Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ՇՏԿԵԼ ԽԱՂԵՐԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ՇՏԿԵԼ ԽԱՂԵՐԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՄԲ
18.03.2011 | 00:00

Մինչև 17 տարեկանների հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականը մարտի 23-27-ին Ռումինիայի Յասի քաղաքում մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի: Մեր թիմի մրցակիցներն են լինելու այդ երկրի, Իսրայելի և Հոլանդիայի ներկայացուցիչները: Մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի հավաքականն օրերս մեկնել էր Ֆրանսիա: Բանն այն է, որ Հայաստանի հավաքականը ստուգատեսին մասնակցելու է միասնական կազմով: Այսինքն` Հայաստանում պարապող մարզուհիներին միանալու են Ֆրանսիայի տարբեր քաղաքների թիմերում հանդես եկող մեր հայրենակցուհիները: Եվ ահա, առաջին անգամ հավաքականը միասնական կազմով էր հավաքվել: Մեր երկրից պատվիրակություն էր մեկնել Ֆրանսիա, որի կազմում էր Հայաստանի հավաքականի մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը: Նրա հետ էին նաև թիմի առաջատար 7 խաղացողներ: Ճանապարհորդությունը երկար էր: Մերոնք Երևանից Մոսկվա էին մեկնել, այնտեղից` Նիս, ապա ավտոմեքենաներով հասել Ավինյոն: Այստեղ էլ մեր հավաքականը հավաքվել էր միասնական կազմով: Ավինյոնում մարզումներ և խաղեր անցկացնելուց հետո հանդբոլիստուհիները Մարսել էին ուղևորվել: Եվ այնտեղ նույնպես մարզումներ և մեկ հանդիպում էին անցկացրել: ՈՒշագրավ է, որ այդ ընթացքում Հայաստանի պատվիրակներից անբաժան են եղել ֆրանսիացի մեր հայրենակիցները: Իսկ հավաքականի կազմը համալրել են Ֆրանսիայում բնակվող Մարգո Թերզյանը, Ֆանի Աբրահամյանը, Մարի Միրաքյանը, Սաշա Բոյաջյանը, Նոյեմի Մուրադյանը:
Ֆրանսիայում Հայաստանի հավաքականի թեկնածուներ ընտրելու իրավունքը վերապահվել էր մարզիչ Պատրիկ Օթամյանին: Գյուրջինյանն անկեղծորեն խոստովանեց, որ սպասելիքներն ավելի մեծ էին, սակայն մարզուհիները լավ պատրաստվածություն են ունեցել: Այնպես որ, բոլորն էլ կընդգրկվեն Հայաստանի հավաքականում: Քանի որ մեր թիմի համար շատ կարևոր է հուսալի դարպասապահ ունենալը, հետաքրքրվեցինք, թե ինչպիսի խաղամակարդակ ունի ֆրանսիական կողմը ներկայացնող մեր դարպասապահը: Հավաքականի` Հայաստանում բնակվող դարպասապահն Անուշ Բիլյանն է, ով նաև կարողություններն է փորձում ֆուտբոլում: Հավաքականի մարզիչը հայտնեց, որ Մարգոն նույն կարգի դարպասապահ է, ինչպիսին Անուշն է, և նրանք կարող են հավասար հանդես գալ թիմում: «Օրական համատեղ երկու անգամ պարապմունք էր անցկացվում Ավինյոն քաղաքի մարզասրահում, իսկ երեկոյան էլ ընկերական հանդիպումների էինք մասնակցում: Ստուգողական երեք խաղ ենք անցկացրել: Արդյունքներն էական չեն, քանի որ մերոնք խաղում էին իրենցից տարիքով և փորձառու հանդբոլիստուհիներով համալրված թիմերի հետ: Բոլոր խաղերը մեր մարզուհիներն անցկացրել են Ֆրանսիայում բնակվող հայուհիների հետ: Առաջին հանդիպումում մրցեցինք Ավինյոնի թիմի հետ: Հետո խաղացինք տեղի և մոտ քաղաքների հավաքականի հետ: Իսկ վերջին հանդիպումն անցկացրինք Մարսելի ներկայացուցիչների հետ: Մեր հակառակորդները ֆիզիկապես լավ պատրաստված էին և արագ հանդբոլ էին խաղում: ՈՒրախալի է, որ մերոնք ևս պարտքի տակ չէին մնում և արժանի մրցակցություն դրսևորեցին»,- ասաց Գյուրջինյանը:
Ինքնին հարց կարող է առաջանալ, թե ինչքանով էր նպատակահարմար երկար ճանապարհ կտրել, որպեսզի մի քանի օր Ֆրանսիայում մեր երկրի հավաքականը մարզումներ և խաղեր անցկացնի: Հավաքականի մարզիչն այն կարծիքին է, որ այցելությունը շատ նպատակային էր: Փաստորեն, գործնականում հնարավորություն է ստեղծվել տեսնելու, թե ինչի է ունակ հավաքականը: Բացի այդ, հանդբոլիստուհիների միջև փոխըմբռնում է ստեղծվել: Բան այն է, որ ֆրանսիացի խաղացողները հայերեն չեն խոսում: Նրանց հայրերն են միայն հայեր, իսկ մայրերը ֆրանսուհիներ են: Ի դեպ, միևնույն սենյակում տեղավորվել են Հայաստանում և Ֆրանսիայում բնակվող մարզուհիներ, որպեսզի նրանց միջև մտերմություն առաջանա: Մարզիչն ասաց, որ մեր հայրենակցուհիները շատ են ոգևորված, որ Հայաստանի դրոշի ներքո են հանդես գալիս: Նա հայտնեց, որ նախորդ տարի Հայաստանի կանանց հավաքականը շատ ավելի բարձր խաղամակարդակ ունեցող Ֆրանսիայում բնակվող մարզուհիներ էին համալրել: Այդ է պատճառը, որ խնդիր է դրվել մեր հայրենակցուհիների առջև առաջիկա կարճ ժամանակահատվածում քրտնաջան մարզումներ անցկացնելու, որպեսզի բացը լրացվի, նրանց խաղամակարդակը բարձրացվի: Իսկ խնդիրն այն է, որ հինգն էլ բնակվում են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, և դժվար է համատեղ պարապմունքների կազմակերպումը: «Ի դեպ, մեր հայրենակցուհիների համար նվերներ էինք պատրաստել: Նրանց նաև Հայաստանի հավաքականի շքերթային մարզահագուստ հանձնվեց: Իսկ հրաժեշտից առաջ մեր հայրենակցուհիներն արտասվում էին»,- ասաց Գյուրջինյանը: Ինչ վերաբերում է Հայաստանում պարապող մարզուհիներին, ապա մարզիչը հայտնեց, որ նրանք հաճելիորեն զարմացրել են: Զգալով մրցակցական փորձի պակաս` հանդիպումների ժամանակ նրանք իրենց լավ են դրսևորել: Թերևս, հանդբոլիստուհիներին խանգարել է միայն հոգնածությունը, քանի որ Ֆրանսիայում հագեցած օրեր են անցկացրել և չեն հասցրել պարապմունքներից և խաղերից հետո ուժերը վերականգնել: Հավելենք, որ խաղերից առաջ էլ մեր երկրի պատվիրակները հանդիպումներ են ունեցել տարբեր քաղաքների ղեկավարների, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել են էքսկուրսիաների և այլն: Մարսելում Հայաստանի պատվիրակները հայկական եկեղեցի են այցելել, հավաքվել է նաև հայկական համայնքը: Ընդ որում, բոլոր խաղերը մերոնք անցկացրել են երկու կեսով, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը եղել է 30 րոպե: Ֆրանսիական մամուլում մի շարք արձագանքներ են եղել:
Գյուրջինյանը հայտնեց, որ թերություններ են ի հայտ եկել, որոնք կփորձեն շտկել առաջիկայում: Դրան կօգնի նաև Ֆրանսիայում կայացած խաղերի տեսագրությունը: Հավաքականը ներկայումս ծանրաբեռնված պարապում է:
Ինչ վերաբերում է մեր երկրի հավաքականի ներուժին, առաջիկա մրցաշարում սպասելիքներին, Գյուրջինյանը դժվարացավ որևէ բան ասել, քանի որ մրցակիցների մասին քիչ բան է հայտնի:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ