Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ցնծացե՛ք և ուրա՛խ եղեք…»

«Ցնծացե՛ք և ուրա՛խ եղեք…»
07.10.2008 | 00:00

ՕԾՈՒՄ
Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց Արագածոտնի թեմի Ագարակ գյուղի նորակառույց Սուրբ Աստվածածին մատուռը, որը կառուցվել է Հրաչ Պողոսյանի և նրա ընտանիքի բարերարությամբ: Գյուղի բնակչությունը մեծ խանդավառությամբ և աղուհացով դիմավորեց Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչից հետո «Հրաշափառ» շարականի երգեցողությամբ, հոգևորականների հանդիսավոր թափորով ու բազմաթիվ հավատացյալ հայորդիների ուղեկցությամբ Նորին Սրբությունը մուտք գործեց նորակառույց մատուռ: Շարականների երգեցողության և սաղմոսերգության ներքո գինով լվացվեց Սուրբ Սեղանը, որից հետո Վեհափառ Հայրապետը նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով օծեց մատուռի Սուրբ Սեղանն ու Մկրտության Ավազանը:
Արարողության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր Հայրապետական օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց Հրաչյա Պողոսյանին և նրա ընտանիքի անդամներին, ովքեր սիրահոժար կերպով և իրենց արդար վաստակով կառուցել են Սուրբ Աստվածածնի անունը կրող մատուռը։ Գյուղի բնակչությանն ուղղված իր օրհնության խոսքում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ նորօրհնյալ Մյուռոնի անուշաբույրը տարածվի ողջ գյուղի վրա, Սուրբ Հոգու շնորհներն իջնեն գյուղի յուրաքանչյուր անդամի վրա և շնորհազարդեն նրանց կյանքի գեղեցկությամբ, ավետարանական նվիրական արժեքներով, որպեսզի ծաղկի ու առաջընթաց ապրի գյուղը, և բարօր դառնա գյուղի յուրաքանչյուր բնակչի կյանքը: «Ցնծացեք և ուրախ եղեք այսօրվա ուրախությամբ, որովհետև այս մատուռը պիտի դեպի երկինք բարձրացնի ձեր աղոթքը, ձեր հայցը, ձեր ուխտը, և Աստված, ունկնդիր ձեր խնդրանքներին, պիտի բազմապատիկ վարձատրի ձեզ, օրհնի ձեզ, ձեր բարի կյանքը և ձեր հավատո բարի գործերը: ՈՒրեմն՝ մնացեք Աստծո սիրո մեջ, քայլեք Աստծո պատվիրանների ճանապարհներով, որպեսզի Աստծո օրհնությունը միշտ ուղեկից լինի ձեր կյանքին»,- պատգամեց Վեհափառ Հայրապետը:
Օծումից հետո նորաօծ մատուռում կատարվեցին մկրտության և պսակի առաջին արարողությունները: Վերջում մատուռի բակում գեղարվեստական կատարումներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նորքի Հայորդաց տան սաները:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը և Մայր Աթոռի միաբաններ: Արարողությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը և մարզային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:
Գ. ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2592

Մեկնաբանություններ