Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Նախորդ կյանքում մարդ եմ եղել»

«Նախորդ կյանքում մարդ եմ եղել»
16.06.2009 | 00:00

«ՄԵՆԱԿ ԵՂԵԼ ԵՄ, ՄԵՆԱԿ ԿԱՄ, ՄԵՆԱԿ ԿՄՆԱՄ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԲՀԿ առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ
-Պարոն Ծառուկյան, որպես տնտեսությանը մոտ կանգնած մարդ, ինչպիսի՟ն է կառավարության ԱԺ ներկայացրած հարկային փաթեթը` ըստ Ձեզ:
-Փաթեթ է` ոչ հօգուտ գործարարի, երկրի զարգացման, կայացման: Եվ այն, ինչ ես ասում եմ, վեց ամիս հետո նոր իրականության մեջ ակնառու երևում է, և փորձում են քայլեր անել այդ ուղղությամբ: Ասենք` հարկերի սառեցման, ՀԴՄ կտրոնների հետ կապված: Ես երբեք երկնքից բաներ չեմ ասում, և իրականությունն ապացուցում է, որ ես ճիշտ եմ, պարզապես պետք է մարդիկ հետևողական լինեն, տեսնեն` մեր կարգավիճակի ինչ երկրներ կան, ինչ ուղղություն են դրանք վերցրել, ու դրանից եզրակացություններ անեն:
-ԲՀԿ-ն ինչպե՟ս է քվեարկելու փաթեթին:
-ԲՀԿ-ն կիրականացնի ազատ քվեարկություն: Ընդ որում, սա միակ դեպքն է, երբ կուսակցությունը նիստ չի հրավիրել, հարցը չի քննարկել` քվեարկությունը թողնելով պատգամավորների հայեցողությանը: Քանի որ ես խոշոր գործարար եմ, խոշոր ակցիաներ ունեմ, սա պատճառ դարձավ, որ, որպես կուսակցության առաջնորդ, նման մոտեցում դրսևորեմ, որպեսզի չասեն` Ծառուկյանն իր շահերից ելնելով` բացասական քվեարկելու որոշում կայացրեց:
-Հա, իհարկե, ազատ քվեարկությունը «ո´չ» ասելու փայլուն դիվանագիտական ձև է, ու, այնուհանդերձ, անձամբ Դուք ինչպե՟ս եք քվեարկելու:
-Չեմ մասնակցելու քվեարկությանը:
-Ի դեպ, ըստ հավաստի տեղեկությունների` ամբողջ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը, որպեսզի քվորում չլինի, փաթեթը չանցնի:
-Մի անգամ էլ եմ ասել. լրագրողները քնում, երազ են տեսնում, առավոտյան գրում են` «հավաստի աղբյուրների¯ց, հարյուր տոկոսո¯վ»... Կրկնում եմ` մենք քվեարկությունն ազատ ենք թողել: Ես Ձեզ ասեմ` ինձ համար միևնույն է, եթե բոլորին ձեռ է տալիս այդ փաթեթը, ես առավել ևս այդպիսի խնդիր չունեմ: Վաղուց, երբ անցել եմ քաղաքական գործունեության, իմ մոտ լիարժեք փայլուն կարգավիճակ է:
-Նեղացածություն, ցավ եմ զգում Ձեր ձայնում:
-Նեղացածությունն ընտրությունների հետ է կապված, որովհետև մենք մեր աշխատանքները կատարեցինք ոչ այնքան լավ, նեղացած եմ իմ թիմի որոշ անդամներից` իրենց կատարած աշխատանքի պատճառով:
-Կոնկրետացնե՟նք:
-Ո´չ:
-Քիչ առաջ ասացիք` նաև հանձնաժողովի անդամների «մեղքեր» էլ կային ընտրություններում:
-Այո, այո:
-Ի՟նչ մեղքեր:
-Դրանք մեր կուսակցական, «ընտանեկան» խնդիրներն են, որոնք մենք կկարգավորենք:
-Եվ, այնուհանդերձ...
-Դե, որ նրանց մի մասն անփույթ, անհետևողական է գտնվել, մենք էլ մեր հերթին պետք է վստահած չլինեինք անփորձ մարդկանց, որովհետև մինչ ընտրություններն ահռելի աշխատանք էինք տարել, ու պետք է անպայմանորեն հետևողական լինեինք` աշխատանքի պտուղները քաղելու համար:
-Բոլոր դեպքերում, ես Ձեր մեջ շատ խոր վիրավորվածություն եմ տեսնում, Դուք բաց նյարդի մարդ եք, չեք կարողանում թաքցնել£ Եթե անկեղծ` ի՟նչն է Ձեզ այդպես ցավեցրել:
-Չէ´, չէ´, ոչ մի խոր վիրավորվածություն, ո´չ մի փշրվածություն չկա£ Ես շատ հզո¯ր, կայուն, պայծառ վիճակում եմ£ Փշրված կարող են միայն թույլ մարդիկ լինել:
-Եվ, այնուհանդերձ, պարոն Ծառուկյան, Երևանի ավագանու ընտրություններով ֆիքսվեց, որ քաղաքական դաշտը վերադասավորվում է, և այդ վերադասավորությունը կվերաբերի նաև ԲՀԿ-ին: Ոմանք կարծում են, որ Դուք, այսպես ասած, պետք է այցելեք Սերժ Սարգսյանին, մինչև վերջին խազն անվերապահ նախագահ «ճանաչեք» նրան (սրա համար կա եզրույթը, ես այն չեմ օգտագործում) կամ դառնաք ընդդիմություն:
-ԲՀԿ-ն երբե´ք ընդդիմություն չի դառնա: Ես, ԲՀԿ-ն այս երկրում ենք կայացել որպես քաղաքական ուժ, անհատ, մեր ծրագրերն ու առաջարկներն արդար են, և մենք պայքարել ու պայքարում ենք միայն դրանց համար: Այնպես որ, ընդդիմություն դառնալու մասին խոսք լինել չի կարող:
-Կարո՟ղ է ցավն էլ հենց նրանից է, որ չեք կարող:
-Քանի անգամ ասեմ` իմ ցավն իմ թիմից է: Մենք երիտասարդ կուսակցություն ենք, երկրորդ ընտրությունն անցանք և կարողացանք շատ նորմալ արդյունքներ ցույց տալ: Ընդ որում, առաջինի համեմատ առաջընթաց կա, չէ՟. կրկնապատկվել են, չէ՟, ԲՀԿ-ի թե´ թիմային, թե´ գաղափարական, թե´ միասնականության և թե´ արդյունքների ցուցանիշները£
-Եվ, այնուհանդերձ, Ձեզ Երևանի որևէ թաղապետի` վարչական տարածքի ղեկավարի պոստ չտվեցին£ Ի դեպ, առաջարկ չեղա՟վ, թե՟ եղավ, Դուք հրաժարվեցիք:
-Մենք պաշտոնի համար չէինք ընտրապայքարի դուրս եկել և ոչ էլ նրա համար, որ մեր կուսակցությունն ու քաղաքականությունը բիզնեսի վերածենք: Մենք արդարաբար պայքարում էինք այս ընտրություններում: Ես ամեն ինչի հասած մարդ եմ և հասել եմ դրան Աստծո շնորհիվ, ես միայն մտահոգ եմ երկրի զարգացման, ապագայի համար, նույնիսկ իմ անձնական միջոցներն եմ ներդրել, որ իմ երկրի, իմ երեխայի ապագան փայլուն լինի, որովհետև ես սիրում եմ այս երկիրը:
-Պարոն Ծառուկյան, Դուք շրջանցում եք հարցը` Ձեզ առաջարկվե՟լ են թաղապետների պորտֆելներ:
-Ո¯...ո...¯չ. ո´չ: Մենք չենք ուզում:
-Առաջարկվել է` չե՟ք ուզել, թե՟... ի՟նչ մեխանիզմ է գործել:
-Նորից եմ ասում` մենք հրաժարվել ենք քաղաքային կոալիցիայից£ Իրենք մեծամասնությունը վերցրել են, իրենք էլ կկառավարեն, իրենք էլ պատասխանատու կլինեն:
-Եղե՟լ է կոալիցիա կազմելու առաջարկ:
-Ո´չ, չի քննարկվել նման հարց:
-Կարո՟ղ է Ձեր ցավը դրանից է, որ չի քննարկվել:
-Քանի՟ անգամ ասեմ` «նե¯տ»:
-Դուք ասացիք, որ ընդդիմություն չեք դառնա..
-Հա, իհարկե, չեմ դառնա:
-Բայց, դե, մյուս կողմից էլ, դուրս է գալիս, որ Դուք ընտրությունների ընթացքով առանձնապես հիացած չեք, կառավարության ձեռնարկին էլ «ազատ», իսկ իրականում` բացասական եք մոտենում:
-Դա նշանակեց` ընդդիմությո՟ւն£ Հանրապետականի կեսը դեմ է հարկային փաթեթին, դա նշանակում է, որ հանրապետականն ընդդիմությո՟ւն է:
-Չէ´, չի նշանակում. ՀՀԿ ֆրակցիայի որոշմամբ` այնտեղ բոլորը կդառնան լողորդ, կնստեն ոզնու վրա:
-ՈՒրեմն, մենք ոչ լողորդ կլինենք, ոչ էլ ուրիշ բան: Եթե ինչ-որ հարցում մենք դեմ ենք, դա ամենևին չի նշանակում, թե ընդդիմություն ենք, այլ նշանակում է, որ մեր սկզբունքներին ենք հետևում: Ինչ կա` ճիշտ ենք ասելու, եթե Դուք դա համարում եք ընդդիմություն, դա Ձեր գործն է:
-Որքան տեղեկացված եմ, Սերժ Սարգսյանը մի նեղ, թե «լայն» միջավայրում, կարծես, ասել է` դեմ քվեարկել կառավարության նախաձեռնություններին, դեմ դուրս գալ վարչապետին նշանակում է դեմ դուրս գալ ինձ:
-ՈՒշադիր լսիր, ասեմ. ուրեմն` մեր երկրի նախագահին ես շատ հարգում եմ, նրա աշխատանքն անչափ բարձր գնահատում, որ ինքն ամեն ինչ անում է այս ծանր պայմաններում երկիրը ծանր վիճակից հանելու համար:
-Պարզ է, մանավանդ ԲՀԿ-Սերժ Սարգսյան վերջին «օջախյան» հանդիպումից, «պարից» հետո գնահատում եք «զմիմյանս»: Փորձագետների մեծ մասը քաղաքական վերադասավորությունների ֆոնին կոալիցիայի փլուզում է կանխորոշում. անկախ պատգամավորները «վերբովկա» են արվում ՀՀԿ-ի կողմից, ՕԵԿ-ը պրծնո¯ւմ է...
-Ո՟վ է ասում` ՕԵԿ-ը «պրծնում» է£ Ամեն մեկն իր տեղում աշխատում է, փորձագետներն էլ, լրագրողների պես, երազներ են տեսնում, առավոտյան զարթնում...
-ՈՒ ասում են` «հավաստի աղբյուրներո¯վ, ճիշտ կանխատեսումո¯վ»... Մի խոսքով, կոալիցիան, հատուկ դաժանությամբ և համառորեն չի քայքայվում: Ի դեպ, պարոն Ծառուկյան, ինչպե՟ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի` «ԱՖԿ Սիստեմա» ընկերությունում անկախ տնօրենի ստանձնելիք պաշտոնին:
-Շատ նորմալ£ Դա աշխարհում ընդունված բան է, որ այդպիսի հարգարժան մարդիկ (ինչը նաև պատիվ է տվյալ ընկերության համար) իրենց փորձը, գիտելիքներն օգտագործեն:
-Տեսակետ կա, որ այդ քայլով Քոչարյանին մեկուսացրին հայոց քաղաքական դաշտից:
-Այսօր որևէ մեկը կարո՟ղ է մեկուսացնել Քոչարյանին£ Տասը տարի նա Հայաստանում աշխատել է, դու այդպիսի բան տեսե՟լ ես£ Դա իր ցանկությունն էր` աշխատել այդ պաշտոնում:
-Չէ, ասում են` փոխպայմանավորվածությամբ է դա տեղի ունեցել. նա չի ցանկացել «երիտասարդ թոշակառու դառնալ», ստանձնել է նման «կարգին» պաշտոն, փոխարենը` չի վերադառնա քաղաքականություն: Արդյունքում Դուք մնացել եք միայնակ:
-Ո՟վ է նման բաներ ասում:
-Փորձագետները:
-Էլի՟ փորձագետները:
-Ըհը´:
-Փորձագետները թող մի քիչ լավ կարդան, մի քիչ լավ ուսումնասիրեն ու նոր զբաղվեն նման բաներով:
-Դուք մենակ չե՟ք քաղաքական էս լեն ու բոլ աշխարհում, պարոն Ծառուկյան:
-Մենա´կ եմ:
-Բա դե` տեսնո՟ւմ եք:
-Բայց ես մենակ եմ եղել միշտ, իսկ ես ո՟ւմ հետ պետք է լինեի:
-Ներեցեք, իսկ Հայաստանում հնարավո՟ր է «մենակ» լինել, քաղաքականություն անել, խոշոր բիզնես, խոշոր ակցիաներ ունենալ:
-ՈՒրեմն, ես Ձեզ ասեմ (Դուք անպայման սա պիտի գրեք). սկսած իմ բիզնեսից, որը ես սկսել եմ պարտքով` 1500 ռուբլով...
-Վաո¯ւ:
-Այո´, սկսած իմ բիզնեսից` ես մենակ եղել եմ, մենակ կամ, մենակ էլ կմնամ: Ոչ մեկի առաջ ո´չ պարտավորություն ունեմ, ո´չ պատասխան տալու խնդիր, ինչպես շատերը, որ մի քանի լարի վրա են խաղում (դրանք ոչ թե մեր կուսակցությունում, այլ մեր շրջապատում են), ու ես կփորձեմ դրանց պատկերը նույնպես բացահայտել:
-Առյուծների մոտ կգցեք:
-Առյուծը վատ բաներից զզվում է, նման մարդկանցից` նույնպես:
-Ապրի առյուծը: Ի դեպ, պարոն Ծառուկյան, քանի՟ առյուծ ունեք:
-Հեսա ասեմ. ուրեմն` երկու հատ սպիտակ, չորս հատ մոխրագույն, երկու հատ սպիտակ վագր...
-Մի ողջ ջունգլի: Պարոն Ծառուկյան, ինչո՟վ բացատրել առյուծների նկատմամբ Ձեր մեծ սերը: Կարո՟ղ է` նախորդ կյանքո¯ւմ...
-Չէ´, չէ´, նախորդ կյանքում մարդ եմ եղել, բայց դե` ուժեղ մարդը չի կարող առյուծին չգնահատել: Ասեմ` իմացեք. կենդանիները, մանավանդ առյուծները, ավելի հավատարիմ են իրական կյանքում, քան մարդիկ: Եթե դու առյուծի հետ շփվում ես, նրան կերակրում, նա առնվազն քեզ հավատարիմ է, և երբեք ու երբեք քեզ վնաս չի տա, իսկ մա¯րդը, մարդկության մոտ յոթանասուն տոկոսը պաշտոնի համար իր հարազատ հորն էլ կուրանա, իսկ այդպիսի մարդիկ ոչ կարող են լիդեր լինել, ոչ ղեկավար լինել, ոչ ընտանիքի հայր լինել և ոչ էլ լավ ընկեր: -Է¯, պարոն Ծառուկյան, մեծ դասականը կասեր` «սիրտդ կցավա¯, յավրիս»: Տեսա՟ք, որ ցավ կա Ձեր մեջ: Բայց դե, որ հասել ենք դասականներին, մի մեջբերում էլ Չերչիլից անենք£ Նա ասում էր` առյուծն իր տիրակալին պտտո¯ւմ-պտտո`ւմ է ու հենց սովածանում է, ուտում է:
-Նման բան երբեք հնարավոր չէ:
-Չերչի¯լն է ասում:
-Չերչիլը, հաստատ, առյուծ չի պահել, չգիտի:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ