Հոգևոր տոնահանդես Աշտարակում
28.02.2020 | 10:10
Փետրվարի 23-ին Աշտարակ քաղաքում Գարեգին 2-րդ կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց վերակառուցված «Սուրբ Մարիանե» եկեղեցին։ Եկեղեցու վերակառուցումը կատարվել է Արագածոտնի թեմի ատենապետ ԳՐԻԳՈՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ և նրա տիկնոջ` ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ մեկենասությամբ։
Եկեղեցու վերաօծումից հետո հանդիպեցի Աշտարակի հոգևոր հովիվ տեր ՄԿՐՏԻՉ քահանա ԵՐԱՆՅԱՆԻ և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ Գրիգոր Մովսիսյանի հետ։
«ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՆԵՆ ԴԻՎԱՀԱՂԹ ՍՈՒՐԲ Է»
-«Սուրբ Մարիանե» վանքի մասին առաջին արձանագրությունը պահպանվել է 1281 թվականից,- ասում է տեր Մկրտիչ քահանա Երանյանը։- Այն ավելի վաղ է կառուցվել, ըստ մեր տվյալների` 1271 թվականին։ Մարիանեն համաքրիստոնեական սուրբ է, քուրմի դուստր։ Նա իր դայակի գաղտնի դաստիարակությամբ է ընդունում քրիստոնեությունը։ Երբ սա բացահայտվում է, հայրը նրան և քրիստոնյա դայակին հեռացնում է տանից։ Նրանք քրիստոնեաբար դառնում են մայր ու դուստր։ Եվ ենթարկվում են Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքին։ Այս շրջանում կայսեր զինվորներն ամենուր որսում և թրատում էին քրիստոնյաներին, որովհետև նրանցից շատերը հավատափոխ չէին լինում։ Եվ ահա մի դաշտում տեսնում են գեղեցիկ մի աղջկա։ Զորքի հրամանատարը զինվորներ է ուղարկում աղջկա մոտ, ասելով, որ կամուսնանա նրա հետ, եթե ազատ է։ Զինվորները հանդիպում են աղջկա հետ, վերադառնում են հրամանատարի մոտ և ասում նրան, թե լավ լուր ենք բերել. աղջիկը ոչ միայն ազատ է, այլև հարգարժան ընտանիքի դուստր։ Բայց նաև վատ լուր ունենք. աղջիկը Նազովրեցի Հիսուսի հետևորդն է։ Աղջկան հրամանատարը խոստանում է ամուսնանալ նրա հետ, խոստանում է փառք և հարստություն, միայն թե հրաժարվի քրիստոնեությունից։ Սակայն Մարիանեն անհողդողդ էր իր հավատում։ Նրան գլխատում են կայսեր հրամանով, դահճի ձեռքով։ Մարիանեն ընդամենը 14 տարեկան էր։ Նրա կյանքում մի զարմանահրաշ դրվագ կա։ Երբ նրան գլխատումից առաջ կտտանքների են ենթարկում, բանտում նրան բացեիբաց հայտնվում է սատանան։ Մեր եկեղեցում գտնվող սրբապատկերում Սուրբ Մարիանեն է և նրա ոտքերի տակ ընկած սատանան, որը փորձում է նրան սարսափեցնել, ծնկի բերել և հրաժարեցնել Աստծուց։ Մարիանեն անսասան է մնում, Սուրբ Հոգու հորդորով խաչակնքում է, ոտքը դնում է դևի պարանոցին։ Դևը (սատանան) ասում է` թուլացրու ոտքիդ ճնշումը, խոստանում եմ, որ սրանից հետո որտեղ որ կտան քո անունը, այնտեղ ես անելիք չունեմ, չեմ երևա։ Այսինքն Սուրբ Մարիանեն Դիվահաղթ Սուրբ է։
Ինչպես նշեցի, «Սուրբ Մարիանեն», ի սկզբանե, վանք է եղել։ Ցավոք, Ակոռիի հայտնի երկրաշարժի ժամանակ Աշտարակի Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները խոնարհվում են, իսկ վանքը կանգուն է մնում, թեև ժամանակ առաջ լքված էր միաբանների կողմից, որոնք տեղափոխվել էին այլ վանքեր։ Ժողովուրդը որոշում է խոնարհված եկեղեցիների փոխարեն այս լքված վանքն օգտագործել որպես աղոթատեղ։ Այն փոքր էր, այդ պատճառով հետնամասում փայտե գավիթ են կառուցում։ 1905-ին Խրիմյան Հայրիկի գահակալության ժամանակ եկեղեցու նախագիծը հաստատվում է ռուսական կայսրության կողմից։ Խորհրդային տարիներին այն վերածվել էր պահեստի, Մեծ հայրենականի ժամանակ` զինապահեստի։ Ստալինի մահից հետո այն վերադարձվեց Հայ առաքելական եկեղեցուն։ Արագածոտնի թեմի ատենապետ Գրիգոր Մովսիսյանն իր ընտանիքի միջոցներով վերակառուցեց այս եկեղեցին։
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԲԱՆԵՐԻ ԷԻՆՔ ԱՌՆՉՎՈՒՄ»
-Առաջնորդվել և առաջնորդվում ենք դեպի Տերը գնալու, Տիրոջը ծառայելու, Նրա փառքը բարձր պահելու ուղենիշով,- ասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ Գրիգոր Մովսիսյանը։- Երբ կանգնեցինք Աստծուն ծառայելու ճանապարհին, և գիտակցեցինք` Տերն է, որ Է և Էր և որ գալու է, ընտրեցինք մեկենասության ճանապարհը, ծնողներիս, կնոջս և զավակներիս հետ միակամ։
Մեր ժողովուրդը տարբեր դարերում հայտնի մեկենասներ է ունեցել։ Այս իմաստով Աստված առատաձեռն է հայերիս նկատմամբ։ Նաև պարգևել է մեզ մշակույթի և արվեստի նշանավոր գործիչներ, որոնք փարոսի դեր են կատարել մեր երկրի կյանքում։ Ինչ վերաբերում է մեկենասությանը, ապա տակավին պատանի հասակից էի լսում Մանթաշյանցի անունը, երբ շռայլություն թույլ տվող մեկին ասում էինք` դու հո Մանթաշովի թոռը չե՞ս։ Արդեն հասուն տարիքում փորձեցի տեղեկություններ հավաքել Մանթաշյանցի մասին։ Բազում նյութեր ի հայտ եկան, սակայն հենց առաջին նյութը պատմում էր այն մասին, որ յուրաքանչյուր նամակագրություն Մանթաշյանցն ավարտում էր, գրելով` «Աստծով»։ Ինձ համար դա զարմանալի բան էր, և ես հասկացա, որ այդ մակագրության մեջ ահռելի իմաստ և խորություն կար։ Ես այդ մի բառի մեջ տեսա Մանթաշյանցին։ Նա խորապես գիտակցել է, որ այն ամենը, ինչին հասել է, կատարվել է կամոքն Աստծո։
Արագածոտնի թեմի առաջնորդը Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն է, ինքս նույն թեմի ատենապետն եմ։ Տարիներ առաջ, Վեհափառ հայրապետի գահակալության 20-րդ տարեդարձի կապակցությամբ, մտադրություն կար մեր լուման ներդնելու այդ իրադարձության մեջ, քանի որ Գարեգին 2-րդը մեծ գործեր է կատարել Հայ Առաքելական եկեղեցին շենացնելու առումով և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում։ Եվ միտք առաջացավ ավարտելու «Սուրբ Մարիանե» եկեղեցու կառուցումը։
Շատ հետաքրքիր է այս եկեղեցու պատմությունը։ Խրիմյան Հայրիկ լուսահոգի հայրապետը դեռ 13-րդ դարում կառուցված «Սուրբ Մարիանե» եկեղեցին ընդարձակել է, որպեսզի այն լիովին ծառայի Աշտարակի հավատացյալներին։ Գործող Կարմրավոր և Մարիանե եկեղեցիներն ընդարձակ չէին։ Խրիմյան Հայրիկը 1905-ին նախաձեռնում է «Սուրբ Մարիանե» գավիթ-եկեղեցու կառուցումը, որը մինչ այդ փայտաշեն էր, բնականաբար, ոչ երկարակյաց։ Ցավոք, 1907-ին վախճանվում է լուսահոգի հայրապետը, և գործն անժամանակ կիսատ է մնում։ Խորհրդային տարիներին եկեղեցին ծածկվում է փայտե տանիքով և վերածվում պահեստի, պատերազմի ընթացքում` ռազմական պահեստի։ Որոշ ժամանակ այնտեղ թունաքիմիկատների պահեստ է եղել, շինարարության ընթացքում հանդիպեցինք երկաթբետոնե ավազանի, որը նախատեսված էր զանազան թունաքիմիկատների և լուծույթների պահպանման համար։ 2019-ի փետրվարից սկսեցինք վերակառուցման աշխատանքը։ Եվ ահա այս տարվա փետրվարի 22-ին նորակառույց եկեղեցին վերաօծվեց Գարեգին 2-րդ կաթողիկոսի ձեռամբ։
Շինարարության ընթացքում զարմանահրաշ բաների էինք առնչվում։ Մոսկվաբնակ մեր հայրենակիցներից մեկը մի օր մոտեցավ եկեղեցու հոգևորականներից մեկին և խնդրեց թույլտվություն եկեղեցուն զանգեր նվիրաբերելու համար։ Մեկ ուրիշը, մասնագիտությամբ ճարտարապետ, խնդրեց, որ իրեն հնարավորություն ընձեռեն խորանի Սուրբ սեղանը պատրաստելու և եկեղեցուն նվիրաբերելու։ Մի ընտանիք էլ քահանայից խնդրել էր, որ թույլ տան եկեղեցուն նվիրաբերել սպասք և այլ պարագաներ։
Մի օր աշտարակցի մի տատիկ է մոտենում Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ու քահանա տեր Փառենին և խնդրում իր նոր ստացած ողջ թոշակը նվիրել եկեղեցու շինարարության կարիքներին։ Սրբազանն ու քահանան նրան ասում են` դու քո ցանկությամբ արդեն իսկ մասնակցում ես եկեղեցու կառուցմանը։ Եվ առաջարկում են թոշակի գումարը պահել իրեն։ Տարեց կինը չի համաձայնում` ասելով, որ այդ հատկացումն իրենց ընտանիքի համար մատաղ անելու նման մի արարողություն է։ Սրբազանն ու քահանան առաջարկում են, որ գոնե մի հազար դրամ տատիկը իրեն պահի։ Սակայն վերջինս պնդում է և ողջ թոշակի գումարը նվիրաբերում է «Սուրբ Մարիանե» եկեղեցու կառուցմանը։
Ըստ իս, այդ անծանոթ կնոջ մեկ ամսվա նվիրաբերած թոշակն է ամենակարևոր ներդրումը, և հենց նա է եկեղեցու գլխավոր կառուցողը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Գրիգոր Մովսիսյանը մի աննախադեպ հոգևոր-մշակութային հայտնագործության հեղինակ է։ Իր «Վահագնի ծնունդը կամ մեր տեր Հիսուս Քրիստոսով երկրորդ գալուստը» աշխատությունում Մովսես Խորենացու կողմից հայերիս ավանդված հայոց հնագույն բանահյուսվածքի թագ ու պսակ «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը սուրբգրային վկայություններով համարժեքում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հետ։
Աշխատության նախաբանում Գրիգոր Մովսիսյանը գրում է. «Երկար ժամանակ ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ մի՞թե «Վահագնի ծնունդը»` այդ հրաշք բանաստեղծությունը, բանաստեղծական արվեստի մարգարիտը, որն արտասանելիս շուրթերիցդ ասես աղոթք է բարձրանում առ Աստված, նվիրված է հեթանոսության աստծուն»։
Այս է գրում Գրիգոր Մովսիսյանը և խորաքնին մեկնություններով հիմնավորում իր, առաջին հայացքից անհավանական թվացող, տեսակետը, որը, ըստ իս, հոգևոր-մշակութային հայտնագործություն է։
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ