ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ու՞մ դժգոհությունն է Սերգեյ Լավրովը բարձրաձայնում

Ու՞մ դժգոհությունն է Սերգեյ Լավրովը բարձրաձայնում
04.10.2019 | 11:42

Սերգեյ Լավրովը, հաստատ, դժգոհ է: Հայտնի չէ՝ ինչից: Կամ հայտնի է, բայց բացատրություն չունի: Սոչիում «Վալդայ» ակումբի համաժողովում նա նախարարի բարձր պաշտոնին անհարիր անտեղյակ ու պատասխանատու հայտարարություններ էր արել ու նույնիսկ բողոքել էր ՀՀ վարչապետից՝ միաժամանակ արձանագրել էր, որ Երևան-Բաքու երկխոսություն, ըստ էության, չի սկսվել: Ռուսաստանը, նրա խոսքով, Ղարաբաղի հարցում տարաձայնություններ չունի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ ու ամեն ինչ կանի, որ ռազմական գործողություններ Ղարաբաղում չլինեն:
«Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են և շատ խոշոր չեն»՝ ասել է Լավրովը: Փաստացի՝ նրա համար ադրբեջանական դիվերսիան, երբ ԱՄՆ-ում հանդիպում էին Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները, խոշոր միջադեպ չէ՝ ընդամենը 1 զոհ է եղել:


Սերգեյ Լավրովը բողոքում է, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը ու մեջբերում Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է» հայտարարությունը, իսկ Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի պատերազմ սկսելու կոչերը, թերևս, Լավրովի համար խաղաղություն հաստատելու համար են հնչում ու նպաստում են բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Բայց ամենատարօրինակը նրա հայտարարությունն է, որ ՙՏեղի է ունեցել զոհվածների դիերի փոխանակում, նախատեսվում է երկու կողմում պահվող անձանց փոխանակում՚։ ՌԴ ԱԳ նախարարը չի կարող չիմանալ, որ դիերի փոխանակում չի եղել՝ հայկական կողմը թույլ է տվել՝ Կարմիր խաչի միջնորդությամբ, որ ադրբեջանցիները տանեն դիվերսիայի հետևանքով իրենց զոհված զինվորի դին: ՌԴ ԱԳՆ-ում դա արդեն փոխանակու՞մ է կոչվում: Կամ՝ երկու կողմերում պահվող անձանց փոխանակումը ո՞րն է: Մարդասպան դիվերսանտներին Մոսկվան վաղուց է ուզում Բաքու հասցնել ու սա հերթական սադրիչ քայլն է Լավրովի կողմից: Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Լավրովի խոսքին՝միամիտ հույս է հայտնել, որ նա ահաբեկիչ մարդասպաններին նկատի չի ունեցել. «Մենք միշտ էլ ասել ենք, որ որևէ խնդիր չունենք պատահական մարդկանց վերադարձնելու հետ կապված, նաև զինծառայողների, ովքեր անցել են սահմանը՝ միտումնավոր հանձնվելու համար կամ պարզապես մոլորվելու դեպքում։ Այս կատեգորիայի մարդկանց հետ կապված մենք երբևիցե խնդիր չենք ունեցել։ Անբարոյական է նույնիսկ շահարկել դիակների հետ տալու խնդիրը, բացի ամեն ինչից ՝ դա նաև միջազգային իրավունքի պահանջ է։ Հիմա չգիտես ինչու՝ շատերը մեկնաբանում են, թե մենք պետք է հետ տանք կամ քննարկում ենք այն հարցը, որ պետք է երկու ահաբեկչին ու մարդասպանին փոխանակենք մեր քաղաքացիների հետ, ինչը թյուրիմացություն է»։


Շատ ավելի կոնկրետ ու շիտակ է արձագանքել ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համապատասխան մթնոլորտի ձևավորմանը», Նաղդալյանը պատասխանել է. «Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի գնահատականներից»:«Ձեր հարցում նշված մեկնաբանության առնչությամբ վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումները, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չի նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը», - ընդգծել է ԱԳՆ խոսնակը:


Հարցին՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է դիակների փոխանակման, փոքրաթիվ քանակությամբ կալանքի մեջ գտնվող անձանց փոխանակման մասին, կարո՞ղ է պարզաբանել՝ ինչի մասին է խոսքը, Նաղդալյանն արձագանքել է. «Դիակների փոխանակում տեղի չի ունեցել, այլ արցախյան կողմը, որպես մարդասիրական քայլ, թույլ է տվել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողի դիակի տարհանում: Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում, այլ հանդես է գալիս հումանիտար իրավունքի շրջանակներում յուրաքանչյուր առանձին դեպքի հասցեագրման դիրքերից»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ու այս ամենը Սերգեյ Լավրովը հիանալի գիտի: Ուրեմն՝ ինչու՞ է աղավաղում փաստերը: Ի՞ր, թե՞ ՌԴ նախագահի դժգոհությունն է Լավրովը բարձրաձայնում:
Նախազգուշացնու՞մ է, թե՞ ապակողմնորոշում: Ու՞մ և ինչու՞: Հանդես գալով բացահայտորեն ադրբեջանական դիրքերից՝ ՌԴ ԱԳ նախարարը չի՞ սպառում միջնորդ երկրի ռեսուրսը: Միջնորդը, գոնե հրապարակավ, պետք է անկողմնակալ լինի: Թեպետ՝անկողմնակալության մասին ՌԴ-ն միշտ է ինքնատիպ պատկերացումներ ունեցել:

Դիտվել է՝ 2264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ