Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե Ջոն Բոլտոնն ամեն ինչ վճռեր, ԱՄՆ-ը կպատերազմեր աշխարհի բոլոր անկյուններում

Եթե Ջոն Բոլտոնն ամեն ինչ վճռեր, ԱՄՆ-ը կպատերազմեր աշխարհի բոլոր անկյուններում
13.09.2019 | 12:06

Եթե Ջոն Բոլտոնն ամեն ինչ վճռեր, ԱՄՆ-ը կպատերազմեր աշխարհի բոլոր անկյուններում
Սեպտեմբերի 11-ին Ֆրանսիայի թերթերը մեկնաբանել են ԱՄՆ նախագաի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի պաշտոնանկությունը ՄԱԿ-ի նստաշրջանից առաջ: Le Figaro-ն արձանագրել է, որ Թրամփի ու Բոլտոնի միջև բազում տարաձայնություններ կային: Libération-ը գտնում է, որ Բոլտոնի պաշտոնանկությունը ԱՄՆ նախագահի աշխատակազմում տիրող քաոսի վկայություն է: Իր ռազմաշունչ խորհրդականի պաշտոնակության մասին Դոնալդ Թրամփը հաղորդեց թվիթերում: Երեքշաբթի նա հայտարարեց, որ վարչակազմը «այլևս Ջոն Բոլտոնի ծառայությունների կարիքը չունի», ում հետ «բազում կատեգորիկ տարաձայնություններ կային»: Խորհրդականը իր վարկածն է առաջադրում՝ նա պնդում է, որ երկուշաբթի ինքն է առաջարկել հրաժարական տալ, իսկ իրեն առաջարկել են «այդ մասին խոսել վաղը»: Երեքշաբթի նախագահի խորհրդականը պետք է մասնակցեր Սպիտակ տան ճեպազրույցներին, որից մեկ ժամ առաջ հայտնվեց Թրամփի թվիթը՝ գրում է Libération-ը:


Պաշտոնանկված, թե հրաժարական տված, արդյունքը նույնն է՝ 70-ամյա Ջոն Բոլտոնն այլևս Թրամփի խորհրդականը չէ, նրա նախագահության օրոք երրորդ խորհրդականն է փոխվում՝ գրում է Libération-ը՝ ընդգծելով, որ նախագահի հետ արմատական տարակարծությունները արտաքին քաղաքականության բազում հարցերում էին՝ Իրանից Հյուսիսային Կորեա: Նա հատուկ ուշադրություն էր դարձնում ազգային շահերին ու ինքնիշխանությանը, ավելի, քան մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը: Բոլտոնը, ինչպես Թրամփը, անվստահությամբ էր վերաբերվում մուլտիլատերալիզմի քաղաքականությանը, սակայն նրա մարտաշունչ կեցվածքը հակառակվում էր ԱՄՆ նախագահի մեկուսացման քաղաքականությանը՝ գրում է Libération-ը:

«Եթե այսօր Ջոն Բոլտոնն ամեն ինչ վճռեր, ԱՄՆ-ը կպատերազմեր աշխարհի բոլոր անկյուններում»՝ այսպես էր կատակում Թրամփն իր օգնականի մասին՝ արձանագրում է Libération-ը: Ջոն Բոլտոնը դժգոհ էր ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի մերձեցումից, նա կողմ էր Իրանի դեմ օդային հարձակմանը Արաբական ծովում լցանավերի դեմ հարձակումից և ամերիկյան անօդաչուն խփելուց հետո: Բայց Թրամփը վերջին պահին կասեցրեց հարվածը: Թեպետ Ջոն Բոլտոնի հեռանալը հանգստացրեց նրանք, որ զգուշանում էին Իրանում, Հյուսիսային Կորեայում, Վենեսուելայում իրավիճակի սրումից, Libération-ի կարծիքով՝ դա վկայում է նախագահի աշխատակազմում տիրող քաոսի մասին, որտեղ Բրուկինգի ինստիտուտի փորձագետ Թոմ Ռայտի պնդումով՝ վերջին 10 տարիներին ազգային անվտանգության թիմը երբեք այսքան թույլ չի եղել: Le Figaro-ն նշում է, որ ամենասկզբից Ջոն Բոլտոնի նշանակումը Վաշինգտոնում տագնապներ էր հարուցել: ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ ամենաանկանխատեսելի նախագահը իր մերձավոր խորհրդական էր նշանակել մարդու, որ բազում հարցերում հայտնի էր իր արմատական հայացքներով: Ի տարբերություն իր նախորդ Հերբերտ Մակմաստերի, ում Le Figaro-ն անվանում է գրագետ ու զգաստ զինվոր, Ջոն Բոլտոնը անկոմպրոմիս գաղափարախոսների փաղանգից է: Չնայած համալսարանական բարեհոգի բեղավոր պրոֆեսորի արտաքինին, որ նրան նմանեցնում է Ալբերտ Էյնշտեյնին, Բոլտոնը կոշտ կերպար է անգամ պահպանողական շրջանակներում: Լինելով միջազգային համաձայնագրերի կատաղի հակառակորդ, Բոլտոնը 2003-ին Իրաք ներխուժման ամենաուժեղ կողմնակիցներից էր: Նա քննադատում էր, որ ԱՄՆ զորքերը մնացին Իրաքում Սադամ Հուսեյնի մահից հետո: Ջոն Բոլտոնը կողմ էր նախազգուշական հարվածներին բոլոր թշնամական վարչակարգերին՝ մասնավորապես Հյուսիսային Կորեայի ու Իրանի: Չնայած Ջոն Բոլտոնի ու Դոնալդ Թրամփի տարաձայնություններին, վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ խորհրդականի կարծիքը, այնուամենայնիվ, լսում էին: Մասնավորապես՝ ԱՄՆ-ի ու Թալիբանի խաղաղ բանակցությունների հարցում, նաև Աֆղանստանի իշխանությունների: Ջոն Բոլտոնը դեմ էր Քեմպ Դևիդում հանդիպմանը, որը նախապատրաստվում էր լիակատար գաղտնիության պայմաններում: ԱՄՆ-ը հրաժարվեց հանդիպումից, երբ իսլամիստները ստանձնեցին ահաբեկչության պատասխանատվությունը, որի պատճառով ԱՄՆ զինվորական էր սպանվել, փաստորեն՝ լսեցին, գրում է Le Figaro-ն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկող շաբաթ նոր խորհրդականին կնշանակի: Իսկ թերթերն արդեն գրում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահի հետ նրա հնարավոր հանդիպման մասին: Գուցե իրադարձություններն այլ ընթացք ստանան նաև Վենեսուելայում ու Հյուսիսային Կորեայում: Հիմա կուժն ու կուլան ջարդում են պաշտոնանկված խորհրդականի գլխին, բայց ոչ ոք չի հիշում, որ վերջնական որոշումն ընդունում էր ոչ թե խորհրդականը, այլ՝ նախագահը: Փաստացի՝ իր պաշտոնավարման այդ շրջանում Թրամփին պետք էր Բոլտոնի տեսակը, իսկ հիմա նրան պետք է խաղաղության աղավնու կերպարը՝ 2020-ի նոյեմբերի ընտրություններից առաջ:

Դիտվել է՝ 2213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ