Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մոռացել են, որ իշխանություն են ու իրենք իրենց դեմ գործողություններ են անում»

«Մոռացել են, որ իշխանություն են ու իրենք իրենց դեմ գործողություններ են անում»
31.05.2019 | 01:57

«Քաղաքական դաշտում միշտ էլ եղել ու լինում են վերադասավորումներ, բայց այս տեսակի խորհրդարան չէի սպասում»,- «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նախկին պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ, նշելով՝ թեև երկրում այսօր արհեստածին հանդարտություն կա, բայց անընդհատ նոր իրադարձության ես սպասում, որ կարող է սարսափ առաջացնել. թվում է` խաղաղություն ու հանդարտություն է տիրում, բայց անբացատրելի ներքին տագնապ կա, անհասկանալի շրջափուլում ենք ապրում, կարծես մի ինքնաթիռի մեջ ենք հայտնվել, և անհայտ է` ովքեր են օդաչուները և ուր են տանում մեզ:

-Նոր իշխանության երիտասարդ կադրերը Ձեզ հույս ներշնչու՞մ են, և ճի՞շտ մոտեցում է սխալներն ու վրիպումներն արդարացնելու համար անընդհատ ասել, թե նոր են, կսովորեն:
-Ի՞նչ է նշանակում` թողեք սովորեն, ու՞մ հաշվին սովորեն, իսկ գուցե ու՞շ լինի, մինչև սովորեն: Երկրի կառավարումը փորձադա՞շտ է: Նախկին իշխանությունների ժամանակ միմյանցից կտրված երկու տարբեր հասարակություն էր առաջացել, վերևի շերտը տեղյակ չէր ներքևի շերտից, ու հենց դա եղավ պատճառը, որ նոր իշխանություն հաստատվեց: Բայց նույնիսկ 301 թվին, երբ հայ ժողովուրդը քրիստոնեությունը որպես պետական կրոն էր ընդունել, Գրիգոր Լուսավորիչը հեթանոսական որոշ տոներ դարձրեց եկեղեցական, որ ժողովուրդը դեպի նոր կրոն, դեպի եկեղեցի տանելը հեշտ լինի: Այսինքն՝ անցյալի ու ներկայի կապը միանգամից չկտրվի: Նմանատիպ քայլերով և կամաց-կամաց նա հասավ իր նպատակին, հայ ժողովուրդն էլ սիրով ընդունեց նոր կրոնը: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ իշխանափոխությունից հետո. լուսանցքից դուրս հայտնվեցին մշակույթը, սփյուռքը, փորձառու մարդիկ, որ չինտեգրվեցին կառավարման ոլորտին: Նոր իրականություն առաջ եկավ, նոր երևույթներ հրապարակ նետվեցին, օրինակ, միտում նկատվեց մարդու մեջ ատոմային նոր մարդ ներմուծելու: Հասկանալի է, որ ամբողջ Եվրոպան աշխատում է այդ ուղղությամբ, բայց մենք գոնե դրանից ապահով էինք: Այն բոլոր տորպեդահարումները, որ մեր ավանդական արժեքների եռանկյանը դեմ են, ակնհայտ է՝ ներմուծվում են Արևմուտքից: Լավ գիտենք՝ այսօրվա կառավարության մեջ ու խորհրդարանում ովքեր են ներկայացված, ինչ քամիներ են փչում, բայց հիշեցնեմ նրանց, որ ավանդական արժեքների ու ազգի ինքնության համար մաքառող կուռ զանգված կա, որ հանուն այդ արժեքների պատրաստ է անգամ իր կյանքը տալու: Նոր իշխանությունների երեսին գույն չկա, սև-սպիտակ հեռուստացույցների նման են, խարիզմա չունեն: Տոները գալիս-անցնում են, ինչ-որ բաներ անում են, բայց հոգի չկա այդ ամենի մեջ: Այժմ մի շրջան է, երբ լուսանցքում են հայտնվել շատերը, ինտեգրվել ու իրականության հետ հաշտվել չեն կարողանում:
-Նոր իշխանությունների թողտվությա՞մբ է այդ ամենը կատարվում:
-Իհարկե, մենք՝ «Կամք» հասարակական կազմակերպության անդամներս, պայքարում ենք ավանդական արժեքների պահպանման համար: Աշնանը հայտարարվեց ԼԳԲՏ քրիստոնյա համաժողովի մասին, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափ է դա, ի՞նչ կապ ունի ԼԳԲՏ ներկայացուցիչը քրիստոնյայի հետ: Դա մի խայտառակություն էր, ինչը տեղի չունեցավ, որովհետև դուրս եկանք ու բացեիբաց հայտարարեցինք, որ դրա դեմն առնելու ենք ու թույլ չենք տալու, որ որևէ մեկը այլասերվածության քարոզ անի Հայաստանում: Ազդվեցին, թե վախեցան, չեմ կարող ասել, բայց այդ համաժողովը տեղի չունեցավ: Այնուհետ տեսանք` ինչ-որ տրանսգենդեր է ելույթ ունենում Ազգային ժողովում: Մենք շատ լավ գիտենք՝ ով է նպաստել, որ նա հայտնվի խորհրդարանում, որ պատգամավորներն են աջակցել: Վերջին դեպքն էլ «Իմ մարմինն անձնական է» գիրքն էր, որ նոր ճանապարհներ է բացում դեպի այլասերվածություն, վարչապետն էլ ասաց, որ առաջին հայացքից գրքում արտառոց բան ներկայացված չէ: Եթե այդպես են կարծում, թող բացեն գրքի հղումներն ու ընտանիքով նայեն բոլորը: Ես իմ ընտանիքին թույլ չեմ տա նայել, բայց եթե իրենք արտառոց բան չեն տեսնում, թող բացեն, ուսումնասիրեն: Իսկ ինչու՞ չեն արտառոց բան տեսնում, որովհետև պատվերներ կան, մարդիկ կան, որ պարտավորություններ ունեն այլ երկրի հատուկ ծառայությունների առջև, այն է` օտար բարքերը ներմուծել մեզ մոտ: ՈՒզում եմ բարեկամական խորհուրդ տալ իշխանություններին` շրջվել դեպի մեզ ու հստակեցնել` պետության կառավարման համար տարիքային ի՞նչ շեմ են հայտարարել: Միայն երիտասարդնե՞ր են անհրաժեշտ, իհարկե ոչ: Այն մարդիկ, որ փորձ ունեն, դեռ պետք են մեր հայրենիքին, լուսանցքից դուրս չպետք է մնան: Ոչ ոք թույլ չի տվել, որ նստեն ու որոշեն՝ մեր երեխաներն ինչպես պետք է ապրեն, օրենքով ինչը պետք է կարգավորվի, ինչը՝ ոչ: Մի բան գիտենք հստակ՝ հայ ընտանիքի զավակներն աշխարհի ամենահեղինակավոր բուհերը կարող են ավարտել, բայց տանը ստացած ծնողական դաստիարակությունը բարձրագույն ոչ մի կրթօջախ չի կարող տալ: Հասկանում եմ, որ դրսի ուժերի համար երիտասարդներն ավելի հեշտ կառավարելի են, բայց նորեկներին խորհուրդ կտամ չմոռանալ այն դաստիարակությունը, որ, վստահ եմ, ստացել են իրենց ընտանիքներում:
-Մինչև ե՞րբ կարող են «նորերը» մեղադրել «հներին»՝ փորձելով ստվերել սեփական սխալներն ու բացթողումները:
-Դա ամենաէժան «ավտարիտետն» է, ինչով կարող են արդարանալ: Ես շփվում եմ ժողովրդի հետ, հարցնում եմ՝ ինչպե՞ս են, փոփոխություններ նկատո՞ւմ են: Ի պատասխան լսում եմ, թե ոչ մի լավ բան չկա, բայց կարևորը` ազատվել ենք նախկիններից, ինչը ես, իհարկե, հասկանալ չեմ կարող, ի՞նչ է նշանակում նախկին ու ներկա: Հանուն արդարության ասեմ, որ մեկ տարի առաջ այդ բևեռացումն ավելի սաստիկ էր, բայց այժմ հանրային գիտակցումը գնալով փոխվում է: Երբ ավտոմեքենա ես վարում քանդված ճանապարհով, դիմացից գնացող մեքենայի ընկած փոսը շրջանցում ես, այսինքն՝ դիմացից գնացողը միշտ էլ խոցելի է: Կիրառվող բոլոր տեխնոլոգիաներից գլուխ հանում ենք, հոգնեցինք` նախկին ու ներկա լսելով, ներկայից ժողովուրդը հստակ սպասելիքներ ունի, մարդիկ էլ չեն ուզում ուտել մանկան այդ կերակուրը: Շոուներին, ասֆալտին փռել-ծեփելու, ծնոտին խփելու կոչերին պետք է վերջ տալ:
-Իսկ վարչապետի` դատարանները շրջափակելու կո՞չն ինչպես եք գնահատում:
-Շատ վատ: Երկրի ղեկավարը կարևորագույն այդ համակարգի վերաբերյալ կոչ չպետք է անի: Մոռացել են, որ արդեն իշխանություն են, իրենք են պատասխանատու, իրենք իրենց դեմ գործողություն են անում: Ես ինձ տարանջատել չեմ ուզում, հասարակության մի մասն եմ, բայց քանի որ ինտեգրված չենք տեղի ունեցող գործընթացներին, ստիպված եմ այդպես արտահայտվում: Ցանկացած հարցով նոր իշխանությունների հետ համագործակցության եզրեր գտնելու փորձերը հաջողության չեն հասնում:
-Այսինքն՝ հասարակության միջև առկա անջրպետը, սևերի ու սպիտակների բաժանումն ավելի՞ են խորանում:
-Իհարկե, և չի կարող չխորանալ: Եթե գոնե մի քիչ կառավարման փորձ ունենային, կհասկանային, որ այդ ձորն առհասարակ պետք չէր փորել, պետք էր ինտեգրել մարդկանց ու համաժողովրդական մեծ ոգևորությունն ի նպաստ երկրի զարգացման ծառայեցնել: Ոչինչ միանգամից փոխել հնարավոր չէ, պետք էր աստիճանաբար գնալ այդ ամենին: Քանդակագործը, արձան քանդակելիս, ոչ թե ոտքից սկսում ու գլխով ավարտում է, այլ ծեփում է, մի տեղից հանում, մի տեղ դնում է, մինչև որ արձան է ստանում: Նույն բանն էլ երկրի կառավարումն է. մի ծայրից հնարավոր չէ սկսել ու ավարտին հասցնել: Առանց «նախկինների» անհնար է կառավարել, դրա մասին, լավ կլիներ, մտածեին: Այո, ես «հին» եմ ու հպարտանում եմ դրանով, նորերը հաճախ այնպիսի արժեհամակարգի կրողն են, ինչի համար ամաչում եմ: Կես գրամ թմրանյութից մարդկային ճակատագրեր են խեղվում, իսկ ինչ-որ մեկն օրը ցերեկով Հյուսիսային պողոտայում մարիխուանայի օր էր նշում ու քարոզում թմրանյութի օգտագործումը: Ավելի քան համոզված եմ, որ շուտով խորհրդարանի օրակարգում ներառվելու է միասեռ ամուսնությունների մասին նախագիծը կամ Ստամբուլյան կոնվենցիան: Դա մեր ժամանակ էլ կար, բայց մեր դարակներում էր մնում: Հիշում եմ՝ երբ հավաքվում էինք հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի մոտ, քննարկում էինք, երդվում էինք, որ այն երբեք օրակարգ չի մտնելու: Իհարկե այն ժամանակ էլ արտաքին պարտադրանքներ, պայմանավորվածություններ կային, բայց մանևրելու այնքան ձև կար, որ կարողանում էինք շրջանցել: Քաղաքական հմտությունն ու պրոֆեսիոնալիզմը նաև մանևրելու մեջ են: Ի վերջո, ամեն մեկի հետ իր լեզվով խոսելու մշակույթ գոյություն ունի, ինչու՞ է մեզ թվում, թե քաղաքականության մեջ ամենաազնիվը մենք պետք է լինենք, սրիկայությունը հերոսացնենք, բարձրաձայնենք այդ մասին ու ասենք, թե արտառոց բան չկա:
-Օրերս էլ Ազատության հրապարակում հաջակցություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ մասնակիցներից մեկը հայտարարել է, թե պատրաստ է քարերով ջարդելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը:
-Վերջերս, այո, որոշ վայ հեղափոխականների կողմից հնչում են նմանատիպ կոչեր, որ վտանգում են Արցախի անվտանգությանը: ՈՒզում եմ հատուկ շեշտել՝ Արցախի նախագահին նման հայտարարությամբ սպառնացողի լեզուն ոչ թե կկտրենք, այլ «քոքից կքաշենք»: Պատերազմական իրավիճակում գտնվող պետության ղեկավարի հասցեին գյադայական արտահայտություններ երբևիցե չպետք է հնչեն, դա թուլացնում է թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը: Ո՞վ է այդ տղան, որ իրեն իրավունք է վերապահում արտահայտվելու Արցախյան հերոսամարտի արժեքների մասին կամ պետության ղեկավարի հասցեին: Լրջացե՛ք ու ձեր լակոտների սանձերը կապած պահեք:
-Այսինքն՝ մշակույթի ու սփյուռքի նախարարության օպտիմալացումը պատահական չե՞ք համարում:
-Այդ նախարարությունների օպտիմալացումն ազգը թուլացնել է նշանակում: Ես չեմ ասում, թե նախարարության աշխատակիցները կոտորվում էին գործ անելով, այո, շատ էին բացթողումները, բայց օպտիմալացումը հարցի լուծում չէ: Հիշում եմ, որ, օրինակ, սփյուռքի հետ կապ ունեցող ՀԿ-ները ինտեգրված էին նախարարությանը, համագործակցում էին, մեզ հետ հաշվի էին նստում, մեր կարծիքը հաշվի էին առնում:
-Ձեր դիտարկմամբ` էյֆորիկ թմբիրից մարդիկ արթնանու՞մ եմ:
-Եթե մեկ տարի առաջ խոսեինք, քննադատեինք իշխանության քայլերը, մարդիկ մեզ չէին հասկանա: Խոսելն ու մի ամբողջ համակարգի դեմ դուրս գալը ռիսկային էր, մենք էլ լռում էինք ու սպասում: Բայց այսօր բոլորն են խոսում արդեն, մարդիկ տեսնում են` բան չի փոխվել: Գուցե ինչ-ինչ արատավոր բարքեր փոխվել են կամ ուղղակի դրանց մասին այլևս չեն խոսում, բայց գլոբալ առումով ոչինչ չի փոխվել:


Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ