Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյան-Պուտին. գլխավոր խնդիրներն առջևում են

Փաշինյան-Պուտին. գլխավոր խնդիրներն առջևում են
25.09.2018 | 00:47

Հաշվի առնելով անվիճելի իրականությունը և սեպտեմբերի 13-ի հայտարարությունները՝ անհրաժեշտ ենք համարում շոշափել Մոսկվա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա, ըստ էության, առաջին նպատակային բանակցությունների մասին հարցը: Առաջին. ինչպես հետևում է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունից, Պուտինն ընդունել է Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը: Այցի ճշգրիտ ժամկետը դեռ որոշված չէ: Հետևաբար մոսկովյան երկխոսությունը շարունակվելու է: Ցավոք, կարելի է ենթադրել, որ Փաշինյանի համար ոչ այնքան շահավետ պայմաններում: Երկրորդ. ելույթ է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և չնայած չի խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին, այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակի մասին նրա հայտարարությունները նշանակություն ունեն նաև Հայաստանի համար՝ կապված նաև Մոսկվայում Փաշինյանի մի շարք հայտարարությունների և ասուլիսի հետ:

Բայց նախ՝ Լավրովի հայտարարությունների մասին. «Մենք այսուհետև էլ գործելու ենք՝ արձագանքելով Վաշինգտոնի բոլոր անբարեկամական քայլերին: Միաժամանակ համոզված ենք, որ և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի շահերին կհամապատասխաներ հարաբերությունների առողջացումը ինքնիշխանության, շահերի փոխադարձ հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա: Վաշինգտոնում ինչքան շատ ձերբազատվեն այն պատրանքներից, թե մեզ կարելի է ստիպել փոխելու սկզբունքային դիրքորոշումը՝ ճնշելով տնտեսական սահմանափակումներով կամ ռազմական ներուժի ցուցադրությամբ, այնքան լավ կլինի բոլորի համար»:


Նա նաև ընդգծեց, որ Մոսկվայում լրջորեն են ընդունում հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Սպիտակ տան առաջնորդ Դոնալդ Թրամփի ցանկությունը, իսկ ՌԴ-ն, իր հերթին, «պատրաստ է իր բաժին ուղին անցնելու՝ երկկողմ կապերը փակուղուց հանելու համար»: «Սակայն կառուցողական համագործակցությամբ գործակիցների իրական շահագրգռվածության մասին կարելի է դատել միայն ըստ գործնական քայլերի, իսկ հենց դրանք չկան: Իրադրությունը շարունակում է հետևողականորեն վատթարանալ հենց Վաշինգտոնի գործողությունների հետևանքով,- ասաց Լավրովը:- Եթե ամերիկյան ղեկավարից ինչ-որ դրական ազդակներ էլ լինում են, ապա դրանք իսկույն չեզոքացվում են իշխող խավի չափազանց ռուսատյացության պատճառով: Դա բացասաբար է անդրադառնում միջազգային իրադրության վրա, երբ չափազանց շատ հարցեր են կուտակվել, որոնց լուծումն անհնար է առանց մեր երկու երկրի համագործակցության»: Եվ ասենք բացեիբաց, որ Լավրովի այդ հայտարարություններից շատ բաներ անպայման շոշափելու են նաև Հայաստանը, ինչպես և հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ: ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները բազմաթիվ հարցեր են լուծել Վրաստանի, Ղրղզստանի, ՈՒկրաինայի պետական հեղաշրջումների ժամանակ: Հայաստանի իրադարձությունները ցույց են տալիս, որ Երևանը նույնպես ազատ չէ երկրի ղեկավարմանը ԱՄՆ-ի դեսպանի մասնակցությունից. Ռիչարդ Միլզի միայն այն «բղավոցը», որ Իրանի հետ գործ բռնելուց առաջ հայկական գործարար շրջանները պետք է «խորհրդակցեն» ԱՄՆ-ի դեսպանությունում՝ հակաիրանական պատժամիջոցների տակ չհայտնվելու համար, ցույց է տալիս, թե ով է պարահանդեսի ղեկավարը «նոր Հայաստանում»:


Երրորդ. հենց վերջերս Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարեց. «Մեզ համար գլխավոր վտանգը Ռուսաստանն է, որը Վրաստանի տարածքային ամբողջությունը խախտել է դեռևս 1990-ականներին և դա շարունակել 2008-ին»: Նա ավելացրել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Վրաստանի ընդունած եվրատլանտյան ինտեգրման ուղու դեմ, բայց Թբիլիսիի արտքաղաքական այդ ուղեգիծն անփոփոխ կմնա. «Մոտակայում ընտրվելիք նոր նախագահին ես կոչ եմ անում, որ միջազգային բոլոր հարթակներում անպայման հիշեցնի, որ Ռուսաստանը հարձակվել է Վրաստանի վրա, և դա չի կարելի արդարացնել»: Մի կողմ թողնենք այն, որ Մարգվելաշվիլու հայտարարությունում ամեն ինչ կեղծ է: 2008 թ. մասին. նա, ինչպես և Սաակաշվիլին, լկտիորեն խաչ է քաշում Վրաստանում հակամարտության ժամանակ փաստերը բացահայտելու համար ԵՄ նախարարների խորհրդի միջազգային անկախ հանձնաժողովի (Հայդի Տալյավինիի գլխավորությամբ) վճռի վրա, ըստ որի՝ պատերազմը 2008-ի օգոստոսին սկսել է Վրաստանը: 90-ականների մասին. ազգային անկախության համար Աբխազիայի և Հարավային Օսիայի ժողովուրդների պայքարն սկսվել է 1991-ի վերջին ԽՍՀՄ-ի փլուզումից շատ առաջ: Ընդունված է համարել, որ այդ պայքարի սկիզբը եղավ ԽՍՀՄ ժողպատգամավոր (1989-91 թթ.), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի անդամ, Աբխազական ԻԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Վլադիսլավ Արձինբայի ելույթը, որում նա ԽՍՀՄ ժողպատգամավորների առաջին համագումարում միութենական կենտրոնին կոչ արեց հիշելու, որ հեռավոր 30-ական թվականներին կամայականորեն ոչնչացվել է Աբխազական ԽՍՀ-ի կարգավիճակը, և հանրապետությունը մտցվել է Վրացական ԽՍՀ-ի կազմի մեջ:


Ինչու՞ է պետք դա հիշել շատ տարիներ անց: Դե թեկուզ նրա համար, որ հանգուցյալ Արձինբան այն ժամանակ հարց բարձրացրեց ԽՍՀՄ-ի բոլոր փոքր ժողովուրդներին տիտղոսային միութենական հանրապետությունների կողմից նեղելու մասին: Նա առաջարկեց միութենական հանրապետությունների և ինքնավարությունների միջև ենթակայական հարաբերությունները դարձնել պայմանագրային, որպեսզի ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում նրա կազմում գտնվող ինքնավարությունները կարողանան ինքնուրույն ընտրել իրենց հետագա ուղին: Եվ Աբխազիայի ԽՍՀ-ի ու Վրաստանի ԽՍՀ-ի միջև 1921-1936 թթ. պայմանագիրը նա միայն որպես օրինակ բերեց: Հայաստանի համար, որը մինչև այժմ վճռում է Արցախ-ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը, այդ ամենը կարևոր նշանակություն ունի մինչ օրս: Բայց ավելի մեծ նշանակություն ունի այն, որ, հռչակելով ՌԴ-ի հետ հարաբերություններում հիմնախնդիրների բացակայությունը, վարչապետ Փաշինյանը բավական ցուցադրական քայլեր է նախաձեռնում հենց Վրաստանի կողմը, ասես չհասկանալով, որ հնարավոր չէ համատեղել անհամատեղելին: Ի դեպ, նույն կերպ էր վարվում երկրի ղեկավարությունը Սերժ Սարգսյանի ժամանակ՝ տարեցտարի իր ներկայացուցիչներին ուղարկելով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ասես «չնկատելով», որ հարևան հանրապետությունում ՆԱՏՕ-ականները հենց Ռուսաստանի դեմ պատերազմի մեթոդներ ու հնարքներ են մշակում: Այս տարի «նոր Հայաստանն» էլ վարվեց հանրապետական կուսակցության «դեղատոմսով». Վրաստանում ՆԱՏՕ-ի մի զորավարժությանը Հայաստանի ներկայացուցիչները գնացին, մյուսին՝ ոչ: Հաշվի առնելով Լավրովի հայտարարությունը, որ Մոսկվան պատրաստ է «գործնականորեն արձագանքելու ԱՄՆ-ի բոլոր անբարեկամական քայլերին», հասկանալով, որ նաև Վրաստանը ՆԱՏՕ «քաշելու» ԱՄՆ-ի նախաձեռնությունը (նույնիսկ 2008-ին, օրինակ, Ֆրանսիան ու Գերմանիան դրան դեմ էին) Կրեմլում կընկալեն որպես անբարեկամական քայլ, տրամաբանական է ենթադրելը, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունները նույնպես կմտնեն հայ-ռուսական «անխնդիր» հարաբերությունների օրակարգ:


Այժմ՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին: Ինչպես և մենք վախենում էինք, ներկայիս երկկողմ հարաբերությունների գլխավոր կետերից մեկում Հայաստանի վարչապետը չլսված շռայլություն արեց՝ փորձելով, ըստ էության, խաբել ռուս գործընկերներին: Սեպտեմբերի 12-ին հաղորդվել էր, որ հայտնի բուլղար լրագրողուհի Դիլյանա Գայտանջիևան՝ ՌԴ-ի սահմանների մոտ Պենտագոնի գաղտնի կենսալաբորատորիաների աշխատանքի մասին աղմկահարույց հետաքննության հեղինակը և Ադրբեջանից Բուլղարիայով Մերձավոր Արևելք ահաբեկիչներին սպառազինությունների մատակարարման մերկացնողը, պատրաստվում է հրապարակելու նոր հետաքննություն, որը կհերքի Վրաստանի ու Հայաստանի ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե այդ օբյեկտներն ուղղված չեն Ռուսաստանի դեմ և վտանգավոր չեն տեղական բնակչության համար: Այո, Փաշինյանի կեղծիքն սկսվում է դրանից: Բայց հետագայում էլ, ինչպես պարզվեց, այն ամենը, ինչ Փաշինյանը հայտարարում էր ռուսական «КоммерсантЪ» հանդեսի հետ հարցազրույցում, կեղծիք է: Ճիշտ է, Փաշինյանին հերքում է EADaily.com լրատվամիջոցը, բայց այդ հերքումն արժանի է, որ դրան ուշադրություն դարձնեն և՛ վարչապետը, և՛ նրա կուսակցությանն ու «Ելք» դաշինքին հովանավորող ուժերը, և՛ բոլոր այլ շահագրգիռ կողմերը, որոնց թվում, հասկանալի է, Ռուսաստանի նախագահի աշխատակազմը: Մասնավորապես, ինչպես EADaily-ի թղթակցին է հաջողվել իմանալ, Երևանում գտնվող (Ավան համայնք) գաղտնի օբյեկտ թույլատրել են մտնել պետության հետ որևէ առնչություն չունեցող ռուսական մասնավոր ինստիտուտներից մեկի աշխատակիցներին: Նրանց թույլ են տվել ծանոթանալ լաբորատորիայի սենյակներին, բայց ոչ մեկուսարաններին, որտեղ պահվում են շտամների նմուշները, ոչ էլ քիմիական ռեակտորներին: Փաշինյանին մասնակիորեն արդարացնում է միայն մի բան. նա պաշտոնական հայտարարություն չի արել ի պատասխան ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի 2018-ի հունիսի 11-ի պաշտոնական պահանջի, որը նա արել է ԱՊՀ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում («Ռուսական հատուկ ծառայություններին մտահոգող սուր հարց է դարձել Ղազախստանում և Հայաստանում ամերիկյան կենսալաբորատորիաների տեղադրումը, որոնք զբաղվում են կենսանյութերի հավաքմամբ: Դրանք մտահոգում են Մոսկվային, որը ելնում է այն բանից, որ ռուսական սահմանների շուրջը գտնվող այդ լաբորատորիաները կարող են կիրառվել Ռուսաստանի դեմ»): Հայ-ռուսական հարաբերությունների այդ լրջագույն խնդրի մասին Փաշինյանը մի քիչ խոսեց «КоммерсантЪ»-ի թղթակցի հետ, ուստի հասկանալի է, թե ինչու ՌԴ ԱԳՆ-ն չարձագանքեց Փաշինյանի այդ հարցազրույցին. Ռուսաստանի արտքաղաքական գերատեսչությունն առաջվա պես Հայաստանի կառավարությունից ակնկալում է պաշտոնական քայլեր, ոչ թե հանրությանն ուղղված մերկապարանոց հայտարարություններ: Իսկ Հայաստանի քաղաքացիական հասարակության հայրենասիրական շրջանակները դեռ ընթացիկ տարվա սկզբում տագնապով հայտնում էին, որ երկրում արդեն ոչ թե 3, այլ 6 ամերիկյան լաբորատորիա կա: Հասկանալի է, որ այդ ամենը կարիք ունի բազմակի ստուգումների և վերաստուգումների: Եվ եթե Փաշինյանը Ռուսաստանին խոստացել է ազատ մուտք ԱՄՆ-ի այդ բոլոր լաբորատորիաներ, ապա կարելի է ենթադրել, որ նա պատրաստ է մուտք ապահովելու նաև ՌԴ ՊՆ զինվորական մասնագետների համար, որոնք գիտեն, թե ինչ է կենսաբանական զենքը:


Այսպիսով, այն կարևոր հարցերից մեկը, որոնց լուծման համար պատրաստվում է Երևան գալու ՌԴ նախագահը, նախօրոք հայտնի է: Լավ է, թե վատ, բայց պրոֆեսիոնալ հետախույզ Վ. Պուտինը, թեկուզ այլ պաշտոնում, հազիվ թե իր հայ գործընկերոջը երկար խորամանկելու և աչքերին թոզ փչելու հնարավորություն տա: Վաղ թե ուշ Փաշինյանը պետք է ընտրի. շարունակի խոսել հայ-ռուսական անամպ և գերհեռանկարային հարաբերությունների մասին՝ ձեռքին փաստաթուղթ ունենալով (տվյալ դեպքում՝ ՌԴ կենսաբանների և միկրոկենսաբանների ամփոփիչ զեկույցը, որ իսկապես Հայաստանում Պենտագոնի կենսալաբորատորիաների աշխատանքն ընդհանրապես որևէ վտանգ չի ներկայացնում), թե կամայականորեն զոհաբերի Ռուսաստանի հետ հարաբերությունները հանուն այն բանի, որ Երևանում ԱՄՆ-ի դեսպան Ռ. Միլզը, ավանդական ամերիկյան ժպիտով, շարունակի խորհուրդներ տալ նրան ու հայ գործարարներին և հավաստիացնել, թե, իբր, ԱՄՆ-ը «միշտ նոր Հայաստանի կողքին է»: Կամ էլ, ինչպես հաղորդել են հայկական ԶԼՄ-ները, Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ հորդորի Փաշինյանին, որ ոչ մի դեպքում չհետաքննվեն Ամուլսարի ոսկու (կասկած կա, որ նաև ուրան պարունակող) հանքավայրի ամերիկա-անգլիացի տերերի գործունեության հիմքերն ու արդյունքները: Երկուսից մեկը, երրորդը տրված չէ: Բոլոր նախընթաց, ինչպես և բուլղարուհի Դիլյանա Գայտանջիևայի կողմից պատրաստվող մերկացումներից հետո պետք է պարզապես Սերժ Սարգսյանի մոլի հետևորդը լինել՝ ասելու համար, ինչպես Փաշինյանն է արտահայտվել «КоммерсантЪ»-ի հետ հարցազրույցում, «մենք հրավիրում ենք ռուս մասնագետներին և պատրաստ ենք քննարկելու այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը»: Փաշինյանն ինչպե՞ս է պատկերացնում դրանց համատեղ օգտագործումը, ասենք, ամերիկացի, հայ և ռուս մասնագետների կողմից, եթե Մոսկվան համոզված է, որ իր սահմանների արտաքին պարագծով տեղաբաշխված այդ լաբորատորիաները հենց Ռուսաստանի դեմ են աշխատում:


Ահա թե ինչ է հայտարարել այդ առնչությամբ ավելի քան իրազեկ մարդը՝ վրացական հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Իգոր Գիորգաձեն, խոսելով Վրաստանում գտնվող ամերիկյան լաբորատորիաների մասին: Նա ասել է, որ բացի Լուգարի կենտրոնական լաբորատորիայից (այսինքն՝ Վրաստանի Լ. Սակվարելիձեի անվ. հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության կենտրոնից), որը գտնվում է Թբիլիսիի օդանավակայանին մերձակա ամերիկյան «Վազիանի» ավիաբազայից 17 կմ-ի վրա, ամբողջ Վրաստանում արդեն կա մի քանի այդպիսի օբյեկտ, որոնք աշխատում են ընդդեմ Ռուսաստանի և Աբխազիայի: Գիորգաձեի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք վկայում են այդ կենտրոնի («Լուգարի լաբորատորիայի») կողմից բնակչության վրա վտանգավոր փորձեր անելու մասին. «Այդ փաստաթղթերի հետ նախնական ծանոթացումը ձեռք է վառում: Նրանք ապացուցում են, որ լաբորատորիայում կարող էին փորձեր արվել Վրաստանի բնակիչների վրա: Ահա մահացած 30 անձանց ցուցակը, որոնք բուժվում էին C հեպատիտից. նրանցից 24-ը մահացել է նույն օրը: «Մահվան պատճառը» սյունակում նշված է՝ «անհայտ է», և ոչ մի հետաքննություն չի արվել: Փաստաթղթերում հիվանդները համարներով են նշվում»: Գիորգաձեն դիմել է ԱՄՆ-ի նախագահ Թրամփին՝ խնդրելով հետաքննություն նշանակել Վրաստանում արվող փորձերի օրինականությունը պարզելու համար, որովհետև «Լուգարի լաբորատորիան» գործել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա վրացի գործընկեր Միխեիլ Սաակաշվիլու թույլտվությամբ: «Եթե այդ լաբորատորիան աշխատում է հանուն հռչակված նպատակների և ուսումնասիրում առողջությանը հասցվող հնարավոր վտանգները, ապա ինչու՞ է այնտեղ գտնվում «վարակված մոծակները տեղ հասցնելու համակարգերի» արտոնագիրը: Նրանք նաև պատվիրում էին թունավոր նյութերի պարկուճներ և հրաձգային զենքի ռազմամթերք: Ինչու՞»,- հարցրել է Գիորգաձեն Մոսկվայում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ: Նա պնդում է, որ փորձերն արվել են այն մարդկանց վրա, որոնք համաձայնել էին փորձնական բուժման: Կհամարձակվի՞ Փաշինյանը Գիորգաձեի հայտարարություններից հետո էլ պնդել, որ Հայաստանում ամերիկյան լաբորատորիաները «որևէ կերպ չեն կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ»:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ