«Դիմորդին մեղադրելն ապակառուցողական հռետորաբանություն է»
31.07.2020 | 00:37
«Իրատեսի» զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ։
-Այս օրերին մի շարք դիմորդներ դժգոհում են՝ թեև բարձր միավորներ են ստացել ընդունելության քննությունից, բայց որևէ բուհ չեն ընդունվել: Դուք այն պատգամավորներից եք, որ դիմորդների հետ հանդիպումներ եք ունեցել առաջին իսկ օրվանից: Մինչև այս պահը որևէ փոփոխություն եղե՞լ է, կա՞ն դիմորդներ, որոնց չընդունվելու հանգամանքը վերանայվել է: Եթե այո, ապա ինչպե՞ս:
-Եղել են ու կան դիմորդներ, ովքեր չեն ընդունվել, և կան այնպիսիք, ովքեր վերջին հայտերով են ընդունվել, սակայն համաձայն չեն արդյունքների հետ, և սա շատ օբյեկտիվ դժգոհություն է, քանի որ 8 հայտ սովորաբար և հիմնականում լրացնում են՝ մտքում չդիտարկելով այդ հայտով անցնելու և համակերպվելու հանգամանքը։ Ես կասեի՝ հայտագրման այս կարգը շատ թերի ձևական բնույթ է կրում։ Եվ եթե ԿԳՄՍ նախարարությունն ու ԳԹԿ-ն անընդհատ շեշտում են դիմորդի մասնագիտական հստակ կողմնորոշման մասին, ապա առնվազն ապագայում պետք է փոխեն ներկայիս հայտագրման տրամաբանությունը՝ այն սահամանափակելով 2, առավելագույնը՝ 3 հայտ ներկայացնելու հնարավորությամբ։ Ներկայիս կարգն ինձ համար ո՛չ տրամաբանական, ո՛չ էլ ընդունելի է։ Այո, առաջինն էի, որ արձագանքել եմ դիմորդների ու նրանց ծնողների բողոք-պահանջին, քանի որ բուհերի և առհասարակ կրթական խնդիրներն ի պաշտոնե ուշադրությանս կենտրոնում են. ինքս ժամանակին արդի կրթական համակարգից տուժած դիմորդ և ուսանող եմ եղել, և հենց այդ կեսմիավորային խնդրի պատճառով ընդունվել եմ բուհի վճարովի բաժին։ Որքան տեղյակ եմ 700 և ավելի դուրս մնացած դիմորդներից այժմ ակտիվ պայքարում են 80 և ավելին, իսկ մի մասին ինչ-որ պայմաններով տարբերակներ են առաջարկել նախարարությունից՝ թափուր տեղերի առկայությամբ պայմանավորված: Որոշ դիմորդներ ստիպված համաձայնել են՝ մտածելով, որ այս պայքարը գուցե արդյունք չտա, և այդ հնարավորությունն էլ կորցնեն։ Մյուս մասն ամեն օր առանձին նամակներով դիմում է ինձ (գուցե այլ պատգամավորների ևս), իսկ մնացածը պարզապես ակտիվորեն չի կարողանում մասնակցել նախաձեռնությանը։ Տեղեկություններ ունեմ, որ «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության ակտիվ ծնողներից և դիմորդներից մի քանիսին նախորդ օրերին բարձրագույն կրթության մասով պատասխանատու ոլորտային փոխնախարարն անմիջապես հանդիպման ընթացքում անսպասելիորեն տեղեկացրել է Բրյուսովի անվան պետական համալսարանում որոշակի ավելացված թափուր տեղերի մասին, և այդ դիմորդները, կարծես թե, համաձայնել են։ Իրենց իրավունքն է, սակայն հարցն այդպես չի լուծվում։ Սա համընդհանուր խնդիր է, ծագման մի շարք պատճառներ ունի, որոնք պետք է ի սկզբանե հաշվի առնվեին: Բայց խնդրին մատների արանքով են նայել, ինչի հետևանքով դիմորդներն աբսուրդային իրավիճակում են հայտնվել։
-ԿԳՄՍ-ն և Ազգային ժողովի իշխանական թևի ձեր գործընկերները վստահեցնում են՝ ընդունելության նոր կարգի մասին թե՛ նախարարությունը, թե՛ իրենք՝ պատգամավորները, տեղեկացրել են, բայց դիմորդները, միևնույն է, ուշադրություն չեն դարձրել այդ փոփոխությանը: Այս պատմության մեջ ո՞վ է մեղավորը կամ թերացողը:
-Պաշտոնական տեղեկագրի աղբյուրը պետք է լինի լիազոր մարմինը, և ցանկացած փոփոխություն, որն արվել կամ արվելու էր կարգերում, պարտավոր էր պաշտոնապես ծանուցել նախարարությունը։ Թե պատգամավորները որքանով են կարողացել «աջակցել» քաղաքացիներին, դա հարցի էությունը չի փոխում. եթե արել են, շատ ավելի լավ, բայց ներողություն, դիմորդն ու իր ծնողն ունեն պաշտոնական մեկ աղբյուր` ԿԳՄՍ նախարարության և ԳԹԿ կայքէջը։ Ծանուցման շատ բազմազան եղանակներ կան, որ կարելի էր կիրառել՝ սկսած պարզ բաժանորդային հաղորդագրություններից մինչև դիմորդների էլեկտրոնային հասցեներով նամակներ ուղարկելը։ Կամքի հարց է։ Որևէ կերպ չեմ ընդունում դիմորդին կամ նրա ծնողին մեղադրելու ապակառուցողական հռետորաբանությունը։ Եթե կա խնդիր, որ զանգվածային բնույթ է կրում, ուրեմն դա, միանշանակ, լիազոր մարմնի վատ կառավարման մասին է վկայում, իսկ պարբերաբար և ամեն առիթով մեղքը դիմորդի վրա բարդելը թերարժեքության սինդրոմի ցայտուն արտահայտություն է։ Նախարարությունը, անհասկանալի դիմադրություն ցույց տալու փոխարեն, պետք է հրապարակավ ընդունի մեղքի իր բաժինը, օրինակ, որ սխալ մոտեցում էր մեկ քննություն հանձնելու կարգ ընդունելը, կամ հայտագրման անտրամաբանական ու իրական մրցույթը բացառող կարգը: Նախարարությունը մասնագիտական ոչ օբյեկտիվ կողմնորոշման վրա շեշտադրում անելու փոխարեն մինչ ընդունելության քննությունները` դեռ մեկ տարի առաջ, դպրոցներում կարող էր մասնագիտական ընտրության ուղղությամբ սեմինարներ նախաձեռնել, որպեսզի երիտասարդ սերունդը, մասնագիտություն ընտրելիս, ավելի հստակ ու գիտակցված ձևով կարողանար տարբերակել երազանքն ու նպատակը: Այս պատմության մեջ մեղավոր ու անմեղ փնտրելն անիմաստ է, քանի որ փաստացի երկկողմ աբսուրդային իրավիճակ է ստեղծվել, ինչի հանգուցալուծումը հօգուտ դիմորդի պետք է լինի:
-Միայն մեկ քննություն հանձնելով՝ ինչպե՞ս կարող է բուհը ուսանող ընտրել, կամ այդ նոր չափորոշիչը ինչպե՞ս կարող է գործել, եթե դիմորդն ինքն է որոշում՝ ինչ քննություն հանձնել:
-Ճիշտ հարցադրում եք անում։ Մեկ քննությունը բոլորովին բավարար չէ՝ ստուգելու, թե իրականում դիմորդն ինչ գիտելիքի է տիրապետում, կամ արդյոք այդ մեկ կամընտրովի քննությունը բավարա՞ր էր մասնագիտական կողմնորոշման համար, որովհետև ընդամենը մեկ առարկայի քննական արդյունքը չի կարող լիարժեք փոխանցել դիմորդի ընդհանուր գիտելիքի պաշարի ծավալի մասին ինֆորմացիան, գրագիտության աստիճանը. չէ՞ որ բուհում ուսանելիս մայրենի լեզվի կիրառման առաջնային պահանջ կա, որ արտացոլվում է ուսումնական ձեռնարկներում, ուսանողի կողմից ներկայացվող աշխատանքներում, նրա գրական խոսքի շարադրանքում, գրվելիք հոդվածներում, աշխատություններում։ Այստեղ մի կարևոր հանգամանք ևս հաշվի չի առնվում՝ բուհի ինքնավարության առաջնային նախապայմանը։ Բազմիցս հանդիպում ենք այն պնդումներին, որ բուհերին թույլ չի տրվում իրապես ինքնավար լինել, և այս պարագայում էլ բուհն օբյեկտիվորեն զրկված է իր համար նախընտրելի ուսանող ունենալու հնարավորությունից, ինչի առաջնային չափանիշը հենց դիմորդի գիտելիքի ծավալն է։ Դիմորդին ազատ ընտրելու հնարավորություն տալը դրական մոտեցում է, բայց ոչ մեկ, այլ առնվազն երկու առարկայի համակցությամբ կազմված թեստերի արդյունքներով։ Այստեղ խնդիրները բազմաշերտ են, իրականում շատ դժվար է միայն մեկի վրա շեշտադրում անել և պնդել, որ հենց դրա պատճառով համակարգում կան թերացումներ։ Ընդունելության կարգն առհասարակ խորքային վերանայման և նոր մոտեցումների կարիք ունի։ Պետք է այդտեղից սկսել։
-Տարատեսակ հայտարարություններ ու մեկնաբանություններ եղան, ինքներդ եք շփվել այդ պատանիների հետ, արդյո՞ք քաղաքական հայացքներ ունեն նրանք:
-Նախաձեռնության անդամներին որևէ կերպ չէի կապի ինչ-ինչ քաղաքական շրջանակների հետ, իմ կողմից դա շատ պարզունակ և ստոր քայլ կլիներ։ Պայքարող դիմորդներն ու նրանց ծնողներն առաջնորդվում են կրթական շահով և, իմ պատկերացմամբ, չեն կարող ամեն քայլափոխի ֆիլտրել ու բացառել նախաձեռնությանն ինչ-որ քաղաքական հայացքներ ունեցող անձանց ներգրավվածությունը, ինչպես, օրինակ, չեն կարող կանխել քաղաքական ինչ-որ ուժի սատարող հայտարարությունը: Շահարկման անիմաստ թեմա է, որին առանձնահատուկ երանգ տալու կարիք չկա։
-Տեղի՞ն է Արայիկ Հարությունյանի շեշտադրումը, թե բողոքողներից մեկը Ռոբերտ Քոչարյանի աջակիցն է, հետևաբար՝ սա քաղաքական պայքար է: ՀՀ քաղաքացին, ի վերջո, բողոքելու իրավունք ունի՞, թե՞ չունի:
-Բնականաբար` տեղին չէ։ Ի՞նչ է, այդ անձն իրավունք չունի՞ կարծիք ունենալու առկա խնդրի վերաբերյալ, ինչ է թե ՀՀ երկրորդ նախագահի աջակիցն է։ Ո՞վ է նման արգելք սահմանում կամ ո՞վ է աջակցելու կամ խանգարելու հնարավորություն ընձեռում։ ՀՀ քաղաքացին ազատ է արտահայտելու սեփական կարծիքը, թելադրելու, ուղղորդելու և ստիպելու այս ու ապագա իշխանություններին՝ կատարել իր կամքը, հօգուտ պետության և քաղաքացու։ Այստեղից հետևություն՝ անիմաստ է անընդհատ շահարկել քաղաքական շրջանակների կողմից կամ ձեռամբ ուղղորդվելու թեզը, այլապես ամեն ինչում և բացառապես յուրաքանչյուր բարձրաձայնվող խնդիր կարելի է ձևել քաղաքական աստառով և շրջանցել։ Սա գործելաոճ չէ, այլ ինքնապաշտպանական պարզ մեխանիզմ, մշտական ալիբի, որը կարելի է ցանկացած իրավիճակում կիրառել և արդարացնել սեփական անհաջողությունները։ Իսկ այդպես ու՞ր կհասնենք, իրենք ու՞ր կհասնեն, պարզ է՝ ոչ մի տեղ։ Այդ իսկ պատճառով օր առաջ հրաժարվել է պետք անտեղի դիմակայություններից, քաղաքական կամք դրսևորել, ընդունել սխալները, նոր ռազմավարություն որդեգրել ու շարժվել առաջ։ Այս նույն քայլերում ներկայիս իշխանությունը ոչ վաղ անցյալում մեղադրում էր նախկին ռեժիմին, որ չունեն բավարար կամք՝ ընդունելու երկրի ձախողված կառավարումը։ Հիմա նույն չհուսադրող միտումն եմ նկատում:
-ՈՒսանողների բողոքին զուգահեռ գրականագետներն էլ ահազանգում են «Գրականություն» ռարկայից «հայ» որոշիչը հանելու, ինչպես նաև գրականության ցանկը վերանայելու առնչությամբ: Այս մասով ո՞րն է ձեր տեսակետը:
-Այս պահին ուսումնասիրում եմ նոր չափորոշիչները, դիմում եմ մասնագետների՝ հասկանալու, թե իրականում այս նոր ռեֆորմով ինչ ռազմավարություն է որդեգրել իշխող քաղաքական թիմը։ Հակված եմ իրական կրթական բարեփոխումներ ունենալուն, ինչը ենթադրում է, որ հնարավոր են ցավոտ թեմաների բախումներ, ինչը ևս նորմալ երևույթ է։ Փորձում եմ տեղեկություններ հավաքագրել, թե ովքեր, ինչ կատեգորիայի մասնագետներ և փորձագիտական խմբեր են աշխատել նոր կրթական և առարկայական չափորոշիչների մշակման ուղղությամբ։ Դեռևս բացասական ազդակներ եմ ստանում հայագիտական առարկաներն ուսումնական պլաններում նվազեցնելու, գրականության ցանկը վերանայելու ու արդիականացնելու մասով։ Իմ պատկերացմամբ՝ դպրոցահասակ երեխային պետք է հրամցնել համամարդկային բարձր արժեքներ կրող, ուսուցանող, կրթող և դաստիարակող գործեր։ Գրականության ընդարձակ աշխարհն իր տարատեսակ երանգներով, ընդունելի կամ ոչ ընդունելի երևույթներով կարող է հասու դառնալ չափահասության տարիքում։ Սա վերլուծում եմ որպես ծնող, որպես նախկին աշակերտ, հետո` ուսանող և` ուղղակի մարդ։
-Չափորոշիչը՝ չափորոշիչ, բայց մեր դպրոցում արդյո՞ք պատրաստ են դրան, ուսուցիչները պատրա՞ստ են այդ փոփոխություններին:
-Կարծում եմ՝ դեռ պատրաստ չենք մշակութային փոփոխություններին, քանի որ դեռ անելիք կա ուսուցչական համայնքի հետ. վերապատրաստումներ, ուսուցչի դերի և բարձր կոչման վերարժևորում և այլն։ Չմոռանանք, որ անցում ենք կատարել համընդհանուր ներառականության, որն իր հերթին լրջագույն բարդություններ է ստեղծելու այսօրվա մանկավարժի համար, հիմա էլ նոր ու կտրուկ մոտեցումները առարկայական վերանայումների մասով` շատ անողոք վիրահատական մոտեցում է։ Քայլ առ քայլ է պետք անել ամեն փոփոխություն, որ հնարավորինս քիչ ցավոտ լինի և դժգոհության փոքր չափաբաժիններ առաջացնի։ Նախ` պատրաստել ուսուցչին, հետո, «զինված» ուսուցչի միջոցով՝ աշակերտին։
-Դպրոցի թիվ մեկ խնդիրը առարկայական նոր չափորոշիչնե՞րն են, թե՞ մանկավարժական մեթոդների փոփոխությունը:
-Երկրորդ մասնագիտությունս մանկավարժությունն է, և ես, բուհում ստացածս գիտելիքի, իսկ հետո կարճաժամկետ դպրոցական պրակտիկայի, այնուհետև դասապատրաստումների աշխատանքային փորձի շնորհիվ, հանգել եմ այն եզրակացության, որ աշակերտի կրթության թիվ մեկ չափորոշիչն ուսուցչի ճիշտ մեթոդական մոտեցումն է, ինչը քչերին է հաջողվում կիրառել և ստանալ ակնկալվող դրական արդյունք։ Ըստ այդմ, կարծում եմ, որ խիստ անհրաժեշտություն կա վերանայելու մանկավարժական մեթոդաբանությունը, ուսուցման մոտեցումները, որոնք կուղղվեն ավելի վերլուծող ու տրամաբանող միտք զարգացնելուն, ոչ թե` կաղապարելուն։
Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ