Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վաշինգտոնը փոխում է քաղաքականությունը Մերձավոր Արևելքում

Վաշինգտոնը փոխում է քաղաքականությունը Մերձավոր Արևելքում
03.06.2019 | 07:58

The Wall Street Journal-ը իր աղբյուրներին հղում անելով՝ գրել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ չմտցրեց՝ ծրագրվում էին նոր սահմանափակումներ՝ ուղղված իրանական կոնկրետ նավթաքիմիական ընկերությունների դեմ: ԱՄՆ-ի հռետորաբանության մեղմացման պատճառը Թրամփի որոշումն է՝ «թուլացնել երկու երկրների միջև լարումը»: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարեց, որ Էր Ռիադը «կջանա ամեն գնով խուսափել պատերազմից մերձավորարևելյան տարածաշրջանում», որի երկրները «հիմա բարդ պահ են ապրում», և կոչ է արել Իրանին «զսպվածություն դրսևորել, եթե ձգտում է նորմալացնել իրավիճակը»: Մինչ այդ Սաուդյան Արաբիան մեղադրում էր Թեհրանին ԱՄԷ-ի ափերին տանկերների գրոհի վրա մասնակցության մեջ, նաև՝ Saudi Aramco պետական նավթավերամշակող ընկերության նավթամուղին հասցված հարվածների: Իրանը կտրականապես հերքում էր մեղադրանքը: Բայց մինչ այդ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասաց, որ հարձակմանը Իրանի մասնակցության տվյալներ չունի: Հետո ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչ, փոխծովակալ Մայքլ Գիլդեյը հաղորդեց, որ Պենտագոնն իբր ունի հետախուզական տվյալներ նավթային տանկերների վրա հարձակմանը Իրանի առնչության մասին, բայց մտադիր չէ գաղտնազերծել: Ինչու՞ Վաշինգտոնը գնաց Իրանի շուրջ իրավիճակի չափավոր, այլ ոչ թե առավելագույն սրման: Թրամփը որոշում ընդունեց 1,5 հազար լրացուցիչ զինծառայողներ ուղարկել Մերձավոր Արևելք, որպեսզի «արդյունավետ դիմակայի Թեհրանին»: Բայց եթե հաշվի առնվի, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում 70000 զինվորական ունի, Սպիտակ տունը չի պատրաստվում Իրանի դեմ զինված ներխուժման, փոխարենը ստիպեց տարածաշրջանում որոշ դաշնակիցների քսակները բացել՝ առանց Կոնգրեսի հավանության Թրամփի վարչակազմը վճռել է 8,1 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառել Հորդանանին, Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին «իրանական ագրեսիան զսպելու համար»: Կայուն տպավորություն է ստեղծվում, որ վերջին ժամանակներս Իրանի շուրջ ստեղծված «տարօրինակ պատմությունը» հենց այդ գործարքի քողածածկույթն էր, իսկ մնացածը, ընդհուպ Մեքքայում Պարսից ծոցի ու Արաբական լիգայի պետությունների արտահերթ սամիթը, ընդամենը քաղաքական կամուֆլյաժ էր: Այս համապատկերում Իրանը դիվանագիտական ակտիվություն դրսևորեց՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը մեկնեց Իրաք և այնտեղից արաբ հարևաններին առաջարկեց տարածաշրջանի երկրների հետ չհարձակման համաձայնագիր ստորագրել։ Բաղդադը միջնորդի դեր ստանձնեց Վաշինգտոնի ու Թեհրանի երկխոսության հաստատման մեջ, որ մամուլում երկու երկրների դիվանագիտական խողովակների որոնման մասին լուրերի պատճառ դարձավ: Ծուխն առանց կրակ չի լինում՝ հայտնի դարձան Թրամփի ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի բանակցությունների մասին: Աբեն մտադիր է միջնորդ դառնալ Իրանի ու ԱՄՆ-ի միջև: Վաշինգտոնին, որ խնդիրներ ունի Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքած բոլոր երկրների հետ, դա ձեռնտու է: Տոկիոն մի կողմից աջակցում է Վաշինգտոնի արտաքին քաղաքականությանը, մյուս կողմից՝ խուսափում է Թեհրանի հետ բարդություններից՝ Իրանի նավթային մատակարարումները նկատելի դեր ունեն Ճապոնիայում: Իրանը, որ նախազգուշացրել է միջուկային համաձայնագիրը ստորագրած եվրոպական երկրներին (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա), ինչպես և ամբողջ ԵՄ-ին, որ եթե 60 օրում չվերականգնեն առևտրական ու բանկային հատվածների նորմալ գործառնությունը, մտադիր է սկսել ուրանի հարստացումը ավելի բարձր մակարդակով և պաշարների կուտակումը, նաև՝ ծանր ջրի պաշարների կուտակումը ու վերսկսել գործունեությունը ժամանակավորապես դադարեցված Արակայի միջուկային համալիրում, բացահայտ դժգոհություն է դրսևորում այդ երկրների ամերիկամետ դիրքորոշումից:
Միջնորդի դեր կարող էր ստանձնել և Մոսկվան, սակայն Իրանը նման սցենար կամ ընդհանրապես չի նախատեսել, կամ ինչ-որ պատճառով հրաժարվել է: Տոկիոյում այցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին, հայտարարեց, որ «մենք մեր ծառայությունները չենք պարտադրում, մենք կողջունենք բանակցությունների սկիզբը, բայց մենք վստահ ենք, որ բանակցություններ վարել ՙես սկզբում ձեզ կխեղդեմ» դիրքերից, իսկ հետո պայմանավորվել, այն թեման չէ, որ մենք կարող ենք ընդունել իբրև վարքագծի մոդել արտաքին քաղաքական ճակատում»: Երբ խոսքը Ճապոնիայի միջնորդության մասին էր, Թրամփը փոխեց հռետորաբանությունը: ՙԹեհրանը շանս ունի մեծ երկիր դառնալ նույն ղեկավարությամբ,-հայտարարեց ԱՄՆ նախագահը Ճապոնիայի վարչապետի հետ մամլո ասուլիսում:-Մենք չենք ձգտում վարչակարգ փոխել: Ես ուզում եմ, որ դա հասկացվի: Մենք ձգտում ենք, որ միջուկային զենք չլինի: Ես կարծում եմ, որ Իրանը տնտեսական վիթխարի ներուժ ունի և անհամբեր սպասում եմ, երբ կվերադառնանք իրավիճակին, երբ նրանք կկարողանան դա ցույց տալ»: Այդ իրավիճակում նոր պատժամիջոցները Թեհրանի դեմ կձախողեին Աբեի առաքելությունը: Հետևեց Իրանի ՙստեղծագործական» պատասխանը: Զարիֆը հայտարարեց, որ «միայն գործողությունները ցույց կտան ԱՄՆ նախագահի իրական մտադրությունները Իրանի նկատմամբ, այլ ոչ թե նրա խոսքերը», որ ընկալվում է իբրև Ճապոնիայի վարչապետի միջնորդական ջանքներն ընդունելու պատրաստակամություն: Kyodo գործակալությունը հաղորդում է, որ Աբեն կարող է Իրան մեկնել հուլիսի կեսին և այդ այցը 1978-ից հետո առաջինը կլինի: Kyodo –ն հաստատում է, որ արդեն կապեր են հաստատվել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի ու Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի միջև: Թեհրան այցի շրջանակներում Սինձո Աբեն մտադիր է Իրանի նախագահ Հասան Ռուհանիին արտահայտել իր պաշտպանությունը միջուկային համաձայնագրին, որ Ճապոնիան շարունակում է պահպանել՝ չլինելով խաղի մաս: Հավանաբար՝ Աբեն կառաջարկի քննարկել ամենաբարձր մակարդակով միջուկային նոր համաձայնագրի խնդիրները: Դա ավելի հեշտ է ստորագրել Իրանի ու ԱՄՆ-ի միջև, քան նախաձեռնել դիվանագիտական մարտեր միջուկային համաձայնագրի նախկին կողմերի միջև: Ենթադրվում է, որ Աբեի հաջողության դեպքում Վաշինգտոնը զուգահեռ ոչ միայն կթուլացնի կամ կհանի որոշ պատժամիջոցներ ու դիվանագիտական երկխոսություն կսկսի Իրանի հետ, այլև կձգտի ՙնոր գաղափարների» հիման վրա խցկվել Ռուսաստան-Իրան-Թուրքիա ալյանս սիրիական ուղղությամբ: Իրանը կարևոր տարածաշրջանային խաղացող է, եթե Աբեն կարողանա հաջողությամբ իրականացնել արդյունավետ դիվանագիտության նոր մեթոդները, իրավիճակը Մերձավոր Արևելքում լրջորեն կփոխվի: Բայց չպետք է մոռանալ, որ Իրանում կան բանակցությունների ուժեղ հակառակորդներ, որ դեմ են ոչ միայն միջուկային, այլև հրթիռային ծրագրի սահմանափակմանը: Այդ պատճառով Աբեի առաքելությունը կարող է ներքաղաքական պայքարը սրել Իրանում: Առավելևս, որ Foreign Policy-ի կարծիքով՝ Թեհրանին գայթակղելու են «նոր ռազմավարական ալյանսների կնքումով՝ ուրվագծելով պատժամիջոցներից հրաժարվելու հեռանկարը»: Տեսնենք՝ ինչ կստացվի:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ռուսաստանը չէր կարող միջնորդ լինել ԱՄՆ-Իրան հարաբերություններում: Նախ՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններն այն մակարդակում չեն, որ միմյանց վստահեն երրորդ երկրի հետ բանակցելը, հետո՝ զարմանալիորեն Սիրիայում Վաշինգտոնն ու Մոսկվան շահերի համընկնում ունեն՝ դուրս մղել Թեհրանին տարածաշրջանից՝ ամեն մեկն իր նկատառումներով: Մայիսի 7-ին Իրանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա իրավիճակը ճշտելու նպատակ ուներ հնարավոր զարգացումների պարագայում: Բլումբերգի՝տվյալներով՝ Մոսկվան հրաժարվել է Թեհրանին զենիթահրթիռային համակարգեր վաճառել՝ տարածաշրջանում իրավիճակը չսրելու պատճառաբանությամբ: Դա լավագույն հավաստագիրը չէ այն պետության համար, որ կարող է միջնորդի դեր ստանձնել: Ճապոնիան, թերևս, իդեալական տարբերակ է՝ շահերի բախում չունեցող պետություն, որ շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ: Բայց բացի Իրանի ներքաղաքական դիմադրությունից՝ կա Ռուսաստանի, Չինաստանի ու ԵՄ-ի խաղից դուրս մնալու պարագան, եթե կնքվի ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագիր, որի երկրորդ փուլը չի դառնալու միջուկային մեծ համաձայնագիրը՝ միջուկային բոլոր երկրների ներգրավումով:
Երեկ Շվեյցարիայի Բելինցոնա քաղաքում ԱԳ նախարար Իգնացիո Կասիսի հետ բանակցությունների ավարտին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է. «Մենք պատրաստ ենք առանց որևէ նախապայմանի բանակցությունների սեղանի շուրջ նստել իրանցիների հետ: Դրա հետ մեկտեղ Իսլամական հանրապետության չարամիտ գործողությունների արմատական փոփոխությանն ուղղված մեր քայլերը չեն դադարելու»: «Մենք կարող ենք ելնել բանակցությունների տրամաբանությունից, եթե հակառակ կողմը հարգալից կերպով նստի բանակցությունների սեղանի շուրջ և հետևի միջազգային օրենքներին, այլ ոչ թե բանակցություններ սկսելու հրաման արձակի», - FARS գործակալության փոխանցմամբ, պատասխանել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ