«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Բարձրանան երկինք, իջնեն, մեզ մրցակից չեն կարող լինել»

«Բարձրանան երկինք, իջնեն, մեզ մրցակից չեն կարող լինել»
26.06.2009 | 00:00

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ, ԳԼՈՒԽՆԵՐՍ ԿԱԽ, ՀԱՆԳԻՍՏ ՄԵՐ ԳՈՐԾՈՎ ԵՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ»
Այն, որ փոքր Հայաստանի համար մեծ շռայլություն է այսքան շատ կուսակցություններ ունենալը, միանշանակ է, սակայն այսօր էլ բազմաթիվ «մարդ-կուսակցությունների» կողքին նորերն են ստեղծվում։ Օրերս Հայաստանի կուսակցությունների ներկապնակը հարստացնելու հայտ է ներկայացրել Արմենական-ռամկավար ազատական կուսակցությունը (ԱՌԱԿ), որը հենց սկզբից խնդիրներ ստեղծեց մեկ այլ` գրեթե նույնանուն Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության համար, ու քննադատությունը չուշացավ։ «Ինչո՞ւ բացասաբար արձագանքեցիք ԱՌԱԿ-ի ստեղծմանը», հարցրինք ՀՌԱԿ-ի ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ։
-Իմ մոտեցումը բնավ էլ բացասական չէր լինի, եթե Հայաստանում ՀՌԱԿ-ի գաղափարախոսությամբ առաջնորդվող մարդկանց թիվն ավելանար,- ասաց Առաքելյանը։- Մինչդեռ երբ մարդիկ փորձում են այդ գաղափարախոսության կրողը լինել և կուսակցությունների մասին օրենքն ու Սահմանադրությունը խախտել, ես, բնականաբար, նման գործընթացին դեմ եմ։ Հարկ է փաստել, որ նախ` նման կուսակցություն դեռ չի ստեղծվել, պարզապես այն ստեղծելու փորձ է արվել, այսինքն` համագումար, որի պատասխանատուներն անգամ ասում են, որ աշխատանքային հանդիպում է եղել ընդամենը։ Այս ամենն իրավական տգիտության արդյունք է, որովհետև հստակ խախտվել են կուսակցությունների մասին օրենքի մի քանի հոդվածներ, մասնավորապես, 1-ին գլխի 6-րդ հոդվածի 2-րդ կետը, այսինքն, ՀՌԱԿ-ի չորս բառերից երեքը համընկնում է ԱՌԱԿ-ի անվանման հետ, նրանք գողացել են նաև «Արմենական» հասարակական կազմակերպության անվանումը (ի դեպ, այս ՀԿ-ն ևս հայտարարություն է տարածել, որ ԱՌԱԿ-ը խախտել է կուսակցությունների մասին օրենքը.- Ռ. Խ.)։ Լավության կարգով փորձեմ նաև նրանց իրավաբանությունից հեռու մտքերը լուսավորել. խախտվել է նաև 2-րդ գլխի 12-րդ հոդվածի 1-ին կետը։
-Փաստորեն, Ձեր քննադատությունն ուղղված է միայն իրավակա՞ն սխալների դեմ։
-Իրականում տեղի է ունեցել անվանագողություն։ Ասում եք, որ կուսակցություն է ստեղծվել, իսկ ես փաստում եմ, որ նման խախտումներով կուսակցություն չի ստեղծվում։ Հաջորդ խախտումը. այնտեղ ներկա է օտարերկրյա քաղաքացի` Հակոբ Ավետիքյանը, ով սահմանադրությամբ էլ իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ։ Այս ամենը մեզ համար զավեշտ է։
-Ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՌԱԿ-ին զուգահեռ հիմնադրվում է նման կուսակցություն։ Գուցե Ձեզ մրցակի՞ց են ստեղծում։
-Նախ` հարցն այն է, թե ովքեր են ստեղծողները։ Նրանք բարձրանան երկինք, իջնեն, մեզ մրցակից չեն կարող լինել։ Նրանք իրենց պայքարը սկսեցին մեր համագումարից առաջ, անգամ վարչապետի մակարդակով, սակայն ոչինչ չստացվեց։ Այնպես որ, մրցակցության մասին խոսելը ծիծաղելի է։ Անկեղծ ասած, կուզենայի լուրջ կառույց լիներ, քանի որ առաջընթացը մրցակցության մեջ է, բայց նրանք մեզ հավասար չեն։ Նույնիսկ խղճալի վիճակում են, քանի որ հայտարարում են, թե Բեյրութի շրջանակն իրենց հետ է, այնինչ կարող եմ ցույց տալ Բեյրութի շրջանակի նամակը` ուղղված ՀՀ նախագահին, որտեղ կոչ է արված Հայաստանում երկրորդ` արմենական կամ չգիտեմ ինչի անվան տակ կուսակցություն չգրանցել։ Ասում են` Կանադան էլ է մեզ հետ, բայց կրկին կարող եմ ցույց տալ նամակը, որով պահանջում են բաշիբոզուկներով համալրված կուսակցություն չստեղծել։ Ասել է` այս ամենով փորձում են խառնաշփոթ ու պառակտման երևութականություն ստեղծել։ Սակայն պառակտման մասին խոսելը զավեշտալի է, որովհետև այդ մարդիկ վեց տարի առաջ վտարվել են կուսակցությունից։
-Կարծիքներ են հնչում, թե սա իշխանական պրոյեկտ է։ Համամի՞տ եք։
-Եթե վարչապետը չի թաքցնում իր նկրտումները, և եթե վարչապետին համարենք իշխանություն, կստացվի իշխանական պրոյեկտ։
-Վարչապետին հաճախ եք քննադատում, այս անգամ էլ զերծ չմնացիք։ Ինչո՞վ է նա «արժանացել» նման գնահատականի։
-Միայն վարչապետին չէ, որ քննադատել ենք։ Նախորդ վարչապետի օրոք կառավարության հրաժարականն էլ ենք պահանջել։ Այս ամենն անձնավորված չէ։ Բայց որպես դասական կուսակցություն` հեղափոխական չենք, միտինգներն ու փողոցային երթերը մեր գործելաոճը չեն։ Սա չի նշանակում, որ պարկեշտ կազմակերպությունը պետք է դիտարկել որպես թույլ քաղաքական կառույց։
-Այդուհանդերձ, ՀՌԱԿ-ի պասիվ քաղաքականության արդյունք չե՞ն այսպիսի զարգացումները։
-Համաձայն չեմ, որ ՀՌԱԿ-ը պասիվ քաղաքականություն է վարում։ Եթե ՀՌԱԿ-ից գողացել են «Ազգ» օրաթերթը, ու էդ գողացողները հավաքվել են կուսակցությունից գողացված «Թեքեյան» կենտրոնում և ժողով են անում, որ կուսակցության անունը գողանան, գուցե դա՞ է նման տպավորություն ստեղծում։ Ավելին, ՀՌԱԿ-ին հաջողվեց որպես արտախորհրդարանական միակ ուժ միավորել չորս կուսակցությունների։ Այո, կուզենայի շատ բան արած լինեինք, բայց Հայաստանի շուրջ 80 կուսակցությունների համեմատ քիչ բան էլ չենք արել։ Այնպես չէ, որ նրանք սարեր են շուռ տվել, իսկ մենք ոչինչ չենք արել։
-Կա տեսակետ, որ կուսակցության «կենդանությունն» ապացուցվում է այն ժամանակ, երբ մասնակցում է ընտրական գործընթացներին։ ՀՌԱԿ-ը Երևանի ավագանու ընտրությանը չմասնակցեց, սա էլ պասիվության մասին չի՞ վկայում։
-Այդ նույնը կարող ենք ասել Հայաստանի 70-ից ավելի կուսակցությունների մասին։ ՀՌԱԿ-ը չի մասնակցում այնպիսի գործընթացների, ընտրությունների, որոնց արդյունքը նախապես հայտնի է։ Նման կապիկություններից մենք հեռու ենք մնում։ Այդ առումով ով դարդ է անում, թող գա, լուրջ ֆինանսական ներդրումներ անի, որ սիրտն էլ չցավի։
-ՀՌԱԿ-ը մասնակցելո՞ւ է հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններին։
-Մեզ համար ցանկացած ընտրության ավարտից հետո, որին թեկուզ չենք մասնակցել, հաջորդ օրն իսկ սկսվում է մյուս ընտրություններին մասնակցելու փուլը։
-Ինչպիսի՞ ներքաղաքական ամառ եք կանխատեսում։
-Մենք մի ժամանակահատվածում ենք ապրում, որը կարելի է որակել քաղաքական անհանդուրժողականության, քաղաքական մշակույթի բացակայության ժամանակահատված։ Ցավն այն է, որ չի երևում այդ ամենի հաղթահարման ձգտումը, սակայն դրա համար ուրիշին չեմ մեղադրում, ամեն ինչ պետք է սկսենք ինքներս մեզնից։ Բայց հանդուրժող ու մեծահոգի պետք է լինի ամենից առաջ իշխանությունը, ինչն այսօր չի ուրվագծվում։ Իսկ ինչ վերաբերում է ներքաղաքական ամռանը, այն կգնահատեի այսպես` հանդարտություն` փոթորկից առաջ, այսինքն, նախապատրաստական աշխատանքների, ռեզերվների ճշտման շրջան։
-Լևոն Տեր-Պետրոսյանը 12-կետանոց քաղաքական պլատֆորմի շուրջ համագործակցության կոչ արեց։ ՀՌԱԿ-ը կհետևի՞ կոչին։
-Չեմ կարծում, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատն են «լիցենզիաներ» բաժանում` ով է ընդդիմություն, ով` ոչ։ Մենք մեզ վեց տարի ընդդիմություն ենք համարել ու գլուխներս կախ, հանգիստ մեր գործով ենք զբաղվել։ Ես ոչինչ չեմ բացառում, հնարավոր է` ինչ-որ կուսակցության հետ ընդհանուր եզրեր գտնենք։ Ավելին, Հայաստանում չկա մի կուսակցություն, որի հետ թշնամական հարաբերություններ ունենանք։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու կոնգրեսն այսօր խոսում են համակարգային փոփոխություններից, իսկ մենք կոնկրետ կոռուպցիոն գործեր ենք բացահայտում։ Մեր և նրանց գործունեությունը, կարծում եմ, իրար չեն հակասում, ինչ-որ տեղ նաև փոխլրացնում են։ Սակայն այն կարծիքին չեմ, որ մեկը մյուսի թևի տակ պետք է ծվարի։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ