Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Յուվենտուսի» ութերորդ անընդմեջ չեմպիոնությունը

«Յուվենտուսի» ութերորդ անընդմեջ չեմպիոնությունը
23.04.2019 | 03:16

Սրընթացորեն հանգուցալուծման գնացող եվրոպական ֆուտբոլային թոփ առաջնություններն իրար հետևից անցել են այդ նույն առաջնություններում իրենց չեմպիոնների հաղթանակի վավերականության հաստատմանը: Հերթականում «Պարի Սեն Ժերմենին» եկավ ընկերակցելու «Յուվենտուսը», լա լիգայում նույնն անելու համար բան չի մնացել անել «Բարսելոնին»: Խնդիրն անհամեմատ բարդ է բունդեսլիգայում ու անգլիական առաջնությունում, որտեղ թիմերից յուրաքանչյուրից, պատկերավոր ասած, կպահանջվի մինչև վերջին փամփուշտը կրակել, ինչը, բնականաբար, առաջնությունը դարձնում է ավելի ցանկալի ու մրցակցային:

ԱՆԳԼԻԱ
Պոչետինոյի սաների հետ «Մանչեստր Սիթիի» այս դիմակայությունը «քաղաքաբնակների» համար վերջին երեք օրվա մեջ երկրորդ անընդմեջն էր ու դարձյալ հաղթական ավարտով ու դարձյալ մեկ գոլի առավելությամբ: Միակ տարբերությունն այն էր, որ եթե «Տոտենհեմի» հետ այս դիմակայությունում դարպասի ընդամենը մեկ գրանցում արձանագրվեց, Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի այն հանդիպումում գոլերի հեղեղ էր՝ 7, ու եթե մանչեստրյան թիմի այն գոլառատը վերջնահաշվում նշանակեց պարտություն ու դուրս մնալ եվրոպական ակումբայինի հեղինակավոր խաղարկությունից, ապա պրեմիեր լիգայինը փաստեց, որ ներքին առաջնության չեմպիոնության համար պայքարը շարունակում է նույն անողոք ընթացքն ունենալ, ու ամեն ինչ կորոշվի կողմերից մեկնումեկի վրիպման դեպքում: Շտապենք ասել, որ կողմերից մյուսը «Լիվերպուլն» է, որը նույնպես Չեմպիոնների լիգայի խաղարկության մասնակից է ու հակառակ իր վիզավիի՝ տվյալ պարագայում՝ «Մանչեստր Սիթիի», մեկ քառորդի փուլն էլ է հաջողությամբ ավարտել ու դուրս է եկել կիսաեզրափակիչ: Ներքին առաջնության իր բաժին խաղում Յուրգեն Կլոպի սաները «Կարդիֆի» հետ արտագնա մրցակցությունում երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթանակ են տոնել ու նորից գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Լիվերպուլն» ունի 88, «Մանչեստր Սիթին»՝ 86, «Տոտենհեմը»՝ 67 միավոր:
«Կրիստալ Պալասի» հետ խաղում հաղթական ավարտ գրանցելու դեպքում անգլիականի 34-րդ տուրը կարող էր նշանակալի լինել «Արսենալի» համար, սակայն տնային հանդիպումում Հենրիխ Մխիթարյանի թիմը ցավալի պարտություն կրեց 2։3 հաշվով ու չկարողացավ առաջին եռյակից դուրս մղել «Տոտենհեմին»: Արդյունքում այդ բանը կարող է անել նրա պես 66 միավոր ունեցող «Չելսին», որը երեկ ուշ երեկոյան սեփական հարկի տակ ուժերը չափում էր «Բյոռնլիի» հետ:
«Արսենալի» ու «Տոտենհեմի» հանգույն տուրի ձախողակներից էր և «Մանչեստր Յունայթեդը», որի նկատմամբ առանձնահատուկ դաժան եղավ «Էվերտոնը» չորս անպատասխան գնդակի իր հաղթանակով: «Մանկունիացիներն» ունեն 64 միավոր:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի առաջին եռյակը կազմած երեք թիմերն էլ հաղթանակով են ավարտել տուրի հերթականները, ինչը, բնականաբար, անփոփոխ է պահել ոչ միայն թիմերի միմյանց նկատմամբ ունեցած հաջորդականությունը, այլև միավորների տարբերությունը: Մի փոքր առաջ անցնելով ասենք, որ իսպանականում ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ այս երեքն էլ մնալու են մեդալների համար պայքարողների ցանկում, և նրանց այդ բանն անելուն չի կարող լինել խոչընդոտող: Ավելին, դրանք երևի հենց այս դասավորությամբ էլ ավարտեն առաջնությունը: Ինչ խոսք, մի փոքր տարակարծություն կա երկրորդ-երրորդ տեղերի առումով, բայց երևի թե սա էլ նշում ենք սեփական ապահովությունը փաստելու առումով: Եվ այսպես՝ տնային խաղում «Բարսելոնը» 2:1 հաշվով պարտության է մատնել Ռեալ Սոսիեդադին», խաղավարտին մոտ արտագնայում «Աթլետիկոն» երեք միավոր է կորզել համառ դիմադրություն ցույց տված «Էյբարից»՝ 1:0, իսկ «Ռեալը», հյուրընկալելիս, ավելի քան համոզիչ է եղել Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ՝ 3:0:
«Բարսելոնն» ունի 77, «Աթլետիկոն»՝ 68, «Ռեալը»՝ 64 միավոր:

ԻՏԱԼԻԱ
«Ֆիորենտինայի» նկատմամբ տնային խաղում հաղթանակ տոնելով 2:1 հաշվով՝ «Յուվենտուսը», որ արդեն ունի 87 միավոր, ութերորդ անգամ անընդմեջ հռչակվեց երկրի չեմպիոն: Մնացածի նկատմամբ ահա այսպիսի տոտալ գերազանցություն ներքին առաջնությունում, ինչը սակայն թուրինյան ակումբը չի կարողանում նյութականացնել Չեմպիոնների լիգայում ու ինչն էլ, եկեք անկեղծ լինենք, ոչ թե փոքր-ինչ, այլ լավ էլ ստվերում է նրա սկուդետեական նվաճումը: Չմոռանանք, որ Իտալիան Անգլիա չէ, որտեղ ներքին առաջնությունում տոնած հաղթանակն անվիճելի գերազանցություն ունի մնացած խաղարկություններում տոնած հաղթանակի նկատմամբ:
Երրորդ տեղում ընթացող «Ինտերը» բավականին ծանր հանդիպում է ունեցել հյուր ժամանած «Ռոմայի» հետ: Արդյունքում՝ ոչ-ոքի 1:1 հաշվով, ինչը ոչնչով չի սպառնացել աղյուսակում միլանյան թիմի դիրքերի կայունությանը: «Ինտերն» ունի 61 միավոր:
Ինչ վերաբերում է 67 միավորով երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլիին», երեկ այն հյուրընկալել էր «Ատալանտային» ու պիտի փորձեր ապացուցել, որ չի մնացել Եվրոպայի լիգայի մեկ քառորդ եզրափակչի երկու խաղում էլ Լոնդոնի «Արսենալից» կրած պարտության ծանր տպավորության տակ:

ԳԵՐՄԱՆԻԱ
28-րդ տուրում սեփական հարկի տակ Դորտմունդի «Բորուսիայի» ողնաշարը 5:0 խոշոր հաշվով կոտրելուց հետո Մյունխենի «Բավարիան» առաջնությունը չի զիջում ոչ մեկին: Դրան ուղղված քայլ էր հերթականում «Վերդերի» նկատմամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակը, որը, բոլոր դեպքերում, հաղթական երեք միավոր է, անվան դիմաց՝ 70 միավոր:
Մյունխենցիների այս հաղթանակին հաղթանակով է պատասխանել արտագնայում մրցելույթ ունեցած Դորտմունդի «Բորուսիան»՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով «Ֆրայբուրգի» դարպասն ու չեմպիոնության համար պայքարում շարունակելով մեկ միավորով հետ մնալ բավարացիներից:
Վստահորեն տիրանալով բունդեսլիգայի երրորդ հորիզոնականին՝ իր անընդմեջ հաղթանակների շարքն է ավելացնում երկրի անցած տարվա փոխչեմպիոն, անվան դիմաց արդեն 61 միավոր ունեցող «Լայպցիգը», որի մրցակիցը Մյոնխենգլադբախի «Բորուսիան» էր (2:1) արտագնայում, թիմ, որը որոշ ժամանակ առաջ վստահ մրցելույթներ էր ունենում ու ոչ միայն երրորդ, այլև երկրորդ հորիզոնականում էր: Ահա այսպիսի նահանջ:

ՖՐԱՆՍԻԱ
«Մոնակոյի» նկատմամբ սեփական հարկի տակ «Պարի Սեն Ժերմենի» 3:1 հաշվով հաղթանակը, բնականաբար, անակնկալների դասից չէր՝ հաշվի առնելով ներքին առաջնությունում փարիզյան թիմի ունեցած առավելությունը մնացածների նկատմամբ, սակայն առանձնակի հիշատակելի է Կիլիամ Մբապեի հեթ տրիկը, որը չենք կարող առանձնացված չհիշատակել: Երևի թե մի բան էլ անցել է այն ժամանակից, որ այս տաղանդավոր երիտասարդն ուժերը փորձի շատ ավելի մրցակցային առաջնությունում ու այնտեղ էլ հաստատի իր բարձր կարգը: Երկրի չեմպիոնությունը հերթական անգամ նվաճած ՊՍԺ-ն 84 միավոր ունի, խփած գնդակների արդեն 100-ին մոտեցող քանակ՝ 95:
Երկրորդ տեղում ընթացող «Լիլը» հյուրընկալվելիս գոլազուրկ հանդիպում է ունեցել «Թուլուզի» հետ, իսկ երրորդ հորիզոնականն իրենով արած «Լիոնը» երեք միավոր էլ է գումարել ունեցած 56-ին ու վեց նիշով է հետ «Լիլից»: Տնային խաղում «Լիոնը» «Անժի» նկատմամբ առավելության է հասել 2:1 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ