Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եթե հրդեհը մարել չհաջողվի

Եթե հրդեհը մարել չհաջողվի
23.06.2009 | 00:00

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔ
Միասնական Եվրոպայի քաղաքական դաշտում վերջին շրջանում նկատվում են շատ հետաքրքիր գաղափարախոսական միտումներ։ «ՈՒղեղների լվացման» երկարատև ու նպատակային գործընթացից հետո անգամ տնտեսական ճգնաժամը բնակչության զգալի մասի նախապատվություններից ջնջեց լիբերալիզմի մշուշը։ Արդյունքում վերջերս անցկացված Եվրախորհրդարանի ընտրություններում տեղի ունեցավ իսկական սենսացիա. ընտրազանգվածի զգալի մասն իր քվեները տվեց ազգայնական ուղղվածություն ունեցող կուսակցություններին։
Սակայն մանրամասն կանգ չառնենք այս իրողության վրա և, թերևս, բավարարվենք նշելով, որ ազգայնական ու ծայրահեղ հայրենասիրական միավորումների գործունեությունը ցանկացած հասարակության մեջ իրենից ներկայացնում է ազգային օրգանիզմի բնական ռեակցիան` գոյություն ունեցող վտանգների հանդեպ։ Ցավոք, պետք է արձանագրենք, որ Հայաստանում, չնայած այն հանգամանքին, որ ազգային շահերը մեզ շրջապատող միջավայրի հետևանքով պարբերաբար վտանգված են, ազգայնական ուղղվածության կազմակերպությունները, հատկապես վերջին տարիներին, լուրջ դեգրադացիայի ենթարկվեցին։ ՀՀԿ-ն, որն այսօր հիմնական կառավարող կուսակցությունն է, փաստացի և կամավոր հրաժարվել է ազգայնական գաղափարախոսությունից` զինվելով չափավոր պահպանողականության գաղափարներով։ Դաշնակցության ընդգրկումն իշխանության մեջ և պետական կառավարման նորմերը կուսակցության ազգայնական գաղափարաբանության հետ համադրելու փորձերն իրենց հերթին հանգեցրին նրան, որ ՀՅԴ-ն «դուրս եկավ» իր յուրահատուկ ու կայուն գաղափարախոսական կերպարից։ Դա ժամանակի ընթացքում չէր կարող չհանգեցնել ընտրազանգվածի համակրանքի էական նվազման։ Ինչ վերաբերում է երկու այլ ավանդական ազգային կուսակցություններին` ՀՌԱԿ-ին և հնչակյաններին, ապա Հայաստանի քաղաքական դաշտում իրենց գոյության վերասկզբնավորումից ի վեր, տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, այս քաղաքական ուժերը չկարողացան դինամիկ զարգանալ և անհրաժեշտ կշիռ ձեռք բերել։ Ծանրակշիռ ազգայնական կուսակցություններ ձևավորելու մյուս բոլոր կանոնավոր փորձերը, լինեին դրանք ինքնուրույն, թե հրահրված, հաջողության չհանգեցրին, անկախ այն իրողությունից, որ այդ գաղափարախոսության համակիր էին բավականին հետաքրքիր ու ինքնատիպ քաղաքական գործիչներ։
Այսպիսով, չնայած ծայրահեղ անհրաժեշտությանը, այսօր կառուցվածքային առումով ձևավորված ազգայնական քաղաքական ուժերը դադարեցին լինել ֆունկցիոնալ և արդիական` հասարակական պահանջարկը բավարարելու առումով, իսկ արհեստականորեն ձևավորված քվազի-ազգայնական միավորումները, չնայած իրենց ոչ փոքր թվակազմին, այդպես էլ կարևոր նշանակություն ձեռք չբերեցին քաղաքական դաշտում։ Այս` ավելի համալիր ուսումնասիրության կարիք ունեցող հանգամանքների պարզաբանումից հետո, սակայն, ավելի կարևոր է ու արդիական այն հարցի պարզաբանումը, թե ինչպես և ինչու, դուրս գալով կառավարող կոալիցիայից, դաշնակցությունն անցավ ընդդիմության դաշտ։ Այդ փաստն ինքնին մինչ օրս ենթարկվում է ամենատարբեր և շատ հաճախ իրականության հետ կապ չունեցող ու տհաճ մեկնաբանությունների։ Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ու լրագրողներ զարմանալի համոզվածությամբ կատեգորիկ պնդում են, թե դաշնակցությունը կեղծ ընդդիմություն է, իսկ նրա դուրս գալն իշխանությունից` վերևների հետ համաձայնեցված գործողություն։ Համարձակվում ենք պնդել, որ այդպիսի կատեգորիկ հաստատումները կարող են հետապնդել կա՛մ զուտ անձնական նպատակներ, կա՛մ էլ դրանց հեղինակները բացարձակապես ծանոթ չեն դաշնակցության մեջ առկա իրողություններին ու այս կուսակցության ներսում գործող կանոնադրային-ավանդական փոխհարաբերություններին։
ՀՅԴ-ն, թերևս, միակն է բոլոր հայկական կուսակցություններից, որի ոչ միայն գաղափարախոսությունն է շատ հստակ ուրվագծված, այլև սահմանազատված են կուսակցականների գործառույթները, գոյություն ունի որոշակի «սահմանագիծ», որից այն կողմ ոչ ոք անցնել չի կարող։ Նույնիսկ կուսակցության «ամենահզոր» ֆունկցիոներները կամ սիրված «առաջնորդները» (իսկ այդպիսիք դաշնակցության մեջ գոյություն չունեն իրականում և կանոնադրության համաձայն) նվազագույն հնարավորություն իսկ չունեն կասկածի տակ դնելու, առավել ևս, վերանայելու գաղափարախոսական անկյունաքարային հիմնադրույթները։ Հայ դատի հիմնախնդիրներից շեղումը դաշնակցության մեջ հավասարեցվում է ոչ միայն դավաճանության, այլև կարող է հանգեցնել լուրջ «կազմակերպչական» հետևությունների և շեղում թույլ տվողի համար համապատասխան «հետևանքների»։ Ավելին, այս դրությունը փոխել չեն կարող ո՛չ առանձին կուսակցականների շահերը, ո՛չ էլ նույնիսկ «պետական հիմնախնդիրները»։ Հենց այդպիսի սահմանագիծ դարձավ դաշնակցության համար հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ իշխանությունների նախաձեռնած գործընթացը։
Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա, չնայած ՀՅԴ շարքերում առկա դժգոհությանը, ներքին հիմնահարցերը կուսակցական վերնախավի համար առայժմ առաջնահերթ չեն դիտարկվում։ Հասկանալի է, որ կուսակցական վերնախավի անձնական շահը և իշխանության մեջ լինելու ցանկությունը ժամանակին հանգեցրին այնպիսի անճոռնի կոալիցիայի ձևավորման, ինչպիսին էր սոցիալիստների և ծայրահեղ լիբերալների միավորումը։ Ավելին, սոցիալական հիմնախնդիրների անտեսումը, անկասկած, վնաս է հասցնում նաև ազգային հիմնահարցերին, և այդ հանգամանքը չէր կարող դաշնակցության համար չհանգեցնել համակիր ընտրազանգվածի շոշափելի կորստի, ինչն իր արտահայտությունն ունեցավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ կուսակցությունն արդեն իսկ կորցրել էր վարչական ռեսուրսից օգտվելու հնարավորությունը։ Այդ իմաստով շատ բնութագրական էին հեռուստատեսությամբ ցուցադրվող հանդիպումները փոքրաթիվ բնակչության հետ։
Առաջին հայացքից ամոթալի, բայց օրինաչափ պարտությունն ընտրություններում, ըստ շրջանառվող լուրերի, բավականին բուռն գործընթաց է առաջ բերել կուսակցության ներսում, և առանց այդ էլ դժգոհ շարքային կուսակցականների համար նոր դժգոհության առիթ դարձել։ Կան խոսակցություններ, որ կուսակցության սկզբնական կազմակերպությունները պահանջում են «պարզել պարտության պատճառները և պատժել մեղավորներին», ինչն իր հերթին լուրջ անհանգստություն է առաջացրել ՀՅԴ ներկա ղեկավարության շրջանում, որը, վաղեմի սովորության համաձայն, սկզբում փորձեց «հանգստացնել դժգոհներին», քանի որ առանձին կուսակցականների քննադատությունն անտեսելու հնարավորություն կանոնադրությունը նախատեսում է։ Բայց երբ դժգոհությունն ընդգրկեց կուսակցության շարքերի զգալի մասը, սկսվեց «քավության նոխազների» փնտրտուքը։ Եվ, այնուհանդերձ, այսօր դաշնակցության մարզային կոմիտեների մի մասն արդեն իսկ որոշում է ընդունել կուսակցության հայաստանյան կառույցի նոր գերագույն ժողով հրավիրելու մասին, իսկ այդպիսի որոշումներն իրագործվում են անկախ ղեկավարության կամքից, եթե դրանց օգտին է արտահայտվել կուսակցության շարքերի կամ կառույցների մի որոշակի մասը։
Եվ, ըստ այդմ, տեղյակ շրջանակների կարծիքով, չի բացառվում, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, այսօր կուսակցության առաջնորդ Հրանտ Մարգարյանն առաջիկայում հարկադրված կլինի «զոհաբերել» ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկա կազմը և, եթե հրդեհը դրանով մարել չհաջողվի, նույնիսկ ՀՅԴ բյուրոյի որոշ անդամների։ Ընդ որում, դրանից նրա անձնական դիրքերը հազիվ թե տուժեն, քանի որ նա բավականին ամուր հեղինակություն ունի ոչ միայն հայաստանյան դաշնակցականների շրջանում, այլև սփյուռքում` որպես Հայ դատի հետևողական պահանջատեր գործիչ։ (Նույնիսկ այն դեպքում, եթե կուսակցության արևմտյան թևի ներկայացուցիչները նախընտրեն բյուրոյի ներկայացուցչի պաշտոնում տեսնել ավելի փափուկ գործչի, ապա դաշնակցության արևելյան թևը, հատկապես իրանահայերը, ամուր դիրքեր ունեն ՀՅԴ ղեկավարության մեջ, ինչը նշանակում է, որ ներկայացուցչի փոփոխություն տեղի չի ունենա)։ Դա, սակայն, չի բացառում փոփոխությունները դաշնակցության ղեկավարության մեջ առհասարակ, որովհետև ՀՅԴ-ն վերջին տասնամյակի ընթացքում ունեցել է ոչ միայն հեղինակության, այլև մարդկային կորուստներ, կուսակցության շարքերից հեռացվել են բազմաթիվ պատրաստված և հեղինակավոր կուսակցականներ, որոնք ժամանակին կազմում էին նրա ինտելեկտուալ կորիզը։ ՈՒրիշներն ինքնամեկուսացել են ու հեռացել ակտիվ գործունեությունից։ Իշխանության մեջ ՀՅԴ-ի հայտնվելուն զուգահեռ կուսակցության շարքերում հայտնվեցին նաև երիտասարդ, հավակնոտ ու պրագմատիկ մարդիկ, որոնցից շատերի համար կուսակցության գաղափարախոսությունը նպատակ չէ, այլ միջոց։ Նրանցից շատերը, ոչ առանց կուսակցության վերնախավի օգնության, ներկայացուցչական դիրքեր գրավեցին կուսակցական հիերարխիայում, ինչը չի բացառում, որ դաշնակցության ապագա Գերագույն մարմինը կձևավորվի հենց նրանցից։ Իհարկե, այդ «քաղաքական ռեալիստներին» հազիվ թե հաջողվի փոխել կուսակցության առաջնահերթություններն արտաքին քաղաքականության ոլորտում։ Սակայն չի կարելի անտեսել մեկ այլ հնարավոր վտանգ` համագործակցության ցանկությունը ներքին դաշտում բոլորովին էլ ոչ ազգային, լիբերալ քաղաքական դաշտի հետ, մանավանդ որ արմատական ընդդիմությունը, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, դրան բոլորովին էլ դեմ չէ։ Եթե «հին դաշնակցականների» համար, ովքեր, ոչ միայն լավ են հիշում Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, այլև այդ կուսակցության մեջ են հայտնվել համոզմունքից ելնելով, այդ ուժի հետ գործընկերության հաստատումը բացարձակապես անընդունելի է համարվում, ապա ավելի երիտասարդներին կարող է և գրավիչ թվալ այդ ճանապարհով արագ փոփոխությունների հասնելու պատրանքը։
Այնուհանդերձ, դաշնակցության վերադարձն իր համար միանգամայն բնական վիճակ, այսինքն` ընդդիմադիր դաշտ, կարծես, ամրագրված ու անհերքելի փաստ է, անշրջելի իրողություն։ Ավելին, իշխանության գործողություններն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ սրբագրելու նրանց ձգտումը միանգամայն դրական ազդեցություն կարող է ունենալ, որից կշահի ոչ միայն դաշնակցությունը, այլև պետությունն ընդհանուր առմամբ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ