Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ո՞վ պետք է մաքրի աղբը, որ նստած է մեր հոգու, մտածողության վրա»

«Ո՞վ պետք է մաքրի աղբը, որ նստած է մեր հոգու, մտածողության վրա»
05.06.2009 | 00:00

«ԵՐԲ ՍՅՈՒՆԵՐԸ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ, ՏԱՃԱՐԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է»
«Գարուն» ամսագիրը կրկին ընթերցողի սեղանին է։ Բոլորովին վերջերս լույս տեսավ 3-4-րդ միացյալ համարը, սակայն գլխավոր խմբագիր ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ գոհ չէ ամսագրի վաճառքից:
-Վաճառքի վատ լինելը կարելի է բացատրել հազար ու մի պատճառով, բայց մի բան պարզ է` այսօրվա շուկան, որ որոշիչն է ամսագրի հաջողության, վեհերոտ է,- պարզաբանում է «Գարունի» գլխավոր խմբագիրը:
-Հավանաբար, գրական մյուս պարբերականների հետ մրցակցության խնդի՞ր էլ կա:
-«Գարունը» տարբերվում է իր առաջադրած խնդիրներով, մոտեցումով, բովանդակությամբ: Չեմ ասում` «Գարունի» խնդիրներն օրիգինալ են, հարցն այն է, թե ինչպե՞ս ես ներկայացնում դրանք, ինչո՞ւ է պետք սա տպագրել, սա` ոչ: Դա լուծում ես քո չորս պատերի մեջ: Հետո գալիս է ընթերցողի վերաբերմունքը` որքանո՞վ էիր դու ճիշտ կամ սխալ, երբ մենակ էիր, թեև մշակույթում երբեք մենակ չես։
- Արձագանքներն ինչպիսի՞ն են:
-Շատ լավ, խանդավառված, բոլորն էլ ուրախ են, որ «Գարունը» դարձյալ լույս է տեսնում, հնարավորություն ունեն իրենց ստեղծագործությունները տպագրելու, առաջադրած հարցերը քննարկելու, բայց երբ ասում ես, որ ամսագիրը պետք է գնեն որպես ընթերցող, մտավորական, ասում են` փող չունենք: Այնուամենայնիվ, աշխուժանում է գրական կյանքը:
-«Գարունի» «լավ տարիների» մասին անցյալով են խոսում. ինչո՞վ է դա պայմանավորած` ընթերցողի՞, գրողների՞ պասիվությամբ, թե՞ «Գարունի» գործունեությամբ:
-Դրա պատճառն այն է, որ Խորենացուց սկսած մինչև այսօր որևէ գրող երբեք դիմացինի գրածը չի կարդում: Այսօր էլ նրանց թվում է` երբ ամսագիրը գնում են, ինձ լավություն են անում, և չեն մտածում, թե գրական հարցեր, բախումներ կան, որ արժանի են իրենց «վեհապանծ» ուշադրությանը:
-Այսինքն, չեն էլ ծանոթանո՞ւմ ամսագրին` մինչ ինչ-որ բան ասելը: Իսկ նախկինում, ի՞նչ է, կարդո՞ւմ էին:
-Իհարկե` ո՛չ: Բայց խորհրդային տարիներին «Գարունը», ասես, ազատության կղզի լիներ, հնարավորություն էր տալիս հրապարակել ազատամիտ տենչեր, մտայնություններ: Նման ակտիվ ամսագրեր կային բոլոր միութենական հանրապետություններում: Այդ օրերին բոլոր նմանատիպ ամսագրերն էին լավ երևում, քանի որ ֆոնը, որի հետ համեմատական էր ամսագիրը, արդեն խոսուն էր: Էական չէր` քո՞ միտքը կտպագրվեր, թե՞ ուրիշինը, էական էր, որ տարբերվում էր։ Կոմկուսի ճառերը չէին: Դրա համար էլ «Գարունն» իսկապես ազատության մի պոռթկում էր, և այսօր կա դրա կարոտը։
-Անցած համարում «Գարունի» շապիկին պահապան հրեշտակների երկամսյա շքերթ էր: Այս համարում չարքերի գարնանային շքերթն է… Չե՞ք կարծում, որ ձևավորումն ու նկարազարդումը խոսում են ամսագրի դեմքի, լոգոյի մասին: Սա նոր բան ասելու, տարբերվելու միջո՞ց է, թե՞ որոշակի խորհուրդ ունի:
-Ամեն բան աշխարհում խորհուրդ ունի: Երիտասարդական ամսագիր է, աղջիկներ են պատկերված, ի՞նչն է տարօրինակ: Սիրուն, քնարական մտքեր են, բայց գեղարվեստական խմբագիրն ընտրել է վերնագիր` «Բարեհամբյուր չարքերի գարնանային շքերթ»:
-Մտահղացումն իրե՞նն է:
-Այո՛: Այսօր կինը, ասես, չարք լինի, արտասահմանյան գրքերում, ֆիլմերում չե՞ք տեսնում ինչպես են կերտում կնոջ կերպարը:
-Աղավաղում…
-Չեն աղավաղում, չեն էլ պանծացնում: Ցույց են տալիս իրականության դեմքը, կերպարի այս կամ այն դրսևորումը, բայց ոչ ամբողջականությունը:
-Այսինքն` շապիկին ներկայացված «իրականությանը» համամիտ եք:
-Իհա՛րկե, համամիտ եմ, տեսնում եմ, չէ՞, թե մարդիկ ոնց են ապրում: «Գարունը» սևեռվել է իրականության այս մի շերտին: Հաջորդ համարում կներկայացվի մեկ այլ շերտ, որը կա, բայց որը չեն հասկանում։ Երբ ժամանակին Մարկեսին մեծ գումարներ էին առաջարկում, որ թույլ տա իր գործերի հիման վրա ֆիլմ նկարահանել, մերժում էր, իսկ մենք զայրանում էինք։ Հետո հասկացանք` ինչն էինք գնահատում այն, ինչն անվաճառելի է: Ամսագրի շապիկի նկարը հիշեցնում է Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» հայտնի վեպից մի պատկեր: Քանի՞ ընթերցող կգտնվի, որ այսօր կարդում է «Գարուն», երեկ էլ կարդացել է այդ վեպը: Մշակույթը ձևավորվում է ոչ թե ծնվող-մեռնող մարդկանցով, այլ ձևավորվում է անընդհատ, միշտ կա, միշտ պետք է առաջ գնալ, չենք կարող ահեղ Շահ Աբասի կերպարը նկարել այսօր, ինչպես, իրոք, եղել է:
-Իսկ նկատե՞լ եք, որ տառասխալով է գրված ամսագրի շապիկին «բարեհամբույր» բառը:
-Մեր նկարիչը բառախաղ է արել` բյուր չարքեր, առանձին գրելու կամ շեշտելու դեպքում ճիշտ կհասկացվեր:
-Իմ տպավորությունն այնպիսին է, ասես «Գարունը» ազդարարում է չարքերի շքերթը:
-Մեկը պե՞տք է ազդարարի, թող «Գարունը» ազդարարի, ի՞նչ վատ է: Ինչո՞ւ եք կարծում, թե, չարքերի հետ ապրելով, չարքերին ատում ենք, և որ չարքերը պետք չեն կյանքին: Մինչև 19-րդ դարը աշխարհի տարբեր առասպելներում դևեր կային, երբևէ մտածե՞լ եք, օրինակ` է՞գ էին այդ դևերը, թե՞ որձ:
-Անսեռ, երևի:
-Ինչո՞ւ անսեռ, դևն ի՞նչ է, որտեղի՞ց այդ ընկալումը:
-Չարի՞ ընկալումը:
-Ինչո՞ւ չարի, այնքա՜ն բարի դևեր կան, օրինակ` մահմեդական առասպելներում:
-Մենք քրիստոնյա ենք:
-Աղանդավոր քրիստոնյա ենք, մինչ օրս ապրում ենք դրանցով:
-Հիմա Ձեր ամսագրի շապիկին բարի՞ չարքեր են պատկերված:
-Բուլգակովի գլխավոր հերոսը` Վոլանդը, չա՞ր էր, թե՞ բարի: Միայն բարին էր անում` մարդկանց արժանի չափով: Թվում է` մարդիկ հավասար են: Բազում են կոչվածները, սակավ` ընտրյալները, ասում է Ավետարանը: Նույն բանը Վոլանդն է ասում, որը գլխավոր Դևն է: Սատանայի կերպարը համաշխարհային գրականության մեջ շատ է գործածվել և միշտ էլ` թերի: Բուլգակովը համարձակություն ունեցավ ընդարձակ մտածելու։ Եթե մարդիկ անտեղյակ են և սխալ են ընկալում, մի՞թե ես մեղավոր եմ:
-Կրպակի վաճառողը, երբ հարցրի ամսագրի մասին, ասաց` ո՞վ սա կտանի իր տուն: Ենթադրում եմ` հակառակ կարծիքներ էլ կան: «Գարունն» ունի՞ ընթերցողին վերափոխելու մտայնություն:
-Այո՛, հենց դրանում է ամսագրի գոյության իմաստը: Ինչո՞ւ պետք է ամեն ինչ քնարական-հայրենասիրական լինի: Ընթերցողը պիտի կարողանա ազատ մտածել: Նորն ասելու համարձակություն պիտի ունենաս:
-Իսկ այդ նորի մասին ի՞նչ կարծիք ունի ամսագրի խմբագրական խորհուրդը։
-Շատ լավ:
-Տարաձայնություններ չե՞ն լինում:
-Մեկը կարող է ասել` իզուր ես տպագրել այդ հոդվածը, մեկ ուրիշն էլ ասում է` ամսագիրը լավն էր, այդ հոդվածը` ընտիր: Դե՛, արի ու կշռիր այդ կարծիքների միջև եղած հակասությունը և գտիր ճշմարտությունը, թեև իրականությունն այդ հակասության մեջ է: Ամսագրի գլխավոր խմբագիր լինելու համար համարձակություն և իմացություն է պետք:
-«Գարունի» վերջին էջում հայտարարություն կար` կազմակերպվում են դասընթացներ` գրական գործակալներ, գրական պրոդյուսերներ պատրաստելու համար: Խոսքը մեզ մոտ գոյություն չունեցող, գրեթե չլսված մասնագիտության մասին է:
-Նախագիծը ձախողվեց հենց ա՛յդ չհասկանալու պատճառով, ինչի համար ես ուրախ եմ, որովհետև գոնե տեսա, թե փոշին որքան հաստ շերտով է նստած այս երկրի վրա: Այդ փոշին պետք է մաքրել: Հերակլեսի առաջին սխրագործությունը ավգյան ախոռները մաքրելն էր: Մեր երկիրը ժառանգություն է ստացել այդպիսի ախոռներ, ո՞վ պետք է մաքրի այդ աղբը, որ նստած է մեր հոգու, մտածողության վրա: Մեր ժամանակը հրաշալի ժամանակ է գրողի համար: Փառք Աստծո, այսօր գրողներն ավելի շատ են, քան ընթերցողները: Եվ բոլորն իրենց հանճար են կարծում: Այդ փոշին մաքրելու համար ասելիք է պետք: Հաջորդ քայլը գրական գործակալինն է, որը պետք է աջակցի «ասելիքի»` գրքի տարածմանն ու վաճառքին:
-Գրական մամուլի խնդիրներից մեկն էլ այն է, որ գրողը չի վարձատրվում իր աշխատանքի դիմաց: «Գարունի» դեպքում ինչպե՞ս է:
-Ես, գոնե, երեք տարի է չեմ վարձատրվել ո՛չ գրելու, ո՛չ աշխատանքի համար, կարևորը խանդավառությունն է: Գրողի համար առաջնայինը գրելն է, երկրորդը` լույս ընծայելը, ընթերցողին հասցնելը, հետո նոր միայն առաջ է գալիս փողի հարցը:
-Բայց յուրաքանչյուր ոք վարձատրվում է իր աշխատանքի դիմաց: Տխուր է։
-Տխուր չէ, բուժելի է: Զվարթնոցի մասին մի առասպել կա. սյուները որոշում են հանգստանալ, ամեն մեկն իր հերթին դա է մտածում: Հաջորդ օրը տաճարը քանդվում է…
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1852

Մեկնաբանություններ