Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը

Առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը
07.05.2019 | 03:42

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական տարվա մեկնարկը տրվեց բրիտանական «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով: Երևանում խումբը հանդես եկավ Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլի» հիսնամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործությունները, բրիտանացի մերօրյա ֆավորիտների, Բախ, Սայմըն, Գարֆունկել, «Բիթլզ» և այլն:


«20-րդ հոբելյանական փառատոնը ամփոփում է անցած տարիների նվաճումները և ըստ արժանվույն կներկայացնի մեր երկիրը միջազգային ասպարեզում: Պահպանվելու է այն, ինչը քսան տարի շարունակ առանցքային է եղել՝ բարձրագույն որակ: Հայաստան կգան ուժեր, որոնք կհարստացնեն մեր երկրի մշակութային կյանքը, նոր ճանապարհներ կբացվեն մեր արվեստագետների առաջ, կստեղծվեն համագործակցության կամուրջներ, ինչպես բազմիցս եղել է: Ինչ վերաբերում է նորություններին, իհարկե, կլինեն պրեմիերաներ, հանդիպումներ աշխարհահռչակ մենակատարների ու նվագախմբերի հետ, որոնք Հայաստան են ժամանելու առաջին անգամ»,- մեզ հետ զրույցում նման կարծիք էր հայտնել փառատոնի գլխավոր մենեջեր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական տարվա հերթական համերգը տեղի կունենա մայիսի 13-ին: Առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը: Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ՝ Իվո Պոգորելիչը մեր օրերի դասական երաժշտության, համաշխարհային բեմի նշաձողերից է. «Նրա բացառիկ տաղանդը և վիրտուոզությունը, նորարարությունն ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին` դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաների շարքում: Իվո Պոգորելիչն ընդլայնել է երաժշտական մեկնաբանության հորիզոնները` սահմանելով նոր չափանիշներ համաշխարհային դաշնամուրային կատարողական արվեստում: Նրա համերգները ողջ աշխարհում համարվում են ամենասպասված մշակութային իրադարձությունները»:


Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ցյուրիխի նվագախմբերի հետ: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տողերում` ունենալով ունկնդիրների ամենամեծ քանակը: Պոգորելիչը ձայնագրում է բացառապես «Դոյչե Գրամոֆոն» և «Սոնի» ընկերությունների համար: Նա առաջին դասական երաժիշտն էր, որի ձայնագրությունները հեռարձակվեցին տեխնոլոգիապես բարձրակարգ «Իդաջիո» հարթակով: Հայտնի են Պոգորելիչի բարեգործական և երիտասարդ երաժիշտներին աջակցելու նախաձեռնությունները, նրա անվան հետ են կապված փառատոներ Գերմանիայում և ԱՄՆ-ում, իսկ Փասադենայում անցկացվող «Իվո Պոգորելիչ» մրցույթը սահմանել է աննախադեպ` 100000 դոլարի մրցանակ` ի շահ նորահայտ տաղանդների: Իվո Պոգորելիչը առաջին դասական երաժիշտն է, որը 1988-ին արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բարի կամքի դեսպանի» կոչման:


Հավելենք, որ այս տարին դաշնակահարի համար հոբելյանական է. նշվում են նրա ծննդյան 60- և ստեղծագործական գործունեության 40-ամյակները: Հոբելյանական շրջագայությունները տեղի են ունենում Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Հեռավոր Արևելքում: Իվո Պոգորելիչի մենահամերգին կհաջորդի «Գրեմմի» մրցանակի արժանացած ամերիկյան «Փարքկեր» քառյակի (Parker Quartet) համերգը` մայիսի 28-ին:


Փառատոնի շրջանակում լինելու են նաև կրթական բնույթի ծրագրեր: Հունիսից վարպետության դասեր են նախատեսվում Բյուրականի արվեստի ակադեմիայում: Եկող տարի կմեկնարկի ամառային դպրոցը: Տաղանդաշատ ու հեռանկարային երիտասարդ երաժիշտներին դասավանդելու համար հրավիրվելու են երաժշտական աշխարհի առաջատար մասնագետներ: Երաժշտական այս կրթօջախը կոչված է միջազգային կարգի մենակատարներ պատրաստելու, ինչի համար փառատոնի կազմակերպիչները ջանք չեն խնայում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ