Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հավսա՜ր, զգա՛ստ. ուշադրությունը դեպ կերակրատաշտ

Հավսա՜ր, զգա՛ստ. ուշադրությունը դեպ կերակրատաշտ
01.05.2009 | 00:00

ՍՈՂԱՑՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործկոմի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը «մոտիկից» ներկայացրել է «ճանապարհային քարտեզի» որոշ «նրբություններ»: Մասնավորապես, ըստ այդ «հուշագրի», կստեղծվի ոչ թե 1915-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով, այլ կկազմվի ենթահանձնախումբ, ընդ որում, ոչ միայն հայ և թուրք պատմաբաններից, այլև այլ պետությունների ներկայացուցիչներից, որը կզբաղվի պատմական այդ ժամանակահատվածի «կնճռոտ հարցերի համապարփակ ուսումնասիրությամբ»:
Հաջորդ «նրբությունը» վերաբերել է դիվանագիտական հարաբերություններին: Ինչպես տեղեկացնում են «մերձ» աղբյուրները, «ընդունված միջազգային պրակտիկայից ելնելով, հարկավոր է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց առաջ փոխադարձորեն ճանաչել միմյանց սահմանները»:
Իհարկե, ՀՀԿ-ում ժխտում են, որ դա առնչվում է Կարսի պայմանագրին. «Հեռավոր հիշատակում իսկ չի կարող լինել այդ մասին». պնդում են և համարում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման «պակտն» արձանագրող փաստաթղթում պետք է օգտագործել պարզապես` «սահմանը, որը կա» եզրույթը:
Գործադիրի նիստում նախագահը հանրապետական էլիտային տեղեկացրել է նաև «կոալիցիոն» որոշման մասին, այն է` ՀՅԴ մշտական հանձնաժողովների նախագահներին առաջարկ կարվի մնալ և պաշտոնավարել (ինչը, ի դեպ անչափ ողջունելի քայլ է բոլոր առումներով, թե՛ կադրերի, թե՛ քաղաքական մոտեցման և հանդուրժողականության, ու եթե Սերժ Սարգսյանն ու իր «զինակիցները» նույնքան հանդուրժող լինեին ու լինեն «մյուս» ընդդիմության նկատմամբ, ապա երկրում, հայ-թուրքական սահմանի բացման «նախօրյակին», կունենայինք բավականին տոլերանտ մթնոլորտ):
Բա՜յց։ Բոլոր հանրապետականներն ու չհանրապետականներն այդ օրվա գործկոմի նիստից ավելի շատ սպասել են, թե ինչ կասի Ազատիչը` կադրային «խնդիրների» հաշվով: Ազատիչն իրեն հատուկ ոճով ասել է. «Հիմի էլ լռենք, եղբայր»։ Իմա` Արթուրն էստեղ չէ (Արթուր Բաղդասարյանը գնացել է «գունավոր հեղափոխությունների» հայրենիք` Լեհաստան. չէ, հո չե՞նք ասում` «հեղափոխություն» բերելու, գործո՜վ է գնացել), կգա, կոալիցիայով կորոշեն։ Մի հարցնող լինի` էդ որ կարող էին կոալիցիայով «որոշել»` ՀՅԴ հանձնաժողովականները մնում են, ինչո՞ւ չէր կարելի որոշել, թե ում ինչքան, ինչպես և ումով է «տաշտ» հասնելու:
Բայց` չէ: Պարզվել է` «տաշտերն» այս դեպքում շատ-շատ են, ու լիքը փիքր անելու տեղ կա: Համ էլ պիտի որոշեն` հավասա՞ր են բաժանում տաշտակները, թե` «մեկին հազար ձի ու ջորի, մեկին` ոչ ուլ մի, ոչ մաքի»:
ՀՀԿ-ում, իհարկե, ցանկանում են «հազար ջորի»։ «Որովհետև առանց այն էլ նախարար չունենք». սակայն` «մեկին արդեն կորցրինք, նեղանալ կա-բան կա, պիտի ՕԵԿ-ին ու ԲՀԿ-ին էլ մի բան տալ»:
«Բանն» այն է, որ «բոլորին» այս փուլում հետաքրքրում է կրթության և գիտության նախարարությունը: Դե, չէ, ոչ միայն «տաշտակում» եղած փողային կոնֆիգուրացիայի պատճառով: Այլ որ` առջևում ընտրություններ են: «Ա»: Եվ` բ) ընդունելության, այսպես ասած, միասնական քննությունները նույնպես առջևում են:
ՈՒստի պարզ է, չէ՞, որ հանրապետականն այդ նախարարությունը ոչ մեկին չի տա:
ՀՀԿ-ում խոսում են` Արման Սահակյանին կհասնի այդ պորտֆելը (նրան առանց այն էլ շատ են «նեղացրել» Աջափնյակում, իսկ քաղաքապետի ընտրություններում նա պետք է լիներ երկրորդ հորիզոնականում, էլի «հարմար» գտան «նեղացնել»)։
Բայց «չար-թունավոր» լեզուներն ասում են նաև` գունավոր հեղափոխությունների երկրում Արթուր Բաղդասարյանը բան ու գործ թողել, «խառնված» անում է ամեն ինչ, որ վաղուց արդեն լավ չապրող «Սերգոջանի» նույնքան «պատմական» պորտֆելն էլի փայ դառնա-«հասնի» «առյուծազգիին» (Տիգրան Կարապետիչի բնորոշումն է` «առյուծն առյուծ է` էգ լինի, թե որձ», հովհաննեսմարգարյանական չափաբանության առիթով)։ Մի խոսքով, պորտֆելը Հեղինե Բիշարյանին տալու կռիվն է գնում:
Տեսնենք, մատաղ սերնդի կրթադաստիարակչական ոլորտն այս անչա՜փ պատասխանատու փուլում ում «փայ» կդառնա:
Ինչ վերաբերում է մնացած քվոտաներին, կրքերն այս դեպքում շատ հզոր չեն, սակայն խորքային-սողացող պրոցեսներն անչափ հուժկու են:
Դրանց մասին` նշանակումներից հետո:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ