Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հաղորդման հաջորդ օրն արդեն մեզ մատնացույց էին անում, հետո՝ ավելի ու ավելի»

«Հաղորդման հաջորդ օրն արդեն մեզ մատնացույց էին անում, հետո՝ ավելի ու ավելի»
05.04.2019 | 04:01

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ապրիլի մեկին՝ «Ծիծաղի միջազգային օրը», տեղի ունեցավ «Միացրեք 13-րդ ալիքը» զվարճալի հաղորդաշարի ստեղծման 50-ամյակին նվիրված միջոցառում:


«Ապրիլի մեկը «Ծիծաղի միջազգային օրն է», նախկինում, հիմա էլ, ասում են՝ խաբելու օրը: Եվ ծիծաղի օրը հեռուսատեսությամբ ծիծաղի օրվան նվիրված երգիծական ծրագրեր էին լինում: Հիշում ենք ծրագրերը, որոնց մասնակցում էին մեր Ֆրունզիկ Մկրտչյանը, Արմեն Խոստիկյանը, Կիմ Երիցյանը... այսինքն, երգիծանքի ծաղկաբույլը,- իր խոսքն այսպես սկսեց դերասան, լրագրող, «Միացրեք 13-րդ ալիքը» հաղորդման հեղինակ ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ:- Եվ հանկարծ 1969 թվականին եթեր են մտնում Երևանի Բրյուսովի անվան ինստիտուտի ՈՒՀԱ-ի ուսանողները՝ ունենալով մեծ հաջողություն: Հաղորդման հաջորդ օրն արդեն մեզ մատնացույց էին անում, հետո՝ ավելի ու ավելի: Այն ժամանակ աստղեր չկային, աստղ չէին ասում անգամ Գոհար Գասպարյանին, այսօր բոլորն աստղեր են, ու ցավալի է, որ այդ բառը կորցրել է իր իմաստն ու նշանակությունը»:


«ՈՒրախների և հնարամիտների ակումբի» (KBH, կազմակերպիչ՝ երիտասարդ դասախոս Նորա Ղուկասյան) հիման վրա ստեղծված «Միացրեք 13-րդ ալիքը» զվարճալի հաղորդումից հետո հեռուստատեսային երգիծանքը տարածվում ու դառնում է երգիծական ծրագրերի հիմնական ձևը: Ցավոք, այն տարիներին չի եղել տեսագրություն, և հեռուստատեսային պատմության մեջ կարևոր նշանակություն ունեցող այդ հաղորդումը չի պահպանվել: Սակայն ինստիտուտի պրոռեկտոր Յուրի Մռավյանը հեռուստացույցից ձայնագրել է տեքստը և նվիրել Գարիկ Ղազարյանին: Այդ ձայնագրության հիման վրա 2009-ին, հաղորդման 40-ամյակի օրը, Անանիա Շիրակացու անվան ճեմարանում Գարիկ Ղազարյանը մեծ շոու-ծրագիր է կազմակերպում: Մասնակցում են նրա ուսանողական ընկերները, ճեմարանի գործընկերները, թատերական ստուդիայի սաները, նաև վաղեմի բարեկամը՝ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: Այդ հին ձայնագրությամբ ու նոր տեսագրությամբ պատրաստված հաղորդումները ներկայացվեցին «13-րդ ալիքը 50 տարեկան է» միջոցառման հյուրերին: Եղան նաև հումորային ելույթներ, ողջույնի խոսքեր:


Դերասանուհի ՋՈՒԼԵՏԱ ԲԱԲԱՅԱՆՆ ասաց, որ ներկա է եղել հաղորդման 40-ամյակին, ներկա է 50-ամյակին, հույս հայտնեց, որ 100-ամյակին էլ կմասնակցի: Նշեց, որ Գարիկ Ղազարյանը երկար տարիներ ղեկավարել է «Երգիծանք ու հումոր» ռադիոհաղորդումը, որին ինքն էլ հաճախ մասնակցել է. «Եվ այդ ժամանակից մինչ հիմա՝ շուրջ 50 տարի, մենք ընկերներ ենք: Ես կուզեի, որ ավելի ընդգրկուն դառնար քո գործունեությունը, նոր հեռուստահաղորդումներով ներկայանայիր, որովհետև այսօրվա հումորը, գիտեք, ինչպիսին է դարձել»:


Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի տնօրեն ԱՇՈՏ ԱԼԻԽԱՆՅԱՆԸ «13-րդ ալիքի» մեծ երկրպագուն է: Նրա կարծիքով ապրիլի մեկը՝ հաղորդման եթեր հեռարձակելու օրը, Գարիկ Ղազարյանի երկրորդ ծննդյան օրն է. «Նրանք, ովքեր 1969-ին ինձ պես 15 տարեկան էին կամ գոնե 12, ինձ շատ լավ կհասկանան, որովհետև մեկ օրում Գարիկը դարձավ մեր խոսակցության հիմնական նյութը: Կրկնում էինք, ուղղակի անգիր էինք արել հաղորդման ժամանակ հնչած բոլոր ռեպլիկները: Ճակատագիրը մեզ միացրեց 1990-ին՝ ճեմարանի ստեղծման օրը: Գարիկը Հայկուհի Խուդավերդյանի հետ եկել էր մեզ ողջունելու: Ապշել էի, մոտեցա, ասացի, որ լավ հիշում եմ իրեն, ու այդ օրվանից նա դուրս չեկավ ճեմարանից: Ստեղծեց թատերական ստուդիա, որը մինչ օրս ակտիվորեն գործում է»: Աշոտ Ալիխանյանն ընթերցեց հաղորդման 40-ամյակի առիթով իր գրած տեքստը: Խոստովանեց, որ գրելու հատուկ ձիրք չունի, առաջին փորձն էր, բայց բոլորը վկայել են, որ հաջողված է, դահլիճը թնդացել է ծիծաղից ու ծափահարություններից: Եզրահանգեց՝ այն, ինչ սրտից է գալիս, արժեք ունի:


Գարիկ Ղազարյանը երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում, ռադիոյում, պատրաստել է հեղինակային ծրագրեր («Երգիծանք և հումոր», «Եթեր 40», «Կադրում և կադրից դուրս», «Նախաբեմ», «Օթյակ»), խաղացել է թատրոնում, հեռուստաներկայացումներում: Դասավանդել է «Անանիա Շիրակացի» ճեմարանում, այդ ուսումնական հաստատության թատերական ստուդիայի հիմնադիր-ղեկավարն է: Սակայն նրան ավելի շատ հիշում են որպես «13-րդ ալիքի Գարիկ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ