Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մենք ճգնաժամի ազդեցության գոտում հայտնվեցինք մի քայլ ավելի ուշ, կարծում եմ` մի քայլ ավելի ուշ էլ դուրս կգանք ճգնաժամից»

«Մենք ճգնաժամի ազդեցության գոտում հայտնվեցինք մի քայլ ավելի ուշ, կարծում եմ` մի քայլ ավելի ուշ էլ դուրս կգանք ճգնաժամից»
09.06.2009 | 00:00

«ՓԱԿ ՍԱՀՄԱՆԸ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆԱԽՐՈՆԻԶՄ Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվեց 2008 թ. ՀՀ պետական բյուջեի կատարումը, ներկայացված ամփոփ տվյալները բավարար համարո՞ւմ եք:
-2008 թվականը բավականին տարբերվում էր վերջին 5-6 տարիներից տնտեսական իրավիճակի առումով, տարվա վերջին եռամսյակում Հայաստանում արդեն զգացվում էր գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին փուլի ազդեցությունը: Այդուհանդերձ, անցյալ տարի հաջողվեց արձանագրել 6,8 տոկոսի տնտեսական աճ, որը մեզ համար համեստ ցուցանիշ է, եթե համեմատենք անցած մի քանի տարիների հետ: Գործնականում 2001 թվականից սկսած մենք ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ի դեպ, անցյալ տարի ևս, մինչև երրորդ եռամսյակ, տնտեսական աճը մեզանում եղել է շուրջ 10 տոկոս: Սակայն եթե հաշվի առնենք, որ 6,8 տոկոս աճն արձանագրվել է ճգնաժամի տարում, կարծում եմ, որ չպիտի դժգոհենք: Մի շարք այլ ցուցանիշներ էլ վկայում են, որ, չնայած տնտեսական ճգնաժամի առաջին փուլի ազդեցությանը, տարին կարելի է հաջող համարել:
-Ի՞նչ ցուցանիշներ են դրանք:
-Առաջինը` գնաճի ցուցանիշը: Տարվա արդյունքում մեզ հաջողվեց գնաճը պահպանել բյուջեով նախատեսված սահմաններում` 4+1,5 տոկոս, տարեվերջին մենք ունեցանք ընդամենը 5,2 տոկոս գնաճ: Այլ ցուցանիշներ էլ կան, որոնք նույնպես բնութագրում են սոցիալական ոլորտին առնչվող խնդիրները, մասնավորապես միջին աշխատավարձը 2007 թվականի նկատմամբ աճել է 17,4 տոկոսով` կազմելով 91331 դրամ, ապահովագրական կենսաթոշակի չափն աճել է 63,3 տոկոսով` կազմելով 21842 դրամ, սոցիալական կենսաթոշակներինն աճել է 60,7 տոկոսով` կազմելով 8765 դրամ: Համեմատեք այս տոկոսները գնաճի 5,2 տոկոսի հետ, և, կարծում եմ, պատկերն ամբողջական կլինի: Այս համեմատությունը կարևոր է նաև նրանով, որ պարզ լինի, թե ինչպիսի ստարտային վիճակով ենք մտել 2009 թվական, երբ ճգնաժամը մեզանում արդեն դրսևորվեց իր ողջ թափով:
Մի հանգամանք էլ եմ ուզում նշել, որը հատկանշական է 2008 թ. բնութագրելու համար: Տնտեսական աճի 6,8 տոկոսի պայմաններում արձանագրվել է հարկային եկամուտների 18,8 տոկոսի աճ, ինչը, բնականաբար, հնարավոր է դարձել ստվերի դեմ հետևողական պայքարի շնորհիվ, որպես հետևանք 0,3 տոկոսով աճել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` կազմելով 17 տոկոս: Սա հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ամենաբարձր ցուցանիշն է, որ երբևէ արձանագրվել է Հայաստանում, իսկ որքան բարձր է այս ցուցանիշի արժեքը, այնքան ցածր է ստվերն այդ երկրում:
-Կատարվե՞լ են բյուջեի ծախսային հոդվածները:
-Բոլոր ծախսային հոդվածները կատարվել են, չի եղել մի ծախսային ծրագիր, որը չի կատարվել բյուջետային միջոցների բացակայության պատճառով: Բացառություն են կազմում միայն դրամաշնորհային և վարկային հոդվածների ֆինանսավորմամբ նախատեսված որոշ ծրագրեր, որոնք թերակատարվել են այդ միջոցների թերի ստացման պատճառով: Նախորդ տարում, այնուամենայնիվ, հաջողվել է մեղմել գլոբալ ճգնաժամի հետևանքով պետության առաջ ծառացած խնդիրները, և այդ առումով 2008-ը կարելի է համարել հաջողված:
-Ի՞նչ քայլեր են կատարվում բյուջեի ծախսային հոդվածների կատարումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
-Ձեր հարցը, կարևոր լինելով ընդհանրապես, առանձնահատուկ սուր է դրվում հենց ճգնաժամի ժամանակ: 2008 թ. պետական բյուջեի 49,5 տոկոսը, կամ 401 միլիարդ դրամ, նախագծվել և իրականացվել է ծրագրային բյուջետավորման սկզբունքների համաձայն, որը ոչ միայն թույլ է տալիս ավելի խնայողաբար օգտագործել միջոցները, այլև ծախսել դրանք ըստ վերջնական արդյունքի տնտեսական ու ոչ միայն տնտեսական հիմնավորվածության, ինչպես նաև ծրագրի իրականացումը գնահատել ֆինանսական և որակական չափանիշներով: Ծրագրային բյուջետավորման ոլորտում Հայաստանը ԱՊՀ-ում առաջին տեղերից մեկն է գրավում, մեզ առավել քան մյուսներին հաջողվում է արդյունքամետ ծախսային հատկացումներ կատարել: Բյուջեի շուրջ կեսն իրականացվել է այս սկզբունքի համաձայն, ինչը բարձր ցուցանիշ է:
-Ո՞ր ոլորտներում են նախորդ տարվա համեմատ ավելի մեծ հատկացումներ ապահովվել:
-Առաջիններից մեկը, թերևս, պաշտպանության բնագավառն է. հատկացումների աճը կազմել է 25 տոկոս, ապա` կրթության, սոցիալական ոլորտները: Պահպանվել են այն գերակայությունները, որոնք տարիներ շարունակ եղել են մեր երկրի բյուջեների իրականացման հիմքում: 2008 թ. բյուջեի գաղափարախոսությունը շարունակումն ու խորացումն է նախորդ տարիների սոցիալական ուղղվածության բյուջեների քաղաքականության, միաժամանակ հաշվի են առել նաև առկա իրողությունները Հարավային Կովկասում, մասնավորապես` չկարգավորված հայ-ադրբեջանական հարաբերությունները: Մեծ է եղել նաև միջպետական վարկի տրամադրումը ԼՂՀ-ին` 26 միլիարդ դրամ:
Մենք 2009 թ. մտանք բավականին լավ ցուցանիշներով` կապված արտաքին պարտքի հետ. 2008 թվականի արդյունքում արտաքին պետական պարտքը կազմել է 1,57 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 13,2 տոկոսը` 2007 թվականի 15,7 տոկոսի դիմաց: Արտաքին պարտքը բնութագրող ցուցանիշներով Հայաստանը գտնվում է նվազ կամ միջին արտաքին պարտք ունեցող երկրների շարքում, որը չափազանց կարևոր է 2009 թ. նոր վարկերի ներգրավման տեսակետից: Նվազ պարտքային բեռի վարկանիշը թույլ է տալիս համեմատաբար փոքր տոկոսներով մեծ ծավալի արտաքին վարկեր ներգրավել, ինչը շատ կարևոր է ճգնաժամի երկրորդ փուլի հաղթահարման համար:
-Ձեր նշած թվերից այն տպավորությունն է ստեղծվում, որ Հայաստանն օազիս է աշխարհում գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում:
-Մենք խոսում էինք 2008 թվականի մասին, երբ Հայաստանը հանդիպեց ճգնաժամի առաջին` ֆինանսական փուլին, այս փուլը Հայաստանում մի շարք պատճառների հետևանքով դրսևորվեց բավականին մեղմ, սա անվիճելի է, այլ է ճգնաժամի երկրորդ փուլը, որում գտնվում է Հայաստանն այս տարի: Այս տարի մենք առաջին 4 ամիսներին 10 տոկոս տնտեսական անկում ունենք: Անկում է արձանագրվել, բնականաբար, նաև հարկերի հավաքագրման ոլորտում, բյուջեով նախատեսած որոշ ծախսերի իրականացումը տեղափոխվել է վերջին եռամսյակ, խորացել է գործազրկությունը:
-Ճգնաժամի հաղթահարման տարբեր գնահատականներ կան. որ այս տարին ամենածանր տարին է, որ այս տարին ճգնաժամի վերջին տարին է, Հայաստանի պարագայում հոռետեսակա՞ն, թե՞ լավատեսական գնահատականն է ավելի համապատասխան ու տեղին:
-Ես ճիշտ եմ համարում այս հարցում Հայաստանի խնդրին վերաբերվել գլոբալ ճգնաժամի հաղթահարման տեսակետից, որովհետև ճգնաժամը հայկական արմատներ չունի, ուստի հաղթահարումը ևս Հայաստանով չի կարող պայմանավորվել: Եթե 2009-ի չորրորդ եռամսյակից այլևս գլոբալ առումով անկում չարձանագրվի, իսկ այս տեսակետն են կիսում միջազգային համբավ ունեցող շատ վերլուծաբաններ, որոշ ժամանակ անց ճգնաժամի ավարտը կզգացվի նաև մեզանում: Մենք ճգնաժամի ազդեցության գոտում հայտնվեցինք մի քայլ ավելի ուշ, կարծում եմ` մի քայլ ավելի ուշ էլ դուրս կգանք ճգնաժամից: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես, մեր արտահանման ապրանքների իրացման համար քիչ թե շատ նպաստավոր պայմանների վերականգնում, արտաքին աշխատաշուկայում մեր աշխատուժի համար նպաստավոր պայմանների ստեղծում, միաժամանակ չափազանց կարևոր է, թե ինչ արդյունավետությամբ մեզ կհաջողվի իրականացնել ներպետական հակաճգնաժամային ծրագրերը:
-Նախորդ տարվա համեմատ 10 տոկոս տնտեսական անկումն ինչպե՞ս է անդրադառնում միջին վիճակագրական հայի կենսամակարդակի վրա:
-Երկրի նախագահը քանիցս ասել է, որ սոցիալական բնագավառի բոլոր ծրագրերը` կենսաթոշակներ, նպաստներ, աշխատավարձեր, պետք է վճարվեն ողջ ծավալով և ճիշտ ժամկետում, սա ճգնաժամի պայմաններում բավականին մեծ օժանդակություն է հասարակության զգալի խավի համար: Սակայն մենք ունենք տնտեսական լուրջ անկում, և ճգնաժամով պայմանավորված` մեր շատ հայրենակիցներ գործազուրկի կարգավիճակում են հայտնվել: Նաև` Հայաստան են վերադարձել սովորաբար դրսում աշխատող մեր հայրենակիցները, նախորդ տարվա համեմատությամբ 30 տոկոսով էլ կրճատվել են տրանսֆերտները: Այժմ երկրում տնտեսության անկման հաղթահարմանն ուղղված բազմաթիվ քայլեր են ձեռնարկվում` այս իրավիճակը մեղմելու համար:
-Այդ քայլերը ծրագրե՞ր են, թե՞ արդեն կենսագործվում են:
-Կենսագործվում են։ Մասնավորապես, աղետի գոտում բնակարանային շինարարությունը, որը ոչ միայն նորմալ բնակարանային պայմաններ կապահովի հազարավոր մարդկանց համար վաղը, այլև այսօր լուրջ խնդիրներ է լուծում տնտեսության աշխուժացման առումով, ապահովում է մեծաքանակ աշխատատեղեր և սոցիալական խնդիրներ է լուծում հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: Մի շարք ձեռնարկությունների պետական երաշխիքով, արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ են տրամադրվել իրենց բիզնեսի աշխուժացման նպատակով: Սակայն կան նաև ծրագրեր, որոնք կիրականացվեն առաջիկայում:
-Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ ձեռնարկությունները:
-Համակարգաստեղծ լինելու սկզբունքով, նաև հաշվի առնելով արտաքին շուկայում արտահանման հնարավորությունները: Այս ծրագրերը թիվն էապես կավելանա նոր վարկային միջոցների առկայությամբ:
-Նկատի ունեք Ռուսաստանի հատկացրած վա՞րկը: Այդ 500 միլիոն դոլարի հատկացման ու օգտագործման վերաբերյալ ամենատարբեր տեսակետներ են հնչել, կոնկրետ ո՞ւր է ուղղվելու այդ վարկը:
-Համաձայնագիրը, որ երկու պետությունները ստորագրել են, և ԱԺ-ն արդեն վավերացրել է, որևէ պայման չի նախատեսում վարկի իրացման ուղղությունների վերաբերյալ: Վարկն ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսի խրախուսմանը, տնտեսության աշխուժացմանը, աղետի գոտու շինարարությանը, բյուջետային հնարավորությունների մեծացմանը: Առաջիկայում ակնկալվող այլ վարկերի հետ այս վարկն իսկապես լուրջ աշխուժացման հնարավորություններ կարող է ստեղծել Հայաստանի տնտեսության համար:
-Այդ վարկի շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվե՞ն:
-Անպայման: Ցանկացած ծրագիր չի կարող իրականացվել առանց նոր աշխատատեղերի ստեղծման: Նոր աշխատատեղերը տնտեսության ոլորտում այդ վարկերի ներդրման ուղղակի հետևանքն են լինելու:
-2010-ին 2009-ի բյուջեի կատարողականի վերաբերյալ ի՞նչ ենք ասելու, ժամանակը չէ՞ 2009-ի բյուջեում ճգնաժամով պայմանավորված փոփոխություններ կատարելու:
-Կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև որևէ օրենսդրական պայման չի խախտվում, և այսօր գործադիրը բյուջեի կատարման վերաբերյալ իր գործառույթներն իրականացնում է օրենքով իրեն վերապահված շրջանակներում: Իսկ հեռանկարներն էլ ավելի լավ են, քան այն, ինչ ունենք այսօր: Ցավոք, չեմ կարող կանխատեսել, որ այս տարի տնտեսական աճ կունենանք, բայց որ անկման թափը կնվազի, գործնականում համոզված եմ:
-Դուք նշեցիք, որ Հայաստանը մի քայլ հետո` կես տարի ուշ հայտնվեց գլոբալ ճգնաժամի դաշտում և մի քայլ ավելի ուշ էլ դուրս կգա, այդ քայլը և՞ս կես տարի է տևելու:
-Շատ բարդ հարց է, դժվարանում եմ ստույգ պատասխանել: Դա ուղղակիորեն կապված կլինի այն արագության հետ, որով մեր տնտեսությունը կարող է ադապտացվել ճգնաժամից դուրս եկող տնտեսական շուկաների պահանջներին: Եթե մենք ավելի նախաձեռնող քաղաքականություն վարենք, որպեսզի վերագրավենք մեր տեղը, ավելի մատչելի պայմաններով մեր արտադրանքը ներկայացնենք արտաքին շուկայում, կարծում եմ, որ երկրորդ քայլն առաջինից կարճ կտևի: Շատ բան կախված կլինի տնտեսավարող սուբյեկտների ձեռներեցությունից և պետության աջակցությունից:
-Ձեր գնահատականով` հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը Հայաստանի տնտեսության համար դրակա՞ն, թե՞ բացասական հետևանքներ կունենա:
-Ինձ դուր չի գալիս, որ մեր լրագրողները, քաղաքական գործիչները, տնտեսագետները շատ ավելի հաճախ են խոսում սահմանի բացման նպատակահարմարության մասին, քան թուրքական կողմի գործիչները: Մեր վերաբերմունքը շատ ավելի խանդավառ չպետք է լինի, քան թուրքերի վերաբերմունքն այդ խնդրի վերաբերյալ, ես ավելի քան համոզված եմ, որ և՛ քաղաքական, և՛ տնտեսական տեսակետից Թուրքիայի համար պակաս կարևոր չէ սահմանի բացումը: Առաջին պատճառը, իհարկե, քաղաքականն է, որովհետև այն կարգավիճակը, որում կհայտնվի Թուրքիան` սկսված գործընթացի հաջող ավարտի պարագայում, անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ կտա նրան, քան այն կարգավիճակը, որում կհայտնվի նա, եթե գործընթացն ավարտվի ոչնչով: Ընտրողը Թուրքիան է և միայն Թուրքիան, որովհետև հայկական կողմը սահման չի փակել: Իսկ Թուրքիայի ընտրությանը գնահատական տվողը պիտի լինեն միջազգային հանրությունը, միջազգային կառույցները, խոշոր պետությունները: Կարծում եմ, որ այս կարծիքի ձևավորման համար մենք շատ անելիքներ ունենք: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հայանպաստ իրավիճակ ապահովենք գործընթացի ցանկացած ավարտի դեպքում:
Միաժամանակ կարծում եմ, որ Ձեր հարցադրումը կոռեկտ չէ: Մենք պետք է ընդունենք, որ այսօր Եվրոպայում որևէ հիմնավորմամբ անթույլատրելի է փակ սահման ունենալը երկու երկրների միջև, դա ուղղակի անախրոնիզմ է: Թե սահմանի բացումն ինչ տնտեսական հետևանքներ կունենա, շատ կարևոր, բայց, այդուհանդերձ, ածանցյալ խնդիր է։ Մենք պետք է կարողանանք պետական կառույցների միջոցներով, մեր օրենսդրությամբ այնպես անել, որ բնական իրավիճակը` բաց սահմանը, մեզ շահավետ լինի:
-Պիտի կարողանանք, բայց կկարողանա՞նք:
-Մենք բավարար ժամանակ ունեցել ենք այդ խնդրի լուծման համար: Ես կարծում եմ, որ մեր պետությունն իր համապատասխան կառույցների միջոցով պատրաստ պետք է լինի այդ իրավիճակին: Նման իրավիճակ էր նաև Իրանի հետ սահմանի բացման ժամանակ, մեր տնտեսությունն այնքան անմրցունակ էր, որ անգամ ամենասովորական ապրանքները ներկրում էինք: Այդ օրերն անցել են: Սահմանի բացումը լրացուցիչ հնարավորություն կստեղծի Հայաստանի համար: Բերեմ ընդամենը մեկ փաստ. ԱՄՆ-ից Փոթի ապրանքը հասնում է այն գնով, ինչ գնով Փոթիից` Երևան, գնահատեք ինքներդ, բաց սահմանի առկայությունը կվերացնի այս անբնական վիճակը: Մեծ ու հեռանկարային տնտեսական շահ կարող է ունենալ նաև Թուրքիան իր կողմից փակած սահմանի բացումից:
-Առաջիկայում Բուխարեստում տեղի է ունենալու Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր ասամբլեայի 33-րդ նիստը, որին մասնակցելու է ԱԺ պատվիրակությունը Ձեր գլխավորությամբ, ո՞րն է քննարկվելիք հիմնական թեման Բուխարեստում:
-Համաժողովի հիմնական թեման համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումն է: Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների խորհրդարանների նախագահների և պատվիրակությունների ղեկավարները կներկայացնեն զեկույցներ` նվիրված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանն իրենց երկրներում, այդ ազդեցության մեղմելուն ուղղված քայլերը: Ես ևս պատմելու եմ Հայաստանում կատարվող քայլերի մասին: Կարծում եմ, որ մտքերի և փորձի փոխանակումն օգտակար կլինի, ուստի Բուխարեստից վերադառնալուց հետո կիրազեկեմ իմ գործընկերներին միջազգային փորձի դրական և ուսանելի ձեռքբերումների մասին: Համաժողովի ընթացքում կքննարկվեն նաև մի շարք այլ հարցեր:
Զրույցը վարեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ