«Պետք է վայրկյան առաջ, Նարեկացու ասած, այս հավամիտ գոռոզները մեր տեսադաշտից վերանան»
17.11.2020 | 00:20
Պատերազմ, կապիտուլյացիա, դավաճանական փաստաթուղթ և գործողություններ, թանկ ու մեծաքանակ զոհեր, ներքաղաքական լարվածություն, քաղաքացիական պատերազմ հրահրելու վարչապետի կոչեր։ Մեր հասարակությունը շատ ուժեղ հարվածներ է ստացել ու ստանում։ Մարդիկ բարոյահոգեբանական վատ վիճակում են, ու շատ բարդ է ասել, թե այս ամենն ինչպես և երբ կհաղթահարենք։ Էթնոհոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ զրուցել ենք այս թեմայով։
-Այսօր մեր հանրությունը բարոյահոգեբանական ի՞նչ վիճակում է։
-Մեր հասարակությունը հատկապես վերջին 2,5 տարում շատ վայրիվերումներով անցավ, այնպիսի տեսանելի ու անտեսանելի ազդեցությունների թիրախ դարձավ, որ և բարոյապես, և խոսքի կուլտուրայի տեսակետից շատ ցած ընկավ։ Շատ չխորանալով երևույթների մեջ, այդուհանդերձ, պատերազմի առաջին օրից մեր ազգին բնորոշ ինքնավերելք տեղի ունեցավ։ Տեսանք, որ ինչքան էլ հայ մարդու վրա ապականող, ապակառուցողական ազդեցություններ ունենան, երբ վտանգված է հայրենիքը, կայծը բոցավառվում է։ Ավաղ, մենք լուսավոր երիտասարդների սերունդ կորցրինք ու դեռևս լիովին չենք գիտակցում, թե ինչ է կատարվել։ Այդ օրերին մենք ինքնակազմակերպվել էինք, բայց թշնամին մեր թիկունքում շարունակում էր գործել։ Քաղաքական մեծ պարտություն գրանցեցինք, երբ թույլ տվեցինք, որ մեր սրբազան երկրում գունավոր հեղափոխություն տեղի ունենա։ Այսօրվա իրավիճակը դրա հետևանքն է։ Հիմա մարդիկ հոգեբանորեն տապալված են, շատ ճիգ ու ջանք պիտի գործադրել, որ կարողանանք այս կքված ողնաշարն ուղղել։ Ամենախայտառակ ձևով Հայաստանի իշխանությունները ծունկի են եկել, գետնատարած են եղել թուրքի առաջ։ Թուրքը մեզ ծաղրում է, մենք, որպես երկիր, դադարել ենք գործոն լինելուց։ Շատերն այս ամենը չէին հասկանում, բայց կային, չէ՞, նկատողներ, զգուշացնողներ։ Ավելին ասեմ` այս աղետն ավելի շուտ է տեղի ունեցել, երբ ժողովրդի կրթական մակարդակը հետևողականորեն իջեցնում էին։ Հայ մարդուն միշտ բնորոշ է եղել իր մտավորականներին հարգելը, նրա խոսքը լսելը։ Ես մանկավարժի աղջիկ եմ ու հիշում եմ, երբ անցնում էի, ու ինձ ասում էին՝ դասատուի աղջիկ է, մեծ հպարտություն էի ապրում։ Մարդիկ մեծ ակնածանք ունեին կրթյալ, ուսյալ, մտավորական մարդու հանդեպ։ Տարիների ընթացքում վարկաբեկվեց միտքը, մտավորականությունը։ Մասնագետ մարդիկ այսօր բացատրում, աշխարհաքաղաքական վերլուծություններ են ներկայացնում, իսկ խանութի հավաքարարը, իր «քաղաքական» գիտելիքներով, հարձակվում է այդ մարդու վրա։ Երկիրը հասցրել են ծանրագույն վիճակի։
-Ինչպե՞ս այսօր վերականգնենք աղճատված հարաբերությունները, իրական արժեքները, մարդկանց ողնաշարն ինչպե՞ս ուղղենք, կորսված արժանապատվությունն ինչպե՞ս վերականգնենք։
-Որոշակի ցնցում տեղի ունեցավ, երբ այդ չարաբաստիկ թուղթը ստորագրվեց։ Ոմանք սթափվում են, հասկանում են արդեն, թե ինչ է տեղի ունենում։ Մեր զինվորները, սպաները հրաշքներ գործեցին։ Մենք պետք է շեշտը նրանց վրա դնենք։ Մենք կարող ենք ոտքի կանգնել, մեր արժանապատվությունը վերականգնել, պարզապես մեզ դավաճանել են։ Պատերազմում հայ ժողովուրդը, մեր պատանիներն իրենց մեծագույն արժանապատվությամբ են դրսևորել, բայց մեզ մոտ համակարգային դավաճանություն է տեղի ունեցել։ Մեր ժողովրդին պետք է մեր դրական կողմերը մատնացույց անենք։ Մարդկանց հետ պիտի անկեղծ լինել։ Այսօր իշխանությունները և Արցախն են հանձնել, և սուլթանների երազանքն ենք իրականություն դարձրել։ Դուք գիտե՞ք, թե թուրքական ինչ երազանք ենք իրականացել, երբ Մեղրիով Ադրբեջանը Թուրքիային ենք միացրել։ Մարդկանց աչքերը բացել է պետք։ Հեղափոխության «անհուսալի զոհերը» մնացել են տեխնոլոգիաների տակ, իսկ գիտակցության աղավաղումը շտկելը բավականին տևական ժամանակի հարց է։ Այդուհանդերձ, մեր ժողովրդին պետք է դաժան իրականությունն ասել, պիտի հասկանան, թե ինչի հետ գործ ունեն։
-Մինչև հասկանան, բավական ժամանակ է պետք։ Մենք ունե՞նք այդ ժամանակը, կորուստներն ավելի մեծ չե՞ն լինելու։
-Այո, հասարակական գիտակցության մեջ փոփոխություններ մտցնելը ժամանակի և ճշգրիտ աշխատանքի խնդիր է։ Կողմնակից չեմ, որ այսօր պիտի սկսենք մարդկանց գիտակցությունը փոխելով իրավիճակի մեջ բեկում մտցնել։ Շատ շտապ լուծումներ են պետք, մենք ուշացել ենք, մենք ամեն վայրկյան ուշանում ենք։ Պետք է այս իշխանությունը՝ իր Նիկոլով հանդերձ, մեր տեսադաշտից ընդհանրապես դուրս մղվի։ Պետք է ազգային ուժեր գան իշխանության։
-Ինչու՞ հրապարակում քիչ մարդ է հավաքվում։
-Մարդիկ այս ամենում քաղաքականություն են տեսնում։ Տեսնում են դեմքեր, որոնց չեն վստահում, ինչ-որ առումով չվստահելու հիմքեր ունեն։ Սակայն պետք է վայրկյան առաջ, Նարեկացու ասած, իշխանության այս հավամիտ գոռոզները մեր տեսադաշտից վերանան։ Պիտի գան կոալիցիոն ուժեր, որովհետև մեկ մարդը, եթե լավագույնն էլ լինի, չի կարող այս ողջ պատասխանատվությունը կրել։ Մտքի համախմբում է պետք, պրոֆեսիոնալ, ազգանվեր մարդկանց մեկտեղում։ Մեր ժողովրդի արգանդը չի չորացել, կան այդպիսի մարդիկ, պարզապես նրանք շատ համեստ են, մեջտեղ ընկնել չեն սիրում։ Այսօր իշխանության գալը չի կարող վայելք համարվել։ Որպեսզի ինչ-որ բան վայելես, նախ պետք է այն գոյություն ունենա, իսկ հիմա մեր երկրի գոյության խնդիրն է դրված։ Ինչքան այս իշխանությունները երկար մնան, այնքան իրենց նպատակներն ավելի հեռուն կգնան։ Մենք ի՞նչ գիտենք, թե ինչ ծրագրերով ու հրահանգներով են նրանք եկել։ Թեև շատ բան արդեն ակնհայտ է, կանխատեսումներ էլ արել ենք։ Ժողովրդի ցասման ալիք պիտի բարձրանա, իշխանությունը պիտի վայրկյան առաջ հեռանա։ Այստեղ մեր ժողովրդի իմաստնությունը պիտի խոսի, իշխանությանը չպետք է հաջողվի քաղաքացիական բախումներ հրահրել։ Իշխանությունը գնալու է մինչև վերջ։ Հայրենիքը հանձնեցին, տղաների արյունը նրանց խղճին է (եթե իհարկե, խիղճ ունեն), հիմա էլ քաղաքացիական բախումների են գնում։ Տեսնում եք, թե ուր ենք հասել, ինչքան ենք ընկել, ովքեր են մեր իշխանությունները։
-Ինչպես նշեցիք` այն իշխանությունը, որ ստորություն ստորության հետևից է անում, ինքնակամ կհեռանա՞։
-Ինքնակամ` երբե՛ք։ Այդ մարդը հրաժարական չի տա։ Բայց ժողովրդի ցասումը, հեղեղը մի բան է, որից իշխանություն ունեցողները շատ են վախենում։ Երբ տեսնի, որ մեր հայրենիքի արյունոտված հողը ոտքերի տակ երերում է, կհեռանա։ Շատ կարևոր է ժողովրդի չքաղաքականացված ըմբոստությունը, մեր ժողովուրդը շատ զգայուն է այդ առումով։ Պիտի մարդիկ հասկանան, որ այստեղ իշխանության խնդիր չէ, այլ հայրենիքը փրկելու հարցն է զոհասեղանին։ Մեր ուժային կառույցները պիտի հասկանան, որ անօրինականություններ չպետք է թույլ տան, չի կարելի անօրեն հրամանների ենթարկվել։ Մի աղետ էլ այս 2,5 տարում տեղի ունեցավ օրինականության հետ։ Այս կառույցներից շատ բան է կախված, եթե առաջնորդվեն օրինականությամբ, նշանակում է` հանուն հայրենիքի են գործելու։
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ