«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Թաթերն ադրբեջանական պետականության բազային բաղադրիչն են

Թաթերն ադրբեջանական պետականության բազային բաղադրիչն են
03.07.2009 | 00:00

ԷԹՆԻԿ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Էթնիկական փոքրամասնությունների պրոբլեմներն Ադրբեջանում շատ կողմերով տարբեր են և չեն կարող դիտարկվել նույն հարթության վրա։ Լեզգիների ու թալիշների հիմնախնդիրը տարաբաժանված և խտրականության ենթարկվող ժողովուրդների պրոբլեմ է, քրդական խնդիրը նույն բովանդակությունն ունի, ինչ Թուրքիայում, որը նշանակում է նրանց ինքնության բացարձակ անտեսում։

Թաթերն իբրև հին իրանական ժողովուրդ, նույնպես երկար ժամանակ իրենց վրա են կրել ուծացման քաղաքականությունը և հարկադրված եղել այլ կերպ կառուցել իրենց ճակատագիրն Ադրբեջանում։ Մի կողմից այս էթնոսը կարծես հաշտվել է ուծացման, ինքնության, մշակույթի և լեզվի կորստի հետ, ինչը հանգեցրել է գործնականում նրա բացարձակ ձուլմանը, այսպես կոչված, ադրբեջանական ժողովրդի հետ, որպես Հարավային Կովկասի արևելյան մասում գոյություն ունեցող էթնիկ հանրություն։ Բայց, միևնույն ժամանակ, թաթերը հայտնի իմաստով դարձել են ադրբեջանական պետության ավանգարդը, էլիտան։ Հակառակ բազմաթիվ տարաբնույթ դատողությունների, անցյալ դարերի ընթացքում Շիրվանի բոլոր թաթերը հուդայականներ էին կրոնով, իսկ նրանց բնակեցման տարածքը պայմանավորված էր Պարսկաստանում Սասանյան հարստության վերաբնակեցման քաղաքականությամբ։ Թաթերի արագացված իսլամացումը սկսեց տեղի ունենալ 18-րդ դարի վերջից, 19-ի սկզբից, և դա հետևանք էր իրանական Ղաջարների հարստության վարած քաղաքականության։ Այս միտումը պահպանվեց նաև ռուսական կայսրության ժամանակաշրջանում։
Սակայն նույնիսկ այդպիսի ակտիվ ուծացման և իսլամացման գործընթացից հետո խորհրդային իշխանության անցկացրած առաջին մարդահամարն Ադրբեջանում 1921-ին ցույց տվեց, որ Խորհրդային Ադրբեջանի 1 մլն 850 հազար բնակչությունից հուդայական թաթերը 41 հազար էին, իսկ մահմեդական թաթերը` 91 հազար։ 1931-ին արդեն արձանագրվեց թաթերի ավելի համեստ թիվ` 60,5 հազար, իսկ 1989-ի մարդահամարով այս էթնոսի թվաքանակը պաշտոնապես Ադրբեջանում կրճատվեց մինչև 10 հազար մարդ։ Տասը տարի անց` 1999-ին անցկացված մարդահամարի ժամանակ, միայն 10900 մարդ իրենք իրենց համարեցին թաթ։ Ընդ որում, թաթերը շարունակում են տնային պայմաններում օգտագործել իրենց մայրենի լեզուն, և նրանց 83 տոկոսն այդպես է վարվում։ Սակայն առօրյա կյանքում գործածության մեջ է ադրբեջաներենը։ Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի թաթ բնակչության մեջ բնական աճը կազմել է 2,2-3,2 տոկոս, ապա կարելի է ենթադրել, որ իրականում մահմեդական թաթերի քանակն Ադրբեջանում 500-600 հազար է։ Սակայն եթե հաշվի առնենք 19-րդ դարի վերջին նրանց թվակազմը և բնական աճը, ապա այսօր թաթերի թիվն Ադրբեջանում 1 մլն-ից պակաս չէ, իսկ որոշ ուսումնասիրողներ նշում են 1,5 մլն թիվը։
Թաթերը բնակեցնում են բավական լայնածավալ տարածք Կովկասյան Մեծ լեռնաշղթայի հյուսիսային լեռնագոգերից սկսած և բնակչության մեծամասնությունն են կազմում Ղուբա քաղաքից մինչև Ապշերոնի թերակղզին ընկած հատվածում։ Ապշերոնյան թերակղզու գյուղական բնակչության մոտ 80 տոկոսը թաթեր է, 40 բնակավայրերից 33-ն այդ տարածաշրջանում բնակեցված էին թաթերով։ Նախորդ ժամանակներում թաթերը կազմում էին Միր-Բաշիր, Աղդամ, Եվլախ, Վարդաշեն և այլ քաղաքների ու ավանների բնակչության մեծ մասը։ Ամբողջ 20-րդ դարի ընթացքում Բաքվում թաթերը կազմել են քաղաքի մահմեդական բնակչության առնվազն 20-25 տոկոսը և նույնիսկ ավելի։ Ներկայումս Ադրբեջանում ավելի քան 230 հազար մարդ տիրապետում է թաթերենին, թեպետ հուդայականություն դավանող թաթերն անհամեմատ քիչ են։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ ներկայումս հուդայական թաթերի թվակազմն Իսրայելում գերազանցում է 40 հազարը, մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից առաջ Ադրբեջանում ու Դաղստանում միասին վերցրած նրանց թվակազմը չէր գերազանցում 20 հազարը։ Այսպիսով, միանգամայն պարզ է, որ ոչ միայն մահմեդական, այլև հուդայական թաթերի իրական թիվն Ադրբեջանում առայժմ հստակեցված չէ, բայց, անկասկած, ավելի է ենթադրվածից։
Հուդայական թաթերի թվակազմի խնդիրն Ադրբեջանում այդքան պարզ հարց չէ։ Կարելի է համաձայնել այն իրողության հետ, որ հուդայական թաթերը բավականաչափ տարաբաժանված են իրենց մահմեդական հայրենակիցներից ու իրենցից ներկայացնում են մեկուսացած համայնք։ Հիմա նրանց թվակազմը 10900 է, բայց ով լավ տեղյակ է Ադրբեջանում էթնիկական խմբերի հետ կապված իրավիճակին, կարող է չկասկածել, որ մահմեդական թաթերի կապվածությունն իսլամին բոլորովին էլ միանշանակ չէ։ Հարկ է ընդգծել, որ զանգվածային ուծացումից առաջ հուդայական թաթերը Շիրվանում, նաև Բաքվում և այդ նահանգի ոչ մեծ քաղաքներում ու գյուղերում ստեղծել էին ահռելի էթնո-մշակութային ու կրոնական ենթակառուցվածք, ինչը չէր կարող ազդեցություն չթողնել նրանց գիտակցության վրա, ովքեր ենթարկվում էին ուծացման առումով հետևողական ճնշման։ Իսրայելական հետազոտող Միշել Սթոունը, որ զբաղվել է Կովկասի հրեաների պատմությամբ, պնդում է, որ երկար ժամանակ, հատկապես 18-20-րդ դարերում, հուդայական թաթերը և մահմեդական թաթերի մեծ մասը գտնվել են որոշակի էթնո-սոցիալական «կորպորացիայի» մեջ, ուր, անկասկած, գերակշռող դեր են ունեցել հուդայական թաթերը, որոնք տիրապետում էին անհամեմատ ավելի մեծ մշակութային, կրթական ու տնտեսական ներուժի։
Հարկ է հաշվի առնել, որ նախկինում թաթական հասարակությունն ուներ թայֆայական կառուցվածք, ընդ որում, տարբեր թայֆաներում ընդգրկված թաթերը կարող էին իսլամ ընդունել, իսկ ուրիշները մնալ հուդայական, սակայն միաժամանակ պահպանել փոխադարձ կապերը։ Բաքվում, որպես կանոն, նկատելի էր, որ մահմեդական թաթերն այցելում էին իրենց այն հարազատների գերեզմանին, ովքեր հուդայականություն էին դավանում։ Թուրքական բնակչությունը հաճախ մահմեդական թաթերին անվանում էր «յաղուդի» կամ «ջհուդ», ինչը նշանակում է հրեա։ Թաթերի «կորպորացիան» 19-րդ դարի վերջին իր մասին հայտարարեց որպես միասնական նպատակներ ու արժեքներ ունեցող համայնքների համախումբ, երբ Կովկասում սկսեցին ձևավորվել ազգային քաղաքական կազմակերպությունները։ Կասկած չկա, որ ադրբեջանական երեք քաղաքական կուսակցությունները` «Ջաֆային», «Ադալյաթը», և «Մուսավաթը» ստեղծվել են մահմեդական և հուդայական թաթերի գերակշիռ մասնակցության պայմաններում։ Եթե հաշվի առնենք այն երկար ժամանակահատվածը, երբ տարբեր կրոններ դավանող թաթերը որոշիչ դեր են խաղացել Շիրվանի ու Գանձակի պարսկական խանությունների վարչական համակարգում, ապա Ռուսական կայսրությունում հեղափոխական շարժման սկզբնավորման հետ մեկտեղ առավելապես թաթերը սկսեցին զբաղեցնել առաջատար դիրքեր այդ նահանգների հասարակության մեջ, մշակութային և առևտրական կառույցներում։
Ադրբեջանական քաղաքական ու հասարակական գործիչների տոհմաբանությունն ու ազգային ծագումը դիտարկելիս կարելի է պնդել, որ թաթերը վճռորոշ դեր են ունեցել 1918-ին ադրբեջանական հանրապետության ստեղծման մեջ և նույնքան որոշիչ գործառույթներ` Խորհրդային Ադրբեջանի հասարակական ու մշակութային կյանքում։ Կուսակցական ֆունկցիոներների, գրողների, երաժիշտների բացարձակ մեծամասնությունը ծագումով թաթեր են. Ռասուլզադեն, Խանխոյսկին, Ռուհուլա Ախունդովը, Մեշադի Ազիզբեկովը, Նարիման Նարիմանովը, Միր-Ջաֆար Բաղիրովը, Այազ Մութալիբովը, Կարա Կարաևը, Ֆիրքեթ Ամիրովը, Վագիֆ Մուստաֆա-զադեն, Թաիր Սալախովը։ Ադրբեջանում խորհրդային տարիներին, ինչպես և նախկինում, մեծ կարևորություն ուներ տարբեր կլանների ազդեցությունը վարչական համակարգում, հասարակական ու տնտեսական կյանքում ու այդպիսի կլաններն առնվազն 40-ն էին, որոնցից ամենամեծ ազդեցությունն ունեին շուշեցիները, գանձակցիները, շեխինցիները, շամախեցիները, աղդամցիները, նախիջևանցիները, ապշերոնա-ղուբայական կլանը և ուրիշներ, որոնք ավելի փոքր ազդեցություն ունեին։ Ապշերոնա-ղուբայական հայրենակցական կլանը երբեք էլ ամենահզորը չի եղել և միշտ զիջում էր շուշեցիներին ու գանձակցիներին։ Բայց, այնուհանդերձ, կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտներում, մասամբ վարչական համակարգում ու իրավապահ մարմիններում, կենցաղսպասարկման և հասարակական սննդի ոլորտներում այն իր դիրքերն ուներ։
Ապշերոնա-ղուբայական կլանի գլխավոր ռեսուրսը, ընդհանուրի կարծիքով, ձկնարդյունաբերությունն էր, ինչը հնարավորություն էր տալիս ազդելու տարբեր գործընթացների վրա նաև Ադրբեջանի սահմաններից դուրս։ Հարկ է ընդգծել, որ այդ կլանը ճնշող մեծամասնությամբ կազմված էր թաթերից, ընդ որում, հուդայական ու մահմեդական թաթերը շատ համախմբված էին գործում կլանի ներսում։ Այն ապշերոնա-ղուբայական էր կոչվում սիմվոլիկ առումով, ինչն ընդգծում էր այդ կլանի մեջ տարբեր կրոններ դավանող թաթերի մասնակցությունը։ Իրականում, թերևս, Ղուբա քաղաքի բնակիչներից ոչ մեկը մասնակցություն չուներ այդ «կորպորացիայում», որտեղ տեր ու տիրական էին Ապշերոնի տարածաշրջանի տարբեր քաղաքներից ու ավաններից դուրս եկածները։ Հայտնի կոմպոզիտոր Կարա Կարաևը ժամանակին ասել է. «Ինձ համար դժվար է Ադրբեջանն ընկալել որպես հայրենիք։ Իմ հայրենիքն Ապշերոնն է, նրա ավաններն ու գյուղերը, որտեղ ես ինձ զգում եմ իմ նախնիների հողի վրա։ Երբ դուրս եմ գալիս Ապշերոնի սահմաններից, տեսնում եմ այլ հող, ուր այլ են զգացողությունները»։ Հարկ է ընդգծել, որ չի բացառվում, թե Զիա Բունիաթովն ու նրա համախոհները ժամանակին ստեղծեցին Կովկասյան Ալբանիայի ահռելի դոկտրինը, որպեսզի բացառեն Ադրբեջանի միանշանակ թուրքական պատկանելությունը` պատմական և ժամանակակից էթնիկական առումով, ինչը թույլ կտար ներառել ժամանակակից ադրբեջանցիների էթնոգենեզի մեջ իրանական, իսկ ավելի ճիշտ` իրանահրեական էթնիկ խմբերը։
1969-ից հետո Ադրբեջանում սկսեց կատաղի պայքար երկու կլանների. «արիստոկրատ» շուշեցիների, որոնք ավանդաբար գտնվում էին իշխանության գլուխ և բոլորի համար ատելի նախիջևանյան մարգինալ կլանի միջև։ Հեյդար Ալիևը շուտով կարողացավ ջախջախել գանձակցիների և շեխինցիների կլանները, բայց այդպես էլ չհաջողեց մինչև վերջ լուծել շուշեցիների հարցերը։ Շուտով պարզվեց, որ ապշերոնա-ղուբայական կլանը, սակայն, չի ընդգրկվել Ալիևի ռեպրեսիաների ուղեծրում, այլ դարձել է նրա թիմի գործընկերը։ Ապշերոնցիները շարունակում էին իրենց լավ զգալ, զբաղեցնել կարևոր պաշտոններ վարչակազմում և առավելապես եկամտաբեր ոլորտներում։ Գոյություն ունեին մի քանի «սև դրամարկղեր», որոնք պատկանում էին այդ կլանին և անձեռնմխելի էին։ Կասկած չկա, որ Հեյդար Ալիևը, որ սկզբունքորեն օտար էր Բաքվում, կարիք ուներ դաշնակիցների և գործընկերների։ Լինելով գավառական կլանի ներկայացուցիչ, նա նախընտրում էր գործընկեր ունենալ ապշերոնա-ղուբայական կլանի մարդկանց` ելնելով նրանց էթնիկ պատկանելությունից։ Թաթերի կլանը հաճույքով աջակցում էր Հեյդար Ալիևին և նրա շնորհիվ նոր դիրքեր ձեռք բերեց ոչ միայն Ադրբեջանում, այլև Մոսկվայում։ Թաթերի թվակազմն աճեց ուժային կառույցներում, կառավարման համակարգում, մշակույթի ոլորտում։ Շատ է խոսվում, որ հիմա էլ Ադրբեջանը կառավարում է նախիջևանյան կլանը, բայց ճիշտ ձևակերպումն այն է, որ այն կառավարում են հենվելով նախիջևանցիների և թաթերի վրա։ Լավ հայտնի է, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն օգտագործում է թաթերին որպես իր շահերի արտահայտիչներ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Իսրայելում` միաժամանակ նկատի ունենալով հրեական միջավայն առհասարակ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն լոբբինգի ու քարոզչության, այլև հետախուզական գործունեության մասին է։
Անշուշտ, Ադրբեջանի անկախացման հետ մեկտեղ թաթերը կարողացան ստեղծել իրենց ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցները, որոնք ընդգրկում են ոչ միայն Ադրբեջանը։ Թաթերն ունեն տարբեր երկրներում կուտակված ֆանտաստիկ կապիտալներ, Ադրբեջանում վերահսկում են բազմաթիվ մասնավոր ընկերություններ, և նրանց նպատակն է մեծացնել ազդեցությունն ու ամրապնդել դիրքերն այդ երկրում, բազմապատկել կապիտալն ու ապահովել իրենց ներգրավվածությունը տարբեր պետությունների եկամտաբեր ոլորտներում։ Դժվար է պնդել, թե ունե՞ն արդյոք ադրբեջանական թաթերը միջազգային քաղաքական հավակնություններ, բայց հազիվ թե հրաժարվեն հնարավորության դեպքում դրանք իրագործելուց։ Ռուսական բիզնեսի դաշտում լավ հայտնի, «Չերքիզովյան» շուկայի «թագավոր» ԹԵԼՄԱՆ ԻՍՄԱՅԼՈՎԸ, որ ծագումով թաթ է, ասել է հետևյալը. «Ո՞վ ենք մենք առանց երկիր ներկայացնելու։ Մենք ինքներս մեզանով պաշտպանված չենք։ Ադրբեջանն այդպիսի ավտորիտար պետություն չէ, որ հնարավոր լիներ հենվել նրա վրա։ Մեզ այլ տանիք է պետք, եթե ցանկանում ենք մեզանից ինչ-որ բան ներկայացնել»։ Այսպիսի դատողությունները, հավանաբար, կարելի է դիտարկել իբրև ադրբեջանական թաթերի էթնո-քաղաքական գաղափարախոսություն։ Բայց չի կարելի անտեսել նաև ադրբեջանական թաթերի «տեղական» հավակնությունները։ Նրանք հասկանում են, որ ժամանակին արդեն եղել են իշխանության գլուխ Ադրբեջանում, ընդ որում` ոչ մեկ անգամ։ Հազիվ թե թաթերը հրաժարվեն այդ նպատակից ապագայում։ Նրանք հասկանում են, որ Ադրբեջանն այնպիսին չէր լինի, ինչպիսին դարձավ 1918-ին և 1960-70-ականներին, երբ սովետական ժամանակաշրջանի պայմանները հնարավորություն էին տալիս իրացնելու իրենց ընդունակությունները։ Թաթերն Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն չեն, նրանք ադրբեջանական ժողովրդի բաղկացուցիչն են ու նրա ավանգարդը, շատ լավ հասկանում են իրենց նշանակությունը և այլ էթնիկական խմբերի դերը։ Եթե հիմա այս թեման դեռևս մնում է կոնսպիրոլոգիայի հարթության մեջ, ապա շատ շուտով կարող է պարզվել, որ թաթերը ադրբեջանական պետականության ու մշակույթի կրողներն են, նրանց է պատկանում քաղաքական և սոցիալական գաղափարների գեներացիան։ Ալիևների ընտանիքը ճանապարհ է բացել ավելի առաջադեմ խմբավորումների ու կլանների համար, բառացիորեն լիկվիդացնելով բոլոր հնարավոր մրցակիցներին և թաթերին հնարավորություն ընձեռելով տիրապետելու քաղաքական ու տնտեսական իրավիճակին։ Դեռևս խորհրդային տարիներին թաթերից կարելի էր լսել, որ ապշերոնյան նավթն ամենից առաջ իրենց է պատկանում, որովհետև Ապշերոնն իրենց հայրենիքն է։ Իրական ճակատամարտը կլանների միջև Ադրբեջանում դեռ առջևում է, այն սպասվում է, երբ նավթի արդյունահանման «պիկը» կանցնի, և Ալիևի ընտանիքի իշխանությունը կթուլանա։
ՈՒծացումը միշտ և ամենուրեք կասկածելի է եղել։ Ինչպես հայտնի է, էթնոսը չի անհետանում, և վաղ թե ուշ հասնում է պահը, երբ իր աննախանձելի ճակատագրի հետ կարծես համակերպված ժողովուրդը կրկին հիշեցնում է իր մասին։ Քչերն են ուշադրություն դարձրել, որ հաճույքով իրենց ադրբեջանցի համարող թաթերը, այնուհանդերձ, երբեք չեն ընդունում իրենց որպես թուրքերի։ Նրանք իրանցիներ են, պատկանում են իրանական աշխարհին, և դա խորը նստած է նրանց գիտակցության մեջ։ Օրինակ, երբ Ադրբեջանում տեղի ունեցավ խորհրդարանական և, առհասարակ, հասարակական լայն բանավեճ պետական լեզվի հաստատման վերաբերյալ, հենց թաթերը հոգացին, որ պետական լեզու հռչակվի ադրբեջաներենը, ոչ թե թուրքերենը։ Այսինքն` նրանք նույնիսկ ձևականորեն չցանկացան խոսել թուրքերեն, թեպետ իրականում այդ լեզվով խոսում են մի քանի դար։ Իրանական ավանդույթներն ադրբեջանական թաթերի գաղափարա-քաղաքական «բևեռներից» մեկն են, թեպետ մյուս բևեռը հուդայականությանը, հուդայական հզոր քաղաքակրթությանը պատկանելությունն է։ Սա բավականին հակասական իրավիճակ է և չի կարող ազդեցություն չունենալ քաղաքական ոլորտում թաթերի նախապատմությունների ու առաջնահերթությունների վրա։ Թաթերը չեն ընդունում Ադրբեջանն իբրև իրանական աշխարհին պատկանող պետություն, բայց միաժամանակ չեն ընկալում այն իբրև թուրքական, առավել ևս, անատոլիական աշխարհի մաս։ Թաթերի համար ավելի ցանկալի են քաղաքականության մեջ իրենց տեղի ու դերի երկու բաղադրիչները, նրանք ավելի հարմարավետ են իրենց զգում իբրև ռուսական դաշտում ինտեգրված տարր և իբրև հրեական էթնոսի բաղկացուցիչ մաս` դեպի Իսրայել ունեցած շատ որոշակի կողմնորոշումով։ Ադրբեջանը նրանք դիտարկում են իբրև հեռանկարում թաթական պետություն և ոչ այլ բան։
Ադրբեջանը դատապարտված է իրանականացման, և դա տեղի կունենա այն ազգերի էթնիկական գիտակցության զարգացման հետևանքով, որոնք դաժան խտրականության են ենթարկվել։ Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական էլիտան հարկադրված կլինի համաձայնել Թալիշստանի ու Լեզգիստանի պետական ինքնավարության հետ։ Սակայն հարկ է ուշադրություն դարձնել, որ Ադրբեջանում զարգանում են նաև իսլամական գաղափարները, ամենից առաջ տեղի է ունենում ավանդական շիաների դոկտրինի ադապտացիան, ինչը պայմանավորված է իրանական մշակույթի ու լեզվի ներկայության մեծացմամբ։ Թաթերի համար առաջանում են նոր և առայժմ ոչ այնքան հասկանալի հեռանկարներ, սակայն Ադրբեջանում նրանց դիրքերը, հավանաբար, կշարունակեն ուժեղանալ։ Հարցն այն է, թե ինչպիսի մոդել կնախընտրեն թաթերը, կշարունակե՞ն ազերիների հետ ավանդական ինտեգրացիան, թե՞ իրենց մասին կհայտարարեն իբրև ադրբեջանական պետականության կրող ժողովուրդներից մեկը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ