«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ալի Համենեի. Այդ ամերիկացի ծաղրածուները

Ալի Համենեի. Այդ ամերիկացի ծաղրածուները
19.01.2020 | 13:17

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին Թեհրանի Մոսալա մզկիթում 8 տարվա մեջ առաջին անգամ ուրբաթօրյա նամազն անձամբ է վարել: Նրա անսովոր որոշումը հետևել է հակակառավարական բողոքի զանգվածային ցույցերին, որ հաջորդեցին ուկրաինական բոինգը խփելու իշխանությունների խոստովանությանը: Աղոթքից հետո Համենեին հայտարարել է, որ Իրանի թշնամիները (Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները) փորձում են ողբերգությունն օգտագործել, որ հասարակության ուշադրությունը շեղեն Սուլեյմանիի սպանությունից, ում սգում են միլիոնավոր իրանցիներ ու հազարավոր իրաքցիներ: «Դիմադրությունը պետք է շարունակվի, քանի դեռ տարածաշրջանն ամբողջությամբ մաքրված չէ թշնամու բռնապետությունից»՝ հայտարարել է Համենեին հազարավոր իրանցիներին, որ նրա ելույթից հետո բղավում էին «Մահ Ամերիկային»: Համենեիի բարկությունը հարուցել էին ԱՄՆ նախագահի՝ իրանցի ցուցարարներին աջակցող թվիթները: «Այդ ամերիկացի ծաղրածուները, որ ստում են ու ասում են, որ իրենք իրանցի ժողովրդի հետ են, պետք է տեսնեն՝ ինչ է Իրանի ժողովուրդը»՝ հայտարարել է Համենեին: Այաթոլան նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ անվանելով չարիք, ասել է, որ Իրաքում ԱՄՆ դիրքերի հրթիռակոծումը ապտակ էր ամերիկացիներին, Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսն անվանել է մարդասիրական կազմակերպություն բարձր արժեքներով (Վաշինգտոնը համարում է ահաբեկչական կազմակերպություն), կոչ է արել Սուլեյմանիի սպանությունն ու Իրանի պատասխանը համարել երկրի պատմության շրջադարձային կետ: Հակակառավարական տրամադրությունները երկրում հարուցել է տնտեսական կտրուկ անկումը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատացման ու պատժամիջոցների պատճառով:
Անցած չորեքշաբթի նախագահ Հասան Ռուհանին էր ժողովրդին միասնության կոչ անում երկրի համար բարդ ժամանակներում, իսկ զինվորականներին կոչ էր անում ամբողջական հաշվետվություն ներկայացնել ուկրաինական բոինգի կործանման պատճառների մասին: Փորձագետները հազվադեպ են համարում իշխանությունների հրապարակային խստությունը զինվորականների նկատմամբ:


BBC-ի պարսկական ծառայության թղթակից Կասրա Նաջին նշում է, որ Իրանի հոգևոր առաջնորդը առաջին անգամ է նամազը գլխավորել արաբական գարունից հետո: Այն ժամանակ նա խոսել է արաբերեն, որ արաբական աշխարհը իրեն լսի: Այն ժամանակվա իրադարձությունները Համենեին անվանել է «իսլամի զարթոնք»: Նա սխալվեց: Հիմա այաթոլան փորձում է պաշտպանել իսլամական հեղափոխության պահնորդներին, որ հայտնվել են քննադատության կրակի տակ ուկրաինական խփված ինքնաթիռի պատճառով: Կա վտանգ, որ նա կոշտ գործողությունների կոչ կանի ուսանողների ու ցուցարարների դեմ՝ իր իշխանությունը պահելու համար: Իշխանությունները կոչ են արել ժողովրդին ուրբաթ օրը քայլերթի դուրս գալ՝ ի պաշտպանություն իսլամական հեղափոխության պահնորդների: Թեհրանում ամեն ինչ անում են, որ հնարավորինս շատ մարդիկ դուրս գան փողոց: Սակայն շատ իրանցիներ ցանկանում են, որ այաթոլան ընդունի՝ իր կառավարումը երկրին տառապանքից բացի ոչինչ չի տվել:


Իրանի պետական Մեհր գործակալությունը այաթոլա Համենեիի անձամբ աղոթքն անցկացնելու որոշումը չի կապում երկրի իրավիճակի հետ: Գործակալությունը մեջբերում է պաշտոնատար անձանց, որ պնդում են՝ Իրանի ժողովուրդը պարզապես ևս մեկ անգամ ուզում է ցույց տալ իր միասնականությունն ու մեծությունը: Բայց փորձագետները հիշեցնում են, որ վերջին անգամ այաթոլան ուրբաթօրյա աղոթքը գլխավորել է 2012-ին՝ Իսլամական հեղափոխության 33-ամյակին: «Հոգևոր առաջնորդի հայտվելը մայրաքաղաքի մզկիթում խորհրդանշական ու նշանակալից քայլ է, որին իշխանությունները դիմում են, երբ ուզում են զանգվածներին կարևոր ուղերձ հասցնել»՝ ասում է մերձավորարևելյան քաղաքականության վաշինգտոնցի փորձագետ Մեհդի Հալաջին: Ուկրաինական ինքնաթիռի կործանումը իշխանությունների համար լուրջ ներքաղաքական հետևանքներ ունեցավ: Ցույցեր են Իրանի բազմաթիվ քաղաքներում, ցուցարարները հիմնականում համալսարանների ուսանողներն են: Հակակառավարական կարգախոսներ են հնչել և զոհերի հուղարկավորումների ժամանակ՝ ամբողջ երկրով մեկ: Խփված բոինգի գործով մի քանի մարդ է ձերբակալված: Նախագահ Հասան Ռուհանին խոստանում է, որ ողբերգության հետաքննությունը բաց ու համակողմանի կլինի: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խոստովանել է, որ իրանցիներին ստել են, բայց պնդել է, որ կառավարությունից ևս փորձում էին թաքցնել աղետի իրական պատճառները:
BBC


Հ.Գ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին ավելի զգույշ լինել ԱՄՆ-ի նկատմամբ իր խոսքերում: Համենեին ուրբաթօրյա աղոթքում Կասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի «խայտառակությունը», որը «գործել է վախկոտի նման»՝ ի վիճակի չլինելով «վերականգնել իր կորցրած հեղինակությունը»: «Իրանի, այսպես կոչված, «գերագույն առաջնորդը», որ վերջին շրջանում այնքան էլ գերագույն չէ, մի քանի անհեթեթ խոսքեր է ասել ԱՄՆ-ի և Եվրոպայի մասին: Նրանց տնտեսությունը փլուզվում է, և նրանց ժողովուրդը տառապում է: Նա պետք է շատ զգույշ լինի իր իսկ խոսքերում», - գրել է Թրամփը Twitter- ում:


Բայց Համենեին միայն ԱՄՆ-ի դեմ չի տրամադրում սեփական ժողովրդին: Նա միջուկային համաձայնագրի երեք մասնակիցներին՝ Մեծ Բրիտանիային, Գերմանիային և Ֆրանսիային, ԱՄՆ-ի անվստահելի խամաճիկներ է անվանել: «Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ոչինչ չեն ձեռնարկում: Նրանք կծառայեն ԱՄՆ-ի շահերին: Նրանք խամաճիկներ են», - հայտարարել է Համենեին՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ և ընդգծել է, որ այդ երկրների հայտարարություններն անհիմն են՝ եվրոպացիները «չեն կարողանա իր ազգին ծնկի բերել»: Մինչդեռ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ընդամենը գործարկել են Իրանի հետ միջուկային գործարքի համար վեճերի լուծման մեխանիզմը՝ համաձայնագիրը ինչ-որ կերպ փրկելու համար և հայտարարել են, որ պատժամիջոցներ չեն սահմանվելու Իրանի դեմ՝ պարտավորությունները չկատարելու համար: Այս պարագայում Եվրոպայի դեմ անիմաստ հարձակումը ուղղվելու է հենց Թեհրանի դեմ: Այաթոլան այնքան է վախենում իր իշխանությունը կորցնել, որ արդեն բացահայտորեն գործում է ազգային շահի դեմ: Գուցե կրոնապետությունից հրաժարվելու ու աշխարհիկ պետություն դառնալու ճանապարհին Իրանն անում է առաջին, դեռ անվստահ, բայց այլևս անխուսափելի քայլերը: Տնտեսական վիճակը ավելի ու ավելի շատ մարդկանց է փողոց դուրս բերելու: Եթե սոցիալական բողոքներին միանան նաև ուսանողներն ու մտավորականները, կրոնապետության վերջի սկիզբը կդառնա: Առայժմ իշխանությունները կոպիտ ուժով ցրում են ցույցերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ