մեկում ցույց է տվել, թե հանքավայրից ուր են գնալու ստորգետնյա հոսքերը, ըստ այդմ, դրանց մի մասը գնալու է Որոտան գետի վրա, մի մասը` Արփա գետի: Միաժամանակ, քարտեզից պարզ է, որ Որոտան-Արփա թունելն ընկնում է հենց այդ ստորգետնյա ջրերի ճանապարհին:
«Դրանք բարձր թթվայնությամբ ջրեր են, PH7-ից ցածր թթվային ջուրը սկսում է քանդել բետոնը, այստեղ էլ է հասարակ քիմիական ռեակցիա, բետոնը հիմնված է կալցիումի հիդրացիդի վրա, այն թթվի հետ մտնում է ռեակցիայի մեջ, կալցիումը դառնում է սուլֆատ, որը ջրով շատ հեշտ լվացվում է, և բետոնը դառնում է փխրուն, սկսում է քանդվել,- ասաց Արմեն Սաղաթելյանը:- Այսինքն` մենք ինչ-որ ժամանակ հետո կունենանք վթարներ թունելի մարմնի մեջ: Այն, որ թունելը կքանդվի, չի նշանակում, որ այն ջուր չի տեղափոխի: Թունելը հանդիսանալու է դրենաժային համակարգ, և այդ աղտոտված ստորգետնյա ջրերը, որոնք գալու են դեպի թունել, միևնույն է, այդ խոռոչի մեջ լցվելու են և արդեն անկառավարելի կերպով դարձյալ տեղափոխվելու են դեպի Կեչուտի ջրամբար»:


Մինչդեռ, ինչպես բանախոսը նշեց, ջուրն աշխարհում օրեցօր դառնում է դեֆիցիտ, մենք այն պետք է կուտակենք, մանավանդ որ Սևանա լիճը Հայաստանի այն բնական եզակի ջրամբարն է, որը թույլ է տալիս ահռելի ծավալով լրացուցիչ ջուր ամբարել:
«Երբ թունելը քանդվի, աղտոտված ամբողջ ջուրը կգա Կեչուտի ջրամբար, և դրանից հետո անիմաստ է այդ ջուրը տեղափոխել Սևանա լիճ, քանի որ թթվայնության մի չնչին փոփոխումը հանգեցնելու է ձկների ձվադրման ռեժիմի խախտման, դոմինոյի էֆեկտով հանգեցնելու է ամբողջ էկոհամակարգի վթարային վիճակի: Մենք տեսնում ենք այսպիսի լուրջ վտանգներ, բայց չենք տեսնում, որ մտածել են դրանք որևէ կերպ չեզոքացնելու, փորձ է արվել թաքցնելու: Թունելի վտանգի մասին ընդհանրապես չի նշվել, կամ ցույց են տվել մի անհեթեթ մոդել, ըստ որի՝ աղտոտված ջուրը հասնելու է թունել 50 տարի հետո… Այս խնդիրները մեզ շատ են անհանգստացնում, մենք կարող ենք ասել, որ փորձաքննության եզրակացությունում պարզապես արտագրված է ընկերության ներկայացրած, իրենց պատկերացրած փայլուն իրավիճակը: Ոչ մի լուրջ վերլուծություն, փորձագիտական գնահատական, պոտենցիալ վտանգները գնահատելու փորձ, այդ վտանգների չեզոքացման միջոցառումների ներկայացում ու դրանց արժեքը փորձագիտական եզրակացությունում չկա»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները` Ecolur.org

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ