Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե հավատանք, որ Քրիստոս աշխարհ եկավ

Եթե հավատանք, որ Քրիստոս աշխարհ եկավ
12.04.2019 | 00:34

Երբ ապաշխարությունը, զղջումը և մեղքերի խոստովանությունը ամբողջական են, մեղքերի թողությունը դառնում է կատարյալ, սակայն առանձնակի թերի է, քանզի տարբեր են:
Մեկը կարող է զղջալ իր գործած մեղքերի կամ հանցանքների համար և խոստովանել, թե մեղք կամ հանցանք է գործել, սակայն մնա առանց ապաշխարելու։ Օրինակ, մեկը կարող է մարդ սպանել և բանտ նետվել և բանտի մեջ չարաչար զղջալ ու ցավ զգալ իր արածի համար, բայց սա չի նշանակում, որ ապաշխարեց։


Մենք մեր առօրյա կյանքի ընթացքում շատ բաներ ենք անում և շատ բաներ խոսում, որոնց համար զղջում և ասում ենք. «Երանի՛ այդպես չանեինք կամ չասեինք»։ Բայց այս «երանին» երբեք ցույց չի տա, որ մենք ապաշխարել ենք։ Մեր գործած մեղքի համար զղջալն ու ցավ ապրելը տարբեր բաներ են, իսկ անդրադառնալը մեր մեղավորության աստիճանին և դարձի գալը՝ ուրիշ բան։ Ադամն ու Եվան զղջացին իրենց գործած մեղքի համար և խոստովանեցին, թե մեղք են գործել, սակայն, երբեք դարձի չեկան ու չապաշխարեցին։


Երբ Աստված Եգիպտոսին կարկտով պատժեց, փարավոնը իր մոտ կանչեց Մովսեսին ու Ահարոնին և նրանց ասաց. «Այս անգամ մեղանչեցի. Աստված արդար է, և ես ու իմ ժողովուրդը հանցավոր ենք» (Ելք. 9;27)։ Առաջին` փարավոնը խոստովանեց իր մեղք գործած լինելը, երկրորդ` հայտարարեց Աստծո արդար լինելը, և երրորդ` ընդունեց իր և իր ժողովրդի հանցավոր լինելը, հակառակ այս ամենին, գիտենք, որ նա երբեք չապաշխարեց։
Երբ Հուդա Իսկարիովտացին Հիսուսին մատնելուց հետո տեսավ, որ Նա դատապարտվեց, «զղջաց և իր ստացած երեսուն արծաթ դրամը» քահանաներին վերադարձրեց և նրանց ասաց. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ 27:3-4)։ Ճի՛շտ փարավոնի նման, Հուդան ինքը ևս զղջաց իր արածի համար, խոստովանեց իր մեղավոր լինելը, հայտարարեց, որ Հիսուս արդար մեկն էր, բայց այս բոլորով հանդերձ, նա այդպես էլ երբեք չապաշխարեց։ Իր ինքնասպան լինելը փաստն է այն բանի, որ նա երբեք էլ իսկապես չապաշխարեց։


Սավուղը Սամուելին ասաց. «Մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ և քո խոսքերը» (Ա Թագ. 15; 24), իսկ Դավթին ասաց. «Մեղք եմ գործել: Վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ» (Ա Թագ. 26; 21)։ Սավուղը հաստատակամորեն զղջում էր իր գործած մեղքերի համար և խոստովանում էր դրանք, բայց դժբախտաբար նա զղջման ու խոստովանության համեմատ չբարեկամացավ ապաշխարության հետ` չապաշխարեց։ Աստվածաշնչից մեջբերված այս բոլոր օրինակները մեզ ցույց են տալիս, որ ապաշխարելը մեր գործած մեղքերի համար ցավ զգալը չէ, այլ զղջման հետ միասին աղոթքով, պահքով, խոստովանությամբ մաքրվելը` այլևս մեղք չգործելու մտադրությամբ: Ապաշխարել նշանակում է՝ փորձել ձերբազատվել աշխարհային մտածողությունից, մեղավոր և սատանայական մտածումներից։ Ապաշխարել նշանակում է՝ դադարել ընկերոջ մասին վնասակար ու վտանգավոր բաներ մտածելուց և սկսել դրական բաներ խորհել նրա մասին։ Ապաշխարությունը նաև նշանակում է «հետդարձ» կամ «ընթացքի փոփոխություն»։ Հետդարձ ասելով` հասկանում ենք կանգ առնել մեղավոր կյանքի ճանապարհից և սկսել հակառակ ուղղությամբ քայլել։ Այս իմաստով, ապաշխարել նշանակում է դադարել դեպի չարը ու դեպի երկրայինը քայլելուց և սկսել քայլել դեպի Բարին և դեպի երկնայինը։ Եթե ապաշխարությունը հետդարձ է մեղսալից կյանքից դեպի անմեղության կյանքը` Հիսուսի կյանքը, ապաշխարելը մեր կյանքի ուղղությունը և ընթացքը փոխելն է։
Եթե զղջմանը չընկերանա անկեղծ ապաշխարությունը, երբեք չենք շահի։ Անառակ որդին զղջաց իր արած քայլի համար և խոստովանեց իր մեղավոր լինելը, բայց այդ բոլորով չբավարարվեց։ Նա նաև ճշմարիտ հետդարձ կատարեց դեպի հայրենի տունը և ապրեց։ Նա դարձավ դեպի իր հայրը։ Ապաշխարությունը, հետևաբար, իրական կլինի միայն ա՛յն ժամանակ, երբ դառնանք Աստծուն և փոխենք մեր կյանքի ընթացքը։
Դավիթ մարգարեն մեղք գործեց, և Աստված Նաթան մարգարեի միջոցով նրան հանդիմանեց։ Դավիթը Նաթան մարգարեին ասաց. «Տիրոջ դեմ մեղք գործեցի» (Բ. Թագ 12;13)։ Դավթի այս խոստովանությանը ընկերացավ սրտի դառը զղջումը։ 51-րդ Սաղմոսը ամբողջությամբ ներկայացնում է Դավթի զղջումն ու ապաշխարությունը։


Ապաշխարությունը պետք է հիմնված լինի Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատքի վրա։ Եթե հավատանք, որ Քրիստոս աշխարհ եկավ և իր Արյունը թափեց մեր մեղքերը սրբելու համար, պետք է դադարենք կամավորապես մեղանչելուց։ Պետք է ատենք այն, ինչն ատելի է Քրիստոսի համար, այսինքն՝ մեղքը, և հավատքով փարվենք Նրան։ Միայն սրտանց զղջումով, ճշմարիտ ապաշխարությամբ ու խոստովանությամբ է, որ մենք կարող ենք մաքրվել մեր մեղքերից և Տիրոջ շնորհով զարդարված, հավատքի ճանապարհով ընթանալով, արժանանալ Երկնքի Արքայությանը և հավիտենական բարիքներին: Այնտեղ, որտեղ չկան զղջում և ապաշխարություն, չկա և Աստված, և անխուսափելի է դատաստանը: Մեծ պահքի այս շրջանը մեծ հնարավորություն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որպեսզի պահքի, զղջումի, ապաշխարության միջոցով արժանանա Աստծո ողորմությանը, և Տիրոջ Հրաշափառ Հարության տոնին, խոստովանությամբ քավելով իր մեղքերը, մեկընդմիշտ փոխի իր կյանքի ընթացքը, ապրի բարին ու բարիք գործելով: Սա է միակ ճշմարիտ ու անկրկնելի այն ուղին, որ լի է օրհնությամբ, խաղաղությամբ: Սա այն դուռն է, որ մարդուն դժոխքից դրախտ է առաջնորդում, մեղավորին սրբում է, անօրեններին քավում, հիմարներին իմաստնացնում, տգետներին լցնում երկնային շնորհներով` միավորելով մեկ Եկեղեցու հարկի տակ, որի գլուխն է Քրիստոս, որով և, ազատվելով հավիտենական դատաստանից, արժանանում ենք հավիտենական կյանքին, որ մեր Փրկիչը պատրաստել է հավատավոր զավակների համար, և Նրան վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն։

Ռուսերենից թարգմանեց
տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ