Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ում խուճապի պատճառները շատանում են

ԱՄՆ-ում խուճապի պատճառները շատանում են
14.06.2019 | 11:20

(Նախորդ մասը)

Առանձնացնենք Թուրքիայի արձագանքը։ «Իրանից նավթ ներմուծող մի շարք երկրների նկատմամբ պատժամիջոցների հետաձգումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի որոշումը չի ծառայի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև կվնասի Իրանի ժողովրդին։ Թուրքիան մերժում է իր հարևանների հետ հարաբերություններում միակողմանի պատժամիջոցները»,- «Թվիթերի» իր էջում ապրիլի 22-ին գրել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։ Թուրքիան ընդհանրապես թե՛ Իրանի կամ ողջ Մերձավոր Արևելքի, թե՛ աշխարհի այլ երկրների ու տարածաշրջանների նկատմամբ ամերիկյան քաղաքականության իրական նպատակների «լակմուսի թուղթն» է։ Հենց Թուրքիան է եղել, կա և հավանաբար հետագայում էլ կլինի Սիրիայի ու Իրաքի գծով ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցը, որովհետև ԱՄՆ-ի զորակազմերի հետ համատեղ միայն Թուրքիան է զբաղվում Իրաքի և Սիրիայի մի շարք տարածքների օկուպացմամբ։ Իրաքում ու Սիրիայում նույնպես ապօրինի ռազմական ներկայություն ունեցող մյուս երկրները դա անում են հատուկ նշանակության ջոկատների, արտասահմանում հատուկ գործողությունների գծով կազմավորումների ուժերով։ Իսկ Իրաքում ու Սիրիայում ամերիկյան ու թուրքական օկուպացիաներին «օրինականորեն» (իրենց ներքին օրենսդրության տեսանկյունից) մասնակցում են կանոնավոր բանակի ստորաբաժանումները։ ՈՒշադրություն դարձնենք. չնայած Թուրքիայի արտգործնախարարի ապրիլի 22-ի կտրուկ հայտարարությանը, ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայ ժողովրդին ապրիլի 24-ի (Թուրքիայում 1915-23 թթ. կատարված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի սգո օրը) իր դիմումում, հավատարիմ մնալով դաշնակցային պարտավորությանը, ԱՄՆ-ի այլ նախագահների նման, չարտասանեց «ցեղասպանություն» բառը, այլ կրկնեց նախկին նախագահ Բարաք Օբամայի «նախադեպը» և հայերի ցեղասպանությունը հայերեն «մեծ եղեռն» արտահայտությամբ անվանեց, որը, ի տարբերություն «ցեղասպանություն» տերմինի, միջազգային իրավունքում չի կանոնակարգված։ Այսինքն, որպես ԱՄՆ-ի նախագահ, Թրամփը հերթական անգամ ցույց տվեց, որ Թուրքիայի հետ համագործակցությունն ԱՄՆ-ի համար հարյուրապատիկ ավելի կարևոր է, քան 1915-23 թթ. «ինչ-որ» մեկուկես միլիոն հայերի սպանդը։


Իրանական նավթի մատակարարումները լիովին արգելելու մասին Թրամփի որոշմանը Չավուշօղլուն պատասխանել է ապրիլի 22-ին։ Հայ ժողովրդի վրա Թրամփը թքել է ապրիլի 24-ին։ Որևէ մեկը դեռ կասկածու՞մ է, որ ԱՄՆ-ի համար Թուրքիան եղել և մնում է շատ ավելի կարևոր, քան արդարության զգացումը կամ մարդկության դեմ կատարած այն հանցագործությունների համար պատժելու պահանջը, որոնք չունեն վաղեմության ժամկետ։ Սույն տողերի հեղինակը նման կասկածներ չի ունեցել 1991 թ. Հայաստանի Հանրապետության պետական անկախության վերականգնման օրվանից։ Չունի նաև հիմա։ Այնուամենայնիվ, արձանագրենք, որ նույնիսկ Ամերիկային այնքան անհրաժեշտ դաշնակիցը, ինչպիսին Թուրքիան է, կտրականապես դեմ է իրանական նավթը, նաև գազը ձեռք բերելու արգելքներին։ Չէ՞ որ պարզ է, որ իրանական նավթի արտահանման «արգելքներից» հետո Թրամփը կփորձի «արգելել» նաև համաշխարհային շուկային իրանական գազի մատակարարումը։ Բայց, փառք Աստծու, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության այդ «իրանական հանգույցները» դարձան ակնհայտ ցուցադրություն այն բանի, որ թուրք-ամերիկյան համագործակցությանը ոչինչ չի սպառնում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Միջին Ասիայում, Աֆղանստանում և այլն։ ՈՒստի գրոշ չարժեն այն պնդումները, թե՝ «մի քիչ էլ համբերեք, և Ամերիկան ցեղասպանությունը ցեղասպանություն կանվանի»։


Իրադրությանը Ռուսաստանի և Չինաստանի գնահատականները նույնպես արժանի են ուշադրության։ Բայց նախ ներկայացնենք Վաշինգտոնում սիոնիզմի ևս մեկ հետևորդի՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնի հերթական ակնհայտ տխմարությունը։ Իրանը պետք է փոխի իր «վարքը», որն իբր վնասում է երկրի բնակիչներին, ապրիլի 23-ին «Թվիթերի» իր էջում գրել է այդ վայ-գործիչը. «Իրանի վարչակարգը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է փոխել վարքը և դադարեցնել ապակայունացնող գործունեությունը, որը վնասում է միայն Իրանի ժողովրդին»։ Իրանի ժողովրդի հանդեպ այդ կեղծ հոգատարությունն Իրանում, ինչպես նաև ողջ աշխարհում ոչ մեկին չխաբեց և չէր կարող խաբել։ Հենց այդ օրը Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, արձագանքելով նաև Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսի այն հայտարարությանը, որ մայիսից Վաշինգտոնը պատժամիջոցներից չի ազատելու իրանական նավթի գնորդներից ոչ մեկին, ճեպազրույցում հայտարարեց, որ ՉԺՀ-ի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջել են հանել Իրանի դեմ նախկին պատժամիջոցները, քանի որ այդպիսի սահմանափակումներն ապակայունացնում են իրադրությունը համաշխարհային շուկայում։ Չին դիվանագետն ընդգծեց, որ Վաշինգտոնի այդ գործողությունների պատճառով Մերձավոր Արևելքում և էներգակիրների համաշխարհային շուկաներում ավելանում է անկայունությունը։ Չինաստանը պահանջում է, որ ԱՄՆ-ը հարգի նրա շահերը, հաշվի առնի նրա անհանգստությունն ու ձեռնպահ մնա երկրին վնաս հասցնող սխալ քայլերից։ Պեկինն ու Թեհրանը գործակցում են օրինական հիմքով, իսկ ամերիկյան կողմը պետք է կառուցողական դեր խաղա, ոչ թե հակառակը։ Ինչպես տեսնում ենք, Բոլթոնի ապրիլյան այդ ռեպլիկը մնաց պարզապես դատարկ հնչյուն. ամսեամիս Իրանն ավելի է կոշտացնում բանակցելու իր պայմանները։ Իսկ Վաշինգտոնում, եթե ճիշտ են Սպիտակ տան աղբյուրները, որոնց անունները չեն նշում նույնիսկ Անգլիայի ԶԼՄ-ները, կտրուկ սրվել են պետքարտուղար Փոմփեոյի և Բոլթոնի, ամերիկյան զինվորականների և նույն Բոլթոնի հարաբերությունները և այլն։


Ամենայն հավանականությամբ, ռուսական արձագանքի շրջանակի մեջ էր մտնում նաև ՌԴ և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մոհամադ Զարիֆի ապրիլի 22-ի հեռախոսազրույցը։ Զրույցի մանրամասներ հայտնի չեն։ ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրները հայտնել են, որ քննարկվել են Սիրիայում իրավիճակի կարգավորումը և իրանական միջուկային ծրագրի շուրջ իրադրությունը, ինչպես նաև երկկողմ համագործակցության և առաջիկա շփումների ժամանակացույցի հարցեր։


Ապրիլի 23-ին Ռուսաստանը հայտարարեց, որ հատկապես անհանգստացած է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների առնչությամբ, որոնք ցուցադրում են համաշխարհային գերիշխանության հասնելու Վաշինգտոնի հավակնությունները։ Իրանի տնտեսությունը քայքայելու նպատակով Վաշինգտոնը, պատժի սպառնալիքով, ճնշում է գործադրում բոլոր երկրների վրա, որ նրանք դադարեցնեն իրանական հում նավթի գնումը՝ ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում նրա հայտարարության մեջ. «Համաշխարհային գերիշխանության համար մրցավազքում ԱՄՆ-ը ոչ միայն տնտեսական պատժիչ միջոցներով սպառնում է միջազգային հանրությանը, այլև բացահայտորեն սուր է ճոճում... Վաշինգտոնը փորձում է իրականացնել իր աշխարհաքաղաքական հավակնությունները, որոնք վտանգավոր են ողջ մարդկության համար»։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Իրանի հետ «միջուկային գործարքից» դուրս գալու մասին Վաշինգտոնի անցյալ տարվա մայիսի որոշման տարեդարձի նախօրեին ԱՄՆ-ը ևս մեկ քայլ ձեռնարկեց Իրանի դեմ. «Բայց ԱՄՆ-ը բացահայտորեն սխալվել է միջոցների ընտրության մեջ՝ որոշում ընդունելով Իրանը խեղդելու տնտեսապես, հարված հասցնելով հասարակ իրանցիների կյանքի պայմաններին, որպեսզի Թեհրանը դարձնի հլու բանակցող, որը պատրաստ լինի ամերիկյան պայմաններով ցանկացած գործարքի։ Գործողությունների նման ուղեգիծը ոչինչ չի հավելի Ամերիկայի միջազգային դրությանը և չի ավելացնի ամերիկացիների միջազգային հեղինակությունը։ Մնացած աշխարհը կարող է տեսնել, որ Վաշինգտոնի քաղաքականությունը դառնում է ավելի ագրեսիվ և անխոհեմ»։ ԱԳՆ-ն հայտարարել է, որ գնահատում է Իրանի զսպվածությունը, որը չի ենթարկվում ԱՄՆ-ի մեծամիտ ու ամբարտավան սադրանքներին. «Հաստատում ենք Ռուսաստանի անփոփոխ հավատարմությունը ԳՀՀՊ-ի կատարմանը։ Կոչ ենք անում ողջամիտ ուժերին անելու իրենցից կախված ամեն ինչ՝ ապահովելու համար կայուն աշխատանքն այդ եզակի պայմանագրի, որի վերացմամբ Վաշինգտոնն այսօր փորձում է իրականացնել ողջ մարդկության համար վտանգավոր իր աշխարհաքաղաքական հավակնությունները»։


Նույն օրը ՌԴ ԱԳՆ-ն, հավանաբար արդեն հաշվի առնելով Իրանի վերաբերյալ Ջոն Բոլթոնի հերթական հրապարակային հիմարությունը, իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ ԱՄՆ-ի վարչակազմն ուժեղացնում է Իրանի վրա արտաքին ճնշումը, որպեսզի ինքնիշխան երկրում փոխի իրեն անցանկալի իշխանությունը։ Մոսկվան ընդգծում է, որ ԱԷՄԳ-ն կանոնավոր կերպով հաստատում է, որ Թեհրանը կատարում է ԳՀՀՊ-ի շրջանակում իրեն վերաբերող բոլոր կետերը։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնը շարունակում է Իրանին մեղադրել հրթիռամիջուկային գաղտնի ծրագրեր իրականացնելու մեջ։ «Այդ ամենի նպատակը, մտացածին պատրվակներով առավելագույնս մեծացնելով արտաքին ճնշումը, միջազգային իրավունքին հակառակ, ինքնիշխան պետության իշխանությունը դրսից փոխելն է»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ։


Վերջապես, ապրիլի 25-ին ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «Մենք դա դիտարկում ենք որպես ԱՄՆ-ի հակաիրանական, նույնիսկ ոչ թե պատժամիջոցների, այլ համընդհանուր հակաիրանական ռազմավարության և քաղաքականության մաս։ Ինչպես գիտեք, դա վերաբերում է Իրանի ինչպես ներքաղաքական կյանքին, այնպես էլ միջազգային գործունեությանը։ ԱՄՆ-ը ցանկանում է շրջափակել այդ պետության ղեկավարության բոլոր քայլերը, որպեսզի բարդացնի ներքաղաքական օրակարգը և առավելագույնս դժվարացնի Իրանի գործողությունները միջազգային ասպարեզում։ Մենք հայտարարել ենք, որ սկզբունքորեն չենք ընդունում միակողմանի պատժամիջոցները, որոնք հավանություն չեն ստացել միջազգային կառույցի, մասնավորապես ՄԱԿ-ի ԱԽ-ի, որն օրինականացնում է պատժամիջոցները, կողմից։ Ինչ վերաբերում է Իրանին, մենք բազմիցս և հստակորեն հասկացրել ենք, որ չենք ընդունում ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը։ Հայտարարված նպատակները, եթե նույնիսկ փորձում են ազնիվ թվալ, ոչ մի ընդհանուր բան չունեն միակողմանի պատժամիջոցների վարվող քաղաքականության հետ։ Իրականում դա արդեն չքողարկված ու չափազանց ագրեսիվ ճնշում է ինքնիշխան պետության վրա»։


Մեկնաբանելով Իրանի ԻՀՊԿ-ն «արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակի մեջ մտցնելու ԱՄՆ-ի որոշումը՝ Զախարովան ներկայացրել է դրան Մոսկվայի գնահատականը. «Դա Վաշինգտոնի հակաիրանական համալիր մոտեցման մի մասն է, որն ուղղված է Թեհրանի և Իրանի ժողովրդի դեմ։ Դա այն երևույթի և որոշման միայն մի մասն է, որն ընդունվել է որպես Իրանի վրա գործադրված համընդհանուր, ընդ որում բազմամյա ճնշման ծրագիր»։ Զախարովան ասել է, որ ընկերոջը նվիրելու համար վերջերս ձեռք էր բերել 1980 թ. թերթեր, որոնցում հոդված է տեսել այն մասին, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Թեհրանի վրա. «Այսինքն, դա շատ տարիների պատմություն ունի։ Ցավոք, Իրանի հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքը պարբերաբար սրվում ու ձեռք է բերում տարօրինակ ձևեր։ ԱՄՆ-ի պատմության մեջ կան նաև այլ օրինակներ, երբ գիտակցվել է, որ խնդրահարույց հարցերը պետք է լուծել, ընդ որում՝ միջազգային իրավունքի և պետության ինքնիշխանության ու անկախության հարգանքի հիման վրա»։ Նա նշել է, որ Իրանը ժողովրդավարական երկիր է, որում ակտիվ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որում առկա են ժողովրդավարության բոլոր հատկանիշները, և ոչ ոք չի կարող ասել, որ Իրանը ժողովրդավարական երկիր չէ։ «Զարմանալի է, որ չնայած իրանական կողմի հետ ԱՄՆ-ի ունեցած կառուցողական գործակցության փորձին, իսկ դա մենք տեսել ենք գործողությունների համապարփակ համատեղ պլանի մշակման օրինակով, այդ փորձը, որն իսկապես սկսել էր տալ իր պտուղներն ու արդյունքները, չի վերցվել որպես Իրանի հետ հարաբերությունների հիմք»,- ասել է Զախարովան, հավելելով, որ եթե ԳՀՀՊ-ն չիրականացվեր, կամ Թեհրանը խոչընդոտեր դրա կատարմանն ու գործեր ոչ կառուցողաբար, ապա պետություններն իրավունք կունենային քննադատելու Իրանին և ինչ-որ քայլեր ձեռնարկելու։ «Բայց Իրանը և փաստաթղթի վրա աշխատելու տարիներին, և՛, ամենակարևորը, այն ընդունելուց հետո ցուցաբերել է ձեռք բերած պայմանավորվածությունների բացարձակ կառուցողականություն ու լիարժեք իրականացում, ընդ որում, դա բազմիցս արձանագրել է ԱԷՄԳ-ն։ ՈՒրեմն ինչու՞ պետք է նրան նորից պատժել։ Դուրս է գալիս, որ ինչ էլ անես, մեկ է՝ պետք է պատժվես»,- ընդգծել է նա։


Զախարովան նաև նշել է, որ ցանկացած պետություն, մեծ թե փոքր, իր ավանդն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման գործում։ Նույնիսկ մեկ պետության ձայնը կարող է լինել վճռորոշ, երբ ինչ-որ հարցերով քվեարկություն է լինում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կամ ինչ-որ կոմիտեներում, և ամեն պետություն պետք է գիտակցի իր պատասխանատվությունը։ «Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա այն հնագույն, ոչ, ոչ թե մշակույթ, այլ քաղաքակրթություն է, պաշարների տեսակետից հզորագույն երկիր է, ունի ժողովրդավարության իր պատմությունը, այն պետություն է, որն աշխարհին ու մարդկությանը բազմաթիվ նվաճումներ է տվել»,- եզրափակել է նա։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ