Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ Է ՏԱԼԻՍ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ ԷԼ ԿՐՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ»

«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ Է ՏԱԼԻՍ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ ԷԼ ԿՐՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ»
18.03.2011 | 00:00

Փետրվարի 18-ին մեկնարկեց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար նախատեսված քննական գործընթացը։ Գործընթացի մասին առավել մանրամասն զրուցում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։
-Պարոն Մկրտչյան, ինչի՞ն են միտված դպրոցի ղեկավարման հավաստագիր ստանալու համար անցկացվող քննությունները և ի՞նչ կփոխեն հանրակրթության ոլորտում։
-Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար նախատեսված քննական գործընթացը հաստատված է «Հանրակրթության մասին» նոր օրենքով։ Դրա նպատակն այն է, որպեսզի կարողանանք հասնել նրան, որ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարվելու դեպքում երաշխավորված մարդիկ, և ոչ թե պատահական անձնավորություններ, մասնակցեն մրցույթներին։ Սա, մի կողմից, տեղերում կկանխի տարբեր տեսակի կամայականությունները, մյուս կողմից` կրթության և գիտության նախարարությանը կադրային քաղաքականության մեջ ակտիվ մասնակցելու հնարավորություն կտա։ Գիտեք, որ մարզային ենթակայության դպրոցներում, իսկ դրանք մեծամասնություն են, նախարարությունը ոչ մի մասնակցություն չունի տնօրենի ընտրության հարցում։ Մինչդեռ հավաստագրման գործընթացը հնարավորություն է տալիս որոշակիորեն հետևել ու այդ պրոցեսներին, այսինքն՝ քչից-շատից երաշխավորելու, որ պատահական մարդիկ չհայտնվեն մրցույթներում։ Այստեղ կա մի շատ կարևոր պահ. նախարարությունը մի կողմից հավաստագիր է տալիս, մյուս կողմից էլ կրում է պատասխանատվություն։ Հասարակ մի դեպք. բողոքում են դպրոցի տնօրենից, մեղադրում են նախարարությանը նման մարդուն տնօրեն նշանակելու համար։ Մինչդեռ մինչև այժմ տնօրենի նշանակման հարցում նախարարությունը մասնակցություն և իրավասություն չուներ։ Նման դեպքերում առավելագույնը կարողացել ենք տեղերում հարց բարձրացնել՝ խնդրի վրա ուշադրություն դարձնելու համար։ Իսկ հիմա ԿԳՆ-ն հավաստագիր է տալիս, նշանակում է` նաև պատասխանատվություն է կրում։
-Լուծելով դպրոցի կառավարման խնդիրները՝ ենթադրվո՞ւմ է, որ կլուծվի նաև կրթության որակի հարցը։ Հանրակրթության կառավարումը և որակը շաղկապվա՞ծ են։
-Հանրակրթության որակի հարցը համալիր գործոնների է աղերսվում։ Միայն տնօրենի հարցը լուծելով՝ մենք չեն կարող հույս ունենալ, թե որակի հարց կլուծենք։ Որոշակի իմաստով ազդեցություն, իհարկե, կունենա, բայց զուգահեռաբար մենք աշխատում ենք նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացի կազմակերպման ուղղությամբ։ Ընդ որում, ուսուցիչների ատեստավորումն իրականացվում է պարզ և բարդ տարբերակներով, այսինքն՝ ուսուցիչներն ստանում են տարակարգեր։ Աշխատում ենք նաև առարկայական ծրագրերի, դասագրքերի որակի բարելավման ուղղությամբ, և այս բոլոր գործընթացների համալիր լուծումը, ի վերջո, կանդրադառնա կրթության որակի վրա։
-Տնօրենի գիտելիքները ստուգվում են թեստերի միջոցով, իսկ բարոյական, մարդկային հատկանիշները, որոնք պակաս կարևոր չեն, ինչպե՞ս են ստուգվելու։
-Ասել, որ մենք հավաստագրման քննությունները կազմակերպում ենք և միանգամից ստանում ճիշտ կողմնորոշվելու մեծ հնարավորություն, չի կարելի։ Ցանկացած քննություն սահմանափակ հնարավորություններ ունի։ Բայց պետք է նկատի ունենալ, որ քննությունը բաղկացած է երկու փուլից՝ թեստային և բանավոր։ Բանավոր փուլը հենց նրա համար է, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը որոշակիորեն դրսևորվի, և կարողանանք ինչ-որ չափով պատկերացում կազմել նրա թե՛ մարդկային, թե՛ մանկավարժական որակների մասին։ Բացի այդ, պատահական չէ, որ թեստային քննությունից առաջ տնօրենը պետք է անցնի վերապատրաստման դասընթացներ։ Շատերն առաջարկում են, որ այդ դասընթացները լինեն կամավոր հիմունքներով։ Ես ինքս դեմ եմ դրան։ Վերապատրաստման նշանակություններից մեկն էլ հենց այն է, որ դասընթացներին տնօրենը կարողանա դրսևորվել այն որակներով, որոնք հնարավոր չէ քննության ընթացքում հայտնաբերել կամ գնահատել։ Այսպիսի փոքր գործոններն օգնում են հանձնաժողովին, վերապատրաստողներին կողմնորոշվելու։
-Պարոն Մկրտչյան, հեռավոր մի գյուղում մարդը վերապատրաստման գնալու հնարավորություն չունի կամ հավաստագրի համար քննությունը չի կարողանում հանձնել, կամ էլ պարզապես ոչ ոք չի ցանկանում վերապատրաստվել, դպրոցը պիտի առանց տնօրենի՞ մնա։
-Տրվող հավաստագիրն ուժի մեջ է 5 տարի։ Բացի այդ, օրենքը տեղային սահմանափակում չի դնում։ Դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարվելու դեպքում ՀՀ տարածքում հավաստագիր ունեցող ցանկացած մարդ կարող է մասնակցել այդ մրցույթին։ Ի վերջո, հարակից գյուղերից կարող են գալ և մասնակցել մրցույթին։
-Իսկ քննություններն ընդունող հանձնաժողովն ինչպե՞ս է կազմվում և որքանո՞վ է կոմպետենտ։
-Կա հանձնաժողովի անդամների ընդհանուր բանկ, սակայն հանձնաժողովի անդամների անունները պարզվում են միայն քննության նախօրյակին։ Համակարգչի միջոցով արդեն ձևավորված բազայից, որում ընդգրկված են ԿԳՆ-ի, մարզպետարանների, բուհերի ներկայացուցիչներ, գիտնականներ, ընտրվում է հավաստագրող հանձնաժողովի կազմը։ Ես ինքս ընդամենը քննության նախօրյակին եմ իմացել, որ պետք է լինեմ քննական հանձնաժողովի նախագահ կամ անդամ, և ստիպված եմ եղել փոխել ծրագրերս։ Հանձնաժողովի անդամները չգիտեն նաև, թե տվյալ օրը ով է ներկայանալու քննության։ Սրանք տարբեր գործոններ են, որոնք առանձին-առանձին գուցե չլուծեն խնդիրը, բայց միասին լրջորեն նպաստում են, որպեսզի քննական գործընթացը որակյալ լինի։ Նշեմ նաև` մինչ այժմ հավաստագրման քննություններից ոչ մի լուրջ դժգոհություն չենք ստացել։ Քննությունների ժամանակ կեղծիքների մասին ոչ մի ազդանշան չկա։ Սովորության համաձայն, սկզբնական օրերին փորձեր արվեցին միջամտելու, խնդրելու։ Բայց նախարարի դիրքորոշումը շատ հստակ էր, և որոշ ժամանակ անց բոլորն էլ համոզվեցին, որ անօգուտ է, ուստի միջամտություններ, ճնշումներ չեն լինում, և դա մեր աշխատանքը բավականին հեշտացնում է։ Հանրության մեջ թյուրըմբռնում կա. շատերին թվում է, թե միայն տնօրեններն են գալիս քննության։ Գալիս են և՛ ուսուցիչները, և՛ մարդիկ, որ այս պահին դպրոցում չեն աշխատում։ Կան նաև գործող տնօրեններ, որ չեն մասնակցում հավաստագիր ստանալու քննություններին։ Այս գործընթացը, կարծում եմ, շատ մեծ դեր է խաղալու մեր կադրային քաղաքականության հարցում։ Մենք իսկապես տնօրենների որակի խնդիր ունենք։ Ասածս չի նշանակում՝ դպրոցների ղեկավարների մեծ մասը վատն է, բայց կան նաև այնպիսի տնօրեններ, որոնք իրավունք չունեն այդ պաշտոնը զբաղեցնելու կամ ընդհանրապես դպրոց մտնելու։ Եվ այս իրադրությունը շտկելու շատ կարևոր լծակներից մեկը հավաստագրման գործընթացն է։
-Մամուլը տնօրենների նշանակման այս նոր մեխանիզմը նմանեցնում է քաղծառայության քննություններին։ Տնօրենի թափուր տեղի համար մրցույթին կարող են դիմել մի քանիսը, բայց, ի վերջո, նշանակվում է նա, ով պետք է նշանակվի։
-Չէի ասի, թե այդպես է։ Ճիշտ է, որոշակի իմաստով նմանություն կա քաղծառայության քննությունների հետ։ Բայց այս դեպքում պետք է ասեմ, որ դպրոցի տնօրենը ոչ թե նշանակվում է, այլ նրան ընտրում է դպրոցի խորհուրդը մրցույթի միջոցով։ Նախարարությունը տալիս է միայն հավաստագիր։ Ընդ որում, դպրոցի խորհրդի կազմն էլ այսօր այնպիսին է, որ բավականին դժվար է բացարձակ, բացահայտ, կողմնակալ վերաբերմունք դրսևորել ընտրությունների ժամանակ։ Եղել են դեպքեր, երբ մրցույթում հաղթել է մի թեկնածու, որին դեմ է եղել մարզպետարանի ներկայացուցիչը։ Սակայն այդ մարդը կարողացել է հաղթել մրցույթում և դատական կարգով վերականգնել իր իրավունքները։ Այնպես որ, կան լծակներ, որոնք բավականին գործուն են։
-Նոր օրենքով դպրոցական բոլոր խորհուրդներում կլինի ԿԳ նախարարության մեկ ներկայացուցիչ: Նախարարությունն այսուհետև ակտիվ մասնակցություն և համապատասխան պատասխանատվություն կունենա տնօրենների ընտրության գործում։ Դա չի՞ նշանակում, որ նախարարությունը նաև կպարտադրի իր կարծիքը տնօրենի ընտրության հարցում։
-Խորհուրդը բաղկացած է ութ անդամից, որոնցից ընդամենը մեկն է նախարարության ներկայացուցիչ։ Նախկինում նախարարության ներկայացուցիչը միայն հետևում էր, որ ընթացակարգը ճիշտ կազմակերպվի, իսկ հիմա նաև ձայնի իրավունք ունի։ Հետևաբար, մենք նաև հնարավորություն ենք ունենում նախարարության վերաբերմունքը դրսևորելու մրցույթի ընթացքում։ Ինչքան վճռորոշ կլինի այդ ձայնը, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում այդ ձայնը ութից ընդամենը մեկն է։
-Տնօրենի հավաստագիր ստանալու համար քննական գործընթացը նոր է մեկնարկել։ Ի՞նչ եք կարծում, շտկելու կարիք ունի՞։
-Անպայման։ Մենք պետք է կարողանանք ընդունել, որ ոչ մի բան չի կարող կատարյալ լինել։ Ցանկացած երևույթ, գործընթաց միշտ կատարելագործվելու կարիք ունի։ Հետևաբար, մենք պարտավոր ենք փնտրել-գտնել բաց տեղերը։ Իհարկե, այս գործընթացը կվերլուծվի, կվերանայվի, գուցե ընթացակարգի մեջ որոշակի փոփոխություններ մտցվեն։ Արդեն կան առաջարկներ։ Բացի այդ, քննություն տվողներին խնդրում ենք վերջում արտահայտել իրենց կարծիքը, և մենք բավականին նյութեր ու առաջարկներ ենք հավաքել։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ