Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կառավարությանը պետք է տանք լծակներ, որպեսզի կարողանա իրականացնել հարկային վարչարարությունը»

«Կառավարությանը պետք է տանք լծակներ, որպեսզի կարողանա իրականացնել հարկային վարչարարությունը»
26.06.2009 | 00:00

«ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՕՊԵՐԱՏԻՎ ՔԱՅԼԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ»
«ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայում հարկային փաթեթ էր քննարկվում` վիճահարույց օրինագծերով: Քննարկման արդյունքում փաթեթի ընդունումը հետաձգվեց: Ձեր կարծիքով` կառավարությունը փոփոխություններից հետո նորի՞ց է բերելու այդ օրինագիծը: Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ ԱԺ-ին այդ օրինագիծն այդքան դուր չեկավ»,- հարցրինք ԱԺ փոխնախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ:

-Նմանատիպ օրենքներ գործում են նաև այլ երկրներում, և առանձնապես ահավոր դրույթներ էլ չկային այդ օրինագծում,- ասաց խորհրդարանի փոխխոսնակը:- Խնդիրն այն է, թե որքանով է այդ օրինագիծը կիրառելի Հայաստանի Հանրապետությունում: Երբ ասում ենք, որ պետք է գտնենք ու ձեռնարկություններ ուղարկենք ազնիվ հարկայինների, ես և շատ պատգամավորներ վերապահումներ ունենք, խոր կասկածներ, որ ակնկալվող արդյունքը երբեք չենք ստանա: Կստանանք հակառակ արդյունքը` հակակոռուպցիոն մեխանիզմը կդառնա հենց բուն կոռուպցիոն ռիսկերի մեխանիզմ: Մինչև այժմ բոլոր նախագծերում կառավարությունը գործարար-հարկային տեսուչ շփումը փորձում էր հասցնել նվազագույնի, ինչն Ազգային ժողովը միշտ պաշտպանել է իբրև կարևոր քայլ: Այս դեպքում լրիվ հակառակն է` այդ շփումները դառնում են հիմնականը, մարդկային գործոնը դառնում է որոշիչ, որը և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Հիմնականն այս էր, իհարկե, կային և այլ առարկություններ:
-Լավ, եթե օրինագիծն իր բուն նպատակին չէր ծառայելու, ի՞նչ նպատակով էր ընդհանրապես ի հայտ եկել:
-Գործարարները ևս այդ հարցը բարձրացնում էին և մատնանշում տեխնոլոգիական գաղտնիքների արտահոսքի, տնտեսական շուկայի վերաձևման ու այլ վտանգներ, նշելով, որ եթե հարկայինն ընդհանրապես բիզնես մասնակից է, ինչպե՞ս կարելի է նման գործիքներ տալ նրան: Կառավարությունը հետաձգեց օրինագիծը, և ես չեմ կարող ասել` հետագայում ինչ ճակատագիր կունենա, բայց միանշանակ է, որ մենք կառավարությանը պետք է տանք լծակներ, որպեսզի կարողանա հստակ իրականացնել հարկային վարչարարությունը: Եթե կառավարությունից պահանջում ենք ստվերի կրճատում, ասում ենք, որ ստվերը խոշոր բիզնեսում է, կառավարությունը խոշոր բիզնեսին վերաբերող նախագիծ է բերել` չենք ընդունում: Ի՞նչ անի կառավարությունը:
-Իրոք, առաջին հայացքից անտրամաբանական է` ստանում եք ձեր ցանկացածն ու մերժում եք: Ինչո՞ւ:
-Մենք ասում ենք, որ, իհարկե, խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կառավարության քաղաքական հենարանն է, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր օրենք պետք է նույնությամբ ընդունվի: Անվիճելի է, որ ամեն դեպքում մենք պետք է կառավարությանը լծակներ տանք, որ կարողանա խոշոր բիզնեսի նկատմամբ հարկային պարտավորությունների կատարումն ապահովել: Այլապես կառավարությունից պահանջում ենք ստվերի դեմ պայքար, բայց լծակներ չենք տալիս: Պարզապես լծակը պետք է նպատակին ծառայի:
-Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն կառավարությունն ու պատգամավորները: Շրջանառվող օրինագծերի և ընդունված օրենքների մեծամասնության հեղինակը կառավարությունն է: Այսինքն, կառավարությունն իր համար հարմար օրենքներ է գրում, ինքն էլ կատարում է: Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ կառավարությունն է օրենքների գերակշռող մասի հեղինակը, երբ կա Ազգային ժողով, որի հիմնական գործառույթն օրենսդրականն է: Գուցե հենց այդ պատճառո՞վ են նման օրինագծեր ներկայացվում:
-Տարօրինակ չի թվում, ես դա հասկանում ու ընդունում եմ: Եթե կառավարությունը որևէ օրենք է ներկայացնում, նախաձեռնողը նախարարությունն է, որն այդ ոլորտում աշխատանքի փորձ ունի, լավ պատկերացնում է խնդիրն ու հնարավոր լուծումները, իր դաշտն է, իր մասնագետներն են, չկարգավորված իրավահարաբերությունների պատճառներն ու հետևանքները շատ լավ գիտեն, կարգավորման հնարավոր հակասություններն ու հետևանքները նույնպես գիտեն: Ի՞նչն է զարմանալի, որ մասնագիտական մեծ ռեսուրս ունենալով, նաև օրինագծեր են հեղինակում: Պատգամավորն ունի նույն իրավունքը, ինչ կառավարությունը, բայց մեկ պատգամավորի հնարավորությունը կարո՞ղ եք համեմատել կառավարության հնարավորությունների հետ:
-Մեկ պատգամավորինը` ոչ, բայց խորհրդարանինը` այո:
-Հենց այդ պատճառով էլ շատ բնական է, որ կառավարությունն է օրինագծերի հիմնական մասի հեղինակը: Բայց այդ օրինագծերը խորհրդարանում քննարկվում են հանձնաժողովներում, որտեղ պատգամավորները բազմաթիվ առաջարկներ են անում. իրենց օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատգամավորներն իրականացնում են հանձնաժողովներում և լիագումար նիստերում:
-Իսկ եթե առաջարկները չե՞ն ընդունվում:
-Որպես կանոն` շատ առաջարկներ ընդունվում են, իհարկե, նաև մերժվում են, բայց բուն քննարկումը հենց օրենսդրական նախաձեռնության երկկողմանի դրսևորում է, օրենքները կառավարության և Ազգային ժողովի համատեղ աշխատանքի արդյունք են:
-Իբրև պատգամավոր` ի՞նչ օրինագծի հեղինակ կցանկանայիք լինել:
-Բարդ հարց եք տալիս, ինձ համար այս պահին չկա որևէ կոնկրետ ոլորտ. և՛ առողջապահության, և՛ սոցիալական, և՛ ֆինանսատնտեսական, և՛ գիտակրթական համակարգերը շատ կարևոր են, այդ պատճառով էլ բոլոր ոլորտների նախագծերի քննարկումների ժամանակ փորձում եմ օգտակար լինել:
-Ի՞նչ է պետք անել, որ տնտեսության 10 տոկոսի անկումն աղետ չդառնա Հայաստանի համար:
-Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը մի անգամ ձևավորվելով` չի կարող անփոփոխ մնալ: Ես կարծում եմ, որ ԱԺ-ն պարտավոր է աջակցել կառավարությանն այդ քայլերն իրականացնելու համար: Պարտադիր չէ, որ ճգնաժամի դեմ պայքարելու գործիքները լինեն զուտ շուկայական, այսօր ԱՄՆ-ն իր տնտեսությունը փրկելու համար գործադրում է ոչ շուկայական գործիքներ, որոնց երկար ժամանակ դեմ է եղել: ՀՀ կառավարությունն էլ պետք է նման քայլերի դիմի:
-Կոնկրետ` ի՞նչ քայլի:
-Ես կարծում եմ` պետք է իջեցվեն վարկավորման տոկոսադրույքները, չպետք է այդ հարցը թողնել շուկայական հարաբերությունների կարգավորմանը: Այդպես երբեք չի իջնի, երբ կա փողի անսպառ պահանջ: Ինչո՞ւ իջնի, երբ բանկերը շահում են: Կառավարությունը պետք է գործադրի ոչ շուկայական, ոչ ավանդական գործիքներ այդ խնդիրը լուծելու համար: Վարկավորման տոկոսադրույքներն այսօր չեն ծառայում փոքր ու միջին բիզնեսի խնդիրներին, այլ միայն բանկային համակարգի հզորացմանը:
-Բայց բանկային համակարգի հզորացումը կարո՞ղ է ինքնանպատակ լինել, չզարգացած տնտեսության պարագայում հնարավո՞ր են հզոր բանկեր երկար ժամանակով:
-Փոքր ու միջին բիզնեսին աջակցելու նպատակով պետք են նորմալ տոկոսադրույքներ. եթե որևէ մեկը 24 տոկոսով վարկ է վերցնում, ի՞նչ պետք է աշխատի, ի՞նչ պետք է արտադրի, որ բոլոր հարկերը, տուրքերը վճարի, աշխատավարձը վճարի, 24 տոկոս էլ տա ու դեռ եկամուտ ստանա: Թող ցույց տան ազնիվ աշխատանքի ու շահույթ ստանալու նման հնարավորություն:
-Բանկերի կառավարիչներն էլ ասում են` ճգնաժամ է, արտակարգ իրավիճակ, եթե բանկերը խաղի կանոնները չեն փոխում, հայտնվում են ռիսկի գոտում և կարող են ուղղակի պայթել:
-Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով տասնյակ բիզնեսմեններ, ցավոք, սնանկացել են, իսկ բանկային համակարգը շա՞տ տուժեց: Որևէ բանկի սնանկացում նշանակում է խաբված ավանդատուներ, իհարկե, եթե օրենքով սահմանվածից մեծ գումար է ավանդ տրված: Բանկերի կայունությունը շատ ցանկալի է, բայց եթե բանկերի կայունությունը դառնում է ինքնանպատակ և ռեալ տնտեսությանը չի ծառայում, աշխատատեղերի ստեղծմանը չի ծառայում, նրանց կայունության վերաբերյալ մտահոգությունը վերանում է: Եթե ֆինանսական ծանր վիճակի մեջ գտնվող որևէ ձեռնարկատեր այսօր պիտի վարկեր վերցնի և անելանելի վիճակում հայտնվի, բանկերի գործունեությունը դառնում է ինքնանպատակ, բանկը ծառայում է զուտ իր շահերին: Կապիտալը պետք է կապիտալ-ապրանք-կապիտալ շրջանակով գնա, փող-ապրանք-փող բանաձևը երբ վերածվում է փող-փող-փողի, հասարակությունը չի կարող դրանից շահել: Դա արդեն իսկ ճգնաժամ է:
-Ինչո՞ւ համապատասխան օրենքի փոփոխություն չեք նախաձեռնում:
-Օրենքներով չէ, որ բոլոր խնդիրները լուծվում են, օրենքի նախագիծը կարող է շրջանառության մեջ դրվել և 6-8 ամիս հետո օրենք դառնալ, 6-8 ամիս հետո բոլորովին այլ իրավիճակ կարող է լինել: Ճգնաժամային կառավարումն օպերատիվ քայլեր է ենթադրում ու պահանջում:
-Ե՞րբ եք կանխատեսում ճգնաժամի հաղթահարումը Հայաստանում:
-Աշխարհում շատերն են փորձում կանխատեսել, կարծում եմ` բոլորն էլ սխալվում են իրենց գնահատականներում: Ճգնաժամը Հայաստանում չի առաջացել, առաջացել է զարգացած երկրներում, որտեղ կիրառվում էին կապիտալիզմի օրենքները, նշանակում է` ֆինանսատնտեսական ճարտարապետության հարցում խնդիրներ կան կապիտալիզմի զարգացման տեսության մեջ, այդ խնդիրները պետք է զարգացած երկրներն էլ լուծեն, իրենք փոփոխություններ անեն, որոնք կանդրադառնան այլ երկրների, այդ թվում նաև` Հայաստանի վրա:
-Նախագահի հրամանագրով լուծարվեց փաստահավաք խումբը, և ի՞նչ` ճշմարտության որոնման հեքիաթն ավարտվե՞ց:
-Փաստահավաք խմբի հավաքած նյութերն ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին են հանձնվել:
-Բոլոր բոլո՞րը։
-Այն, ինչ եղել է չհրկիզվող պահարաններում: Հանձնաժողովն այդ նյութերը կուսումնասիրի, կքննարկի, և եթե հիմնավորված փաստարկներ կլինեն, կօգտագործի:
-Դուք ճի՞շտ եք համարում, որ փաստահավաք խումբը լուծարվեց` աշխատանքը չավարտած, հնարավոր չէ՞ր անդամների փոփոխություն:
-Նախագահի կարգադրությամբ անդամները փոփոխության ենթակա չէին:
-Լավ, բայց եթե խնդիրը չի լուծվել, լուծարումն ի՞նչ է տալիս, չե՞ք կարծում, որ խմբի գործունեությունը պետք է շարունակվի, և նոր խումբ ստեղծելու անհրաժեշտություն կա:
-Թող ստեղծվի, առաջինը ես կողջունեմ: Փաստահավաք խմբի գործունեության դադարեցումը երբեք էլ հանձնաժողովի շահերից չի բխում, և գործունեության շարունակումն էլ հանձնաժողովի խնդիրը չէ: Փաստահավաք խմբի անդամները պիտի գիտակցեին, որ իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար շատ ու շատ հարցերում պիտի ավելի հանդուրժող լինեին, ավելի համերաշխ և գիտակցեին, որ իրենք պարտավոր չեն քաղաքական պահանջներ իրականացնել, այլ ավելի մեծ առաքելություն ունեն: Ի՞նչ է` հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի բոլոր ասածները միանշանակ ընդունվո՞ւմ էին։ Իհարկե` ոչ: Իրենք էլ կարող էին ավելի հանդուրժող լինել;
-ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները նորից Հայաստանում էին և հանդիպել են Ձեզ հետ։ Ի՞նչ հարցեր էին նրանց հետաքրքրում:
-Հանձնաժողովի կատարած աշխատանքները, հանձնաժողովի և փաստահավաք խմբի հարաբերությունները, փաստահավաքի լուծարման պատճառները, նրանց հավաքած նյութերի հետագա ճակատագիրը: Ակնհայտ կեղծիք է, որ ես հանդիպումից անմիջապես հետո ինչ-որ լրագրողի հայտնել եմ, թե ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում: Ես ասել եմ այն, ինչ բազմիցս ասվել է հանձնաժողովի գործունեության առաջին ամիսների ընթացքում, դիմել եմ տեսաերիզները ստանալու համար, և պատասխանը եղել է` ցավոք, մեր տեսաերիզները առգրավել են, հանձնաժողովի նիստում եղել են և լրագրողներ, որ հաստատել են առգրավման փաստն իբրև ականատես, նաև հաստատել են, որ այդ ընթացքում տեսաերիզները շարքից դուրս են եկել: Կասկածողները կարող են համոզվել «Երկիր մեդիայի» մարտի 1-ի հատուկ թողարկումով, որտեղ հենց իրենք են ասում` ինչ են եղել տեսաերիզները: Փաստորեն, իրոք, ամեն նորը լավ մոռացված հինն է: Ես զարմանում եմ, որ հիմա փորձում են աղմկել մի խնդրի շուրջ, որը մի տարվա ընթացքում բազմիցս քննարկվել է: Իմ հաշվին սենսացիա սարքել պետք չէ, առավել ևս, որ այդ սենսացիան երկրորդ-երրորդ թարմության է:
-Իբրև ժամանակավոր հանձնաժողովի նախագահ` այսքան աշխատելուց հետո Ձեզ համար գոնե պարզե՞լ եք հասարակությանը հուզող հիմնական խնդիրը` ովքե՞ր և ի՞նչ հանգամանքներում դարձան մարդասպաններ:
-Հանձնաժողովում տասը զոհերի մահվան հանգամանքներն առանձին-առանձին ուսումնասիրվել են, բայց եթե որևէ մեկը հարցնի` կոնկրետ ո՞ւմ գործողության հետևանքով է մահ արձանագրվել` ոչ: Ես քանիցս հայտարարել եմ, որ հանձնաժողովը նման խնդիր չի կարող լուծել, չունի նման լիազորություն: Մենք հույս ունեինք, որ հանրահավաքի մասնակիցներն ինչ-որ նյութեր կարող են ներկայացնել, բայց` ապարդյուն: Մենք չենք կարող ասել` ով է ում մահվան պատճառը դարձել:
-Դա հանձնաժողովի՞, թե՞ նախաքննության գործն է: Մի՞թե պատգամավորները նման հմտություններ ու իրավասություններ ունեն:
-Չունեն: Այդ հարցերը նախաքննական մարմնի լիազորությունների մեջ են, որովհետև զուտ քննչական գործողությունների արդյունքում կարող են պարզվել, իսկ քննչական գործողությունների իրավասություն մեզ վերապահված չէ, մենք կարող ենք դիմել նախաքննական մարմիններին` քննչական գործողություններ կատարելու առաջարկով: Հանձնաժողովի լծակները բավարար չեն նման խնդիրներ լուծելու համար, բայց մենք չկարողացանք նաև բավարար տեղեկատվություն ստանալ, որ նախաքննական մարմնի առաջ խնդիր դնեինք այդ ուղղությամբ պարզաբանումներ տալը:
-Հանձնաժողովի աշխատանքից չե՞ք հոգնել:
-Ես ինձ նման հարց չեմ տալիս: Ես պարտավոր եմ այդ աշխատանքը հնարավորինս հասարակության լայն շերտերի համար ընկալելի ձևով կատարել ու ավարտին հասցնել: Ես հասկանում եմ, որ չի կարող լինել մի զեկույց, որից բոլորը գոհ լինեն: Մարդիկ ընդունում են այն, ինչ իրենց ձեռնտու է:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ