Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պետությունը ոչ թե զսպեց սղաճը, այլ նպաստեց դոլարի հետագա արժեզրկմանը

Պետությունը ոչ թե զսպեց սղաճը, այլ նպաստեց դոլարի հետագա արժեզրկմանը
03.07.2009 | 00:00

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Կարիք կա նաև դիտարկելու ճգնաժամի հնարավոր ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա այսօր և տեսանելի հեռանկարում: Մի բան պարզ է, որ Հայաստանը չի գտնվում տնտեսական համաճարակի (ճգնաժամի) էպիկենտրոնում միանգամից մի քանի պատճառով: Նախ, չնայած օրենսդրական և նորմատիվային անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանը, առայժմ Հայաստանում չի ձևավորվել և չի գործում արժեթղթերի շուկան: Ֆինանսական շուկան հիմնականում ներկայացված է բանկերի և ապահովագրական ընկերությունների տեսքով: Մյուս բաղադրիչները կայացման փուլում են: Այս ամենը Հայաստանին թույլ չի տալիս լիարժեք ինտեգրացվելու միջազգային ֆինանսական շուկային և իր վրա կրելու դրա դրական կամ բացասական ազդեցությունները տնտեսության զարգացման տարբեր փուլերում: Երկրորդ, հանրապետության տնտեսությունն այսօր վերականգնման և կառուցվածքի ձևավորման գործընթացների մեջ է և, բնականաբար, չի կարող ունենալ ակնկալվող մրցունակության մակարդակն ու ինտեգրացվել համաշխարհային շուկային: Երրորդ, սպասվող ազդեցությունները կարող են լինել միջնորդված. ներմուծվող ապրանքների գների տատանումների տեսքով, հիպոթեքային շուկայում կատարվող օտարերկրյա ներդրումների կրճատման առումով, բանկային համակարգում կանոնադրական կապիտալի օտարերկրյա մասնաբաժինների կրած ազդեցություններով և վերը նշվածից ածանցյալ այլ գործոններով: Այս ամենով հանդերձ, առկա են բացասական հետևանքներ` սկսած համաշխարհային շուկայում պղնձի գների անկմամբ պայմանավորված Հայաստանի լեռնամետալուրգիական արդյունաբերության ծավալների կրճատումից և վերջացրած արտերկրից ստացվող տրանսֆերտների նվազումով:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԴԱՍԵՐԸ
Չնայած բոլոր երկրների ջանքերին, հիվանդությունը կարող է երկար տևել: Դասերի մասին սովորաբար խոսվում է ճգնաժամը հաղթահարելուց հետո, սակայն անգամ այսօր նկատվում են օրինաչափություններ, որոնց արժե անդրադառնալ: Նախ` ներկայիս ճգնաժամի գոյություն ունեցող բնական և արհեստական կամ, այլ խոսքով ասած, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների մասին:
Մոտ մեկ տասնամյակ տևած տնտեսական վերելքից հետո, իրաքյան պատերազմի սկզբին` 2003 թ., նկատվեցին լճացման և ճգնաժամի առաջին նախանշանները, որոնք հիմնականում պայմանավորված էին ռազմական ծախսերի կտրուկ ավելացմամբ, տնտեսության իրական հատվածի զարգացման տեմպերի կրճատմամբ և արտաքին առևտրի բացասական սալդոյի աճով: Այս միտումները շարունակվեցին նաև հետագա տարիներին, սակայն պետության միջամտությունը հանգեցրեց նրան, որ իր բնական ընթացքով վերելքից դեպի լճացում, հետո` դեպի ճգնաժամ թևակոխելու փոխարեն, արհեստական ազդակներով սկսվեց «տնտեսական վերակենդանացումը», որն արտահայտվեց «էժան դոլարի» քաղաքականությամբ ամերիկյան տնտեսության մրցունակության բարձրացման փորձերում: Մյուս կողմից` կարևոր է նկատել, որ նույն ժամանակահատվածում շարունակվում էր ԱՄՆ դոլարի և Եվրամիության միասնական նոր շրջանառվող արժույթի` եվրոյի միջև սուր մրցակցությունը: Այս պայմաններում եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի արհեստական իջեցումն ունեցավ երկակի էֆեկտ: Նախ` իջան դոլարով արտահայտված ապրանքների և ծառայությունների գները, որն ավելացրեց դրանց նկատմամբ գոյություն ունեցող պահանջարկը, հետևաբար նաև` արտահանման ծավալներն ԱՄՆ-ից, որն էլ զգալիորեն բարելավեց ԱՄՆ-ի արտաքին առևտրային հաշվեկշիռը: Դրա հետևանքով բարձրացան եվրոյով արտահայտված Եվրամիության անդամ երկրների ապրանքների և ծառայությունների գները, որը զգալի վնաս հասցրեց Եվրամիության անդամ երկրների արտաքին առևտրին` կրճատելով արտադրության ծավալները և ավելացնելով գործազրկության մակարդակը:
Այս ամենին զուգահեռ, տնտեսության արտաքին խթանիչները հանգեցրին նրան, որ ավելի սրընթաց տեմպեր հաղորդելով տնտեսության զարգացմանը, գրեթե անխուսափելի դարձրին տնտեսության նույնքան սրընթաց անկումը: Սովորաբար, պետության դերն այս փուլում դրսևորվում է տնտեսության աճի տեմպերի հնարավոր դանդաղեցմանն ուղղված վարկային տոկոսադրույքների բարձրացման և ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքների իջեցման ու նման այլ քայլերով` նպատակ ունենալով հնարավորինս մեղմել նաև վերելքին հաջորդող լճացման և ճգնաժամի արագությունն ու դրանց վնասները: Հակառակ վերը նշված տրամաբանության, պետությունը սկսեց ոչ թե զսպել սղաճը, այլ դոլարի նոր զանգված շրջանառության մեջ մտցնելով, նպաստեց դոլարի հետագա արժեզրկմանը` այդ արժույթի տնտեսապես չարդարացված առաջարկի չափերով: Դոլարի մեծ զանգվածներ հիպոթեքային և այլ վարկերի տեսքով բանկերը գրեթե անարգել տվեցին դրանց կարիքն ունեցողներին: Արդյունքում` վարձով ապրող ամերիկաբնակների մի զգալի մասն այսօր արդեն ապրում է պարտքով` դրանով իսկ սնանկացնելով ֆինանսական մի շարք հաստատություններ: Իսկ երբ մոտեցան մարման ժամկետները, պարզվեց, որ խախտվել է վարկի կարևորագույն սկզբունքներից մեկը` վերադարձելիությունը, և տնտեսությունն իր վրա զգաց առաջին ծանր հարվածները բորսաներում: Գործընթացն այսօր վերահսկողությունից դուրս է, և չնայած 2008 թ. նոյեմբերին ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմի հաստատած 700 մլրդ դոլար արժողությամբ ու 2009 թ. փետրվարին դեմոկրատների կողմից իրականացվող 787 մլրդ դոլար արժողությամբ Փրկության ծրագրերի, ԱՄՆ-ի տնտեսության առողջացման սցենարները, մեր համոզմամբ, խիստ վտանգված են: Դրանք կարող են ընդհանրապես ոչ մի արդյունքի չբերել նաև այն պատճառով, որ ծրագրվում է տնտեսությունը հանել ճգնաժամից ոչ թե բնական, այլ արհեստական գործոնների և խթանիչների հաշվին:
Ճգնաժամի առաջին դասը, թերևս, այն է, որ տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե արհեստական խթանիչներով, այլ բնականորեն, ասել է թե` ՀՆԱ-ի առանցքը կազմող տնտեսությունների բնականոն զարգացման հաշվին և ոչ ֆինանսական շուկայի իրական հատվածից կտրված ինքնուրույն զարգացումներով:
Երկրորդ, պետության կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները կարող են դրական ներգործություն ունենալ միայն կարճ ժամանակահատվածում, ավելի երկար պետական միջամտությունը կարող է հանգեցնել տնտեսական և ֆինանսական ծանր հետևանքների:
Երրորդ, ինչպես դա ակնհայտ դարձավ մեկ տասնամյակ առաջ Արգենտինայում տեղ գտած ֆինանսական ճգնաժամից, ֆինանսական վերնախավը պետք է փորձի սպասարկել ոչ այնքան քաղաքական վերնախավի շահերը, որքան ծառայի տնտեսության իրական հատվածի իրական զարգացմանը, մասնավորապես` սերտորեն համագործակցելով արդյունաբերական վերնախավի հետ, և ճանապարհ հարթի փոքր բիզնեսի աշխուժացման համար:
Չորրորդ, համաշխարհային ճգնաժամի կործանարար հետևանքներից խուսափելու նպատակով Հայաստանը պետք է նպատակ դնի վերացնել տնտեսական կախվածությունը մեկ-երկու երկրից և փորձի բազմազանեցնել իր թե՛ առևտրատնտեսական կապերը, թե՛ արտաքին ներդրումների աղբյուրները:
Հինգերորդ, Հայաստանը պետք է հնարավորինս կրճատի ներկայիս կախվածությունը ներմուծումից (ներմուծման ծավալները երեք և ավելի անգամ գերազանցում են արտահանման ծավալները): Սա թույլ կտա կրճատել կախվածությունը համաշխարհային շուկայի պարտադրած ցնցումներից:
Վեցերորդ, համաշխարհային ճգնաժամի ներկա փուլում պետք է ձգտել առավելագույն օգուտներ քաղել ապրանքների և ծառայությունների այն գներից, որոնք առավել նպաստավոր են երկրի տնտեսության համար:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 2871

Մեկնաբանություններ