Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քաղաքական ուժերը` հուշագրված ու անհուշագիր, գնում են մարտի

Քաղաքական ուժերը` հուշագրված ու անհուշագիր, գնում են մարտի
14.10.2018 | 06:20

Հնչեղ ու զրնգուն ֆրանկոֆոնիան, որ շարքային երևանցիների համար 2 օր չաշխատելու հնարավորություն էր, մի քիչ ցրեց ուշադրությունը ներքաղաքական կյանքից` բոլորիս տալով մեծ աշխարհի նոր գաղափարներին ու հին խնդիրների նոր լուծումներին մասնակից լինելու պատրանք: Բայց ֆրանկոֆոնները` ինչպես եկել էին, այնպես էլ գնացին, ու մենք մնացինք մեր խնդիրների հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆրանս 24»-ին հարցազրույցում ասաց, որ հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա, իսկ դա նշանակում է, որ երկու շաբաթ է տրվում խորհրդարանին` նոր վարչապետ չընտրելու, հետո ինքնալուծարվելու համար: Բայց մինչ այդ կա ընտրություններին վերաբերող հարց` Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: Նիկոլ Փաշինյանը նաև այդ հարցին է պատասխանել` կընդունվի՞, ընտրությունների կգնանք նոր օրենսգրքով, չի՞ ընդունվի` հնով, կարևորը ազատ, արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքն է: Իշխանության քաղաքական կամքին ոչ ոք չի կասկածում` արտահերթ ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կունենա այն խորհրդարանը, որտեղ վերացած կլինի Սահմանադրության հետ հակասությունը` երբ վարչապետը չի ներկայացնում խորհրդարանական մեծամասնությանը:


Իսկ մյուս քաղաքական ուժե՞րը: Ի՞նչ են նրանք ուզում ու անում:
Գագիկ Ծառուկյանը «փաստաթղթավորեց» իր տեսակետը` հուշագիր ստորագրելով վարչապետի հետ, որ 180 աստիճանով հակառակ էր ԲՀԿ-ի` մինչ այդ բարձրաձայնած դիրքորոշումներին: Նրանք դեմ էին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի մտադրությանը՝ համարելով, որ կառավարության ծրագրում ամրագրված դրույթները, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, չի կատարվել: Հիմա ԲՀԿ-ն հայտարարում է, որ միանշանակ կմասնակցի ընտրություններին: Ավելին` շեշտում է, որ բազմիցս են հայտարարել՝ ստեղծված ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակը պետք է հանգուցալուծվի ԱԺ արտահերթ ընտրություններով։ ԲՀԿ-ն սկսել է պատրաստվել` տարածքային կառույցները՝ թե մարզային, թե երևանյան, Գագիկ Ծառուկյանից հստակ հանձնարարական են ստացել՝ անցնել կազմակերպական աշխատանքների: ԲՀԿ-ն հույս ունի, որ մինչև խորհրդարանի լուծարումը կընդունվի նոր Ընտրական օրենսգիրքը: Ասենք` նոյեմբերին: Եթե երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո խորհրդարանը լուծարվում է` ե՞րբ է Ընտրական օրենսգիրքն ընդունում: Այս հարցի պատասխանը ոչ ոք չի տալիս:


ՀՅԴ-ն, ինչպես վայել է 100-ամյակը ծալած կուսակցությանը` հավատարիմ է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ իր հաստատած արատավոր ավանդույթներին` ցանկացած որոշման համար առևտուր անել մինչև վերջին խազը ու պահպանել իբրև թե սկզբունքայնությունը: Հիմա էլ ՀՅԴ-ն որոշում չունի, բայց… դեկտեմբերի ընտրություններին մասնակցելու տրամադրված է: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասել է, որ ընտրություններին միշտ պատրաստ են մասնակցել: Երևի ՀՅԴ-ի պատրաստության ձևերից մեկն էլ դիմադրությունն է: Նրանք նույնպես անհրաժեշտ են համարում մինչև դեկտեմբերի սկիզբ ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը և ապահովել ընթացակարգերը: Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի` ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու և որևէ այլ թեկնածուի չսատարելու հուշագիր Նիկոլ Փաշինյանի հետ չի ստորագրել ու չի պատրաստվում ստորագրել: Արսեն Համբարձումյանն ասել է, որ իրենք որևէ համաձայնագիր, հուշագիր կամ այլ փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտություն չեն տեսնում. «Փոխվստահությունը քաղաքական ուժերի միջև շատ ավելի կարևոր է, քան ցանկացած փաստաթղթի ստորագրումը կամ հայտարարությունը»: Սա մեղմ ասած` քաղաքական աքացի է Գագիկ Ծառուկյանին, այսինքն` ԲՀԿ-ի դեպքում փոխվստահություն չկար ու անհրաժեշտ էր «բարաթ», ՀՅԴ-ի դեպքում փոխվստահությունը գլխավորն է և «հավաստիացում տալու անհրաժեշտություն չկա, քանի որ նման մտավախություն ունենալու խնդիր առհասարակ չի էլ եղել»:


ՀՀԿ-ն ևս որևէ փաստաթուղթ ստորագրելու ցանկություն չուներ ու չունի, հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Աժ արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին ՀՀԿ-ն ոչինչ չի հայտարարել: Վստահ եղեք` չի էլ հայտարարի մինչև պաշտոնական քարոզչության սկիզբը, բայց ոչ թե խորհրդավորություն ստեղծելու մղումով, այլ` իրավիճակը հասկանալու, հետո որոշում կայացնելու: Էդուարդ Շարմազանովը ասում է, որ «Արտահերթը, հրատապն ու «ափալ-թափալը» պետք է իրարից տարբերել։ Սա «ափալ-թափալ» ընտրություն է։ Կան տարբեր կարծիքներ՝ կուսակցության մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։ Մեկն այն է, որ գուցե բաց թողնենք ընտրությունները, մյուսը՝ մարդիկ դեռ չեն խոսում, և երրորդը՝, ինչպես ես եմ պնդում, անպայման պետք է մասնակցենք ընտրություններին»։ Ու ընդհանրապես ամեն մի քաղաքական ուժ, որ ունի ամենապակասը 100 հետևորդ, պարտավոր է մասնակցել ընտրություններին և ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, «որովհետև այս քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն», «Անակնկալ էլ չէր, որ եթե ՀՀԿ-ն չլիներ իշխանություն, մենք մասսայական կուսակցությունից դառնալու ենք մի ավտոբուս ժողովուրդ։ Եթե ոմանց համար դա վատ է, ինձ համար շատ էլ լավ է, ինքնամաքրվում է կուսակցությունը։ Ով ուզում է գնալ՝ բարի ճանապարհ»: Բայց նույնիսկ «մի ավտոբուս ժողովուրդ» ՀՀԿ-ի համար բարոյական ու քաղաքական հարված կլինի անցողիկ շեմը չհաղթահարելը:
Ունե՞ն մյուս կուսակցությունները այդ խնդիրը: Այո, եթե ընտրությունը կատարելու է ժողովուրդը: Ոչ, եթե ժողովուրդը ընտրություն կատարելիս ուղղորդվելու է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքով:


Ընտրությունների կուսակցությունները կգնան միայնա՞կ, թե՞ այլ ուժերի հետ դաշինքով հարցը նույնպես պատասխան չունի` իրավիճակն այնքան արագ է փոփոխվում, հնարավոր դաշնակիցներն այնքան հեղհեղուկ են, որ պատասխանատու որոշում կայացնելը դժվար է: Առավելևս` պատճառ է դառնալու ընտրացուցակային տեղերի կռվի: Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն հավակնում է ու կստանա իր 70 տոկոսը, ամբողջ պայքարը ծավալվելու է 30 տոկոսի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, նա, միևնույն է, մնում է պաշտոնակատար: Արդեն հրահանգ է եղել ուժային կառույցներին` անցնել ուժեղացված ռեժիմով ծառայության: Ոմանց կարծիքով` վտանգ կա, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, օգտագործելով բանակում ու ուժային կառույցների միջին օղակներում ունեցած ազդեցությունը և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առաջացած դժգոհությունը, կարող են ըմբոստության ալիք բարձրացնել: Ասենք` Ռոբերտ Քոչարյանը նստացույց է սկսում Հյուսիսային պողոտայում ու յուրայինների զորակոչ հայտարարում: Հետո՞: Հետո գալիս է ԱԱԾ-ն ու բոլորին տանում ուր որ անկ է: Չե՞ք հավատում, Bloomberg-ին էլ չե՞ք հավատում` «Վարչապետ դառնալու խնդիր իմ առաջ չեմ դնում և չեմ կարծում, թե դա ճիշտ կլինի»` «Bloomberg»-ին հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը։


«Եթե այս իշխանությունը փայլուն կառավարի երկիրը, եթե մեր երկրի տնտեսությունը երկնիշ թվերով աճի, եթե Ղարաբաղի անվտանգության հարցը բավական հուսալի ապահովի, դա այլ իրավիճակ կստեղծի։ Իսկ եթե մենք բոլոր այս հարցերում տեսնենք վատթարացում, այլ իրավիճակ կլինի և նույնիսկ այն ժամանակ, եթե գտնվեն երիտասարդ, հեռանկարային գործիչներ, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնն ու շարժվել առաջ, ի սեր Աստծո, թող անեն»` ասել է նա, թարգմանաբար` ինձ վրա հույս չդնեք, ես քաղաքականությում եմ վերադարձել միայն մեկ ձևաչափով` հարցազրույցի:


Նմա՞ն է լինելու անվարչապետության նոր շրջանը ապրիլի 9-17-ին, երբ Սերժ Սարգսյանն այլևս նախագահ ու դեռ վարչապետ չէր: Ոչ, իրավիճակ է փոխվել և փոխվել է անդառնալի: Նոր իրավիճակի դեմ գնալու ու հաջողության հասնելու շանս ոչ ոք չունի: Նոր փորձը նույնիսկ հակահեղափոխություն չի լինի, այլ սեփական ամբիցիաների բախում իրականության հետ, երբ քրեաօլիգարխիկ համակարգը ի վիճակի չէ վերականգնել նախկին դիրքերը:
Հարցը այլ հարթության մեջ է` պատրա՞ստ է ներկա ու ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսպառ հրաժեշտ տալ այդ համակարգին, թե՞ մտադիր է օգտագործել` ստեղծելով նոր վտանգներ երկրի ու իր համար: Եթե Աժ արտահերթ ընտրություններից հետո նորից խորհրդարանում են հայտնվում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու նրանց ղեկավար ՀՀԿ-ն (մինչև ու հետո ինչ հուշագրեր ու համաձայնագրեր էլ ստորագրվեն կամ չստորագրվեն), հին համակարգը ստանում է վերարտադրության նոր հիմքեր, կուսակցական դաշտը մնում է նույն ապականության ու գաղափարազրկության որոգայթում ու նոր ժամանակների հաստատումը ևս մեկ հնգամյակ հետաձգվում է: Պե՞տք է դա Հայաստանին: Ոչ: Նիկոլ Փաշինյանի՞ն: Գուցե, միշտ էլ պետք են մեղավորներ` սեփական անհաջողությունների մեղքը նրանց վրա բարդելու համար: Ստացվում է, որ ԱԺ արտահերթ ընտրություններում ամենակարևոր գործը ոչ թե ընտրվողներինն է, այլ` ընտրողներինը` նրանք պետք է որոշեն ի՞նչ են ուզում և հստակ պատկերացնեն իրենց ընտրության հետևանքները: 3 կուսակցությունները ընտրության այդ կողմի մասին նրանց ոչինչ չեն ասի` ինչպե՞ս ինքդ քո դեմ հակաքարոզչություն անես, մյուսները ևս կլռեն` գերադասելով խոսել իրենց, ոչ թե ուրիշների մասին: Մտածելու ունակ ընտրողը կկողմնորոշվի, սոսկ քվեարկող ամբոխը նորից հրահանգ կկատարի: Ստացվում է` Աժ արտահերթ ընտրությունների առանցքում մտածողներն ու չմտածողներն են` ժողովուրդն ու ամբոխը, և ոչ ոք չի կարող ասել` ով ում կհաղթի:

Դիտվել է՝ 2641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ