Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆ Է ՑԱՆԿԱՆԱԼ ԼԻՆԵԼ ՀԱՋՈՂԱԿ»

«ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆ Է ՑԱՆԿԱՆԱԼ ԼԻՆԵԼ ՀԱՋՈՂԱԿ»
25.11.2011 | 00:00

«ՈՒզում ես լինել երջանի՞կ, եղի՛ր»: Հաջողակ լինել-չլինելու պարագայում, հավանաբար, նույնպես գործում է այս դրույթը: Տարին վերջանում է: Հետադարձ հայացքով` տարվա լավ և վատ լինելն ամփոփում ու սպասում ենք 2012-ին` նոր, հաջող տարվա ակնկալիքով:
Ի՞նչ է հաջողությունը` ըստ հոգեբանների: Ինչպե՞ս են բացատրվում հաջողակ կամ ոչ հաջողակ (ձախորդ) հասկացությունները: Անհաջողություններն ուղղակիորեն կապված են մեր բնավորությա՞ն, քայլերի հե՞տ, թե՞ ի վերուստ տրվող, չվերահսկվող պատճառների հետևանք են:
«Հաջողակ կամ ձախորդ լինելը հոգեբանական դիրքորոշում է, որը ձևավորվում է կյանքի ընթացքում, և այստեղ, ինչպես նաև հոգեբանական բազմաթիվ բնութագրիչների հիմքում, ընկած են մանկության տարիների փորձը, այն պատկերացումներն ու համոզմունքները, որոնք ձևավորվում են յուրաքանչյուրիս մեջ այլոց հետ շփվելիս,- ասում է «Սատար» հոգեբանական կենտրոնի սոցիալ-հոգեբանական բաժնի ղեկավար, «Հաջողության գրավականները» գրքի հեղինակ, հոգեբան ՆԱՐԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:- Կարծում եմ, և վերջին տարիներին կատարած հետազոտություններս էլ երիցս ապացուցում են, որ, այնուամենայնիվ, հաջողություններն ու անհաջողությունները մեր կողմից ձեռնարկվող քայլերի հետևանք են, մեր սերմանած համոզմունքների, հավատալիքների արձագանքն ու արտացոլանքը»:
Կա նաև համոզմունք, որ անհաջողությունները միանգամից, իրար հետևից են գալիս։ Նարինե Թովմասյանը լրացնում է, որ դրանք չեն հապաղում հայտնվել այն մարդկանց կյանքում, ովքեր այդպես են մտածում: «Իսկ եթե ավելի լուրջ` հանրահայտ ձգողականության օրենքը գործում է նաև կյանքի այս ոլորտում։ Այն, ինչ տիրում է մեր ներսում, մեր գիտակցության մեջ, որոշակիորեն պայմանավորում է նաև այն ամենը, ինչ գալիս է մեր կյանք, մեր իրականություն: Թեև, պետք է խոստովանել, կա նաև կյանքի ռիթմիկ բնույթի ազդեցության փաստը: Յուրաքանչյուրիս մոտ լինում են մակընթացություններ և տեղատվություններ: Այսպես կոչված անհաջողությունների շարանը, եթե այն իսկապես ինչ-որ կերպ հետապնդում է մեզ, կարող է ընդամենը տեղատվության ազդակ լինել կամ նույնիսկ ազդանշան, որ մեր ներկայիս նախաձեռնությունը անցանկալի, անտեղի է, կամ անհրաժեշտ է հետաձգել այն իրականացնելու ժամանակը: Մեկ այլ, ավելի լուրջ ու ծանրակշիռ փաստարկ այս կապակցությամբ. սովորաբար հեշտությամբ են իրականանում այն ցանկությունները, որոնք ավելի «հարմար» են մեզ, ավելի «ճիշտ» են մեզ համար»:
Ջոն Գոլսուորդիի «Ասք Ֆորսայթների մասին» գրքում մի այսպիսի խոսք կա. «Երբ ինքդ քեզ չտեսնես այնպես, ինչպես ուրիշներն են քեզ տեսնում, դա հոյակապ միջոց է ինքնապաշտպանության»: Այսինքն, հաջողակ կամ անհաջողակ լինելը կախված է նաև այն բանից, թե ինչ պահանջներ ենք ներկայացնում կյանքին, էլ չասենք` այն մտայնությունից, թե ի՞նչ կասեն կամ ի՞նչ են ասում մեզ շրջապատող մարդիկ, հասարակությունը: Հոգեբանն այս դիտարկումը փոքր-ինչ այլ կերպ է մեկնաբանում. երբ այլոց պատկերացումները, համոզմունքները մեր մասին անտեսում ենք, կարող ենք իրականացնել մեր ողջ պոտենցիալը, լիովին ու արդյունավետ օգտագործել մեր ներքին կարողությունները: Ավելի լայն մասշտաբներով խնդիրը դիտարկենք. ընդունված է հայ ազգը համարել տառապյալ, դժբախտ: Մենք մի տեսակ հպարտությամբ ենք խոսում մեր թախծոտ աչքերի, տխուր էության մասին: Տվյալ դեպքում անհաջողությունն ազգային հատկանի՞շ է, հոգեվիճա՞կ, ճակատագի՞ր:
«Հայագիտությամբ զբաղվող մասնագետները ձեզ կարող են շատ հիմնարար կերպով հավաստիացնել, որ հայի` որպես տառապյալի, տանջվածի և մի շարք այլ, ի դեպ, հենց մեր կողմից «հային բնորոշող» բացասական հատկանիշներն ամենևին էլ հայկական չեն, պարզապես անհիմն կերպով վերագրվում են մեզ,- ասում է Նարինե Թովմասյանը:- Մեզ շատ երկար ու նպատակասլաց կերպով փորձել են համոզել, որ թույլ ենք, և այլն, և այլն, նույնիսկ չեմ ցանկանում թվարկել բնութագրիչները: Առյուծին էլ միաբերան որ ասեն, թե կատու է, վաղ թե ուշ կհամակերպվի ու կհամապատասխանի այդ կերպարին: Մենք մեզ չենք ճանաչում: Մեզ դեմ են տալիս մեր պատմության մեկ-երկու «խայտառակ» էջեր, և մենք վախեցած կծկվում ենք, նույնիսկ չհանդգնելով ցանկանալ, երազել, ակնկալել, էլ ո՜ւր մնաց պահանջել ավելի լավ ճակատագիր մեզ համար: Սակայն այն «ընտրյալները», որոնք շատ ավելի խորքային կերպով են ճանաչում հայի արարիչ էությունը, ծանոթ են հպարտության արժանի փառահեղ պատմության էջերին, ոչ միայն մեր հայրենակիցների, այլև օտարերկրյա մեծ գիտնականների վկայակոչություններին, լուրջ չեն ընդունի մեր այս զրույցը»: Զրուցակցիս համոզմամբ` մի քիչ նախանձախնդրություն է անհրաժեշտ սեփական էությունը բացահայտելու և կամք` այն ընդունելու ու դրան համապատասխանելու համար։
Այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ, ո՞րն է հաջողակ լինելու նախապայմանը կամ նախապայմանները` ըստ հոգեբանի: Ի պատասխան լսեցինք հոգեբանական մի այսպիսի անեկդոտ. «Հոգեբանը կարո՞ղ է էլեկտրական լամպ տեղադրել»: «Այո , եթե լամպը ցանկանա»: «Իսկ ավելի լուրջ,- ասում է հոգեբանը,- հաջողակ լինելու առաջին կարևոր նախապայմանն է ցանկանալ լինել հաջողակ. ի վերջո, հաջողությունը նախ հստակ սահմանված «իրական» ցանկությունների ու նպատակների առկայությունն է և դրանց իրականացնելուն ուղղված գործողությունների հետևողական կիրառումը»:
Եվ վերջում` հարց հոգեբանին. «Դուք հաջողա՞կ եք»:
«Ձգտում եմ լինել այդպիսին։ Հիմնականում հաջողվում է»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ