Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մենք սահմանում ենք գույքի հարկման բազան, հարկման դրույքաչափերը սահմանում է ֆինանսների նախարարությունը»

«Մենք սահմանում ենք գույքի հարկման բազան, հարկման դրույքաչափերը սահմանում է ֆինանսների նախարարությունը»
21.06.2019 | 01:33

Քաղաքացիներին տակնուվրա է արել գույքահարկի հնարավոր կտրուկ բարձրացման հարցը, ինչը բնական է՝ անշարժ գույքի, հողի, օդի հարկը գնում է մարդու գրպանից։ Ամեն ինչ սկսվեց գույքահարկի բազայի վերանայման գործընթացի մասին տեղեկատվությունից և տարբեր լրատվամիջոցներում գույքահարկի տարբեր չափեր ներկայացնելուց։ Կուտակված հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։


-Նպատակը գույքահարկի հարկման բազան վերանայելն է, որը մինչ այժմ հաշվարկվել է գույքի կադաստրային արժեքով,- ասաց պարոն Սահակյանը։- Այժմ այն, ինչ առաջարկում ենք, նախատեսված է հարկային օրենսգրքի 11-րդ բաժնում կատարված փոփոխությամբ՝ գույքի և հողի հարկը միացվում է և դառնում է անշարժ գույքի մեկ հարկ։ Նույն հարկային օրենսգրքի կարծեմ 228 հոդվածի 7-րդ մասով ասվում է, որ նախկին գույքահարկի և հողի հարկի կարգավորումները գործում են այնքան ժամանակ, մինչև որ հարկման բազան կադաստրային արժեքից բերվի շուկայական արժեքի։ Այս պահի դրությամբ գործող կադաստրային արժեքը իրական արժեքի հետ աղերս անգամ չունի։ Երբ ինչ-որ գույք կամ առարկա հարկում ես, ապա հարկում ես նրա արժեքից։ Եթե արժեքը արժանահավատ չէ, ապա այն արդյունավետ չի լինում։
-Եկեք ճշտենք. կադաստրային արժեք ասվածը վերանու՞մ է։
-Այստեղ մի նուրբ հարց կա. անշարժ գույքի կադաստրի կոմիտեն մինչ օրս գործել է 2000-2002 թթ. սահմանված արժեքներով, որոնք վերանայվել են երեք տարին մեկ։ Այսինքն, վերանայվել է կադաստրային արժեքի գործակիցը և ոչ բազային արժեքները։
-Ըստ լրատվամիջոցների, գույքահարկը շուկայական արժեքով հաշվարկելու դեպքում «աստղաբաշխական» թվեր են ստացվում։ Օրինակ, քաղաքի կենտրոնում 60-ականներին կառուցված երեքսենյականոց բնակարանի համար մարդը վճարում է մինչև 7000 դրամ գույքահարկ, այժմ, ձեր առաջարկած փոփոխությունից հետո այն հասնելու է մոտ 50 հազարի։ Իրականում ինչքանո՞վ է բարձրանալու գույքահարկը։
-Մեր գործը գույքահարկի բազայի սահմանումն է։ Տվյալ դեպքում փոփոխությունից հետո կադաստրային արժեքը հաշվարկվելու է շուկայականին մոտեցված արժեքով և ոչ թե ըստ դրույքաչափերի։ Այո, այս պահին լրատվամիջոցները տարբեր դրույքաչափեր, հաշվարկներ են ներկայացնում, ինչն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս է կոնկրետ հարցի պատասխանը։
-ՈՒրեմն եկեք հստակեցնենք։
-Առաջին հստակեցումը արդեն նշեցի, որ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն միայն սահմանում է գույքի հարկման բազան։ Հարկման շեմը, այսինքն դրույքաչափը, սահմանում է ֆինանսների նախարարությունը։ Հիմա ի՞նչ փուլում ենք գտնվում. մենք ավարտել ենք աշխատանքները և փաթեթն ուղարկել կառավարություն։ Ըստ առաջարկվող նախագծի, անշարժ գույքի կադաստրային արժեքը մոտեցված է շուկայական արժեքին։
-Տեսեք, մի կողմից անշարժ գույքի կադաստրի կոմիտեն վերանայել է իր քաղաքականությունը և գույքահարկի բազան հաշվարկում է շուկայականին մոտեցված արժեքով, մյուս կողմից, ֆինանսների նախարարությունը այժմ պետք է վերլուծի և վերանայի հարկման շեմը։ Այսինքն, շուկայականին մոտեցված արժեք ասվածը արդեն նշանակում է, որ, այսպես թե այնպես, հարկի փոփոխություն լինելու է, և ավելի շուտ այդ շեմը կբարձրանա, քան կնվազի։ Սա փոխկապակցված գործընթաց է։ Ամեն դեպքում, ըստ Ձեզ, ֆինանսների նախարարությունն ի՞նչ չափով կարող է բարձրացնել այդ շեմը։
-Բազային արժեքը մի բան է, հարկերի դրույքաչափերը՝ այլ բան։
-Հասկանալի է, սակայն եթե բազային արժեքը չբարձրանար, չմոտեցվեր շուկայականին, չէր բարձրանա նաև հարկման շեմը։
-ՈՒզում եմ հիշեցնել, որ նախկին բազային արժեքը բնակարանների մեկ քմ-ի համար կազմում է 230-250 հազար դրամ, որին գումարվում էին գոտիավորման և այլ գործակիցներ, ինչից ձևավորվում է հարկման բազան։ Հիմա մենք գործող կադաստրային արժեքի երկու բաղադրիչներին գումարել ենք նաև մեկը՝ շուկայականը։ Հայաստանի ողջ տարածքով մենք որակավորված գնահատողների միջոցով 51000 գույքի շուկայական գնահատում ենք արել և դրանց կադաստրային արժեքը մոտեցրել ենք շուկայականին։
-Տարբերությունը որքա՞ն է։
-Հաշվարկը մոտեցված է, ինչը նշանակում է, որ այս պահին եթե շուկայական գնահատում անենք որևէ անշարժ գույքի, ապա այն կկազմի 1000 միավոր։ «Մոտեցված»՝ նշանակում է եղածից մինչև 25 % ցածր։ Այսինքն, բոլոր դեպքերում, շուկայական արժեքի այդ «բարձիկը» սահմանել ենք։ Երբեք պետք չէ շուկայական արժեքը համեմատել այս նոր սահմանված շուկայական մոտեցված արժեքին։
-Լավ, եկեք համեմատենք. եթե, ըստ նախկին բազայի, բնակարանի 1 քմ-ն 230-250 հազար դրամ է, ապա շուկայական մոտեցված գնահատմամբ այն ինչքա՞ն կկազմի, տարբերությունը որքա՞ն կլինի։
-Քանի որ անշարժ գույքի հարկը դարձել է մեկ միասնական հարկ, մենք տալիս ենք բազային երկու արժեքներ։ Այս պահի դրությամբ Երևանի առաջին գոտու՝ Փոքր կենտրոնի հողի բազային արժեքը սահմանել ենք 330000 դրամ, որն ամենաբարձր շեմն է։ Մինչ այս նոր առաջարկը հողի մասով կադաստրային արժեք չի եղել։ Ինչ վերաբերում է շենք-շինություններին, ապա նմանապես առաջին գոտում գտնվող բնակարանների համար սահմանված է 700000 դրամ։ Մայրաքաղաքի մնացած հատվածները ևս, ըստ գոտիավորման, վերանայվել և նոր արժեքներ են ստացել։
-Հիմա, ըստ Ձեզ, այս նոր սահմանված արժեքների հիման վրա ֆինանսների նախարարությունը որքա՞ն կարող է բարձրացնել հարկման շեմը։
-Թեև հարցը ֆինանսների նախարարության իրավասության ներքո է, սակայն, իմ պատկերացմամբ, նախարարությունը մեզնից վերցնելու է բնակարանների և հողերի սահմանված բազաները և դրանց հիման վրա անելու է իր վերլուծությունները, համադրելով այսօրվա գործող և առաջարկվող տարբերակները, որից հետո կսահմանի հարկման նոր շեմ։ Իսկ այս պահի դրությամբ այդ շեմը 3 միլիոն դրամ է։ ՈՒզում եմ Ձեզ հարցնել՝ Հայաստանում բնակարան գիտե՞ք, թեկուզ շատ փոքր բնակարան, որի արժեքը 6 հազար դոլար լինի։
-Հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը, բայց եկեք մեկ ուրիշ բան պատկերացնենք. վերցնենք 4 հոգուց բաղկացած ընտանիք, որն ապրում է կենտրոնում՝ 3-սենյականոց բնակարանում՝ իր հորական տանը, այդ բնակարանի համար նա վճարում է պայմանական, ասենք, 7000 դրամ, ընտանիքը կերակրողի աշխատավարձն էլ, ասենք, 150000 դրամ է։ Ընտանիքը միտք չունի բնակարանը վաճառելու։ Հիմա, գույքահարկի բազան մոտեցնելով շուկայականին, զգալիորեն ավելանալու է ընտանիքի հարկային բեռը...
-Հասկացա, հասկացա։ Հիմա մենք փաստորեն մտնում ենք ենթադրությունների դաշտ և պատկերացնում ենք, որ հարկը պետք է ավելանա։
-Ենթադրությունների դաշտ չէ, որովհետև կոնկրետ ինչքան կբարձրանա հարկը, ես այդ մասին չեմ խոսում։
-Իսկ ո՞վ ասաց, որ հարկն ավելանալու է։ Բազային հարկն ավելանում է, թող հարկը իջեցնեն։ Վերջապես դեռևս վերջնական որոշում ընդունված չէ, քննարկումներն ընթանում են։ Մեր մոտեցմամբ, այն գույքը, որը փոքրարժեք է, կամ տվյալ գույքի բնակիչը սոցիալական խնդիրներ ունի, ապա չենք կարծում, որ այդ դեպքերում գույքահարկի էական բարձրացում լինի։ Այստեղ կարևորն այն է, որ բարձրարժեք գույքը այս պահին ոչ համաչափ է հարկվում ցածրարժեք գույքի համեմատ։ Հարկային հիմնական բեռը դրվելու է բարձրարժեք գույքի վրա։ Ինչ վերաբերում է Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքին կամ այն մարդկանց, ովքեր թոշակառու են, ովքեր բնակվում են այդ բնակարանում, կամ ձեռք են բերել ինչ-որ ժամանակ, ապա այդպիսի դեպքերի համար կառավարությունը տարբեր լուծումներ է նախատեսում։
-Օրինակ, եթե մարդը թոշակառու չէ և, ինչպես նշեցի, ստանում է 150000 դրամ աշխատավարձ, կառավարությունը ի՞նչ առանձնակի լուծում պետք է առաջարկի այս մարդուն։ Տվյալ քաղաքացին կոմունալ վարձե՞րը վճարի, ավելացած գույքահա՞րկը, թե՞ ապրի այդ գումարով։
-Դրա համար էլ տարբերակ կա։ Տեսեք, մարդը ցածր եկամուտ է ստանում, բայց տիրապետում է բարձր արժեք ունեցող գույքի։
-Պարոն Սահակյան, ես Ձեզ ընդհատեմ. այդ գույքը մարդը ժառանգություն է ստացել, ծնվել, մեծացել է այդ տանը։ Ձեր ասած տրամաբանությամբ կնշանակի, որ մարդիկ մեղավոր են, որ կենտրոնում են ծնվել, մեծացել, և այդ գույքն այսօր արժեք ունի։ ՈՒրեմն եկեք բոլորի վրա մեծ-մեծ հարկեր սահմանենք։
-Մի բան հասկանանք՝ մենք հարկում ենք գու՞յքը, թե՞ մարդու եկամուտը. հարկում ենք գույքը։ Եվ այս դեպքում հաշվի ենք առնում նաև սոցիալական գործոնը, որի համար կառավարությունը տարբեր գործիքներ կարող է կիրառել։ Այսինքն, սահմանել արտոնություններ սոցիալապես անապահով կամ քիչ եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Երկրորդ՝ կարող է գույքահարկը կուտակվել, և անձը, իր բարձր արժեք ունեցող գույքը վաճառելուց հետո, կուտակված գույքահարկի գումարը կարող է փոխանցել հաշվեհամարին։
-Դա շատ վատ լուծում է, ստացվում է պետությունը պարտքի տակ է գցում իր քաղաքացուն։
-Ես չասացի, որ այդպես կլինի, ուղղակի որպես տարբերակ նշեցի։
-Իսկ չի՞ կարելի օրենքը մշակելիս, հատկապես, երբ այն դեռ օրենքի ուժի չի ստացել, այլ նախագիծ է, մշակել բոլոր հնարավոր տարբերակները և հաշվարկը ոչ միայն անել զուտ շուկայականին մոտեցված արժեքից, այլ հաշվի առնել մարդկանց սոցիալական վիճակը, շենքերի, շինությունների տարիքը, մաշվածությունը։ Վերջապես, եթե անգամ մարդը մեծ եկամուտներ ունի, հո պետությունը նրա համար չէ՞, որ մինչև վերջ մեծ թե փոքր եկամուտ ունեցողին «կլպի»։ Այլ պետություններ շահագրգռված են, որ իրենց քաղաքացիները հարստանան, ոչ թե աղքատանան։
-Թոշակառուն ստանում է ամսական 30000 դրամ թոշակ, և նրա գույքահարկը կազմում է ենթադրենք, 5000 դրամ, սրա կողքին կա մեկը, որի գույքի արժեքը 3 մլրդ դրամ է և դրա համար վճարում է 100000 դրամ, սա համաչա՞փ է։
-Հասկանալի է, որ Դուք չեք դիտարկում մարդու եկամուտները, հարկում եք գույքը, բայց չէ՞ որ մարդն այդ գույքահարկը պետք է վճարի իր եկամտից։
-Լավ, այս հարկման պահը դեռևս որոշված չէ և քննարկվելու է ֆինանսների նախարարությունում։
-Այո, բայց եթե դուք գույքահարկի բազան չհաշվարկեիք շուկայականին մոտեցված արժեքով, ապա այս հարցը չէր ծագի։
-Բազան անհրաժեշտ էր վերանայել, քանի որ կա գույք, որը հարկվում է ոչ իրական արժեքով։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ