Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլն իրականությունից կտրված ներկայացրեց խայտառակ գրքույկի բովանդակությունը

Նիկոլն իրականությունից կտրված ներկայացրեց խայտառակ գրքույկի բովանդակությունը
14.05.2019 | 01:33

Մայիսի 4-ին Երևանի «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում, ինչպես արդեն հայտնի է, ընդհատվել, ըստ էության, տապալվել է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի պատրաստած «Իմ մարմինն անձնական է» խայտառակ գրքույկի շնորհանդես-քննարկումը, ընդ որում, իրեն տրված հարցին պատասխանելուց հրաժարված միջոցառման կազմակերպչի կամ վարողի՝ նշված ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանի նախաձեռնությամբ։ Ոչ պակաս ուշագրավ է նաև մայիսի 7-ի միջոցառման յուրօրինակ տապալումը…

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանի ղեկավարած «Հոդված 3» ակումբը մայիսի 6-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր հրապարակել «ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ. ինչպե՞ս բարձրացնել պաշտպանվածությունը» վերտառությամբ բաց քննարկման վերաբերյալ։

Արտաքուստ թվում էր, թե թեման էլ դա է, սակայն անմիջապես ներքևում միջոցառման մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը կարդալով, հասկանալի է դառնում, որ քննարկման համար ընտրված մտահոգող թեմայի և խնդրի լուծումը գտնելու հարցադրման ներքո բոլորովին այլ բան է թաքնված, հիշյալ թեման ընդամենը պատրվակ է, իսկ քննարկման կազմակերպչի կամ կազմակերպիչների իրական նպատակը (տվյալ պարագայում կարելի է ասել՝ «փորացավը») բոլորովին այլ է։ Որպեսզի սա ընթերցողներին հասկանալի լինի, մաս-մաս ներկայացնենք հիշյալ տեղեկատվությունը՝ համապատասխան մեկնաբանություններով.
ՄԵՋԲԵՐՈՒՄ. «Մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքույկի շնորհանդեսը և դրա շուրջ իրադարձությունները հանրային լայն արձագանք ստացան։
Նախ գրքի շնորհանդեսի վայր մտան որոշ անձինք և ձվեր նետեցին միջոցառման մասնակիցների ուղղությամբ, իսկ այնուհետև սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում սկսեցին տեղեկություններ տարածել առ այն, որ գիրքն «այլասերվածություն» է քարոզում՝ այսպես նաև թիրախավորելով դրամաշնորհներով աշխատող իրավապաշտպաններին ու նրանց կազմակերպություններին»:


ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. «Նախ գրքի շնորհանդեսի վայր» (իրականում ոչ թե գրքի, այլ գրքույկի, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն և նրա հովանավորի դերում հանդես եկող «Հոդված 3» ակումբը նույնիսկ այս պարզ իրողությունն իրարից չեն տարբերում) մտնելով, որոշ անձինք իրականում ձվեր չեն նետել միջոցառման մասնակիցների ուղղությամբ, գրքույկի շնորհանդեսի վայրում: Այսինքն՝ այն դահլիճում կամ սրահում, որտեղ տեղի է ունեցել այդ խայտառակ հրատարակության շնորհանդես-քննարկումը, չի եղել բողոքի, ընդվզման նշված դրսևորումը, որը, ի դեպ, աշխարհում բավական տարածված է։ Եթե գրքույկի շնորհանդեսի վայր մտած անձինք ձվեր նետած լինեին միջոցառման մասնակիցների ուղղությամբ, ապա գրքույկի շնորհանդես- քննարկումը չէր էլ սկսվի: Բացի այդ, կա հիշյալ քննարկման տեսագրությունը, հետևաբար կարող ենք պնդել, որ «Հոդված 3» ակումբը սուտ, կեղծիք, հերյուրանք է հրապարակել։


ՄԵՋԲԵՐՈՒՄ. «Միջադեպին առաջին անգամ տրվել է նաև հստակ գնահատական պետության մակարդակով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խստորեն դատապարտել է «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը խափանելու փորձը՝ ընդգծելով, որ այն կազմակերպող ՀԿ-ն նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց»։


ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Զարուհի Բաթոյանն ընդամենը պետական բարձրաստիճան պաշտոնյա է, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՀՀ կառավարության անդամ, բայց ոչ ավելին, նա արդեն մեր պետությու՞նն է ներկայացնում, նրա խոսքը (այդ թվում նաև՝ սեքսի ու սեքսով զբաղվելու մասին հրապարակայնորեն ասված խոսքը) պետության մակարդակով ասված խո՞սք է… Ծիծաղելի է, նույնիսկ՝ զավեշտական։ Երկրորդ. Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում «Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը» գրառումը կատարելով, ինչպես ավելի վաղ արդեն նշել ենք, կամ միտումնավոր ապատեղեկատվություն է հրապարակել, կամ ապատեղեկատվություն հրապարակելով, ավելի վաղ ուրիշի հրապարակած ապատեղեկատվության, ստի զոհը դարձել։
ՄԵՋԲԵՐՈՒՄ. «Միևնույն ժամանակ իրավապաշտպանները նշում են, որ «Իմ մարմինն անձնական է» գրքույկի բովանդակությունում չկա որևէ այլասերվածության նշույլ և այն ուղղված է կանխարգելելու երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները»։


ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. հիմա այս մասին, ինչպես նաև սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում որոշ անձանց կողմից հրապարակված այն տեղեկությունների, որ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն գովազդում է պղծություններ, միասեռականություն քարոզող կայք, դրանով իսկ քարոզում է այլասերվածություն, անշուշտ, ոչ ուղղակիորեն։ Ասվել է սա, իսկ թե ով է գրել, որ խնդրո առարկա գրքույկում այլասերվածություն կա, չգիտենք, դա թողնենք գրողների պատասխանատվությանը, եթե, իրոք, նման գրառումներ կան, ապա, ամենայն հավանականությամբ, անտեղյակ մարդկանց կողմից և անտեղյակության կամ էլ մանկապղծությունը այլասերվածության հետ շփոթելու պատճառով, քանզի, ըստ հայտնի հոգեբան Կարինե Նալչաջյանի, «Գիրքն իր մեջ մանկապղծություն է պարունակում. ձևավորում է կա՛մ պղծվողների, կա՛մ պղծողների»։


Փաստն այն է, որ 3-6 տարեկան երեխաների ու նրանց ծնողների համար նախատեսված («Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանի տեղեկացմամբ) գրքույկում հստակ հղում կա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, 2011 թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և համանախագահ, ՀՀ Ազգային ժողովում ս. թ. մարտի 8-ին «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ» հայտարարությամբ հանդես եկած, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերվածների «իրավունքների» պաշտպանությամբ զբաղվող, Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, «Դուք, կանայք, դուք եք տերը ձեր մարմնի վրա» կարգախոսը կամ կոչը հրապարակայնորեն հնչեցրած, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վարչապետի նոր հեռախոսահամարը փնտրող Լարա Ահարոնյանի գլխավորած հիշյալ ՀԿ-ի ստեղծած մի կայքի վրա (հղումը միտումնավոր չենք նշում, որպեսզի չգովազդենք տվյալ կայքը), որը տղամարդու և կնոջ սեռական օրգանները, սեռական հարաբերություններն է տեքստերով ու պատկերներով ամենայն մանրամասնությամբ ներկայացնում, պղծություն (ձեռնաշարժություն) քարոզում։ Որքան էլ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն կամ նրա հովանավորները, պաշտպանները փորձեն արդարանալ և արդարացնել, թե տվյալ հղումը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների ծնողների համար, չկա ու նրանք չեն կարող տալ որևէ երաշխիք, որ տվյալ հղմամբ այդ անամոթ ու պղծություն քարոզող կայք չեն այցելի հենց 5-6 տարեկան երեխան կամ նրա դեռահաս եղբայրը կամ քույրը։
ՄԵՋԲԵՐՈՒՄ. «Թեպետ գրքույկի քննադատները նշում են, որ «սա հայ ավանդական արժեքներին ու ընտանիքի գաղափարի դեմ ուղղված քայլ է»՝ երբեմն անգամ հերքելով ՀՀ-ում երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնության փաստերը, իրականում պաշտոնական վիճակագրությունը շատ դաժան պատկեր է ներկայացնում: ՀՀ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել»:


ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. գրքույկի քննադատները շատ ճիշտ ու միգուցե մեղմ են նշել, «սա հայ ավանդական արժեքների ու ընտանիքի գաղափարի դեմ ուղղված քայլ է», ինչ վերաբերում է ՀՀ-ում երեխաների նկատմամբ սեռական բռնության փաստերը հերքելուն, ապա «Հոդված 3» ակումբը թող որոշակի նշի, թե ով է դա հերքել (որևէ լուրջ, պատասխանատու անձնավորություն տվյալ փաստը չէր հերքի)։
Ցավոք, Հայաստանում եղել են նաև երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքեր (ընդգծենք, որ հիշյալ գրքույկը նշված դեպքերը չի կարող կանխել և երեխաներին բոլորովին սխալ է ուղղորդում), սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում եղած վիճակագրության վերաբերյալ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի, ինչպես նաև «Հոդված 3» ակումբի հրապարակած թվերն ուռճացված են և իրականությանը չեն համապատասխանում։ Ի դեպ, նշված թվերն իր հայտարարության մեջ նույնությամբ մեջբերել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Իսկ ո՞րն է իրականությունը:
Մայիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով հիշյալ գրքույկի շնորհանդեսին, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ու նախարարի հրապարակած թվերը հերքել է նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Ներկայացնելով վերջին 4 տարվա վիճակագրությունը, նա հայտնել է, որ «2016 թվականի ընթացքում անչափահասների նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը եղել է 80 դեպք, 2017 թվականի ընթացքում` 71 դեպք, 2018 թվականի ընթացքում` 50 դեպք:


Մասնավորապես 2018 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում եղել է այդպիսի 19 դեպք, իսկ 2019 թվականի ընթացքում 14 դեպք, այսինքն հինգ դեպքի նվազում է եղել և տարիների ընթացքում դեպքերի նվազում ունենք»,- ասել է նա:
Ավելին, հիշյալ աղբյուրի տեղեկացմամբ, Նելլի Դուրյանը օրինակ է բերել, որ «նախկինում ձեռնարկ էր տրամադրվել ՀԿ-ի կողմից, որը բացատրում էր թմրամիջոցների տեսակները, օգտագործման ձևերը և նախատեսված էր բարձր դասարաններում ուսումնասիրելու համար»:
«ՈՒսումնասիրվեց և ակնհայտ դարձավ, որ հակառակ էֆեկտը կունենա, ազդեցությունը ավելի վատ կլինի, և երեխաները կիմանան թմրանյութերի օգտագործման ձևերը: Նույնը նաև ինտերնետային խաղերին է վերաբերում»,- ասաց նա»:


Ընդգծենք, որ ճիշտ այդպիսին էլ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի պատրաստած «Իմ մարմինն անձնական է» խայտառակ գրքուկն է, որը կարող է հակառակ արդյունքն ունենալ՝ երեխաների շրջանում իրենց սեռականության նկատմամբ վաղաժամ և անառողջ հետաքրքրություն առաջացնելով։
«Հոդված 3» ակումբի հրապարակած տեղեկատվության մեջ նշված էին քննարկման բանախոսները՝
«ԱԻԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար, Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ
ՄԻՐԱ ԱՆՏՈՆՅԱՆ, Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն
ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱԲԵԿՅԱՆ, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար»։
Նշված ակումբը քննարկումն ավելի ներկայացուցչական ու լրագրողների համար գրավիչ դարձնելու նպատակով, սակայն առանց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (որի անվանումն էլ է սխալ գրել՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի պաշտպանության) հետ համաձայնեցնելու, որպես քննարկման բանախոսներ ներկայացրել էր նաև նշված հաստատությունների ներկայացուցիչներին, նրանցից յուրաքանչյուրի պարագայում փակագծերում նշելով՝ «ենթակա է հաստատման»։ Սակայն, քանի որ վերոնշյալ հաստատությունների ներկայացուցիչներից որևէ մեկը, կարծում ենք, ողջախոհ լինելով ու խելամտորեն, չի հաստատել քննարկմանն իր մասնակցությունը, «Հոդված 3» ակումբի համակարգող թիմը հետաձգել է քննարկումը ու նույն տեղում հրապարակված տեղեկատվությամբ հայտնել, որ միջոցառման օրվա մասին կտեղեկացնեն վերոնշյալ կառույցների հաստատումն ունենալուց հետո։


Ավելորդ չենք համարում մեջբերել հիշյալ քննարկման վերաբերյալ հայտարարության ներքո «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջի օգտատերերից 1-2-ի մեկնաբանությունները։
«Վերացրեք բռնություն առաջացնող պատճառները-մաքրեք հեռուստաեթերը,- գրել է Մինաս Նովշադյանը։- Եթե չեք վերացնում պատճառը, հետևանքի հետևից ընկնելով ոչնչի չեք հասնի»։
Օգտատերիերից մեկ ուրիշը՝ Tovmas Badalian-ը, գրել է. «Իսկ ձեզ ով է ասել, որ ինքնագլուխ, առանց հանրային քննարկման, ծածուկ հրատարակեք այդպիսի գիրք ...»։


ԱԺ-ի նույնիսկ «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է հիշյալ գրքույկը համարել մանկավարժական ու մասնագիտական նորմերին չհամապատասխանող: «Զարմանալի է», որ մայիսի 8-ին հրավիրած մամուլի ասուլիսում անդրադառնալով հանրային մեծ քննադատության արժանացած «Իմ մարմինն անձնական է» խայտառակ գրքուկին, դրանում որևէ արտառոց կամ դատապարտելի բան չտեսավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշյալ գրքույկին ծանոթանալով հանդերձ, կամ չի հասկացել այն, ինչ հասկացել և մայիսի 6-ին Ֆեյսբուքի իր էջում կատարած հայտարարությամբ արտահայտել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կամ էլ հասկանալով հանդերձ, նախընտրեց չհասկացողի դերում հանդես գալ, շեղվել բուն խնդրի էությունից, իրականությունից կտրված ներկայացնել այդ խայտառակ գրքույկի բովանդակությունը և նույնիսկ անուղղակիորեն քննադատել գրքույկը քննադատողներին:
Ընդգծելով, որ երեխայի լավագույն շահն առաջնահերթ է ցանկացած իրավիճակում, Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ «ուսումնասիրել է հանրային այն քննարկումները, որոնք հաջորդել են երեխաների սեռական դաստիարակությանն առնչվող գրքի քննարկմանը նվիրված միջոցառմանը»: Նկատի ունենալով երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունները, պաշտպանը գրել է. «Այդ ոտնձգություններից երեխաների պաշտպանության գրավականներից է թե՛ ծնողների, թե՛ երեխաների իրազեկվածությունը՝ վերջիններիս տարիքային զարգացմանը համահունչ»: Ամեն ինչից զատ, ահա հենց այդ սկզբունքը կամ հանգամանքն է, որ կոպտորեն անտեսվել է է 3-6 տարեկանների համար նախատեսված հիշյալ գրքույկում ու դրանում վատ բան չտեսած ՀՀ վարչապետի կողմից:
«Ակնհայտ է, որ երեխաների դաստիարականության հարցերը զգայուն են և մեր հասարակությունում հատուկ ուշադրության ներքո են,- գրել է պաշտպանը:- Իրազեկման աշխատանքներն ինքնին կարևոր են, սակայն յուրաքանչյուր դեպքում նման պատասխանատու աշխատանքները պետք է նախապատրաստել, կազմակերպել և իրականացնել այնպես, որ դրանք հանրային նման արձագանքի կամ լարվածության առիթ չդառնան»։ Լավ կլիներ, որ վարչապետը սա էլ հասկանար, քանի որ, ինչպես հայտնի է, հիշյալ ՀԿ-ի նախաձեռնած «իրազեկման աշխատանքները» հանրային խիստ բացասական ու մեծ արձագանքի և լարվածության առիթ հանդիսացան:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ