«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դրախտի տոմս գնեք

Դրախտի տոմս գնեք
12.02.2019 | 00:49

ԵՎ որտեղի՞ց է սկսվում պատմությունը: Յուրաքանչյուրիս համար` իր ծննդյան օրից: ՈՒ ավարտվում է մեր հեռանալով: Իսկ կյանքը շարունակվում է` առանց մեզ: ՈՒ պատմությունն էլ շարունակվում է` մեզ հետ, թե առանց մեզ: ՈՒ մեր ամբողջ կյանքը մեզնից հետո տեղավորվում է ապրողների հիշողության մեջ կամ ջնջվում նրանց հիշողությունից: Այդպես է ստեղծվում պատմությունը: Որ երբեք չի կարող ու չի եղել օբյեկտիվ: Չի լինելու: Որովհետև օբյեկտիվ չէ մարդը: Օբյեկտիվ չեն մարդու ընկալումներն ու գնահատականները: Օբյեկտիվորեն: Մարդը չի կարող բանականության հետ զգացումները չհամադրել` որոշում կայացնելիս: Մարդը չի կարող հրաժարվել իր «ես»-ից ու բացարձակ անանձնական լինել: Եվ հրաշալի է, որ այդպես է: Այդպես է ծնվում արվեստը: Մշակույթի մեջ մարդու ինքնության հաստատումն է: Այդպես է շարունակվում կյանքը:


Մեր առօրյայում մենք արդեն չենք նկատում, որ մեր բոլոր որոշումների հիմքում մեր մշակութային ընկալումներն են: Սկսած իրար հետ հարաբերվելուց մինչև պետության հետ հարաբերություն, ու պետության` այլ պետությունների հետ հարաբերություններ: Սա աքսիոմ է, որ մենք թեորեմի տեղ ենք դրել ու անընդհատ ապացույցներ ենք որոնում մի հավասարման, որտեղ չկան անհայտներ, որի պատասխանը մեր կյանքն է:
Ինչու՞ հեղափոխությունից հետո հասարակությունը բևեռացվեց: Ինչու՞ քաղաքական նպատակներով սևի ու սպիտակի բաժանվեց, ու այդ բաժանումը շարունակվում է, երբ քաղաքական նպատակը արդեն ձեռք է բերվել: Խորհրդարանական ընտրություններից հետո հասարակության միասնականությունը ապահովելը` մեծամասնության ու փոքրամասնության տրոհման վերացումը, գլխավոր խնդիրը պիտի լիներ: Բայց դա ոչ մեկին չի մտահոգում: Հակառակը` շարունակվում է հեղափոխություն-հակահեղափոխություն խաղը: ՈՒ հասկանալի չէ` ու՞մ է դա պետք:


Եվ ամեն առիթով-չառիթով, ամեն քննարկման մեջ` կարևորից անկարևոր, առանցք է դառնում հեղափոխության «պաշտպանությունը» «նախորդ հանցավոր ռեժիմի պնակալեզներից»: «Պնակալեզության» ընդգրկուն խորքերում են տեղավորվում ոչ միայն նախկինների արդարացումը, այլև որևէ միտք, գաղափար, առաջարկ, որ չի բխում ու չկա ներկաների պատկերացումներում: Միջնադարյան ինկվիզիցիան խոնարհվում է այս ռացիոնալիզմի առաջ: Մտածող մարդը մնում է անպաշտպան ու չհասկացված, որովհետև հիմա մտածելը մոդայիկ չէ: Մոդայիկ է կամ փառաբանելը իշխանություններին, կամ դատափետելը: ՈՒ հասել ենք հավատի հիմքերը քանդելուն` հայ եկեղեցու պատմություն առարկան դարձնելով առիթ, իրականում քանդելով հայի ինքնության հիմքերը: Պարզվում է` Սահմանադրությունը սխալ է, օրենքը սխալ է, ամեն ինչ սխալ է, պետք է փոխել, փոխել, փոփոխել, որովհետև … Աստվածաշունչը հրեաների պատմություն է ու մեզ հետ կապ չունի, քահանաները իրավունք չունեն մտնել դպրոց ու քրիստոնեություն քարոզել: Ազգայինը հայոց լեզվի ու գրականության վրա ստեղծվող մշակույթն է: Ոչինչ, որ այդ տրամաբանությամբ` Նարեկացուց Կոմիտաս ապազգային են դառնում: Ոչինչ, որ «մի քանի հրեաների պատմությունը» վաղուց համաշխարհային ու համամարդկային պատմություն է ու այսօր ընդամենը աղանդավորական հարձակում է կատարվում հայ առաքելական եկեղեցու վրա` պետության հիմքերը քանդելու համար: «Հայր մերը» դպրոցում հնչեցնելը դառնում է քրեական հանցանք, առաջարկվում է հավասար իրավունք տալ «Հայր մեր»-ին ու նամազին, որովհետև դա են պահանջում կրոնների հավասարությունը ու խղճի ազատությունը: Եվ իրենց շատ լուրջ տեսք տված մարդիկ եթերից հայտարարում են, որ եթե եկեղեցին ու պետությունը առանձին կառույցներ են ու Հայաստանն աշխարհիկ պետություն է, քրիստոնեություն չպիտի քարոզվի Հայաստանում: Հաջորդ քայլով նույն այդ մարդիկ պահանջելու են աղանդների ու մահմեդականության քարոզ` խղճի ազատությունից ելնելով: Հետո՞: ՈՒ՞ր ենք հասնելու այս ազատությամբ ու այս անուղեղությամբ: Մշակութային հեղափոխությունը դեռ որքա՞ն ենք նույնացնելու մշակութային անարխիայի հետ: Դեռ որքա՞ն ենք խոսելու մեգաարժեքներից, երբ ինքներս մեզ համար չենք պարզել արժեքի ու գնի տարբերությունը:

Չափազանց հեշտ է ապրիորի դատողություններ անել խմբակային արժեհամակարգից մարդակենտրոն արժեհամակարգին անցնելու անհրաժեշտության մասին: Գլոբալ դատողություններ` լոկալ եզրակացությունների չհասնելով: Որովհետև հենց հասնում ենք եզրակացություններին, պարզվում է` կոնկրետ մարդը իր խնդիրներով ոչ մեկին չի հետաքրքրում, բոլորը գիտեն նրա պարտականությունները, ոչ ոք պատրաստ չէ ճանաչել իրավունքները: Աշխատանքի: Սովորելու: Հանգստի: Բուժվելու: Պարզապես ապրելու: ՈՒ` նույնիսկ մեռնելու: Պատճառները չասեմ:


ՈՒ եթե այդքան օրինակ են բերում «մի քանի հրեաների» պատմությունը, գոնե հասկանու՞մ են, որ Հիսուս Քրիստոս ծնած ու խաչած հրեաները պահպանեցին հուդայականությունը ու քրիստոնյա չդարձան, որ ինքնությունը չկորցնեն ու կուլ չգնան քրիստոնեության մեջ, որովհետև պետություն չունեին ու մահմեդական շրջապատում էին ապրում հազարավոր տարիներ, և ուզում էին պետականությունը վերականգնել ու Սողոմոնի տաճարը վերականգնել, որ երբեք չեն անելու, որովհետև տաճարի տեղում այսօր մուսուլմանական Ալ Աքսա մզկիթն է: Ինչքա՞ն կարելի է աշխարհից կղզիանալ ու պատկերացնել, որ աշխարհում միայն մեկ երկիր կա` Հայաստանը, ու Հայաստանը պետք է ազատ լինի: Ինչի՞ց, ումի՞ց: Հավատի հիմքերի վրա ցանկացած հարձակում հարձակում է հենց Հայաստանի ազատության ու ինքնիշխանության վրա: Վստահաբար` եթե Հիսուսը հայ լիներ, նորօրյա «ազատության» պաշտպանները հայտարարելու էին, որ 2019 տարվա պատմությունները միֆեր են, որոնց հավատալը այսօր դեմ է գիտությանը, բանականությանը ու անգամ ինքնությանը, որովհետև 2019 տարում մարդը փոխվել է ու նրա համար կանոնիկ ճշմարտություններ չեն ինչ-որ ժամանակ եղած, թե չեղած նախնիների պատմությունները: ՈՒ նրանք պատրաստ են հրապարակավ Աստվածաշունչն էլ այրել` ապացուցելու, որ «մի քանի հրեաները» հեռավոր ու անիրական անցյալ են ու մեր օրերի հետ ու մեզ հետ կապ չունեն: Իրականը իրենք են ու իրենց հերձվածողությունը: Բոլշևիկներն էլ էին եկեղեցիները քանդում ու թալանում, հոգևորականներին սպանում ու վտարում: Միայն 1941-ին «Ժողովուրդների հայրը» թույլատրեց պահպանված եկեղեցիների դռները բացել: Տեղ-տեղ: Որովհետև համոզվեց, որ Աստծուն ոչնչով չի կարողացել փոխարինել նույնիսկ ինքը: ՈՒ մարդկանց հավատ է պետք: ՀԱՎԱՏ: Հիմա ի՞նչ` պարտադիր է ամեն դարասկիզբ սկսել աստվածամերժությա՞մբ, որ դարակեսին հասնենք աստվածահայտնությանը: 2019 տարի հետո: Նույնիսկ պրիմատներն ավելի խելոք են: Համեմատությունը սխալ է` պրիմատներն այնքան խելոք չեն, որ նրանց վարձեն ու վճարեն: Նրանք անկաշառ են: Մարդը` ոչ: Այսքանը` համենայն դեպս:


Անցած շաբաթ կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվեց Աժ և հաստատվեց կառավարության կառուցվածքը` 12 նախարարություններով: ԼՀԿ-ն վերապահումներ ունի նախագծի նկատմամբ, ԲՀԿ-ն դեռ ծանոթանում է, ՔՊ-ն կպաշտպանի իր բոլոր պատգամավորներով: Համարեք` ծրագիրը ընդունված, առավել ևս որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզակի հաստատակամություն ունի որևէ առաջարկ չընդունելու` թե ծրագրի, թե կառուցվածքի դեպքում: Համարեք` ամեն ինչ իդեալական է: Համարեք, որ ծրագրում չկա թիվ, բայց էականը ոգին է: Իսկ ոգին ինքն իրեն գերազանցել ու իր գլխից բարձր է ցատկել: Համարեք նույնիսկ, որ իր նախընտրած կառուցվածքով կառավարությունը ի վիճակի է իր ոգեղեն ծրագիրը 5 տարում իրականացնել: Մեկ է` չկա թիվ ու չկան ժամկետներ, որ 2020-ին կամ 2021-ին որևէ տկարամիտ կամ քաղաքական տհաս օրինակ բերի ու հարցնի` ինչու՞ չեք կատարել: Իսկ ոգուն հարցեր չեն տալիս: Ոչ էլ պատասխաններ են ստանում:
Համարեք նաև, որ Հայաստանում ավարտվում է ճահճացման դարաշրջանը ու հեղափոխական զարգացումները կասեցնել գործնականում հնարավոր չէ: Իսկ կրճատումնե՞րը: Դա օբյեկտիվ ռեալություն է: Ի վերջո, ու՞մ համար է գաղտնիք, որ տասնամյակներով պետական կառավարման համակարգը ուռճացվել է ու դարձել պետական գանձարանի տզրուկ: Ոչինչ, որ հազարավոր պատահականների հետ աշխատանքից կազատվեն հարյուրավոր անհրաժեշտները` տաշած քարը գետնին չի մնա: Կարո՞ղ է Հայաստանի գետինը չլինի: Իհարկե կարող է` Հայաստանը ուղեղների դոնոր է այն երկրների համար, որտեղ գնահատվում են միտքն ու փորձը, որտեղ ինքնարտահայտման պայմաններ են ստեղծվում ոչ միայն սեփական քաղաքացիների համար: Մենք կշարունակենք ներգաղթ քարոզել: Հընթացս էլ` կպահանջենք ներդրումներ: Որովհետև թավշե հեղափոխությունից հետո տնտեսական հեղափոխություն ենք անում: Հետո ի՞նչ, որ կառավարության ծրագրում տնտեսական հեղափոխության նախադրյալներ չկան: Տես` ոգին:

Իսկ ներդրումներ կան ու կլինեն, որովհետև չեն կարող չլինել: Կոռուպցիան վերացվա՞ծ է: Վերացված է` 1: Հայաստանը ինքնիշխան երկի՞ր է` անկախ արտաքին ու ներքին քաղաքականությամբ: Այո` 2: ՈՒնի՞ անկախ դատական համակարգ: ՈՒնի` 3: Կա՞ լեգիտիմ իշխանություն, ու լեգիտիմ իշխանությունն ունի՞ քաղաքական կամք: Կա և ունի` 4: Աշխարհում Հայաստանն ունի՞ կայուն զարգացող ու կանխատեսելի երկրի համբավ: Իհարկե` 5: Վերացվա՞ծ են մոնոպոլիաներն ու ազատ մրցակցություն կա՞: Ընդմիշտ` 6: Սփյուռքը պատրա՞ստ է իր ֆինանսներով հայրենադարձության: Միանշանակ` 7: Զրպարտություն է, որ ոչ մի խելքը գլխին բիզնեսմեն չի գա մի երկիր, որտեղ ձախողվել են «Լիդիան Արմենիանը», «Սանիթեքը», «Վեոլիա ջուրը», «Թեղուտը»… Զրպարտություն է, որ կառավարությունը չգիտի` ո՞րն է գերակա` բնապահպանությու՞նը, թե՞ արդյունաբերությունը: Չգիտի` որ կա միաժամանակ բնությունը պահպանելու ու արդյունաբերությունը զարգացնելու տարբերակ:

Զազրելի զրպարտություն է, որ մեծ ընկերությունների համար Հայաստանը փոքր շուկա է ու հետաքրքրություն չի ներկայացնում. Հայաստանը իր տրամադրության տակ ունի ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի ծովածավալ շուկաները: Հետո ի՞նչ, որ դա ընդամենը տեսություն է: Ավելի զազրելի զրպարտություն է, որ անցած ամիսներին արտասահմանյան բազում ընկերություններ մեծ գումարներ են կորցրել ու հայտնվել իրավապահների տեսադաշտում, և ոչ ոք նրանց հոդաբաշխ պատասխան չի տալիս` դեռ ինչքա՞ն է անորոշության դժոխքը տևելու ու ինչքա՞ն գումար են դեռ կորցնելու: ՈՒ արդեն ոչ թե զրպարտություն, այլ պետական դավաճանություն է հարցնել` այլևս չարիք չէ՞ սուպերվարչապետական համակարգը: Ոչ, իհարկե, հարկավ ու միանշանակ, ընդհանրապես չարիք չէ: Չի կարելի արկածախնդրության գնալ ու սուպերիշխանությունը վստահել անփորձ խորհրդարանին կամ 12 առաքյալներին` նախարարների տեսքով: Չի կարելի ոտքի վրա հեղափոխություն անել` տարիների ընթացքում, մաս-մաս, աննկատ, աստիճանաբար, անցնցում, մտածված, հավասարակշռված, նպատակային ու անշտապ ամեն ինչ կարվի: Հետայսու փոփոխությունները պետք է լինեն միայն ու միայն էվոլյուցիոն և ոչ մի դեպքում ռե-էվոլյուցիոն: Հասկացա՞ք: ՈՒ ընդհանրապես` դուք հեղափոխակա՞ն եք, թե՞ հակահեղափոխական: Եթե ոչ մեկը, ոչ մյուսը, սոսկ միջին վիճակագրական հայ եք ու կարծում եք, որ տեսակետի իրավունք ունեք, խորապես մոլորված եք: Լռեք ու ոտատակ մի ընկեք ձեր կարծիք-մարծիքներով, ձեր տեղը գիտեն, պետք եղավ` կկանչեն ու կհարցնեն` «Ժողովուրդ ջան…»: Ձեր առաջարկները` այս նախարարությունը մի փակեք, այն նախարարությունը մի միացրեք ու, որ ահավոր է` ջրային ռեսուրսների կառավարման, ատոմային էներգետիկայի կամ հանքարդյունաբերության նախարարություններ ստեղծեք, եթե տնտեսական զարգացում եք ակնկալում, ոչ մեկին պետք չեն: Այնպես որ` երբ ստոր քահանաներն ասում են, որ դրախտ դեռ պետք է ընկնել, ստում են` դրախտը երկրի վրա է ու… Հայաստանն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ որպեսզի այս ամենը հենց այսպես չլիներ, կառավարության կառուցվածքում պետք է լիներ 13-րդ նախարարությունը` տեղեկատվության ու քարոզչության: Բայց ի՞նչ նախարարություն, երբ կան ֆեյքերն ու լայվերը: Դրախտի տոմս գնեք:

Դիտվել է՝ 2054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

n_compact">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն