Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարդան Պետրոսյանը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին

Վարդան Պետրոսյանը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին
24.04.2019 | 00:01

Ֆրանսաբնակ հայ դերասան Վարդան Պետրոսյանը հրդեհի մասին տանն է իմացել, առաջին արձագանքը չհավատալն էր, այնուհետև՝ սարսափը: «Թատերական փորձից նոր էի տուն վերադարձել, ընթրում էինք։ Երբ լուրն իմացա, առաջին զգացողությունս այն էր, որ սովորական ֆեյսբուքյան կեղծ լուր է: Հետո սարսափելի ցավ ապրեցի։ Կարծես՝ աչքիս առաջ կորցնում էի ամենամոտ, ամենահարազատ մի մարդու և անկարող էի մի բանով օգնել... Դեպքից հետո դեռ չեմ եղել տաճարում ու հատուկ տեսնելու համար չեմ ուզում գնալ, կարծես՝ զբոսաշրջության։ Պատկերներն արդեն դժվար է նայելը, ուր մնաց ՝ իրականում»,- Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց Վարդան Պետրոսյանը: Անդրադառնալով հրդեհի պատճառներին ու շրջանառվող վարկածներին՝ դերասանն ընդգծեց՝ մարդիկ սպասում են պաշտոնական հայտարարության, ոչ ոք չի էլ կասկածում, որ սա պատահականություն էր։ Նկատառմանը՝ Փարիզի իշխանությունը, քաղաքապետարանը նման անփութություն կարո՞ղ էին դրսևորել 9-դարյա պատմություն ունեցող կառույցի նկատմամբ՝ դերասանը շեշտեց՝ անփութություններ, իհարկե, հնարավոր են, միայն թե, ինչպես ըստ նախկին գլխավոր ճարտարապետի, այնպես էլ մի շարք այլ մասնագետների կարծիքի՝ տաճարի խնամքն ու վերահսկողությունն այնպես էր կազմակերպված, որ անփութության արդյունքներն այսպիսի ծավալուն չէին կարող լինել: «Ինձ թվում է՝ կառավարությունը փորձելու է որպես անզգուշության արդյունք ներկայացնել: Հուշարձանների պաշտպանության բնագավառում աշխատող ճարտարապետներն առայժմ լռում են, քանի որ, որպես պետական պաշտոնյա, այդպիսի հրահանգ են ստացել։ Լռում են նաև ապահովության մասի աշխատողները, հրշեջները... Հրդեհից անմիջապես հետո իր կարծիքը հայտնեց տաճարի վերահսկողության նախկին գլխավոր ճարտարապետը, որն արդեն մի տարի է, ինչ անցել է թոշակի: Դե, նա կարող էր, որպես թոշակառու, իրեն թույլ տալ արտահայտվել ու ասել, որ մի քանի հարյուր տարվա կաղնու փայտը, այն էլ, մշտապես հատուկ մշակումների ենթարկված, չէր կարող այսպես հեշտ վառվել։ Գիտեք, մարդկանց մի մասը մտածում է, որ սա ահաբեկչական արարք է, որ իսլամիստներն են վառել, մի մասն էլ՝ ինչ որ մութ ուժեր: Հայերն էլ իրենց են ուզում տեսնել իրադարձությունների կենտրոնում: Ընդհանուր քրիստոնյա համայնքի համար էլ սա ահազանգ է, կոչ ՝ հավատի, աչալրջության, համախմբման։ Այնպես որ, դժվար է ասել՝ ինչպիսի՞ն է ընդհանուր հասարակական կարծիքը, քանի որ ֆեյսբուքյան «ակտիվիստների» ագրեսիվության պատճառով ստեղծվում է կեղծ, թվացյալ, իրականությանը ոչ համապատասխան կարծիք, և մարդիկ սկսում են վախենալ այլ կարծիք հայտնելուց»,- նշեց մեր զրուցակիցը:


Նոտր Դամի՝ թեկուզ մասնակի խոնարհումը առաջնահերթ ոչ թե ֆինանսական ու մշակութային, այլև՝ հոգևոր արժեքի կորուստ է: Սա նաև Վարդան Պետրոսյանի կարծիքն է։ Նա մատնանշում է՝ հոգևորի կորստյան ականատեսն ենք գրեթե ամենուր, ու այդ վտանգն այսօր դեմոկլյան սրի պես կախված է մարդկության գլխին:
Երկու դարի ընթացքում կառուցված Փարիզի մայր տաճարը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վստահեցմամբ, կվերակագնվի 5 տարում: Այլ հարց է՝ կկարողանա՞ իր հնամյա ազդեցիկությունն ու կենսագրությունը պահել, չէ որ արդեն «խմբագրված» է լինելու: 1831-ին, ֆրանսիացի դրամատուրգ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործությունն էր, որը ոչ միայն մշակութային, այլև՝ հոգևոր նոր շունչ տվեց Ֆրանսիային, ինչու ոչ՝ նաև աշխարհին: Ու գուցե մի նոր Հյուգո՞ է պետք աշխարհին: «Հոգևոր կորստի մասին էր աղաղակում այրվող Աստվածամոր տաճարը: Ինչպիսի՞ն կլինի Նոտր Դամը 10 տարի անց՝ ես չեմ կարող ասել։ Այսօր այն, իհարկե, մնալով հոգևոր կենտրոն, ավելի շատ գործում էր որպես զբոսաշրջության վայր, թանգարան: Տարեկան 13 միլիոն այցելու էր ունենում: Արդեն մտածում էին՝ մուտքը վճարովի դարձնել. Հիշո՞ւմ եք Ավետարանում՝ Հիսուսի մուտքը Երուսաղեմի տաճար, նրա զայրույթի խոսքերը.


«Իմ Հոր տունը աղոթքի տուն է, իսկ դուք դարձրել եք ավազակների որջ»...
Ի՞նչ ասեմ, լսելով խոսակցությունները՝ տպավորությունս այնպիսին է, որ սա ֆրանսիացիների համար ավելի շատ պատմամշակութային, թանգարանային կորուստ է: Ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ կլինի։ Ինչ վերաբերում է Հյուգոյին, աշխարհն այսօր, ցավոք, էլ Հյուգո չի ծնում, այլ՝ հեռուստատեսային աստղեր, թիթեռնիկի պես՝ մի օրվա կյանք ունեցող: Ծնվում են, հազիվ հասցնում մի քիչ կյանքը վայելել ու մեռնում: Նրանց առաջացրած հետաքրքրություններն էլ, հիմնականում, լինում են արտաքին գրավչության. ի՞նչ տաճար, ի՞նչ հոգևոր»,- ափսոսանքով ակնարկեց հայ դերասանը: Վարդան Պետրոսյանը ցավով նկատեց՝ զգում է, որ այս ողբերգությունն իր հետևից նոր, ցավալի իրադարձություններ կբերի: Ու այդ ամենից զերծ մնալու, խուսափելու միակ եղանակն այն է, որ մարդիկ ուշքի գան:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ