Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մարդ էլ հող ունենա ու ասի՝ աղքա՞տ եմ»

«Մարդ էլ հող ունենա ու  ասի՝ աղքա՞տ եմ»
07.06.2019 | 01:17

Սյունիքի մարզի Հին Կիրակոսիկ, իսկ սպիտակ տանիքների պատճառով Սպիտակ բնակավայր կոչված գյուղը Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջարկությամբ 1948 թ. Հայրենական պատերազմի հերոս, գնդապետ Աշոտ Սարգսյանի հիշատակին վերանվանվեց Աշոտավան։ Պատմում են, որ հին գյուղը մնացել է Տոլորսի ջրամբարի տակ, որը կառուցվել է 1971-1972 թթ.: Ջրի մակարդակի տատանումների պատճառով ժամանակ առ ժամանակ գյուղի որոշ շինություններ, մասնավորապես՝ եկեղեցին, սկսում են երևալ։ 1970-1971 թվականներին՝ հին գյուղից վերև կառուցվում է Նոր Աշոտավանը, որին ժողովուրդը Քաշի (ներքևի, ցած գտնվող) գյուղ է անվանում։ Ավելի վաղ 1828-1829 թվականներին Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո՝ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ հայկական գավառներից Աշոտավան են եկել մի քանի հայկական ընտանիքներ:


Ներկայումս Աշոտավանը 640 բնակիչ ունի: Աշոտավանցիները զբաղվում են անասնաբուծությամբ, հացահատիկային բույսերի ու բանջարաբույսերի մշակությամբ, այգեգործությամբ, անասնաբուծությամբ: Աշոտավանը սահմանափակ հողային ռեսուրսներով գյուղ է:
Անձրևոտ եղանակի պատճառով գյուղի փողոցները դատարկ էին, թեև գյուղի սկզբին՝ Տոլորսի ջրամաբարին կից ազնվամորու այգում մի խումբ մարդիկ հանդարտ անձրևի տակ կանգնած զրուցում էին: Որոշեցի նրանց միջոցով ծանոթանալ գյուղի կյանքին: Պարզվեց՝ Աշոտավան համայնքի «Սպիտակ Շեն» սպառողական կոոպերատիվի անդամներն են, ովքեր այդ հատվածում մեկ ամիս առաջ հիմնել են ազնվամորու այգի: Նրանցից ավագը՝ ԱՐԵՎՀԱՏ ՕՀԱՆՅԱՆԸ, որ նախկինում եղել է Աշոտավան համայնքի ղեկավարը, սպառողական կոոպերատիվի նախագահն է: Նրա խոսքով, ոչ միայն Աշոտավանում, այլև հարակից համայնքներում կանայք հիմնականում զբաղվում են ազմվամորու մշակմամբ, ինչը, ի դեպ, եկամտաբեր զբաղմունք է: Համայնքում աշխատատեղերի բացակայությունը օրախնդիր է, ուստի տասնհինգ բնակիչներով որոշեցին միավորվել և ստեղծել կոոպերատիվ, միասին համատեղ մշակելն ու իրացնելն ավելի հեշտ է, քան միայնակ:


-Մենք ազնվամորու նոր տեսակ ենք մշակում, կոչվում է «պոլկա» (լեհական տեսակ է), տեղյակ եմ, որ հիանալի բերք է տալիս: Սյունիքի մարզի բնակլիմայական պայմանները բարենպաստ են ազնվամորու մշակման համար, լուծված է նաև կաթիլային եղանակով ոռոգման խնդիրը: Առհասարակ, գյուղի բնամթերքը հիմնականում իրացվում է Արցախում, բայց մենք որոշել ենք տեղում ստեղծել վերամշակման արտադրամաս, սառնարանային տնտեսություն, քանի որ ազնվամորին նուրբ հատապտուղ է և շատ արագ փչանում է,- ասում է Արևհատ Օհանյանը:
Կոոպերատիվի անդամների համար խնդիր է գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասը, որի երկայնքով ձգվում է ազնվամորու այգին: Գյուղ մտնող մեքենաների բարձրացրած փոշին ամբողջովին նստում է ազնվամորու վրա՝ զրկելով ոչ միայն համային որակից, այլև «գինն է գցում»: ՈՒստի ցանկանում են ազնվամորու դաշտը մեկուսացնել ծաղկային պատով, իսկ հետո որոշել են հիշեցնել, որ համայնքային ճանապարհների վերանորոգման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած ֆինանսական միջոցները տրամադրելիս իրենց չմոռանան:
Աշոտավանի բնակչուհի ԵԼԵՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ամուսնու հետ ազնվամորու մշակմամբ զբաղվում է արդեն երեք տարի, էկոլոգիապես առողջ մթերքի արտադրության կողմնակից է: Իր համոզմամբ հաջողության դեպքում կարող են աջակցել համայնքային խնդիրների՝ դպրոցի, մանկապարտեզի վերանորոգման հարցում, աջակցություն ցուցաբերել անապահով ընտանիքներին, որոնք բավական շատ են համայնքում:


-Մեծ գյուղ է, բայց աշխատատեղ չկա, կանայք աշխատում են տնամերձերում, կան դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, գյուղում ոռոգումը խնդիր է. Տոլորսի ջրամբարն այդքան մոտ է, բայց լիարժեք չենք կարողանում օգտվել, հունիս-հուլիս ամիսներին ինքնահոս ջրերը սակավ են լինում, թեև բաքերում հավաքած ջրով կարողանում ենք ոռոգել,- ասում է Ելենան:
Աշոտավանից շատերն արտագաղթում են, դպրոցականների քանակը 80 %-ով նվազել է, երիտասարդների թիվը նույնպես: Գյուղատնտեսական աշխատանքներով հիմնականում զբաղվում են կանայք և աշխատունակ տարեցները, ազնվամորուց բացի մշակում են բանջարեղեն, մրգերի բոլոր տեսակները, բայց իրացնել ոչ բոլորին է հաջողվում: Բնակիչները հույսով են, որ իրենց աշխատանքից՝ ոգևորված ջահելները չեն լքի գյուղը, կմնան, կշենացնեն գյուղը: Բայց կարծես օրինակն էլ չի օգնում: Նրանց լավագույն ու միակ օգնականները մնում են թոռնիկները: Գյուղը գազիֆիկացված չէ, տները ջեռուցվում են Գորիսի անտառներից բերած վառելափայտով: Մարզպետարանը խոստացել է հարևան Բռնակոթ գյուղից գազը հասցնել Աշոտավան:


Չորս զավակների հայր ՀՐԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ կնոջ՝ Ելենայի հետ աշխատում է կոոպերատիվում: Նրա օրը սկսվում է դեռ լույսը չբացված: Համոզված է՝ սեփական հոգսերը գյուղի հոգսերն են, տարբերություն չկա: Եթե ոռոգման ջուր չկա, իմացիր, որ գյուղացին իր բերքի բարիքը չի տեսնի, խմելու ջրով ինչքա՞ն ջրես:
Հրաչիկի խոսքով` գյուղում երբեք գործարան կամ մի որևէ ձեռնարկություն չի եղել:
-Եղածը մի կլուբ էր, էն էլ քանդվեց, տեսնենք հնարավոր կլինի՞ վերանորոգել: Համայնքների խոշորացումից հետո մեր գյուղապետն արդեն վարչական շրջանի ղեկավար է համարվում, նրա ձեռքին մի կարգին բյուջե չկա, հազիվ երեք աշխատող է պահում: Ես ազնվամորու սեփական հողամաս ունեմ, զբաղվում եմ մեղվաբուծությամբ, ճագարաբուծությամբ, նոր եմ սկսել, բայց մի 70 ճագար ունեմ, շատ օգտավետ գործ է, միսը 3000 դրամով ընդունում են Երևանում, Սիսիանի ճաշարաններում: Հիմնական եկամուտս ազնվամորուց է, իրացնում եմ հիմնականում Արցախում: Պարապ չեմ նստում, ախր որ ասում են՝ աշխատատեղ չկա, որտե՞ղ աշխատենք, սիրտս քիչ է մնում ճաքի, բա մարդ էլ հող ունենա ու ասի` աղքա՞տ եմ, պիտի աշխատի, ոչ թե սպասի, թե պետությունն ինչ է անելու իր համար,- ասում է Հրաչիկը:
Ոչ միայն Սյունիքի մարզում, այլև հանրապետության բոլոր մարզերում կարկտահարության, քամու և ուժեղ անձրևների պատճառով վնասները ամեն անգամ վերհանում են գյուղատնտեսության ոլորտում օր առաջ ապահովագրություն իրականացնելու հրամայականը: Սակայն բարձր ռիսկայնությամբ պայմանավորված՝ գյուղատնտեսական ոլորտը ապահովագրական ընկերությունների համար գրավիչ չէ, իր հերթին հողի աշխատավորը չի հավատում, որ երբևէ բնության պատճառով բերքի կորստի դիմաց կստանա փոխհատուցում, բայց շարունակում է երազել ու հուսալ:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Արևհատ Օհանյան
  • Ելենա Գրիգորյան
  • Հրաչիկ Գրիգորյան
Դիտվել է՝ 4313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ