Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հայոց կղերականությունը պատրա՞ստ է իր օրինակով առաջնորդելու ազգի վերածնունդը»

«Հայոց կղերականությունը պատրա՞ստ է իր օրինակով առաջնորդելու ազգի վերածնունդը»
12.06.2009 | 00:00

«ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ «ԱՂ» ՍՏԱՑՎԻ, ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑՎԻ» ԹՎՈՒՄ Է, ԹԵ ԺԱՄԱՆԱԿԸ ԵԿԵԼ Է
Եկել է ժամանակը, ինչպես Սուրբ Ավետարանում է ասված, որ լույսը դրվի աշտանակի վրա, և խոսքը քարոզվի տանիքների վրայից, ու ով որ կեղտոտվելու է՝ կեղտոտվի, և ով որ մաքրվելու, սրբանալու է, թող մաքրվի, սրբանա... և գործի՝ Հայ Քրիստոնյա Ասպետների Եղբայրակցություն, Հայ Քրիստոնյաների Ասպետական ՈՒխտ և նման անվանումներին արժանի կառույցներում: Եվ գործի ամբողջ կյանքի ընթացքում, որպես կյանքի հիմնական իմաստ ու գլխավոր նպատակ:
ՈՒխտագրվելու պայմանը Տիրոջ հրավերի ընդունումն է՝ «Եթե մեկը կամենում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի, իսկ ով կորցնի իր անձը Ավետարանի համար, պիտի ազատի այն:
Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի, որովհետև մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարեն: Ով որ ամոթ համարի ինձ և իմ խոսքերն այս շնացող ու մեղավոր ազգի մեջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա փառքովն իր Հոր և սուրբ հրեշտակների»: Մարկոս, 8, 34-38
Հայությունը որպեսզի իր ինքնությունը չկորցնի ու նաև ամոթով չմնա Տիրոջ առաջ, պետք է իր ղեկավարության հետ զարթնի անհավատության թմբիրից, զգաստանա նյութապաշտության մոլորությունից, առողջացնի, վերականգնի իր հոգեբարոյական վարակամերժ կարողությունն ու ապրի իր քրիստոնեական հավատքով ու դրանից բխող և նրա վրա հիմնված Հայ Ազգային Գաղափարախոսությամբ (ՀԱԳ): Դրա համար հարկ է անսալ Աստուծո խոսքին ու հետևել Նրա պատգամներին միշտ, ամենուր, ամեն ինչում: Դա կարող է լինել ապաշխարությամբ, Աստուծո գթությամբ և Նրա շնորհով վերալուսավորմամբ:
Ժամանակը եկել է և թակում է Ազգի խղճի ու գիտակցության դռները:
Հայոց կղերականությունը պատրա՞ստ է իր օրինակով առաջնորդելու ազգի հոգեկան, բարոյական և գաղափարական վերածնունդը, որ ինքն էլ չկորչի ու նաև ամոթով չմնա Տիրոջ առաջ: Եթե ոչ, ապա ո՞ւր դարձնենք մեր հայացքները...
Տե՛րը մեզ ողորմի և դարձյալ ծագեցնի մեր սրտում այն լույսը, որով Նա Իր սիրով մեզ լուսավորեց և սրբագործեց 301 թվականին... և երկինք ու երկիր հոգով ցնծաց... Մենք էլ կարող ենք այժմ ցնծալ՝ որպես ժառանգներ այդ ցնծության... եթե արժանի գտնվենք:
ՏԵՐ ԿԱ՞
Հայ ազգի ու հայրենիքի գոյավիճակի, դրա զարգացման միտումների և դրա փաստացի ընթացքի հավանական հետևանքների գնահատականին իրազե՞կ է հայությունը, ամեն հայ: Պատրա՞ստ ենք դիմագրավելու մեր մոտակա ու հեռավոր շրջապատի բնական մրցակցության բնական ճնշումները: Նաև բազմաթիվ թշնամական մտադրությունների, նպատակների, ծրագրերի և դրանց տարբեր միջոցներով գործադրման ճնշումները՝ շատ հաճախ անտեսանելի կամ ուշ տեսանելի...
Ո՞րն է հայության և Հայաստանի ապահով ու կենսունակ ապագայի նախապայմանը, գրավականը, երաշխիքը: Տեսնո՞ւմ ենք այն, ապահովո՞ւմ ենք այն, փորձո՞ւմ ենք ապահովել: Ո՞վ, ովքե՞ր են արտահայտում Հայության Ազգային միտքը, կամքը, հույսը, հույզը, ցանկությունը, կարիքը, նպատակը և անելիքները:
Կա՞ մտածող, կա՞ ասող, իսկ ասողին կա՞ լսող, կա՞ անող: Այո՞, թե՞ ոչ:
Եթե այո՝ ո՞ւր է: Եթե ոչ՝ ինչո՞ւ:
Որտե՞ղ է սկիզբը, ովքե՞ր են սկսելու սկիզբը, ովքե՞ր են պատասխանատու և պարտավոր սկսելու:
Ո՞Ւր են, եթե կան: Եթե չկան, ինչո՞ւ չկան: Ի՞նչ է պատահել... այլևս տեր չկա՞, սիրտ, հոգի և գաղափար այլևս չկա՞, իսպա՞ռ են վերացել…
ԻՐԱԿԱՆ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՎԵՐԵԼՔ
Ինչքա՜ն խեղճ է մարդ առանց Աստվածային հոգու: Նա մա՞րդ է:
Առանց Սուրբ Հոգու ներգործության մարդու և մարդկային իմաստությունը հիմարություն է: Առանց հոգևորի խելքը, վերջին հաշվով, միայն հիմարություն ու չարիք կարող է ծնել: Ինչքան ուզում է զարգացած լինի խելքը՝ ուսումով, գիտությամբ, մշակույթով, միևնույն է, այն անպտուղ, ամուլ է, ու արդյունքն՝ ունայն: Խելքը բեղմնավորողը հոգին է, Աստվածային Հոգին՝ Սուրբ:
Աստված ստեղծեց մարդուն, Աստված սիրում է մարդուն և պահպանում է: Առանց Աստուծո պահպանության մարդկությունը վաղուց ոչնչացած կլիներ: Որովհետև չարի ներգործությունը ինքնաոչնչացման միտում և ձգտում է առաջացնում նյութեղեն մարդու և մարդկության մեջ, նա՛և ազգերի միջոցով: Բայց մարդկության մեջ Աստվածային սերը գութ, ներում և պաշտպանություն է առաջ բերում, ու այդպիսով սերը հաղթանակում է նյութին, այսինքն՝ ապրեցնում, կյանք է տալիս՝ ունայնը վերածելով էության... Աստվածային սիրո ուղղակի ներգործության արդյունքը Հավիտենական կյանքն է՝ Հավատքով՝ Աստուծո շնորհով տրված:
Ահա իմաստությունը, ահա զորությունը և ստեղծագործությունը՝ հավատքի գործերով: Հավատքի գործերի կատարումը սկզբնավորող հայկական կառույցը կարող է լինել Հայ Քրիստոնյա Ասպետների Եղբայրակցությունը` հիմնված Հայ առաքելական եկեղեցվո դավանանքի և նրանից բխող Հայ Ազգային Գաղափարախոսության (ՀԱԳ) վրա: Բայց կա՞ն նրանք, հայ քրիստոնյա ասպետները: Հովհաննես Մկրտչի հետևողությամբ ասենք.
-Եթե Աստված գթացած է հայ ազգին, «քարերից էլ կհանի» Հավատացյալ Ասպետներ:
Շատ բաների արհեստականը գործում է առնվազն ինչ-որ ժամանակ և ինչ-որ չափով: Ասպետությունը՝ ոչ, ինչպես և սրբությունը: Քրիստոնյա ասպետությունը սուրբ է, սրբություն է, արհեստական չի կարող լինել:
Նույնիսկ եթե արհեստական «աղ» ստացվի, արհեստական սրբություն չի ստացվի: Ինչո՞վ կերևա, որ չի ստացվում. պտղից՝ պտուղն անկենսունակ կլինի, Հավիտենական Աստուծո Տիեզերական օրենքի, կանոնի և բնության համաձայն:
Հայության ու Հայաստանի քաղաքականությունն ա՛յդ օրենքի, ա՛յդ կանոնի և ա՛յդ բնության համաձայն պիտի մշակվի ու գործադրվի, որ ազգը փրկվի, ապրի ու բարգավաճի մարդկության առաջին շարքերում, Աստվածահաճո կյանքով, հավիտյանս:
* * *
Հայության ու Հայաստանի փրկության, վերականգնման ու զարգացման գաղափարի, նպատակի և կամքի կազմակերպումն ու իրագործումը նույնիսկ, եթե հոյակապորեն կարողանանք սկսել, մինչև գործնական ընթացքի մեջ մտնելը, բազմաթիվ և բազմապիսի վտանգավոր խոչընդոտներ, ծուղակներ և դավադրություններ պիտի դիմագրավենք՝ թե՛ ներսից և թե՛ մանավանդ դրսից:
Դրա համար նախ՝ դրանց դիմադրելու և հաղթահարելու կառույցի ստեղծման և գործարկման հմտությունը պետք է ապահովել: Եվ երկրորդ՝ ինքնակառավարվող հարատև կարգապահությունը՝ հիմնված ասպետական ազնվության, արիության և պատվի վրա, որոնց երաշխիքը քրիստոնեական հավատքից բխող և դրա վրա հիմնված Հայ Ազգային Գաղափարախոսության (ՀԱԳ) ճանաչումը, ընդունումն ու կիրառությունն է՝ կյանքի բոլոր հանգրվաններում:
Այս պայմաններով կարելի է և՛ հուսալ, և՛ ապավինել ընկերոջդ պարանին՝ թե՛ իջնելու ամեն մի անդունդ, այն է՝ դիմագրավելու ամեն տեսակի վտանգ, սադրանք, դժվարություն ու նենգություն, և թե՛ նվաճելու ամեն մի բարձունք (նույնպե՛ս վտանգավոր՝ մեծամտանալու և ամբարտավանանալու իմաստով), որը կհասցնի հայության ու Հայաստանի ամենայն վերելքի...
Խոսքը դարձյալ վերաբերում է «Համապատասխան կոչվածներից» բաղկացած միշտ և մանավանդ ճգնաժամային պահերին ոտքի կանգնելու ունակ նվիրյալների փաղանգին:
Կա հում աղյուսից և կա թրծված աղյուսից կառույց: Կա պողպատյա գործիք ու ադամանդյա գործիք: Հայությանն ու Հայաստանին ծառայությունը պահանջում է հայի ազգային ու մարդկային ամենաընտիր որակ:
Ներկայիս և դեռ հետագա աննախատեսելի ու ավելի դժվար և վտանգավոր վիճակներից հայությանն ու Հայաստանը դուրս կարող են հանել տարբեր բնագավառների ծառայության Քրիստոնյա Ասպետ Հայորդիները՝ շաղկապված Քրիստոսի սիրով և միացած Հայ Ազգային Գաղափարախոսությամբ (ՀԱԳ) գործող եղբայրական կառույցում, ուր խոսքը հաստատ է և խոստումը գործադրում՝ երաշխավորված իրենց հոգու Հավիտենական հատուցման հավատքով:
Սակայն ճշմարիտ է նաև այն, որ այդպիսիների «կրիտիկական զանգված» ապահովելու դեպքում, ընդհանրապե՜ս վտանգավոր վիճակների մեջ չի հայտնվի ազգն ու հայրենիքը: Որովհետև աստվածահաճո այդպիսի՛ որակի առաջ, Ավետարանի խոսքերով, բոլոր ձորերը կլցվեն, և բլուրները կխոնարհվեն...
Զարթի՛ր, լաո՜...
ԷՍՔԻԶՆԵՐ
Համաշխարհային պայքարի գոյամարտում երկրներից ոմանք (որոշ կողմեր) իրավունք են ստացել հարվածելու, իսկ ոմանք (որոշ կողմեր)՝ միայն պաշտպանվելու, բայց ոչ հարվածելու և նույնիսկ հակահարված տալու:
Այդ «իրավունքով» կողմերն իրենց պայքարի ռազմավարությունն այդպես են կազմակերպել. իրենց հաջողության համար այդպիսի՛ պայմաններ են նախապատրաստել:
Այդ անելը պահանջում է թե՛ թիվ և թե՛ որոշակի որակ, այդ թվում՝ համախոհներից, համագործակցողներից և դաշնակիցներից կազմված կառույց՝ մտածելու, հաշվարկելու, ծրագրելու և գործադրելու՝ լայն միջոցներով և բազմակողմ ներգործումներով...
Նրանց պայքարի մարտավարության մեջ ևս շարունակ նորարարություններ են կատարվում՝ արժեզրկելով մյուս կողմի, հակառակորդի պաշտպանության դիմադրությունը, մինչ իրենց դեմ հակահարվածի կարողությունն ու հնարավորությունն արդեն իսկ չեզոքացված պայմաններում են պահվում…
Այս վիճակը կարող է հուսահատություն, երբեմն անխոհեմություն և նույնիսկ կատաղություն առաջացնել անզորների մոտ:
Մենք ո՞ւր ենք գտնվում այս դասակարգման մեջ և աստիճանաբար ո՞ւր ենք գնում: Ինչո՞ւ: Ինչպիսի՞ն կլինեն հետևանքները... Ինչպե՞ս կարող ենք մեր գոյապահպանման և զարգացման համար լավագույն դիրքերը, պայմաններն ու միջոցները ստեղծել, պահպանել և կիրառել…
* * *
Արտերկրից մեր եղբայրներից մեկը, մտավոր զգալի կարողությամբ ու բավականին հաջողակ իր մասնագիտական գործառնություններում, վերջերս բացատրեց, որ հայկական հարցերով իր հետաքրքրությունը և ներգրավվածությունը «գենետիկական զգացողության հետևանք է», և դրանք, կողմնակի ու մասնակի լինելով, իր կյանքի գործունեության բուն ընթացքից դուրս են գտնվում: Այդ «անկեղծ» խոստովանությունը, թվում է, կատարվեց՝ շեշտելու համար իր կարողությունների առավելությունը, որ չեն երևում հայտնի իր հայկական զբաղմունքներում:
Թվում է (սա ակնհայտ է նաև որպես համահայկական կամ գոնե համասփյուռքյան երևույթ), որ հայկական հետաքրքրության և մանավանդ հայկական գործերին մասնակցության դրդապատճառը մեծ մասամբ «ես»-ի առավել գոհացումն է: Եթե իր ժամանակի, եռանդի ու նյութականի նույն ներդրումով նույն ճանաչողությանն արժանանար ոչ հայկական շրջանակներում, ապա իր ընտրությունը կլիներ վերջինս՝ անկախ իր «գեների զգացականությունից»: Այսպիսով, այս պարագային հայկական ասպարեզի ընտրությունը կախված է նպատակահարմարությունից՝ դիվիդենդներից և ոչ թե պարտաճանաչությունից:
Բայց եղել են և կան նաև ուրիշներ, որ գնացել են ազգային ճամփով ու նվիրվել են անվերապահորեն, նաև երբ ժամանակի, եռանդի, նյութականի և նույնիսկ կյանքի զոհաբերության դիմաց դիվիդենդների փոխհատուցումը, եղել է ո՛չ թե քիչ կամ աննշան, այլ եղել է բացասական... Փառք նրանց ու ամոթ եսամոլներին, որոնց ընթացքն անարդար, ամոթալի և վնասակար է: Սա փաստ է, այն էլ՝ պատմական, որը պետք է փոխվի... Սակայն հավատքով և գաղափարով ազգային նվիրումը չեզոքացնում է ամեն բացասականը, և մնում է միայն վեհը... Աստուծո օրհնությամբ...
* * *
- Հավատքով, մաքուր ու հեզ սրտով և խոնարհ հոգով արված աղոթքի զորությունը, մանավանդ տկարի, նվաստի ու անիրավվածի աղոթքի զորությունը մեծ է:
- Ազգի ու երկրի, անհատական, հավաքական ու պետական կենսունակ քաղաքականության անկյունաքարը Աստուծո հետ դաշնակցելն է: Ամեն մի հայի, մանավանդ հոգևորականի, ղեկավարի, մտավորականի և ծնողի գիտակցությունը և կյանքի գլխավոր նպատակն այդ քաղաքականության կենսագործումը պետք է լինի:
Հավիտենական կյանքի հավատքով, հույսով ու Աստվածային սիրով տոգորված հայորդիների ջանքերով անպայման կվերականգնվի, ու Հայաստանն ավելի կբարձրանա:
Ազգի ու Երկրի՝ Աստուծո հետ մեր Սուրբ նախնյաց 1700-ամյա ուխտ-դաշինքը մանրամասն բացատրություններով և մեկնություններով պետք է հայտնի դարձվի յուրաքանչյուր հայի:
Ովքեր իրենց միջոցներով, հնարավորություններով պարտավոր և պատասխանատու են այդ անելու համար, պետք է շատ շտապեն...
* * *
Ոչ մի իրավ ստեղծագործություն չի կատարվի առանց գաղափարական հիմքի: Ոչ մի ազգային էական նպատակ, գործ չի արդյունավորվի առանց գաղափարի: Իսկ գաղափարը կենսունակ է, եթե բխում է և հիմնված է հավատքի վրա: Ո՞ր հավատքի վրա է հիմնված հայոց ժամանակակից գաղափարը, եթե այն ընդհանրապես կա: Մարքսիզմի՞, գլոբալականությա՞ն, հեթանոսությա՞ն...
Պետք չէ՛ պոռնկանալ օտար արժեքներով... և խոզի նման նորից ցեխի մեջ մտնել:
Եթե օտարանանք Հայկից, Լուսավորչից, Վարդանանցից, Նարեկացիներից, Շնորհալիներից, Սեբաստացիներից... և ուրանանք նրանց հավատի զորագլուխ Հիսուսին, ի՞նչ է մնում, որ մենք՝ մենք լինենք: Այս անգամ էլ՝ կապիտալիստակա՞ն մատերիալիզմը... «Ոսկե հորթերի» պաշտամունք՝ անհոգի վերադարձ դեպի կյանքի ճահճունք թունավոր... Այս կմնա...
Բայց դու զարթի՛ր, լաո՜: Գտի՛ր և գնա՛ քո ազգի հարազատ՝ քո Սուրբ Հայրերի Լուսավոր ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ:
ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱԷՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԻ ԸՄԲՌՆՈՒՄՆ ՈՒ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայկականության ճշմարտության գեղեցկության իմաստի զգացումը, ըմբռնումը, գիտակցությունը և այդ գեղեցկության վայելքը, ըստ երևույթին, հետզհետե ավելի ու ավելի է խամրում, բթանում ու անհետանում հայության մեջ: Շատ հաճախ հայը ծնվում, ապրում և անցնում է կյանքից՝ առանց էապես զգալու, ըմբռնելու, գիտակցելու և ապրումով վայելելու հայկականության ճշմարտության գեղեցկությունը:
Եվ սա մի սպի է մարդկային կյանքի համար: Ողբերգություն է հայկական իրականության համար՝ անհատական ու հավաքական ողբերգություն ու նաև մարդկային լիարժեքության պակաս: Որովհետև դա Աստվածային շնորհի պակաս է նախ և առաջ: Իսկ դրանով պակասում է նաև հայկականության թե՛ ազգային և թե՛ մարդկայնության իմունիտետը, որովհետև խախտվում, տկարանում է հոգեբարոյական վարակամերժության համակարգը:
Եվ հայը դառնում է «ոչ հայ», «ոչ մարդ» իր թերությամբ, որ ենթակա է ամեն տեսակի աղավաղումների ու անլիարժեքության:
Ակնհայտորեն այդպիսի որակ և ճակատագիր են ընդունում հայն ու հայկական հավաքականությունը և երկիրը: Ազգը և պետությունը: Ներկան և մանավանդ՝ ապագան:
Ահազանգի, այս վիճակի վտանգն ազդարարող ղողանջները պե՛տք է, արդա՛ր է, հրամայակա՛ն է, որ թունդ հանեն դեռ հայորեն բաբախող յուրաքանչյուր սիրտ, գիտակցություն, կամք, վճռականություն՝ հավատքով առ Արարիչը...
Հայացքներն ինքնըստինքյան ուղղվում են դեպի Հայոց Հայրապետության և Հանրապետության ղեկավարությունը... Պարտքի ու պատասխանատվության զգացումը և գիտակցումն ի՞նչ աստիճանի, ի՞նչ բնույթի, ի՞նչ որակի են:
Դրա պատասխանը վստահության չափանիշ պետք է լինի նրանց նկատմամբ:
Վարդան ԳՐԻՉԵՆՑ

Դիտվել է՝ 1886

Մեկնաբանություններ