Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վերադարձ Եվրոպա` երկու օրով

Վերադարձ Եվրոպա` երկու օրով
12.10.2018 | 11:19

Ֆրանկոֆոնիան այլևս իրադարձություն չէ, որին նախապատրաստվում էինք երկու տարի` Անտանանարիվուի վեհաժողովից հետո, երբ մի շաբաթ Մադագասկարում ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը բուռն մրցակցության մեջ` աշխատում էր Երևան բերել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն ու Հայաստանի նախագահությունը կառույցում: Երեկ ու այսօր դուք հնարավորություն ունեք առաջին դեմքերի մակարդակով հաղորդակցվել եվրոպական քաղաքակրթությանը, մտածողությանը ու մշակույթին: Մի կողմ թողնենք հեռուստաեթերից հնչած խայտառակ թարգմանությունը, երբ նույնիսկ ֆրանսերեն չիմացողը հասկանում էր, որ թարգմանությունը ոչ միայն բնագրին համարժեք չէ, այլև` աղավաղված:Նույնիսկ այդ պարագայում` մեր խնդիրների մեջ կղզիացածներիս հնարավորություն տրվեց տեսնել ու հասկանալ եվրոպական արժեքների ու մտածողության տարբերությունը այն ամենից, ինչ մենք ավանդաբար համարում ենք քաղաքականություն: Հետխորհրդային տարածքում: Իրականում տարածքը կապ չունի, որոշիչը մտածողության որակն է:


Առաջին հայացքից` ֆրանկոֆոնիան ընդամենը մշակութային միություն պիտի լինի ու զբաղվի ֆրանսերենի ու ֆրանսալեզու մշակույթի տարածմամբ, բայց չի կարող այդքան մեծ տարածում ունեցող կազմակերպությունը իրեն վերապահել քաղաքականությունից ձեռնպահ մնալու շքեղությունը: Լեզուն արդեն քաղաքականություն է, լեզվի տարածումը` մտածողության համակարգ ձևավորելու միջոց: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն անկեղծ էր. «Միշտ չէ, որ մենք կարողացել ենք լավագույնս լուծել բոլոր հարցերը: Մենք մեր կազմակերպությունը կառուցել ենք փլատակների վրա: Մենք ֆրանսերենի միջոցով կարողացանք ապահովել վերածնունդ մեզ համար և աշխարհի համար, ֆրանսերենը փոխանցեց կենսական և մարդասիրական ուժ: Ֆրանսերենը կարողացավ փոխանցել մեր մշակույթների բազմազանությունը և հավասարազոր արժանապատվությունը: Մենք ամուր կանգնած ենք հողի վրա, որպեսզի լավագույնս կարողանանք դիմակայել այսօրվա մարտահրավերներին»:


Իր մտահոգ անկեղծության մեջ` նա չէ կարող չասել, որ այսօր ժողովրդավարության նահանջ է նկատվում, որից անմասն չէ ոչ մի մայրցամաք. «Մենք տեսնում ենք ծայրահեղականության առաջընթաց ամենուր, տեսնում ենք անարդարությունների առաջընթաց ինչպես երկրների ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով: Մենք տեսնում ենք խաղաղության հետընթաց, մենք ականատես ենք լինում պատերի կառուցման, ինչը նույնքան ամոթալի է: Կցանկանայի, որ մենք հարց տանք մեզ՝ ո՞ր կողմում ենք ցանկանում լինել: Մենք պատրա՞ստ ենք ընդունել, որ միջազգային կազմակերպությունները ոմանց ձեռքում գործիք դառնան, թե՞ մենք կցանկանայինք ստեղծել հարթակներ, որոնք կկարողանան պատասխաններ բերել միջազգային հարթություններում: Մենք պատրա՞ստ ենք նրան, որ գաղափարները լուծարվեն և կորցնեն իրենց իմաստը հանուն ռեալ պոլիտիկի, թե՞ մենք պատրաստ ենք բարձր ասել՝ ավելի շատ ազատություն և ավելի շատ ժողովրդավարություն: Արդյոք մենք պատրա՞ստ ենք թույլ տալ, որ էգոիզմը հաղթի գործընկերային երկխոսությանը: Այսօր մենք պետք է ընտրություն կատարենք հակադարձելու կամ անտարբեր մնալու մեջ, առաջընթացի ու հետընթացի մեջ»` սրանք,նաև մեզ ուղղված հարցեր են` մեր ռեալ պոլիտիկի ու մեր գաղափարների վերաբերյալ: Փաստացի` կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերը նույնքան վերաբերում են եվրոպական ու հայկական քաղաքականությանը և դա այն ընդհանրական հարթակն է, որտեղ կան և ընդհանրական պատասխանները: Միկայել Ժանը համարում է, որ Հայաստաու այսօր աշխարհն է` ֆրանկոֆոն աշխարհը և «Հայոց հողը՝ հույսի և հիշատակի հողը, կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ, ինչի իրականացումը կախված է ձեզնից»:


Ի՞նչ է նշանակում «Ապրել միասին»: Սպառիչ ու փառահեղ պատասխան տվեց Ֆրանսիայի նախագահը: Սկսում ես հասկանալ քմահաճ ու քաղաքականության մեջ թրծված ֆրանսիացիներին, որ փորձված թեկնածուներից հենց Էմանուել Մակրոնին ընտրեցին նախագահ` Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության ամենաերիտասարդ թեկնածուին: Հռետորական բարձրագույն արվեստ` հասցված ծայրահեղ պարզության ու ծայրահեղ խորության` միաժամանակ: Դա ձիրք է, որ տրվում է ի վերուստ և միայն կարող է հղկվել ու կատարելագործվել ժամանակի մեջ:


Ֆրանսիայի նախագահը շեշտեց. «Այսօր մի մեծ ընտանիք է հավաքվել Երևանում, մոլորակի մասշտաբներով մի ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները: Այսօր բոլորս պատկանելով նույն ընտանիքին` չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև չեն հավատում Աստծուն: Մենք ապրում ենք նաև շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար: Մեր պատմությունները նույն աղբյուրներից չեն բխում, մեր միջև եղել են նաև շատ վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այնուամենայնիվ, այս բազմազան ընտանիքը, այսքան տարօրինակ, միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, պատկանում է բոլորինն: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը՝ Սենգորի, ՅՈւՆԵՍԿՕ-ի, Շառլ Ազնավուրի, Մոդիանոյի: Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված տեսլականով: Մեր տեսլականն ամեն օր վերաիմաստավորվում և թարմացվում է: Բոլոր հույսերը, եղբայրության ցանկությունները, խաղաղությունը, արդարությունը մեր կազմակերպության հիմնաքարերն են»: Նա իրատես է` աշխարհն այսօր լի է ստով, ատելության քարոզչությամբ, այն կանոնները, որոնց շուրջ վերջին տասնամյակներին կարողացել են համախմբվել, այլևս չեն գործում: «Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան այս իրադարձությունների ընթացքում: Այն, ինչ մենք պետք է անենք, հետևյալն է՝ ստեղծել բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ: Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն հարթակը, որտեղ կարտահայտվի համախմբված սթափությունը»: Ֆրանկոֆոնիան չպետք է լինի հարթակ, որտեղ հնչում են դատարկ բառեր, այլ արժեքների հարթակը, որոնց շուրջ միավորվում են: «Տեսնելով միջազգային իրադարձությունները՝ մենք չենք կարող կրկնել քաղաքավարի և հաճախ ասվող բառեր»` սա էր նրա եզրակացությունը: Իսկ մենք կարո՞ղ ենք խույս տալ քաղաքավարի ու հաճախ ասվող բառերի սարդոստայնից, թե՞ այնտեղ հարմար է թաքնվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եվ, իհարկե, Շառլ Ազնավուրը, որ կար բոլոր ելույթներում ու բոլորի սրտերում: Շառլ Ազնավուրը, որ երգի դեսպան էր աշխարհում ու աշխարհի համար:
Մակրոնը «Instagram»-ի իր միկրոբլոգում Երևանի «Ազնավուր» կենտրոնում լինելուց հետո գրել էր. «Այսօր Շառլ Ազնավուրը պետք է մեզ հետ լիներ Երևանում:
Դա կլիներ հանդիպում իր թանկագին Հայաստանի, նաև ֆրանսերենի հետ»: Թերևս դա Մակրոնի միակ սխալն էր` Շառլ Ազնավուրը Հայաստանում է ու Ֆրանսիայում, Շառլ Ազնավուրը միակն է, որ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո չի հեռանա Հայաստանից ու կմնա Հայաստանը աշխարհին կապող օղակ, գուցե նաև Եվրոպա վերադարձի պատճառ:

Դիտվել է՝ 3887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ